Հռոմեացիներ 2.2-11
2 Քանզի գիտենք, որ Աստծոյ դատաստանը ճշմարտութեամբ է գործադրւում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում: 3 Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, եւ դու էլ նոյնն ես գործում, կարծում ես, թէ ազատուելո՞ւ ես Աստծոյ դատաստանից: 4 Եթէ արհամարհում ես նրա բարութեան առատութիւնը եւ ներողամտութիւնն ու համբերութիւնը, չգիտե՞ս, որ Աստծոյ բարութիւնը քեզ ապաշխարութեան է տանում: 5 Եւ քո խստասրտութեամբ ու անզեղջ սրտով քո անձի դէմ բարկութիւն ես դիզում բարկութեան օրուայ եւ Աստծոյ արդար դատաստանի յայտնութեան օրուայ համար. 6 Աստծոյ, որ հատուցում է իւրաքանչիւրին ըստ իր գործերի. 7 յաւիտենական կեանք՝ նրանց, որ բարի գործերի մէջ իրենց յարատեւ համբերութեամբ փնտրում են փառք, պատիւ եւ անմահութիւն, 8 իսկ նրանց, որ հակառակողներ են եւ ճշմարտութեան դէմ ապստամբողներ ու անիրաւութեան յետեւից գնացողներ՝ բարկութիւն եւ զայրոյթ, 9 նեղութիւն եւ անձկութիւն՝ ամէն մարդու, որ չարիք է գործում՝ նախ հրեայի եւ ապա հեթանոսի, 10 իսկ փառք, պատիւ եւ խաղաղութիւն՝ իւրաքանչիւրին, որ բարին է գործում՝ նախ հրեայի եւ ապա հեթանոսի. 11 որովհետեւ Աստծոյ առաջ աչառութիւն չկայ:
Ավ. ըստ Մատթեոսի 8.18-27
18 Յիսուս, իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով, հրամայեց միւս կողմ գնալ: 19 Եւ մի օրէնսգէտ մօտենալով ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո յետեւից կգամ, ուր էլ որ գնաս»: 20 Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջ ունեն, եւ երկնքի թռչունները՝ բոյն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»: 21 Եւ իր աշակերտներից մէկն ասաց. «Տէ՛ր, ինձ թո՛յլ տուր, որ գնամ, նախ իմ հօրը թաղեմ»: 22 Յիսուս նրան ասաց. «Դու իմ յետեւի՛ց արի եւ թո՛յլ տուր, որ մեռեալնե՛րը թաղեն իրենց մեռելներին»: 23 Երբ նա նաւակ մտաւ, նրա յետեւից գնացին իր աշակերտները: 24 Եւ ահա ծովի վրայ մեծ փոթորիկ առաջացաւ՝ այնքան, որ նաւակը ծածկուեց ալիքներից: Իսկ ինքը ննջում էր: 25 Եւ աշակերտները մօտենալով վեր կացրին նրան ու ասացին. «Տէ՛ր, փրկի՛ր մեզ, որովհետեւ կորչում ենք»: 26 Նրանց ասաց. «Ինչո՞ւ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»: Այն ժամանակ վեր կենալով սաստեց հողմերին եւ ծովին, ու մեծ խաղաղութիւն եղաւ: 27 Եւ մարդիկ զարմացան ու ասում էին. «Ինչպիսի՜ մէկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդւում են սրան»: