VII դարի վերջին շարականագիր Բարսեղ Ճոնի «Երկրպագեմք Քեզ» շարականն է՝ «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան: Բարսեղ Ճոնի մասին տեղեկությունները խիստ սահմանափակ են: Հայտնի է, որ VII դարի երաժիշտ-տեսաբան է, երգահան, Շիրակի Դպրեվանքի (կամ Կարմիր վանքի) վանահայր: Վարդան պատմիչը հաղորդում է, որ նա ոչ միայն գրել է «Յարութեան Հարցերը», այլև Ներսես Գ Շինող կաթողիկոսի հանձնարարությամբ խմբագրել, կանոնավորել է «Շարակնոցը», որը հետագայում հայտնի է դարձել «Ճոնընտիր» անվամբ: Սակայն մեր շարականագիտության մեջ Բարսեղ Ճոնը որպես շարականագիր չի հիշատակվում: Չի ընդունվել նաև այն փաստը, որ նա Ներսես կաթողիկոսի հանձնարարությամբ խմբագրել է «Շարակնոցը» և եղել է «Ճոնընտիր Շարակնոցի» հեղինակը: Մովսես Խորենացուն վերագրվող շարականները վերլուծելիս ուսումնասիրողները եկել են այն եզրակացության, որ «Հարության Հարցերը» նրա գրչին չեն պատկանում, այլ պատկանում են հենց Բարսեղ Ճոնին: Այդ շարականների ոճը, լեզուն, պատկերները և խոսքի գեղարվեստական միջոցները հաստատում են, որ դրանք ոչ թե V, այլ VII դարի գործեր են, և հեղինակը հենց Բարսեղ Ճոնն է: Որո՞նք են այդ շարականները և ի՞նչ արժեք են ներկայացնում: Բարսեղ Ճոնը գրել է 24 «Հարց» (բառացի՝ Հայրերի), որոնք ունեն փառաբանական բնույթ: Դրանցից հինգում տարբեր առիթներով փառաբանվում է Փրկիչը: Նրանց խոսքերում անգամ երկնային զորքերն ու բնակիչները երկյուղածությամբ են փառաբանում Արարչին, որը թողել է իր հավիտենական անճառ փառքը, խոնարհվել, իջել է երկիր՝ կամավոր խաչվելու և անարգվելու հրեաներից, որպեսզի իր մահվամբ նոր կյանք տա Ադամի ժամանակներից դատապարտված մարդկությանը: Այդ շարականներում Բարսեղ Ճոնը դիմում է նաև Արարչին, որ մեղապարտ մարդկությունն ազատելու համար Իր Որդուն ուղարկեց երկիր՝ ապրելու մարդկանց մեջ շուրջ երեսուն տարի, կամավոր խաչվելու, մահանալու, դժոխքն ու խավարը քանդելու և երեք օրից հարություն առնելու համար: Այդ ամենը կատարվել է «Հօր հաճութեամբ»: Փրկիչը ոչ միայն մարդացել է, այլև ծառայի դեր է կատարել մարդկության համար և այդ համեստությամբ, մարդասիրությամբ ու անձնուրացությամբ Նա հասել է իր նպատակին: VII դարում Բարսեղ Ճոնով ավարտվում են մեզ հայտնի շարականագիրները, և նրա խմբագրությամբ «Շարակնոցն» ստանում է կանոնական, կայուն բովանդակություն: Գրքին կից սկավառակում ընդգրկել ենք Ճոնին վերագրվող «Երկրպագեմք Քեզ» շարականը՝ «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ: Բազմաձայնումը կատարել է Երվանդ Երկանյանը: Գրաբար տեքստի ազատ թարգմանությամբ՝ շարականի բովանդակությունը հետևյալն է.
«Երկրպագում ենք Քեզ, Քրիստո՛ս, որ սուրբ առաքյալների ձեռքով մեզ հայտնեցիր մեր հայրերի Աստծու մասին: Օրհնեցե՛ք Տիրոջ բոլոր գործերը և առավել բա՛րձր պահեք Նրան»: Երգի խոսքերը՝
Երկրպագեմք Քեզ Քրիստոս,
Որ ի ձեռն սրբոց առաքելոցն ծանուցար մեզ
Տէր Աստուած հարցն մերոց:
Օրհնեցէք ամենայն գործք Տեառն,
ԶՏէր օրհնեցէք
Եւ առաւել բարձր արարէք զՆա,
Յաւիտեան երկինք զՏէր օրհնեցէք: