11. Մի՛ բամբասէք զմիմեանս եղբարք, որ բամբասէ զեղբայր իւր, կամ դատի զեղբայր իւր, զօրէնսն բամբասէ և զօրէնսն դատի:
Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասեք, ով բամբասում է իր եղբորը կամ դատում է իր եղբորը, չարախոսում է օրենքի մասին և դատում է օրենքը:
Աստվածային բոլոր գրքերում (և բարի մարդկանց կողմից) բամբասանքը հանդիմանության է արժանանում, քանզի բանսարկուի հայտնագործությունն է, որով Արարչին բամբասեց մարդու մոտ: Հետևաբար, որպես ամեն տեսակի մեղքի սկիզբ, Աստված պատժելու է և անողորմ դատաստանով դատելու, որպեսզի դրանով պակասեցնի մեղքը և հաջորդ սերունդների համար օրինակ թողնի՝ չհամարձակվել նույն մեղքը գործել և չկրել նույն պատիժը դատաստանի ժամանակ: Ինչպես առաջին մարդուն դատապարտեց պատվիրանազանցության համար, և Կայենին՝ եղբայրասպանության համար, և Նոյի ժամանակների մարդկանց ջրհեղեղով կործանեց, իսկ սոդոմացիներին անսովոր անձրևով ոչնչացրեց: Նույնպես նրանց դատապարտեց, ովքեր սկսեցին բամբասել աստվածային մարդկանց, ինչպես Մարիամն և Ահարոնը, որոնք Մովսեսին բամբասեցին. Մարիամին բորոտացնելով՝ խայտառակեց, և թեև Մովսեսը խնդրեց նրա համար, սակայն Աստված թողություն չտվեց, այլ ասաց. «Եթե Մարիամի հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր չէր ամաչելու» (Թվեր 12:14), և Ահարոնի վրա բարկացավ՝ ցանկանալով ոչնչացնել նրան, սակայն Մովսեսը չթողեց, այլ աղոթքներով հեռացրեց բարկությունը:
Տեսնո՞ւմ ես, թե Աստված ինչպես է վրեժխնդիր լինում բամբասողների հանդեպ: Եվ քանի որ բամբասանքը մեծագույն չարիքների շարքին է դասում, ուստի և Պողոսն էլ խստորեն դատապարտում է բամբասողներին՝ ասելով. «Բամբասողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու» (Ա Կորնթ. 6:10):
Այդ պատճառով նաև սա քաղցրությամբ զգուշացնում է՝ ասելով. Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասեք: Այնուհետև հաջորդ խոսքով չափազանց վախեցնում է լսողներին՝ ասելով. ով բամբասում է իր եղբորը կամ դատում է իր եղբորը, չարախոսում է օրենքի մասին և դատում է օրենքը: Սրանով ցանկանում է ասել, թե աստվածային օրենքներն են, որ պատվիրում են սիրել ընկերոջը սեփական անձի պես, և կարեկից ու սգակից լինել նրան, լալ լացողների հետ և ուրախանալ ուրախացողների հետ: Արդ, եթե օրենքները քեզ այս են պատվիրում, իսկ դու օրենքին ընդդիմանալով՝ հակառակն ես կատարում. բամբասում ես ընկերոջը, դատում նախանձի և որևէ այլ մեղքի կամ որևէ գժտության պատճառով, ապա ոչ թե եղբորդ ես բամբասում կամ դատում, այլ՝ օրենքը:
Իսկ եթէ զօրէնսն դատիցիս, ո՛չ առնելի օրինացն ես, այլ՝ դատաւո՛ր:
Իսկ եթե օրենքն ես դատում, օրենքը պահողը չես, այլ՝ դատավոր:
Օրենքն, ասում է, Աստծու կողմից է տրվել քեզ, որպեսզի ծառայաբար դրա տակ մտնելով՝ անխտիր կատարես այն, և դրան հակառակ ոչինչ չմտածես կամ չխոսես, իսկ երբ սկսում ես դատել օրենքը՝ ասելով, թե սա բարի է, իսկ սա՝ ոչ, ապա այն լուծանողի համար դատաստան է և դատապարտություն: Եվ ըստ այդմ էլ, եթե մեղադրես կամ բամբասես և փոքր բան համարես, ապա, ըստ դրա էլ դու դատավոր ես և օրենսդիր, այլ ոչ թե ծառա և օրենքը կատարող: Ապա, որպեսզի ոչ ոք նման բաներ չանի և շատերը օրենսդիր չլինեն, շարունակում է և ասում.
12. Մի է օրէնսդիր և դատաւոր, որ կարօղն է փրկել և կորուսանել:
Կա մեկ Օրենսդիր և Դատավոր, որ կարող է փրկել և կործանել:
Անբավ հեռավորությամբ խտրություն է դնում մեջտեղը, որպեսզի դրանով ամաչեցնի նրանց, ովքեր բամբասում և դատում են օրենքը և ամենևին մեղք չեն համարում, նաև օրենքի դատավոր են կարգում իրենց, որ պատրաստ են օրենք հաստատել և չեղարկել, այլ ոչ թե բժշկել և առողջացնել, որոնք միայն ոչնչացնելու են սովոր, այլ ոչ երբեք հաստատելու և փրկելու:
Այդ պատճառով էլ ասաց. կա մեկ օրենսդիր և դատավոր, որ կարող է փրկել և կործանել: Սրանով արդարացնում է Աստծու դատաստանը և ամբողջովին ազատում բամբասանքից: Քանզի նա, ով օրենսդիր է, նաև դատավոր է, և նա, ով դատավոր է, նաև օրենսդիր է, և ով այս երկուսը չունի, թերի է, այլ ոչ թե ամեն ինչում կատարյալ (իսկ Աստված թերի չէ, այլ ամեն ինչում կատարյալ է): Եվ սա որտեղի՞ց է հայտնի դառնում. ոչ միայն օրենսդրությունից և դատավորությունից, այլ՝ կորստյան մատնելուց և փրկելուց: Քանզի փրկելու համար օրենք հաստատեց, իսկ նրանք, ովքեր չեն հնազանդվում օրենքը կատարելուն, ապա նրանց կորստյան մատնելու համար դատաստան հաստատվեց: Հետևաբար այդպիսիներին կրթելու համար ասում է. կա մեկ Օրենսդիր և Դատավոր, որ կարող է փրկել և կործանել:
Մարդկանցից շատերն օրենսդիրներ եղան, սակայն օրենքները նրանց չազատագրեցին և ոչ էլ դատաստանները: Ինչպես փիլիսոփաների դեպքում է, որ թվացյալ իմաստուններ էին և նրանցից յուրաքանչյուրը զանազան օրենքներ դրեց և ճոռոմ խոսքերով ցանկացավ հաստատել օրենքները, սակայն չկարողացավ: Ինչպես Սոկրատեսը, որ չկարողացավ մի բռնակալի նույնիսկ հաղթել իր ճոռոմ խոսքերով, այլ դրա պատճառով ընկավ և վաճառվեց ինչպես գերի, նման ձևով նաև մյուսները, որոնց անկայուն օրենքներին պետք չէ, որ անդրադառնանք, թեև հեթանոսները պարծենում էին նրանցով:
Իսկ աստվածային օրենքն այդպիսին չէ, այլ, թեև ձկնորսներին քարոզվեց, սակայն [նրանք] ամբողջ աշխարհով մեկ տարածեցին, և հաստատուն մնացին և փրկության միջոց եղան բոլոր մարդկանց որդիների համար: Եվ հաղթեցին բռնակալներին, թագավորներին, դատավորներին, ռամիկներին և բոլորին բերեցին Քրիստոսի հնազանդությանը:
Արդ, երբ ցույց տվեց, որ օրենսդիրն ու դատավորը մեկն է, որ իշխանություն ունի փրկելու և կորստյան մատնելու, ապա սաստում է՝ ասելով.
Դու ո՞վ ես, որ դատես զընկերն:
Դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձավորին:
Այսինքն՝ դու, որ մարդ ես և բազում դատապարտության արժանի, դու ո՞վ ես, օրենսդիրների՞ց ես, թե՞ դատավորներից, փրկողների՞ց, թե՞ կորստյան մատնողներից: Արդ, ասա՛ ինձ, դու ի՞նչ իշխանություն ունես կամ ո՞վ ես քեզ կարծում, որ ընկերոջդ համար դաժան դահիճ դառնալով՝ անողորմաբար դատում ես, և Քրիստոսի դատաստանից առաջ՝ դատապարտում նրան: Այս մասին նաև Պողոսն է ասում. «Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թե ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կկանգնի, որովհետև կարող է Տերը նրան կանգուն պահել» (Հռոմ. 14:4): Տեսնո՛ւմ ես, որ ոչ մի դեպքում թույլ չի տալիս մարդկանցից որևէ մեկին դատել, այլ խստորեն սաստելով հանդիմանում է: Եթե նրա տերն ու արարիչը չես, և նրա ընկնելու դեպքում փրկելու իշխանություն չունես, ապա ինչպես ես համարձակվում, ասում է, դատել ուրիշի ծառային, որ այդքան զորավոր է և խնամակալ իր ծառայի հանդեպ, որ երբ մեղքի մեջ է ընկնում, նա չի անտեսում, այլ մեկնում է իր ձեռքը և ոտքի կանգնեցնում և հավիտյան ապրեցնում:
Եվ նորից ասում է, որ այսուհետև ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ լուսավորելու է խավարի գաղտնիքները, և հայտնելու սրտի ծածուկ բաները, և ապա յուրաքանչյուրի գովասանքը Աստծուց է լինելու:
Հորդորակ
Սիրելինե՛ր, այսպիսի սոսկալի խոսքեր լսելով՝ սթափվե՛նք խելագարությունից և ոչ մեկի զուր տեղը չդատենք, կամ իրավացիորեն, բայց անողորմաբար, որպեսզի անողորմների դատաստանը չընդունենք:
Եթե մեղավոր ու վիրավոր է նա, ում դատում ես, ապա դրա համար նա ողորմության և արտասուքի է արժանի քո կողմից, այլ ոչ թե դատապարտության, իրեն կարեկից լինելու և ցավակցելու, այլ ոչ թե բամբասելու: Իսկ եթե արդար է նա, ում դատում ես և մաքուր, ապա դրանից առավել պետք է վախենայիր և դողայիր, քանզի նա ազատ է դատաստանից և բամբասանքից, սակայն դու, նախանձից կամ չարությունից դրդված դատում ես նրան ինչպես հանցավորի, և ի լուր բոլորի բամբասում ես նրան ինչպես մի մեղավորի՝ դրանով արատավորելով նրա բարի համբավը: Մի՞թե չգիտես, թե ինչ չափով չափես, նույն չափով էլ դու պիտի չափվես դատավորի կողմից, քանզի այն մեղքերով, որոնցով ստությամբ բամբասեցիր արդարին. թե շնություն լինի կամ այլ որևէ ծանր կամ թեթև մեղք, ապա նրա դատաստանը դու ինքդ պիտի կրես: Այդ պատճառով բամբասողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու: Եվ եթե հանցավորներին իրավունք չունենք դատելու, ապա առավել ևս՝ արդարներին:
Առավել հարկ է վախենալ Քրիստոսի դատաստանից, որ խստորեն հանդիմանում է նրանց, ովքեր այսպես դատում են՝ իրենց մեղքերը ոչինչ համարելով, թեպետ և մեծագույն լինեն, իսկ ընկերոջ փոքր մեղքերի համար դատավոր են և հանդիմանող: Այդ պատճառով Տերն ասաց. «Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում… Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթ. 7:4-5): Արդ, ինչո՞ւ չես զարհուրում այսպիսի դատավճիռ լսելուց, այն էլ ոչ թե որևէ մարդուց և ոչ էլ պատգամաբեր հրեշտակից, այլ՝ բոլորի Տիրոջից և դատավորից:
Արդ, քանի որ մենք էլ, սիրելինե՛րս, ենթակա ենք այսպիսի դատաստանի, որ Տերը դատապարտեց, և կուրացած ենք գերանով ու անլույս աղջամուղջով, ապա չդատենք մարդկանցից որևէ մեկին՝ ո՛չ մեղավորներին և ո՛չ էլ արդարներին, որպեսզի այն մի փոքր համարձակությունն էլ, որ ունենք Աստծուց, չկորցնենք և նրա կողմից կրկնապատիկ դատաստանի ենթարկվենք: Մեկը, որ մեղավոր ենք և հանցավոր, և մյուսը, որ մեր նմանին կամ մեզանից պակաս մեղավորին ենք բամբասում: Քանզի եթե սրբերից և արդարներից նրանք, ովքեր սրատես և մաքուր տեսողություն ունեն, և հրեշտակներին անգամ իրավունք ունեին դատելու, ապա երկրավոր մարդիկ իրավունք չունեն մարդկանցից որևէ մեկին դատելու, իսկ եթե դատեն, ապա կկորցնեն իրենց ունեցած բարիքն էլ: Եվ դա փարիսեցու օրինակից է հայտնի, որ դատեց մաքսավորին, ով թեև չար ու անօրեն էր, սակայն ի՛նքը դրանով կորցրեց այն արդարությունը, որ ուներ:
Արդ, ո՞վ է փարիսեցուց ավելի մաքուր, որ շաբաթը երկու անգամ պահք էր պահում և իր ամբողջ ունեցվածքից տասանորդ էր տալիս, չէր շնանում, չէր գողանում, չէր սպանում և սուտ վկայություն չէր անում: Կամ ո՞վ է մաքսավորից առավել չար, պիղծ և մոլեգին, որ ուրիշի վաստակին բաժնեկից էր և կողոպտիչ, որ բազում անգթություններ էր ցուցաբերում, որ արժանի էր բազում թշնամանքների և բամբասանքի: Սակայն նրան դատելու համար փարիսեցին դատապարտվեց, ոչ թե այն բանի համար, որ սուտ էր իր պարծանքը, կամ զուր էր զրպարտում մաքսավորին, այլ՝ իր ասածն արդարացի էր իր և մաքսավորի մասին: Եվ ոչ միայն չարդարացավ իր ճշտախոսության համար, այլ դրա հետ մեկտեղ նաև դատապարտվեց: Եվ քանի որ ժամանակից շուտ դատեց դատապարտության արժանի մեկին, ապա նավահանգստին մոտ գտնվելով՝ հազարավոր բեռներով նավաբեկության ենթարկվեց:
Արդ, ի՞նչ պիտի անենք մենք, որ արդեն իսկ դատապարտված լինելով՝ քիչ մեղք ունեցողներին կամ բոլորովին անմեղներին ենք դատապարտում: Եվ ո՞ր խավարը չի ծածկի մեզ, կամ ո՞ր կրակը չի այրի, կամ ո՞ր խորխորատը չի կլանի, քանզի այսպիսի սաստիկ ցավերով ենք բռնված, սակայն չենք զգում, և ուրիշների փոքր հիվանդություններն ենք տեսնում ու բամբասում, թե ինչո՞ւ չեն բժշկվում: Ինչպես, օրինակ, եթե մեկը փայծաղնացավ կամ ջրգողություն ունենա, և ամբողջ մարմինն այտուցված ու վնասված լինի, նա անտեսի և անհոգ լինի, սակայն ուրիշների մի փոքր ջերմությունը ջանա բժշկել: Նույնպես նաև մենք, մեղքերի այսպիսի ցավով ենք պատված, քանզի ոտքից մինչև գլուխ անառողջ ենք, սակայն ո՛չ սպեղանի ենք փնտրում, և ո՛չ էլ ձեթ և վիրակապ ենք դնում վրան, բայց ուրիշների փոքր մեղքերի համար առողջության մասին ենք ճառում, և չենք ամաչում ու չենք ակնածում և ոչ էլ խոնարհաբար ներքև ենք նայում:
Թերևս մեկն ասի, թե ի՞նչ ես խոսում, պետք չէ, ուրեմն, որ մարդը հանցավոր մեկին դատի և հանդիմանի, կամ մի՞թե սրբերը չդատեցին հանցավորներին: Այդ դեպքում ինչո՞ւ Պողոսը պոռնիկ կորնթացուն և իր նմաններին սատանային մատնեց, որպեսզի խրատվեն չհայհոյել (տե՛ս Ա Կորնթ. 5:5 և Ա Տիմ. 1:20): Եվ դարձյալ իր իսկ աշակերտ Տիմոթեոսին գրում է՝ ասելով. «Հանդիմանի՛ր, սաստի՛ր» (Բ Տիմ. 4:2), իսկ առաքյալների գլուխը՝ Պետրոսը, ոչ միայն հանդիմանեց ու պատժեց, այլև մահվան մատնեց Անանիային և Սափիրային (տե՛ս Գործք. 5:1-11): Եվ այսպիսի բազմաթիվ օրինակներ կան Սուրբ Գրքի մեջ սրբերի մասին, ովքեր դատեցին մեղավորներին:
Արդ, դու, որ այս բաները լսում ես, դրանք բոլորը խրատ էին, այլ ոչ թե հանդիմանություն: Երբ Պողոսն ասաց պոռնկացածին սատանային մատնել, ապա ավելացրեց. «որպեսզի նրա հոգին ապրի մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրում» (Ա Կորնթ. 5:5): Նույն միտքն է արտահայտում նաև նրանց պարագայում, որոնց հանձնեց սատանային. «որպեսզի խրատվեն չհայհոյել» (Ա Տիմ. 1:20)՝ ցանկանալով ազատել նրանց աններելի մեղքերից: Իսկ ուր որ ասաց. «հանդիմանի՛ր, սաստի՛ր» մեղքերի համար, ապա նաև ավելացրեց մխիթարությունը՝ ապաշխարության համար՝ ասելով. «հորդորի՛ր»:
Տեսնո՞ւմ ես երանելու հանդիմանության պատճառները, որոնք մեղքից ետ դարձնելու և ուղղելու համար էին, այլ ոչ թե դատապարտելու: Նույն բանի համար է նաև Պետրոսի՝ Անանիային և Սափիրային մահվամբ պատժելը: Քանզի, թեև նրանք ոչ մի օգուտ չստացան, որ մեռան, սակայն մեծ վախ առաջացավ այն ամենից, ինչ կատարվեց եկեղեցում, որպեսզի այլևս ոչ ոք չհամարձակվեր այդ սարսափելի օրինակից հետո նորից փորձել Սուրբ Հոգուն:
Տեսնո՞ւմ ես սրբերի հանդիմանության օգուտը: Այդպիսի հանդիմանության օգտի մասին Տերն ինքն էլ ցույց տվեց՝ ասելով. «Եթե քեզ լսի, քո եղբորը շահեցիր, իսկ եթե քեզ չլսի…թող նա քեզ համար լինի ինչպես հեթանոսը և մաքսավորը» (Մատթ. 18:15-17):
Արդ, եթե այդ մտքով հանդիմանես եղբորդ՝ ցավակցաբար շահելով նրան և մեղքից ետ կանգնեցնելով, ապա ոչ ոք քեզ չի արգելի կամ մեղադրի, քանզի այդպես վարվելով գովասանքի կարժանանաս, այլ ոչ թե հանդիմանության, քանզի նա, ով պատվականը կառանձնացնի անարգից, Աստծու բերան կկոչվի: Եվ հետևյալ բաներն են քեզ արգելված գործել. բազմության առջև չծաղրել նրան և հրապարակայնորեն չհանդիմանել, որպեսզի առավել ևս չվիրավորես վհատ հոգին կամ նորից անպատկառության դրդես: Այլ պետք է նրա վրա կիրառել Քրիստոսի հեզության և մարդասիրության օրենքները, որ վերցրեց մեր տկարությունները և վերացրեց մեր ցավերը: Եվ որո՞նք են այդ օրենքները. «Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, ասում է, գնա՛ հանդիմանիր նրան, երբ դու և նա մենակ եք»: Եվ հանդիմանիր, ասում է, ոչ թե խստությամբ, այլ՝ քաղցրությամբ, մի՛ ասա նրան. ո՛վ դու պիղծ և ամենապիղծ, Աստծու այդքան երախտիքներին հակառակ դեռևս այդքան չարիքներ ես գործում: Այլ հիշեցրու նրան գործած մեղքերը, ապա աղաչի՛ր, արտասո՛ւք թափիր, վշտակի՛ց եղիր վշտացածին և ցավակից՝ հիվանդին, և որքան հնարավոր է ջանա ծածկել նրա հանցանքները և մի՛ հրապարակիր, և եթե ուրիշները գիտեն ու բամբասում են, դու լռեցրո՛ւ նրանց որքան հնարավոր է: Ուստի, ինչպես որ ջանում ես ծածկել քո հանցանքները մարդկանցից, որպեսզի դրանց պատճառով նախատինքի չարժանանաս նրանցից, ապա առավել ևս ջանա ծածկել եղբորդ ամոթալի գործերը:
Նման իրավիճակներում Աստծո՛ւն նմանվիր. «Աստված, ասում է, Ադամի ու նրա կնոջ համար կաշվից զգեստներ պատրաստեց և հագցրեց նրանց» (Ծննդ. 3:21) պատառոտված տերևների փոխարեն՝ ծածկելով նրանց ամոթալի մերկությունը: Դու էլ ծածկիր եղբորդ ամոթալի գործերը, մեռցրո՛ւ մեջդ նրա մասին լսածդ մեղքերը, հագցրո՛ւ նրան, եթե հնարավոր է, ապաշխարության պատմուճանը և օգտակար խորհուրդնե՛ր տուր: Քո հանցանքները հայտնի՛ր և նրանը՝ ծածկիր, որպեսզի կրկնակի շահես քո հոգին: Քո հանցանքները հայտնելով և խոստովանելով՝ վերացնես մեղքդ, քանզի յուրաքանչյուրը, ով մի անգամ խոստովանում է որևէ բան, լինի դա մեղք, թե արդարություն, կորցնում է դրանք: Իսկ եթե նրա մեղքերը ծածկես, ապա քո մեղքերն էլ Քրիստոսի դատաստանի օրը կծածկվեն անհամար դիտողների առջև: Որքան կարող ես ծածկել եղբորդ մեղքերը՝ տասը մարդու առջև, հարյուր կամ առավել ևս՝ հազար: Իսկ քոնը՝ տիեզերական հրապարակում, ուր Ադամի բոլոր սերունդները միասին և դևերի բնությունն ու հրեշտակների բազմությունը պիտի հավաքվեն: Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի արդարություն ես ստանալու եղբորդ կարեկից լինելով:
Թերևս մեկը նորից ասի, թե ի՞նչ ես խոսում, եթե պետք չէ հանդիմանել մեղանչած եղբորը բազմաթիվ մարդկանց առջև, ապա ինչո՞ւ Պողոսն ասաց. «Իսկ մեղանչողներին հանդիմանի՛ր բոլորի առաջ, որպեսզի մյուսներն էլ վախենան» (Ա Տիմ. 5:20): Ճիշտ է դա, Պողոսը զուր տեղը այդպիսի օրենք չդրեց, և չպատվիրեց բոլոր մեղանչածներին ամենքի առջև հանդիմանել, այլ նրանց, որոնց նախատելի և խայտառակ մեղքերը հայտնի են բոլորին: Ուստի նրանց թաքուն հանդիմանելուց ոչ մի օգուտ չի լինի, ընդհակառակը, տեսնողների համար գայթակղության առիթ կհանդիսանա, որովհետև մեղքը հայտնապես կտարածվի տեսնողների և լսողների առջև, և քո գաղտնի հանդիմանությունը ոչ ոք չի իմանա:
Այդ պատճառով էլ ասում է բոլորի առջև հանդիմանի՛ր, և շահն ու օգուտը իր առջև դի՛ր, որպեսզի նրանք, ովքեր այդ նույն չար գործերը մտաբերեն, վախենան այն դատաստանի հանդիմանությունից: Քանզի, ինչպես օրինակ, ծածուկ մեղքը բոլորի առջև հանդիմանելն ու ծաղրելը մեծ մեղադրանք է Աստծու և մարդկանց առջև, նույնպես նաև հայտնի մեղքը մի քանի անգամ խրատելուց հետո թաքցնելը, և նրան նույն վիճակում թողնելն ու նրա հետ բարեկամաբար ապրելը առանց դատապարտության չի մնա: Այդպիսի դատաստանը Տերն ինքն էլ արդարացրեց՝ ասելով, որ եթե երկու կամ երեք վկաներին էլ չլսի, ապա կասես հավատացյալների ժողովում (տե՛ս Մատթ. 18:16-17), այսինքն՝ այդ ժամանակ նոր բազմաթիվ վկաների առաջ հանդիմանի՛ր:
Բայց երկուսն էլ՝ Տերը և առաքյալը, այս խոսքերն ասելով դուռ չեն բացում բոլոր հանդիմանություն սիրողների առաջ՝ համարձակորեն հանդիմանելու համար, այլ միայն՝ ժողովրդի առաջնորդները և վերակացուները, ինչպես նաև ամեն տեսակի առաքինի գործերով վկայվածները, որ չանեն դա նախանձից դրդված, և ո՛չ հակառակությամբ, ո՛չ քինախնդրությամբ, ո՛չ բարկությամբ, ո՛չ ոխակալությամբ, ո՛չ ատելությամբ, ո՛չ ի տես մարդկանց և ո՛չ էլ փառասիրությամբ, այլ՝ հեզությամբ և սիրով, երկայնամտությամբ և քաղցրությամբ՝ Աստծու սիրո և եղբորը շահելու համար, անկարգությունը վերջ տալու և գայթակղությունը վերացնելու համար, որպեսզի մի փոքր խմորն ամբողջ զանգվածը չխմորի (տե՛ս Ա Կորնթ. 5:6): Իսկ նրանք, ովքեր անկարգաբար հանդիմանում են, մեծ դատապարտության են արժանի:
Արդ, ինչո՞ւ ես մեղադրում եղբորդ, կամ նրա միայն մի մեղքը տեսնում ես, սակայն բազմաթիվ ուղիղ գործերը, որ կատարել է և շարունակում է կատարել, չես մտաբերում: Քրիստոսի դատաստանի՛ն թող նրա հանցանքները, որ արդարորեն գիտե չափել և հատուցել: Եվ դատաստանի ժամանակից առաջ մի՛ ընկիր՝ Քրիստոսի պատիվը հափշտակելով, քանզի եթե Հայրը ոչ ոքի չի դատում, այլ բոլոր դատաստանները իր Որդուն է տվել, որպեսզի բոլորը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը (տե՛ս Հովհ. 5:22-23): Ապա պարզ է, որ դու անարգում ես Որդուն՝ եղբորդ դատելով և նրա պատիվը քեզ վերագրելով:
Եվ ահա սրանք չափազանց չարիք և անտանելի անմտություն են՝ հակառակ կանգնել Քրիստոսին՝ խոսքով դատել և գործով դատապարտել: Եվ հատկապես մեծ դատապարտության ենք արժանի, որ մեր չարությամբ ենք ուրիշներին դատապարտում, այսինքն՝ մենք նման մեղքեր ենք գործում և ոչինչ ենք համարում, սակայն ուրիշներին այդ նույն մեղքերի համար մեղադրում ենք, որոնց պատճառով մեր գործերի համար անվրեպ դատաստան ենք կրելու, որովհետև ինչ չափով, որ չափում ենք, նույն չափով պիտի չափվենք դատավորից, և ինչ դատաստանով, որ դատենք, նրանով ենք դատվելու Քրիստոսի կողմից (Մատթ. 7:1:2):
Արդ, այս ամենն իմանալով, եղբայրնե՛ր, դադարե՛նք միմյանց դատելուց, լռեցնե՛նք մեր լեզուն բամբասելուց, և չտեսնե՛նք ուրիշների աչքի շյուղը, այլ մեր գերանը հանենք, և ուրիշներին բժիշկ չլինենք՝ չարաչար աղտեղություններով լցված: Այլ ինքներս մեզ նայենք և մեր սրտի գաղտնիքները քննենք, մեր մեղքերը դատենք, և մեր ցավերը բժշկենք՝ խոստովանությամբ բոլորը թվարկելով: Ոչ միայն գործերը, այլև դատարկ խոսքերը և չար խորհուրդները, և կամ արատավոր նայվածքները, կամ աղտեղի լսողությունը և մտքի չար շարժումները:
Բոլորը խոստովանենք, բոլորը քննենք ու դատենք, այդ ամենի համար զղջանք, հոգոց հանենք, ողբանք և արտասվենք: Քանզի, եթե մենք թվարկենք, Տերը կմոռանա, և եթե մենք մեր ամբողջ կյանքի ընթացքն արդարացիորեն դատենք, ապա դատաստանի օրը Դատավորը գործ չի ունենա մեզ հետ: Եվ եթե մեր աղոթքների մեջ թողություն տանք նրանց, ովքեր մեզ պարտք են, ապա մեր պարտքերի համար թողություն կգտնենք Տիրոջ՝ Քրիստոսի կողմից, որին մեծապես պարտք ենք ոչ միայն ակամա, այլև բազմաթիվ կամավոր և գիտակցաբար գործած [մեղքերի համար]: Եվ հատկապես, եթե սրանից հետո կարիքավորներին ողորմություն անենք՝ քաղցածներին գիտության կամ զգալի հաց տալով, և մերկերին հագցնելով, աղքատներին և անտուններին մեր հարկի տակ առնելով:
Այդ ժամանակ շուտ կծագի մեր լույսը՝ Քրիստոս Աստծու ողորմությունը՝ արժանացնելով մեզ իր ողորմությանը, գթությանն ու արքայությանը: Թող որ բոլորս էլ հասնենք դրան շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի Քրիստոսի, որի հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փա՛ռք, իշխանությո՛ւն և պատի՛վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը