Երեք անգամ Անի քաղաքը մեծ երկրաշարժ է տեսել. 1045 թվականին, երկրորդը` 1132-ին և երրորդը` 1319-ին:
Չգիտեմ` որից հետո էր, որ նրա բնակիչները լքել են իրենց հեքիաթային հրաշքը, շարժվել են դեպի Ռուսիա, ապա` Լվով, հետո՝ Լեհաստան ու էնտեղ էլ ուծացվել են, դարձել լեհ…
էս է իմ գիտեցածը Անի քաղաքի մասին՝ ճիշտ թե սխալ…
Բյուրակն գյուղից դուրս, դեպի ներքև հսկա մի ժայռաբեկոր կա, գետնի մեջ պինդ խրված: Կարմիր բազալտ է, պողպատից ամուր, ուժ չկա, որ դրան տեղահան անի: Չկա:
Մի մարդ փշոտ մասրենիների ու թփուտների արանքներով շնչակտուր բարձրանում է վեր: Հասնում է քարին, բարեկամաբար թփթփացնում նրա կողին, ինքնագոհ ժպտում, կարծես թե գտավ հին ծանոթին: Շրջապտույտ է անում, գտնում հարմար տեղ ու դժվարությամբ մագլցում լեռնաբեկորի վրա: Շունչը տեղը բերելով՝ շատ ցածր ու քաղցր-քաղցր ծիծաղում է քթի տակ:
Նայում է աջ-ձախ… Հեռուներում՝ մշուշի մեջ, սարերն են` արդեն կատարները խանձված: Չգիտես ինչու է կիսաբաց բերանով էդպես զարմացած:
Տեղում պտույտ է գործում դանդաղ, ու հանկարծ հայացքը դոփում է Լյառն Արարատին…
— Հո, հո, հո…, — մեղմ ձայն է տալիս, կարծես ուզում է մեկին արթնացնել. անշարժանում, քարանում, արձանանում… նայում է, նայում է Արարատի ճերմակ գագաթին…
Եթե մոտենանք, կտեսնենք, որ մարդը երիտասարդ է, հազիվ երեսունն անց. բարակիրան, երկար ոտների պինդ դրվածքով, լայն թիկունքով: Շատ լավ մարզված մարմնի տեր է, մկանուտ: Աչքերը խոշոր, կապտավուն, համարյա արծվաքիթ, մինչև ուսերն իջնող խարտյաշ խիտ մազեր: Մինչև անգամ փոքր-ինչ դուրս ընկած համառ ծնոտը լրացնում էր նրա առնական հմայքը: Նայում էր սևեռուն, անհագ, տեղում գամված:
Բյուրակնցի մեկը մեքենայով բարձրանում էր գյուղ: Նկատեց էդ մարդուն, մի քանի թռուցիկ հայացք նետեց, ու մի տեսակ հետաքրքրությունը շարժվեց: Կանգնեցրեց մեքենան, իջավ… էս ի՞նչ բան է, հնարավո՞ր է էսքան երկար անշարժ մնալ, մտածում է գյուղացի մարդը ու մի տեսակ զգույշ, անաղմուկ շարժվում է առաջ կարճաբոյ, խիստ կանաչ առատ տերևներով ուռենու մոտ, կարծես թաքնվում:
Ո՛չ մի արձագանք, ո՛չ մի շարժում: Քարի գլխին կանգնածը և՛ էստեղ է, և՛ էստեղ չէ… Հմայված, վերացած, հեռացած էս աշխարհից…
Շրթունքներն են կարծես շարժվում, կարծես ինչ-որ մի անտեսանելի էակի հետ զրուցում է թե աղոթք է անում…
Ակնապիշ հայացքը հառած Արարատին՝ գնացել է իր հոգու խորքերը, ծալք-ծալք իջնում է ցած: Մինչև ո՞ւր:
— Լուսնո՞տ է, ցավագա՞ր է, խե՞նթ է, — մտածում է բյուրակնցին ու որոշում աննկատ հեռանալ: Շառից հեռու: Հանկարծ, անկախ իրենից, շատ զգուշությամբ, նույնիսկ վախեցած, ասում է.
— Բա… բա… բարև ձեզ, պարո՛ն:
Մարդը հանկարծակիի է գալիս:
— Ա-ա… դո՞ւն ես… եկա՞ր: Ինչ լավ, ինչ լավ:
— Ինչի, դուք ինձ ճանաչո՞ւմ եք:
— Անշուշտ կճանչնամ, չնայած որ հազար տարի է չենք տեսնվել:
— Չէ՛, հաստատ սրա մեջ մի բան խախտված է, — մտածում է գյուղացին ու ներքնապես ավելի է լարվում:
— Կներեք, բայց էս ո՞ւր էիք էդպես ուշադիր նայում:
— Կնայիմ դեպի Լյառն Արարատ, կնայիմ մեր հրաշք Մասիս սարին: Հազար տարի է չէի տեսած… կարոտս չեմ կռնա հագեցնել… Իմ և իմ նախնիների…
Պատասխանեց երիտասարդը ու քարը գրկած՝ սողաց տափին:
— Եղբա՛յր, մոտեցիր իրար ձեռք սեղմենք:
Բյուրակնցին, ոչ էնքան համարձակ, մոտեցավ, նրա պարզած ձեռքը բռնեց ու ինչ-որ մի բարություն, մի հարազատություն, վստահություն զգաց: Բոլոր տագնապները թոթափվեցին վրայից անկախ իրենից: Քարի տակի հողը շիկահուն էր ու էնքան մանր, ասես ծովավազ լիներ:
Երիտասարդը նստեց հողի մեջ: Բուռ-բուռ էր անում հողը, մոտեցնում աչքերին, երկար նայում, ապա լեզվի ծայրով մի քանի հյուլե բերանն էր տանում, աչքերը կկոցում ու ասես ըմբոշխնում էր հողի հոտը… Հետո սկսեց գետինը շոյել (Հողն ինչպես են շոյում: Շոյում են, մանավանդ՝ հողը շատ է սիրում, որ իրեն շոյում են):
— Հարազատ ենք, հարազատ ենք, հազար տարի էստեղ ոտք չկոխած, սակայն միշտ քեզի հետ…, — մրմնջում էր երիտասարդը, ու գեղեցիկ ժպիտը արևի ճառագայթների նման խաղում էր նրա դեմքին:
— Պարո՛ն, — արդեն համարձակ խոսեց գյուղացի մարդը, — թույլ տվեք մի հարց:
— Կխնդրեմ:
— Որտեղացի՞ եք:
Երիտասարդը զարմանքով ուսերը թոթվեց.
— Հայաստանցի:
— Բայց էստեղ չեք ապրում:
— Հազար տարի է, որ չենք ապրիր:
— Պարո՛ն, ինչո՞ւ եք անընդհատ ասում «հազար տարի»:
— Քանի որ հազար տարի առաջ ենք հեռացել Անի քաղաքեն, մեծ երկրաշարժից հետո: Բայց մեր գերդաստանի ավագը էն ժամանակ գծագրել է մեր տոհմածառը և խիստ պատվիրել հաջորդ իր սերունդներին շարունակել, գրանցել մեզնից բուսած ամեն մեկ ճյուղը: Ատանք ալ էրել ենք. մեր տոհմածառը հազար տարվա մեջ շատացել, հզորացել է, աշխարհով մեկ սփռվել, բոլորի անունները կան, փառք Աստծո: Ես տղա մանչ ունիմ, փառք Աստծո, կշարունակվինք… Արհավիրքներ անցած են մեր տոհմի գլխի վրայով, փոթորիկներ, պատահել է մեզ ստիպել են մոռանալ մեր մայրենին, բայց մենք համառ ենք, մեր արմատը միշտ ջրել ենք… մեր պորտը չենք կտրել մեր հայրենիքեն, մեր հողեն… վիթխարի ներուժ ունինք… Մենք հրաբուխ ազգ ենք, անընդհատ կժայթքինք… Մասիս սարի հետ կզրուցե՞ս, — հանկարծ խոսքր փոխեց երիտասարդը:
— Տարօրինակ հարց եք տալիս. էստեղ ենք, էլի… էդքան զրուցել կլինի՞:
— Ո՛չ, ադիկա սխալ կըսիք: Մեր զրույցը լեռան հետ երբեք չպիտի դադարէ, մեր ապագան անոր հետ է կապված… օր մը ան պետք է ժայթքի, հսկա շերտ լավան պետք է թափվի, թե ում գլխին, լյառն գիտե…
Ամառվա ամիսներին Արարատյան դաշտավայրի օդը տաքանում է էնքան, որ թվում է՝ եռ է գալիս, ղլդղլդում է հսկա կաթսայի մեջ: Թանձր մշուշոտված օդը խաղում է, ջերմություն տարածում շուրջբոլորը: Երանություն… Դաշտն Արարատյան դառնում է ոչ իրական, դառնում է միրաժ ու տանում է մեզ հետ՝ դեպի հայոց առասպելները, միֆերը, դեպի դյուցազնական ժամանակները, մինչև Հայկ և Բել, մինչև Նոյը ու նրա խորհրդավոր տապանը:
Դաշտում տեղ-տեղ հավողի այգիները դեղնում են, ասես ոսկյա ձուլակտորներ լինեն էստեղ-էնտեղ անփութորեն շպրտած…
էս է Արարատյան դաշտավայրի իմաստությունը, խորհուրդը…
Տաք օդը թոքերի մեջ մինչև խորքը հասցնելով՝ շնչում է երիտասարդն ու ձեռքը շուրջբոլոր տարածելով.
— Աս է Նաիրի աշխարհը, աս է երկիր դրախտավայրը, ուր կապրին հայերը:
— Կուզեմ լողնալ աս հողին մեջը (հողի մեջ ինչպես կլողնան), — մտածում է գյուղացի մարդը:
Բայց երիտասարդը սկսում է մերկանալ.
— Մերկանամ, — ասում է երիտասարդը, ինձ Արարատը մորեմերկ տեսնե, հազար տարի է չի տեսել, տեսնե, ինձ իր գիրկն առնե, չէ՞ որ իր զավակն եմ…- գրկի, իմ աննման ծնող…
էսպես խոսելով՝ երիտասարդը լրիվ մերկացավ ու սկսեց հող քսել փորին, քսել, հատկապես պորտի վրա:
— Կհասկնա՞ս, պարո՛ն, — մի տեսակ տրանսի մեջ ընկած բորբոքված, անսահման մի ոգևորությամբ էքստազի մեջ ընկած, արագ-արագ խոսում է երիտասարդը: — Կհասկնա՞ս, աս հազար տարվա մեջ պորտս բարակել, կապը քիչ մը թուլացել է, հարկ է ամրացնել, պինդ կպցնել… Անքան պինդ, որ հավիտյան պոկ չգան:
Հանկարծ երկինքը պայթեց հզոր գոռոցով, փայլատակները իրար վրա ճայթեցին ու խոշոր-խոշոր կաթիլներով տափին թափվեց անձրևը…
Բյուրակնցին տեսածից փոքր-ինչ շփոթված, մտազբաղ շարժվեց դեպի մեքենան, հանկարծ կանգ առավ, չէր էլ զգում, որ անձրևը թրջում է իրեն, կանգ առավ, ինչ-որ կարևոր բան մտածեց, հոնքերը էդ պահին զարմացած վեր թռան, իրեն թվաց, թե մի ինչ-որ ծալած էջ բացվեց, որ պետք է, անհրաժեշտ է վերընթերցել…
Մորեմերկ երիտասարդը դարձյալ մագլցեց լեռնաբեկորի գլուխը, երանությամբ դեմ տվեց լայն կուրծքը տաք անձրևաջրին, որ մոր ձեռքափերի նման սիրով շոյում էր նրա առողջ մարմինը:
Ըմբոշխնում էր երիտասարդը հայոց բնությանը ձուլված, ըմբոշխնում էր իր լինելը:
Ողջ մարմնով ձզվեց վեր, առաջ, երկինք, երկար ձեռքերը դեպի լյառն Արարատ պարզած` ուժեղ թոքերը մինչև խորքերը ուռցնելով, գեղեցիկ, թավ բարիտոնով գոռաց՝ հո, հո, հո… ես եմ… եկել եմ… Նրա ձայնը արձագանքվելով՝ ալիք-ալիք հասավ Արարատ լեռան սպիտակ գագաթին…
Բարև…
Աղբյուր՝ Grakantert.am