Պետականության կորստի տարբեր ժամանակահատվածներում մենք օտարի մամլիչի ու կեցության սեփական կանոնները պարտադրող գմբեթի տակ ենք գոյատևել և, ինքնուրույն գործելու հնարավորությունից զրկված լինելով, հաճախ ենք խորհել. մենք մեզ ճանաչո՞ւմ ենք, գիտե՞նք մեր ազգային ներուժի պարագծված սահմանները, մեր հավաքական կամքի գիտակցությունն ունե՞նք, թե՞ դիպվածի քմահաճույքն է մեր վարքի կառավարը: Այս և նման այլ մտածումների շուրջ ծանոթ մեկի հետ զրուցելուց ու նրան ճանապարհելուց հետո ես իմ ընթացքի մեջ մի պահ կանգ առա, նայեցի Ազգային ժողովի վեհանիստ շենքին, և տարիների հեռվում մնացած լռությունն իմ մեջ ճաք տվեց մամռոտ գերեզմանաքարի տնքոցով, ու ես նորից տեսա մարդկային զանգվածի ծովացման այն հին, տարաշխարհիկ պատկերը, և այն ճերմակամորուք այրին, որի խոսքերն այն ժամանակ զառանցանք ու բանդագուշանք էին թվում…
…Համայնավար երկրի Գլխավոր առաջնորդը զարմացած, զայրացած, թե անտեղյակ ձևանալու իր թաքուն իրավունքից օգտվելով, խորամանկության իր բաժին խաղը հմտորեն խաղալով, նազիր-վեզիր էր առաքել Հայոց աշխարհ, որ նրանք` կարմիրների հավատավոր հետնորդները, գային ու իրենց աչքերով տեսնեին, թե ի՞նչ է ուզում ծայրահեղ բնազդների այս ժողովուրդը, ի՞նչ ասել է` «Ղարաբաղը մերն է», և ո՞րն է պահանջատիրության հարցում սրանց ախորժակի ու երևակայության սահմանը: Այդ սահմանը կա՞, թե՞ սրանց երևակայության սահմանը առհասարակ է անսահման… Իրենք` աշխարհին տեր ու տիրական, գերտերության կամքը իրենց բռունցքի զորությամբ պարտադրող անհաշիվ զորք, իսկ մենք` հին ողբերի խուճապը սրտներիս մեջ պահած ժողովուրդ. ոչ էնքան թույլ ենք, որ մեր արժանապատվությունը գրպաններս դնենք ու խփողին չպատասխանենք, ոչ էլ էնքան ուժեղ` որ հզորի խոսքի թիկունքում մեր ապտակի զորությանն ապավինենք: Փռշտալը իրենց համար` իրավունք, առողջություն ասելը մեզ համար` պարտավորություն, իրենք` խոսող, մենք` ըմբռնող, իրենք` խմող, մենք` բաժակ լցնող… Վերջը` դաշնամուրի ստեղների բավիղներում մոլորված մի խառը բայաթի: Ուրեմն` զվարճանքի պուճուր մի խաղի պոչից բռնել, իրենց կանոններով խաղում էին: Իբր՝ բոլորովին բանից անտեղյակ, իբր՝ միամիտ վեր կացել, եկել էին: Կրակի վրա թաքուն ու բացահայտ և՛ փայտ դնող, և՛ ջուր լցնող այդ հղկված հոգիները եկել էին Հայոց երկրի տագնապոտ թրթիռները որսային, աշխարհի կամքը սանձող իրենց գերտերության հաշվարկով հետևություն անեին` առաջնորդի վերջնական վճիռը նախապատրաստելու համար: Բայց նրանք հիմնավորապես էին վարժ, դեռ մանկապարտեզից աչքաբաց այդ այրերը նախապես գիտեին, թե ինչ էին զեկուցելու Գլխավորին, Գլխավորի հրահանգն արդեն իսկ իր մեջ պատասխան ուներ, ու այդ պատասխանն ասում էր` կտորն էլ է մեր ձեռքին, մկրատն էլ. կուզենք՝ ձեզ համար դրոշ կձևենք, կուզենք` պատանք: Ընտրությունը թողնում ենք ձեզ: Այսինքն թե` նրանց ներկայությունը պարզապես նպատակ ուներ հիմնահարցին մտահոգության երանգ հաղորդել: Իբր` մենք ահա, մեր պետական ծանր հոգսից կտրվել, եկել ենք արդարության մայրուղի տանող ճանապարհին ձեր կողքին լինելու, բայց դե, գիտեք… Դուք, իհարկե, ճիշտ եք, ձեր պահանջն, իհարկե, տեղին է, բայց… Գիտեք էլի` արդարության ճանապարհը հարթ չէ… մեծ տերություն ենք, մեծ շահեր կան, անզգույշ արված մեկ քայլը… անզգույշ ասված մեկ խոսքը… Մի խոսքով` հարկավոր է զգույշ լինել: Շատ զգույշ: Ու շատ զգույշ էլ եկել էին, մի տեսակ դարանակալ վարանումով, զոհին մոտեցող գազանի նման` թաթերի վրա, փափուկ: Որպեսզի իրենց ներկայությամբ քնածը քնած մնար, իսկ արթունը շուռ գար ու նորից քներ ապահովության քնով: Այդպես էլ ծրագրել էին, և, կարծես թե, Կենտրոնի դիվանագիտական հաշվարկով նրանց ներկայությունը թաքուն էր մնալու հանրության աչքից, բայց ժամանակների ոգին շատ էր սրված, դիվանագիտական մարմաշը սպասվածից ավելի էր թափանցիկ, և գաղտնիքը գաղտնիք չէր մնալու անգամ Կենտկոմի թանձր պատերի ներսում: Օպերայի հրապարակում հավաքված ժողովուրդը Կենտրոնի պատվիրակների գալու լուրն առել, ինքն իր ներսում եռացել, ինքն իրենով ուժեղացել, հոսելով եկել Կենտկոմի շենքի դիմացի փողոցը բռնել, ծովացել էր: Ծովացել ու իր ակնկալիքի մեջ ներքաշված` լռել էր: Ուր նայում էիր` մարդ էր. Օպերայի հրապարակից մինչև Աստծո երևակայության հեռուները: Խոր, ամեհի լռություն էր: Հինգ հարյուր հազար հայ կողք-կողքի, հինգ հարյուր հազար հայ ուս-ուսի և… այդպիսի անհավատալի, ամեհի լռություն: Ես կյանքում առաջին անգամ լռությունից փշաքաղվեցի, հայի լռությունից, խոսելու ելած հայի լռությունից, լռություն չսիրող հայի լռությունից: Լռությունից օդն անգամ սեղմվել ճաք էր տալիս: Հավատի ու նպատակի այդ ի՞նչ սևեռում էր, որ չափազանցից չափի եկած հայի հավաքական միտքը հնազանդության նույն կեղևի տակ էր ներքաշել: Հավատ ասելը քիչ էր, դա հավատի գծանախշերով խաչքարված ինչ-որ անբացատրելի, չվերծանվող տարբերակ էր, որ որձաքարն անգամ խմորի պես կծակեր, կանցներ: Դա հայի հարյուր, երկու հարյուր տարին մեկ արթնացող-փայլատակող հավատն էր, որ դիմադրության պատ ու պատնեշ չէր ճանաչում, որ հարազատության նույն խեցու մեջ ներքաշած բազմությանը պարտադրում էր ուրախության ու տխրության նույն երանգը: Ու իր պրկված հավատի մեջ մարդը խլանում-համրանում էր: Այդ ամեհի լռության մեջ հանկարծ բազմության փոքրիկ մի կղզյակում շշուկ տարածվեց. մեկին լուր հասցրին, որ Գյումրիում ապրող հայրը մահամերձ է: Անակնկալի եկած մարդը գունատված-մոլորված անշարժացել էր: Մի քիչ հեռվում կանգնած անծանոթ մի մարդ լուրն իմանալով, մոտեցավ նրան, ասաց. «Մի՛ մոլորվի, ախպեր ջան, մեքենա վարել գիտե՞ս»: «Գիտեմ, — անեռանդ-վերացած արձագանքեց մոլորվածը, — մեքենա ունեցել եմ, հիմա չունեմ»: Անծանոթ մարդը իր մեքենայի ու տան հեռախոսի համարները թղթի վրա գրեց, իր մեքենայի բանալիների հետ միասին նրան տվեց, ասաց. «Սպիտակ գույնի 06 է, «Պապլավոկի» դիմաց կանգնած է, նստի գնա: Երբ որ գաս` զանգի: Առողջություն հորդ»:
Հուզմունքի մի տաք ալիք բռնկվեց, մարդկանց սրտերում խաղաց ու արագ մարեց: Եվ դարձյալ իրավիճակից բխող ամեհի լռություն էր: Հավատի ու վստահության լռություն: Այնքան բարակ լռություն էր, որ տեղացի մեծավորների և Մոսկվայից ժամանած հյուրերի կոշիկների կրունկների համաչափ կտկտոցը ելքի աստիճանների վրա հեռվից լսվում էր: Օդի մեջ հանգուցալուծման ակնկալիք էր հյուսվում, որ հրաշքի պես ու վռազ էր սպասվում, և զուսպ ու հնազանդ բազմությունը մի վերջին անգամ լարեց իր համբերությունը` մոսկվացի մեծավորների բերանից իր բաժին արդարությունն ավետող մեկ հատիկ բառը լսելու համար: Բայց մեռնի արդարության ծակ գլուխը, որ հայից առհասարակ խռոված է. ամեն ինչ ասողների և, միաժամանակ, ոչինչ չասողների դասից սերվածների այդ խումբը դանդաղ, պատկառանք պարտադրող քայլքով եկավ, ապահով հեռավորության վրա խմբվեց, ապա խմբից զատվեց ու բարձրախոսին մոտեցավ խմբի Շեկ առաջնորդը: Ու ժամանակն այստեղ կանգ առավ, ասես տիեզերական անկշռելիություն էր, ժամանակը սեղմվեց ու իր իսկ լարվածությունից քրտնեց: Շնչելն անգամ թաքուն ու աննկատ էր արվում, շնչելու լիարժեք իրավունքը միայն Շեկ առաջնորդինն էր: Ու նա խոսեց… խոսեց դանդաղ, հատ-հատ, բառերը կշռելով, բառերը արդուկելով, կուսակցական զուսպ թափի մեջ խոսեց, հայերին վայրի արջերի ցեղերից ևս մեկ անգամ զատեց, քաղաքակրթության լուսապսակի տակ քաշեց, բարձրացրեց երկինք ու… վերջում ըմբռնումի դասեր տվեց և հույս ու հավատի խրթին շփոթով ավարտեց իր ասելիք-չասելիքը: Եվ շուռ եկավ ու գնաց եկած ճամփով: Գնաց ու… նրա գնալուց հետո հավատ կոչվածը մի թեթև ճաք տվեց:
Բայց խոհը դեռ խոհ էր ու հավատի նահանջ չէր: Համենայնդեպս, եթե նահանջ էլ էր, ապա թաքուն էր, բացահայտ չէր: Արտաքնապես գոնե այդպես էր թվում ու այդպես ավելի հարմար էր. սպասումը գոնե ցավատանջ չէր դառնում: Սպասումի մեջ փոքրացող շապիկը եթե սեղմեր էլ` մեղքը վաղվա օրվա վրա էր գցվելու: Սխալվելու իրավունքն, այսինքն, դեռ էն գլխից նախանշված էր, մնացյալը հոսող ջրերի բնազդին էր տրված: Ջրերը թե ափ հանեին` լավ, եթե` չէ, ուրեմն ճակատագիրը հեգնել էր: Ու այդ խոհը բազմությանն էր: Այդ խոհով էլ դանդաղ ցրվում էին` իրենք իրենց մեջ ներամփոփ ու կողպեքավորված, աչքերի առաջ Շեկ առաջնորդի գծագրվող-քանդվող ոչնչական ուրվագիծն էր, ականջներում` յոթանասուն տարվա նույն տաղտկալի դասը, մտքներում` անվերջ խոստումների մարած-փոշիացած մոխրակույտը: «Խաբեցին, — իր խաղը տանուլ տված ու հոգսի թնջուկում անակնկալ հայտնվածի թևաթափությամբ տնքաց մեկը, — շան որդիք էլի խաբեցին: Էս ի՜նչ հղկված ստորություն է, էս ի՜նչ հեշտ են խաբում. ասում են` բարև ու հենց բարևի մեջ էլ խաբում են: Ախր գիտենք էլ, որ սրանց լվացքի պարանին չարժի շոր փռել, բայց էլի փռում ենք:
Մենք կրակի հիշողության մեջ , սրանք` գալիս կրակը հանգցնում և էդ կրակի մոխրափոշով աչքներս կուրացնում ու երեխայի պես խաբում են»: «Մի՛ խաբվիր, — վրդովմունքի հանգույն հակադարձեց մեկը, — խաբողին միշտ էլ խաբում են ու պիտի խաբեն: Մի՛ խաբվիր, ու թույլի բարդույթից դուրս արի. եղինջի չափ էլ չկա՞ս… Հզորի հոգնած ուղեղում մտքի փայլ ու կուշտ փորում գթասրտություն ես որոնում ու հետն էլ դժգոհում ես»:
Եվ այդ մարդն իրավացի էր, որովհետև գիտեր, որ այդ հզորների ժամանակը ծայրեծայր լցված էր ստով, իսկ թույլերի ժամանակի մեջ լոկ արձագանք էր, ստի արձագանքը, ու իսկական ձայնը թույլերին չէր հասնում: Ժամանակի պոչն ու գլուխը իրար մոտենում, օղակը փակում էին: Ուժեղների ժամանակի գլուխն ու թույլերի ժամանակի պոչը: Եվ ուժեղներն ու թույլերը հայտնվում էին ժամանակի նույն օղակում: Եվ հենց այդ օղակում էլ ուժեղները տնօրինում էին թույլերի կամքը: Իսկ օղակից դուրս մղձավանջի հեքիաթն էր. «Պտտվիր, պտտվիր կարուսել,- ճերմակամորուք մի մարդ իր դերի մեջ էր, — ես քո երգը… Մենք ունե՞նք մեր երգը, ժողովուրդ, թե՞ մեր երգը էն գլխից է երգված»: «Ինչի՞ չունենք, — շարքերի միջից նրան արձագանքեց խոյահարող կրծքերով, տեսած ու վայելած, վայելած ու վայելքի համը կորցրած մի կին, — էն ա, երգում են` «Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա»: Չեն թողնում` մարդը իր գերեզմանում էլ հանգիստ մնա: Մեծ մարդու ճակատագիր, — մի տեսակ մենախոսելու հանգով ինքն իր համար փիլիսոփայեց, — քանի ողջ են` հալածանքի մտրակի տակ են, մեռան` կդառնան աչքի լույս, բանաստեղծություն ու երգ, նկար ու քանդակ…»:
Ճերմակամորուքը նրա արձագանքը քամուն տվեց ու միտքը շարունակելով առաջ գնաց. «Ո՞վ ենք մենք. երեխա՞ ենք, իմաստուն ա՞յր, թե՞ հազար տարեկան անվարտիք ծերունի: Ասում են` քար, շենք ու շինություն ենք հասկանում ու ճղված հոնք չենք հասկանում, ասում են` հրացան, վախեցած եղնիկ ու զարկված լոր ենք տեսնում, զարկված մարդ չենք տեսնում և դրա համար էլ անընդհատ զարկվել ենք, զարկվել ու մեր վարքին սազական ձևակերպում ենք հորինել` բարոյական հաղթանակ: Բարոյական հաղթանակ` անբարոյական աշխարհում»: «Ասա, է՜, — նրա միտքը հաստատեց նույն կինը, — անբարոյական չեն, բա ինչ են: Եկան` իբր ի՞նչ ասին. գլխներիս տակ փափուկ բարձ դրին, գնացին: Ժողովուրդն էստեղ կոտորվում է, իրենք եկել` քարոզ են կարդում: Կենտկոմի՜ց են, թաղեմ ձեր կենտկոմական գլուխը…»: «Էսօր չէ` վաղը լսելու ենք, — Ճերմակամորուքն արդեն կնոջից առաջ էր անցել, — բոթ ու գույժ ենք լսելու, հիշողություններդ մաքրեք, կռիվ ու արյուն ենք տեսնելու: Հետո մեր ու օտարի մորեխը աղալու է երկիրը, լիալուսինը լողալու է ցնորքների մշուշում, հոտը շեղելու է գլուխը, ու ծաղիկ-ծաղկունքը տականքին է մնալու: Հեքիաթ չէ, ոչ էլ խոստում, լոր ու հրացան էլ չէ, հրացան ու մարդ է: Ու արնոտ պատմություն»:
Ոչ ոք այլևս նրան չէր արձագանքում, իրենք իրենց մեջ պատյանավորված քայլում էին, իսկ Ճերմակամորուքը մենախոսելով անցնում-գնում էր շարքերի միջով: Կարծես կարմիր թել լիներ, անասեղ կարմիր թել, որ ծակում ու չէր կարում…
Աղբյուր՝ Grakantert.am