Որ աստուածային զօրութիւնդ Քո ծանուցեր Հոգիդ ճշմարիտ.
Բաշխելով իշխանաբար զպարգեւս Քո. տեսանողաց մարգարէիցն ի սկզբանէ.
Բարեխօսութեամբ սոցա խնայեա ի մեզ:
Որ մաքրեցեր բնակարան աստուածութեանդ Քո սուրբ զմարգարէսն.
Եվ աղբերաբար հեղեր յանձինս նոցա զանապական և զերկնային շնորհաց Քոց բղխումն.
Բարեխօսութեամբ սոցա խնայեա ի մեզ:
Որ յայտնեցեր զծածկեալ խորհուրդ Քոյոց սիրողաց.
Եվ անճառելեաց ապագայից պատմողս արարեր
տնօրէնութեան Քում Էակցի Բանիդ Աստուծոյ.
Բարեխօսութեամբ սոցա խնայեա ի մեզ:
(Շարակնոց)
Ապրել է Ն.Ք. 9-րդ դարի առաջին կէսին՝ Իսրայէլի Աքաաբ (874-853թթ.) եւ Ոքոզիա (853-852թթ) թագաւորների օրօք:
Եղիա մարգարէն Գաղաադի Թեզբա բնակավայրից է, որի համար թեզբացի է կոչուել: Երբ ծնուել է, նրա մայրը՝ Սուբաքան, տեսել է, որ երկու սպիտակազգեստ մարդիկ ողջագուրում էին նրան, պարուրում հրեղէն խանձարուրներով եւ ուտելու համար հրեղէն բոց տալիս:
Եւ նրա հայրը եկաւ Երուսաղէմ ու քահանաներին պատմեց այս մասին: Քահանաներն ասացին նրան. «Մի՛ երկնչիր, որովհետեւ քո որդին կը բնակուի լոյսերի մէջ, եւ նրա կեանքը հրեշտակների հետ կը լինի: Նրա խօսքը վճիռ կը լինի, իսկ նախանձախնդրութիւնը՝ հաճելի Աստծուն: Նա պիտի դատի Իսրայէլը հրով ու սրով»:
Եւ Եղիան մեծանալով դարձաւ կատարեալ այր ու բնակուեց անապատում: Տեսնելով Իսրայէլի ժողովրդի անօրէնութիւնները, որ զոհաբերութիւններ էին անում Բահաղին եւ գարշելի Աստարտայ կուռքին, որին պաշտում էին սիդոնացիները, Եղիան բարկացաւ ու կապեց երկինքը, եւ երեք տարի ու վեց ամիս անձրեւ չտեղաց:
Եւ սաստիկ սով եղաւ ամբողջ երկրում, երաշտից ցամաքեցին բոլոր բոյսերն ու դալար արմատները, որովհետեւ Եղիայի բերանից խօսք ելաւ. «Կենդանի է Իսրայէլի Տէր Աստուածը, որ եթէ երկինքն անձրեւ տայ երկրին, ապա դա կը լինի միայն իմ բերանի խօսքով»:
Իսկ մարդասէր Աստուած չանցաւ Եղիայի խօսքից: Նա խօսեց Եղիայի հետ եւ ասաց. «Գնա՛ այստեղից դէպի արեւելք ու թաքնուի՛ր Յորդանան գետի դիմաց՝ Քոռաթի հեղեղատի մօտ: Այնտեղ կը խմես հեղեղատի ջրից, իսկ Ես կը հրամայեմ ագռաւներին, որ կերակրեն քեզ»: Եւ մինչ աշխարհը կոտորւում էր սովից, ողորմած Աստուած ամէն օր կերակուր էր տալիս նրան. գալիս էր ագռաւը, նրան հաց ու միս էր բերում, իսկ ջուրը նա հեղեղատից էր խմում:
Երբ Եղիայի կամքը հանդարտ էր լինում, ագռաւը նրան սուրբ հաց էր բերում, երբ Եղիայի միտքը զայրացած էր լինում, ագռաւը նրան միս էր բերում, եւ երբ Եղիայի խորհուրդներն ամբոխուած էին լինում, ագռաւը հում միս էր բերում: Իսկ երբ չէր մարում ու չէր հանդարտւում Եղիայի բարկութիւնը, Աստուած արգելում էր նրա կերակուրը, եւ ագռաւն այն չէր բերում: Ժամանակ անց, ցամաքեց նաեւ հեղեղատը, որովհետեւ անձրեւ չէր տեղում երկրի վրայ, եւ երբ քաղցը նեղեց նրան, Տէրն Իր խօսքն ուղղեց Եղիային՝ ասելով. «Վե՛ր կաց, գնա՛ սիդոնացիների Սարեփթայ քաղաքը եւ մնա՛ այնտեղ: Ես պատուիրել եմ մի այրի կնոջ, որ նա այնտեղ կերակրի քեզ»: Եւ գնաց այդ կնոջ մօտ: Եղիան օրհնեց նրանց եւ բազմացրեց նրանց ալիւրը:
Դրանից յետոյ Աքաաբը գնաց դէպի Կարմելոս լեռը՝ Եղիայի մօտ: Երբ նա տեսաւ Եղիային, հարցրեց. «Դո՞ւ ես Եղիան՝ Իսրայէլի խառնակիչը»: Եւ Եղիան ասաց Աքաաբին. «Ոչ թէ ես, այլ դու ես եւ քո հօր տունը, որ լքելով ձեր Տէր Աստծուն, գնացել էք Բահաղին յարողների յետեւից»: Եւ Եղիան մաքառեց Բահաղի քրմերի դէմ արեան ու սպանութեան գրաւով:
Եւ ժողովուեցին Բահաղի եօթ հարիւր մարգարէներ ու առաջինն սկսեցին մատուցել իրենց պատարագը: Աղաղակեցին երեք օր, առաւօտից մինչեւ կեսօր դիմեցին Բահաղին, բայց ոչ ձայն եղաւ, ոչ էլ պատասխան, հուր չիջաւ երկնքից եւ չողջակիզեց:
Այնժամ Եղիան սաստեց Բահաղի քրմերին եւ յետ կանգնեցրեց նրանց: Նա նորոգեց Տիրոջ կործանուած զոհասեղանը, նրա շուրջը փոս փորեց, փայտ դիզեց զոհասեղանի վրայ, կտրատեց իր զուարակը եւ դրա կտրատուած մասերը դասաւորեց զոհասեղանին դրուած փայտերին: Ապա տասներկու սափոր ջուր լցրեց ողջակէզի ու ջարդուած փայտերի վրայ: Ջուրը հոսեց զոհասեղանի շուրջը, եւ փոսը լցուեց ջրով: Այնժամ երկինք աղաղակելով՝ ասաց. «Աբրահամի, Իսահակի, ու Իսրայէլի Տէ՛ր Աստուած, թող այսօր բոլորը տեսնեն, որ Դու ես Իսրայէլի Տէր Աստուածը, եւ ես Քո ծառան եմ: Լսի՛ր ինձ, Տէ՛ր, պատասխանի՛ր ինձ հրով, որ այս ժողովուրդն իմանայ, որ Դու ես Տէր Աստուածը, եւ Դու յետ դարձրիր այս ժողովրդի սիրտը»: Եւ նոյն պահին հուր իջաւ երկնքից եւ լափեց ողջակէզն ու փայտերը՝ կլանելով փոսի հողն ու ջուրը:
Այնժամ բոլոր հաւաքուածներն ընկան երեսնիվայր եւ ասացին. «Արդարեւ, ահա Եղիայի Աստուածը, տեսէ՛ք, ահա ամէնքի Տէր Աստուածը, Տէրն Աստուա՛ծ է, Տէրն Աստուա՛ծ է»: Ապա Եղիան ասաց. «Բռնեցէ՛ք Բահաղի մարգարէներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»: Բռնեցին նրանց, եւ Եղիան նրանց իջեցրեց Կիսոնի հեղեղատը ու իր ձեռքով կոտորեց եօթ հարիւր մարդկանց:
Այնուհետեւ Եղիան գնաց դէպի Կարմել լերան այրը եւ աղօթեց առ Աստուած՝ երկրին անձրեւ տալու համար: Եւ իր աշակերտին պատուիրեց. «Ելի՛ր ու նայի՛ր դէպի ծով տանող ճանապարհի կողմը»: Եւ աշակերտը ելաւ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկայ»: Եղիան ասաց նրան. «Դու այդ արա՛ եօթ անգամ»: Աշակերտը եօթ անգամ գնաց եւ այնպէս պատահեց, որ եօթերորդ անգամը հազիւ լրացած, մարդու ձեռքի չափ մի փոքրիկ ամպ ջուր էր կաթեցնում: Եղիան ասաց. «Գնա՛ եւ ասա՛ Աքաաբին. ՛՛Լծի՛ր քո կառքերը եւ հեռացի՛ր, որպէսզի անձրեւը քեզ չհասնի՛՛»: Մինչ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, եւ յորդառատ անձրեւ սկսուեց: Աքաաբը լալով գնաց Յեզրայէլ: Տիրոջ ձեռքը Եղիայի վրայ էր, որն իր մէջքը պինդ կապելով՝ վազեց Աքաաբի առջեւից, մինչեւ որ մտաւ Յեզրայէլ:
Աքաաբն իր կնոջը՝ Յեզաբէլին, պատմեց այն ամէնը, ինչ Եղիան արել էր, թէ ինչպէս էր նա բոլոր մարգարէներին սրակոտոր արել: Յեզաբէլը սպառնաց Եղիային, եւ Եղիան փախաւ Յեզաբէլի երեսից: Մէկ օրուայ ճանապարհ գնաց դէպի անապատ եւ նստեց մի բեւեկնու տակ: Նա քուն մտաւ եւ ննջեց: Եւ ահա Տիրոջ հրեշտակն արթնացրեց Եղիային եւ ասաց. «Արի՛, կե՛ր եւ խմի՛ր, որովհետեւ հեռու տեղ պիտի գնաս»: Եւ Եղիան արթնացաւ, նայեց ու տեսաւ իր սնարից կախուած հաճարի մի նկանակ եւ ջուր: Կերաւ ու խմեց եւ այդ կերակրի զօրութեամբ քառասուն օր ու քառասուն գիշեր ճանապարհ գնաց, մինչեւ որ հասաւ Աստուծոյ Քորեբ լեռը:
Նա մտաւ մի քարայր ու օթեւանեց այնտեղ: Եւ Տիրոջ խօսքը հասաւ նրան, որն ասում էր. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»: Եղիան ասաց. «Նախանձախնդրութիւն ունեցայ ամենակալ Տիրոջ համար, քանզի իսրայէլացիները լքեցին Քեզ, կործանեցին Քո զոհասեղանները եւ Քո մարգարէներին սրակոտոր արեցին: Միայն ես եմ մնացել, եւ ահա ինձ են փնտրում, որ սպանեն»:
Եւ ինչպէս որ Տէրն ասաց, ահա մի հողմ բարձրացաւ, բայց Տէրը հողմի մէջ չէր: Հողմից յետոյ սաստիկ շարժում եղաւ, բայց Տէրը շարժման մէջ չէր: Շարժումից յետոյ հուր բորբոքուեց, եւ Տէրը դարձեալ հրի մէջ չէր: Եւ հրից յետոյ օդը հանդարտուեց ու մեղմ քամի փչեց, եւ Տէր դրա մէջ էր:
Տէրն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով: Իսրայէլում կը թողնես եօթը հազար մարդ, որոնք չեն ծնրադրել Բահաղին եւ շրթունքներով նրան չեն համբուրել»: Եւ Քորեբ լեռից Եղիան վերադարձաւ ու եկաւ Իսրայէլի երկիր, ուր գտաւ Սափատի որդի Եղիսէին:
Եւ Աստուած յայտնեց Եղիային, որ պէտք է երկինք վերանայ: Եղիան եւ Եղիսէն եկան Բեթել: Բեթելում գտնուող մարգարէների որդիները եկան Եղիսէի մօտ եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ այսօր Տէրը քո տիրոջը տանելու է քո մօտից»: Նա ասաց. «Գիտե՛մ, լո՛ւռ մնացէք»: Եւ Եղիան ասաց Եղիսէին. «Դու նստի՛ր այստեղ, քանզի Տէրն ինձ Երիքով է ուղարկում»: Եղիսէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»: Եւ նրանք Երիքով եկան: Մարգարէների որդիներից յիսուն հոգի գնաց ու կանգնեց հեռւում` Եղիայի եւ Եղիսէի դիմաց, իսկ նրանք երկուսով կանգնել էին Յորդանանի գետեզերքին: Եղիան առաւ իր մորթէ վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին: Ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ նրանք երկուսով անցան ցամաքով: Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսէին. «Խնդրի՛ր, որդեա՛կ, ի՞նչ անեմ քեզ համար, քանի դեռ Տէրն ինձ քո մօտից չի վերցրել»: Եղիսէն պատասխանեց. «Թող քո հոգին կրկնապատիկ ինձ վրայ լինի»: Եղիան ասաց. «Դժուար բան խնդրեցիր, բայց եթէ տեսնեն ինձ երկինք վերանալիս, թող այդպէս լինի»:
Եւ դեռ խօսքը չվերջացրած՝ ահա հրեղէն կառքեր եւ հրեղէն երիվարներ երեւացին, նրանց բաժանեցին միմեանցից, ու Եղիան պտտահողմի մէջ դէպի երկինք վերացաւ: Եղիսէն նայեց եւ աղաղակեց. «Հա՜յր իմ, Հա՜յր իմ, Իսրայէլի կառքը եւ նրա հեծեալը»: Եւ այլեւս չտեսաւ նրան: Եղիսէն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կէս արեց, գնաց կանգնեց Յորդանանի գետեզերքին, ձեռքն առաւ Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ, խփեց ջրերին եւ ասաց. «Եղիայի Տէ՛ր Աստուած, ո՞ւր ես հիմա»: Նա խփեց ջրերին, ջրերը հեռացան այս ու այն կողմ, եւ Եղիսէն անցաւ: Երբ Երիքովի մարգարէների որդիները դիմացից տեսան նրան, ասացին. «Ահա Եղիայի հոգին իջել է Եղիսէի վրայ»: Եւ գալով Եղիսէին ընդառաջ՝ երկրպագեցին նրան:
Եղիա մարգարէն մահ չտեսաւ երկրի վրայ, քանզի Աստուծոյ կամքով մարմնով դէպի վեր՝ երկինք բարձրացաւ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Եղիա մարգարէի յիշատակը տօնում է Հոգեգալստեան տօնին յաջորդող կիրակի օրը, այն դէպքում, որ սուրբերը մեր Եկեղեցում կիրակի օրը չեն յիշատակւում: Իսկ Եղիական պահքը որեւէ առնչութիւն չունի Եղիա մարգարէի հետ, սակայն Եղիական է կոչւում, որովհետեւ Եղիա մարգարէի յիշատակը շաբաթապահքի վերջին օրն է: