Անմահությունը հավիտենական ողբերգություն է։
ԱՐԵՎԻՆ
(Առաջին քերթված)
Արյունահոտ գիշերին մեջ ամայի,
Ուր բնության լացն ավելի խոր կը դառնա,
Հոգիս՝ հակած թարմ դիակի մը վրա,
Կը հծծե Ողբն Անմահությանդ դարավոր,
Ո՜վ Արև,
Վաղը նորեն պիտ ծագիս
Մերկացնելով մարդոց ամոթը կարմիր,
Ճառագայթներդ դողդոջյունով պիտ հպին
Մոխրակուտված քաղաքներուն, գյուղերուն,
Իզուր շողերըդ զվարթ
Պիտի փնտրեն փրփուրները ձյունափառ
Մեր հայրենի կապո՜ւյտ, կապո՜ւյտ ծովերուն…
Իզո՜ւր շաղերըդ բեկբեկ
Պիտի երթան օրորվիլ
Ամառնային երազին մեջ ոսկեհունչ…
Իզո՜ւր, իզո՜ւր, ո՜վ հսկա Կույր Լուսավոր,
Պիտ սպասես հարսանեկան քողերու
Կոկոնի պես բացվելուն,
Որոնց մեջեն, խուրձ առ խուրձ,
Ժպիտները սերեն գինով շրթներուն
Կը ծաղկեին, կը թափեին ձյունի պես։
Հիմա
Լո՜ւռ, արհավրոտ անապատի ծոցին մեջ
Ավելի հորդ ժպիտներ կան ծաղկազարդ,
Քան հայրենի դաշտերուն մեջը մոխիր…
Իզո՜ւր, իզո՜ւր ճաճանչներըդ ոսկեվարս
Պիտ մոլորվին գրկելու
Վարդակարմիր սրունքները կուսական
Աղբյուրին շուրջը գյուղին,
Ծաղիկները պարտեզներուն հայրենի
Արշալույսին
Պիտ չբանան իրենց փերթը ցայգամույն
Ճաճանչներուդ թարմությունը ըմպելու,
Վզերնին կախ՝ պիտի հառին մայր հողին
Անմահության դիակները երգելու,
Կոկոններն իսկ պիտի մերժեն շողերդ,
Պիտի չուզեն կես օրվան կյանք մ’ ապրելու,
Քու դարավոր անմահության կյանքիդ մեջ
Պիտի տեսնես սև վարդերու բլուրներ.
Վարդն իսկ, վարդն իսկ մահվան հոտն է ընկգրկեր,
Կարմիրին տեղ, ճերմակին տեղ, դեղինին՝
Ականատես պիտ ըլլաս սև վարդերու,
Սև վարդերու, ո՜վ Արև,
Անմահության դո՛ւ Սարսուռ,
Կարճ ապրողները կ’ ըլլան խոր, սխրալի՝
Ինչպես ցողը շողաշողուն երազով։
Մեր հայրենի երազները տևեցին
Դարե՜ր, դարե՜ր ու դարե՜ր…
Եվ ազգերը անմահության դրոշմը
Մեր ճակատին վառեցին,
Եղանք անմահ և ամենեն ողբալին.
Իր ատենին մահը չեկավ համբուրել
Մեղ վարդագույն բերանով.
Տևելու ուժը ցեղին
Դարե՜ր, դարե՜ր մաքառեց
Ընդդեմ մահվան քաղցրության.
Այսօր, Արև՛, քեզի հետ
Մենք չենք տոներ խաչելությունը ցեղին,
Այլ կը տոնենք այն ուժը, որ մեզ ցողեց
Անմահության ցոլքերով։
Այն վեհագույն տրտմությունը, զոր այսօր
Կը կրենք մեր աչքերուն
Խորության մեջ դարավոր՝
Անմահության է պարգև։
Ո՜վ Արեգակ,
Լապտեր կյանքի, ողբերգության Լուսատու,
Կ’ երկրպագենք տիեզերական հավատքով
Հոգվո քա՜ղցր, վսե՜մ և լա՜յն տրտմությամբ
Անմահության հսկայական տաճարին
Որ մարդկային գանգերով է կառուցվեր.
Մենք հպարտ ենք՝
Անմահության ենք զավակ,
Բայց կ՝ ափսոսանք, ո՛վ Արև,
Որ չունեցանք վարդագույն մահն ազգերուն
Հին դարուն,
Որ քեզի հետ պիտի կոչվինք մենք եղբայր
Արյունահեղ տիեզերքի շավղին մեջ։
Ի՛նչ քաղցր է քունն հինավուրց ազգերուն…
ԱՍՏՂԻԿԻՆ
(Քերթված երկրորդ)
Ծովն աչքերուդ է լռեր
Եվ ճակտիդ վրա
Թախծի հովը կը հևա,
Եվ ծիծերուդ պտուկներեն քաղցրաթուխ
Մոր մը, մոր մը դառնությունը կը կաթի,
Ո՜վ Աստղիկ,
Եղերամա՜յր դու անմահ։
Ալյակներեն անրջային կապույտով
Եվ փրփուրի շուշաններեն դու ծնար.
Այգաշաղի օրրանիդ մեջ լողացիր
Դիցուհու պես, լողացի՜ր…
Եվ արևին ճաճանչները դողդոջուն
Քեզ պատեցին, ողողեցին լույսի մեջ,
Առավոտյան դո՛ւ ծովածին բրաբիոն,
Դու քնացար
Դիցուհու պես, քնացա՜ր…
Սև՜, ցայգաթիռ վարսերեդ
Սիրո գարուն մ’ երերաց
Եվ բերանիդ վարդաշուրթն աղբյուրեն
Մեր բոլորիս ծարավությանը համար
Սրսուռ ակ մը կարկաչեց,
Անգամ շիթ մ’ այդ զովութենեն երկնային
Մեր հոգվույն մեջ աստղաշխարհ մը ծաղկեցուց
Եվ երգերո՜վ…լեցվեցանք։
Բամբիռն առինք ոգեշունչ
Եվ դուրս թռանք
Բագիններեն. լարերեն
Թովչություններ ցնծացին,
Եվ երգեցինք՝
«Մենք ըմպած ենք հավիտյանի մը համար
Անմահության նեկտարեն,
Ծարավի չենք, ծարավի չենք մենք երբեք,
Աստվածային սաղմը մեր մեջը անհուն
Արևի պես կը վառի,
Տիեզերական շավիղովը լուսաշունչ
Մենք աստղերո՜ւն կը թևենք.
Մեր ոսկորները ճղճիմ
Հիմա գարուն կը բուրեն»։
Անգիտացանք այն ատեն,
Որ կ’ ըմպեինք
Հավերժական չարչարանքի նեկտարեն,
Հիմա կ’ողբանք
Այն կաթիլը անմահական բերանեդ,
Որ բորբոքեց մեզ անդարձ
Հավիտյանի անհաղթելի իդեալով։
Մենք կը բաղձանք, որ այսօր
Հայրենական ավերներու տակ թաղենք
Հիշատակն իսկ մեր աստղավառ անցյալին,
Սակայն այսօր դու դարձյալ
Վսեմորեն կը պարզես
Մոր մը թևերդ վերամբարձ
Եվ կը քալես մերկ, արյունոտ ոտքերով
Ավերներու երկյուղներու վրայեն,
Եվ մեր թաղումն հանկարծակի կը դառնա
Այգատոնը ցնծումներու նորանոր։
Անմահության զեփյուռը
Կուգա գգվել մեր ճակատները այրած,
Եվ կը գոչենք ոգիով մը աննվաճ.
«Մենք պիտ ապրինք, պիտի ապրինք հավիտյան»։
Բայց տեսիլքիս բագինին մեջ լացակոծ
Երբ կը տեսնեմ այն մարմինը ձյունահրաշ
Հայ աղջկան կուսափառ,
Որ կտրված ծիծերով
Զանգակատան բարձունքեն
Գլուխը վար է կախվեր,
Հայրենի դաշտը կանաչ
Ոսկորներով է ծաղկեր՝
Եվ գետերը գոռալով
Նոր դիակներ, նոր հեծեծանք կը բերեն,
Թույլ տուր ինծի, որ ողբամ,
Վերջալույսի դո՛ւ շաղամույն Հեծեծանք,
Այն կաթիլը անմահության նեկտարեն,
Որ բուստերեդ ծորեցիր,
Տարփանքի պես ծորեցի՜ր…
Ներե՛, ներե՛ ափսոսանքն այս մեղավոր.
Մենք կը բաղձանք, որ միայն
Հիշատակ մը ըլլայինք
Պատմության մեջ ազգերուն
Հին դարուն։
Երանության զեփյուռն հաղթ
Մեզ կը փչե դամբաններե հինավուրց։
Մենք կը բաղձանք հոգեվին
Վարդաբոսոր թաղումին,
Թող աշխարհի մեղմ հովիկ
Հոգեհանգիստ մրմնջե,
Ըլլանք միայն Հիշատակ
Եվ դամբանի խորերեն
Երգենք հանգիստն աստղահայաց աչքերուդ,
Ո՜վ Աստղիկ։
ՑՈՐՅԱՆԻ ՀԱՏԻԿԻՆ
(Քերթված երրորդ)
Օտար արտեր ցորյանի,
Դո՛ւք երազներ ոսկեծուփ,
Նոր դուրս եկած մոխիրներու աշխարհեն,
Ամառնային կարոտով ձեզ կը դիմեմ։
Կըղձամ հոգիս այս թաղել
Ծփանքներուն մեջ ոսկյա
Եվ ընդգրկել չը չարչարված բնության
Բույրերն, հույզերն ու թրթիռ։
Ահա առուն գիշերին մեջ լուսնային
Ձեր արմատներն հուշի՜կ, հուշի՜կ կը գգվե,
Ցորեկին մեջ ըմպած արևն լիաթոք՝
Հիմա կըղձաք ցայգերու զով զեփյուռին,
Եվ կը ցցեք վե՛հ, հաղթական գլուխնիդ
Եվ կսպասեք աստվածային հպումին։
Օտա՛ր արտեր ցորյանի,
Դուք անուրջներ ոսկեշաղ,
Երբեք բոցեր չտեսաք
Եվ արյունոտ ջուրն արմատնիդ չսարսեց,
Առավոտը արյուն երբեք չկաթեց
Ձեր երջանիկ հատիկներուն վրա ոսկի։
Կը փրցնեմ հասկ մը օտար այս դաշտեն
Եվ կը փշրեմ ձեռքերուս մեջ իմ դողդոջ,
Կ’իյնան դարվար բոլոր հատերը ատոք
Միայն հատ մը կմնա իմ ափին մեջ։
Կը մրմնջեմ արցունքով,
Կայլակները արցունքիս
Կ’իյնան լռի՛ն ափիս մեջ՝
Լողցնելով այս հատիկը իմ վշտով։
Առաջին հեղն, թարմ գարունեն մինչ հիմա,
Այս հատիկը ոսկեման
Մահվան բույրով կը սարսռա՛…
Կը մրմնջեմ ես մեղմիվ,
Ու սոսափը գիշերային տաճարին
Իմ մրմունջները կը տանե հասկե հասկ,
Եվ բովանդակ արտը լռին կունկնդրե.
«Ո՜վ դու հատիկ ցորյանի,
Երբ առջի հեղ ցողունե դուրս պոռթկացիր՝
Չեղավ մեկն, որ քու ականջիդ հեծեծեր
Թշվառությունն անմահական սերունդիդ։
Հատիկներուն հետ հասկիդ
Դու ջերմ սիրո մղվեցար,
Եվ արևուն շաղերուն տակ ծփացիր,
Երազի պես ծփացի՜ր…
Ոսկե հատիկ ցորյանի,
Որ արցունքոտ վշտերովս կը հեծես՝
Կը զգաս հիմա, որ սիրելիներըդ ինկան,
Եվ մեկ քանին ոտքերուս տակ փչացան,
Դու իսկ արդեն ինկած ես
Ծովերուն մեջ իմ վշտիս,
Եվ պիտ մեռնիս, պիտի մեռնիս առհավե՛տ։
Մեկ մասը այս ցորյաններու հոծ արտին
Պիտի երթա փշրվիլ
Ջաղացքներու քարին տակ,
Ունենալով ավելի գուժ կյանքի վերջ․
Բայց մյուս հասկերը արտին
Գալիք գարնան նորեն պիտի բողբոջին,
Բայց դու, ավա՛ղ, պիտ մեռնիս,
Օ՜, կը լողաս արցունքիս մեջ, պե՜րճ հատիկ։
Կը մտածես, ես գիտեմ,
Որ բյուրավոր հարուստ հասկեր պիտ տևեն,
Որ բյուրավոր հարուստ հասկեր պիտ մեռնին
Աղորիքին տակ Գրանիտ։
Ի՜նչ երջանիկ, վե՛հ վայրկյան՝
Որում բոլոր ցորյանները վառեին,
Մեն մի մեռնող հաց հատիկ
Զգար, որ ա՛լ հատիկ չկա որ մեռնի,
Եվ ամառվան երազին մեջ շողավառ
Իբր հիշատակ գալին—միայն այցելու—
Ի՜նչ անուշ է հոգեվարքըդ, ո՛վ հատիկ,
Պատված, ցողված իմ վշտերով քաղցրագին,
Լո՜ւռ կը հեծես…
Օ՜, մահ չէ այս, այլ սոսափ,
Կամ զեփյուռը, որ կ’երթա
Հանգստանալ վարսերուն մեջը կույսին։
Իմ ափըս, որ Անմահությունը կ’ապտակե,
Քու լուսավոր գերեզմանըդ թող ըլլա,
Ո՜վ ցորյանի թարմ հատիկ»։
ՄՈԻՍԱՅԻՆ
(Քերթված չորրորդ)
Ներե՛, ներե՛ ինձ, Մուսա՛,
Որ կ’երգեմ
Ողբն այս կյանքին գեղեցիկ
Առանց հոգվույդ աստվածային հպումին.
Իմ հայրենի աշխարհին
Ամայությունն արհավրալի ներշնչեց
Այս քնարի լարերուն։
Սա լարն նոր է, և Անմահի կյանքիդ մեջ
Մեծամռունչ ոչ մեկ քնար սարսռաց…
Չարչարանքի երազներուն մեջ գտա
Քնարն այս դողդոջ։
Հիվանդ սիրտ մ’ իսկ այս քնարով կը լեցներ
Տիեզերքը եզերական կոծերով,
Այնքա՜ն հծծյուն, այնքա՜ն բողոք ու մորմոք
Կուրծքին տակը լո՜ւռ քնարին այս տրտում։
Ներե՛, ներե՛ ինձ, Մուսա՛,
Ես անտաղանդ բանաստեղծ
Եվ հիասթափվածն ամենեն,
Ընկերներեն, իդեալեն,
Թո՛ղ դղրդան իմ լարեր…
Բաժակին մեջ, ուրկե ես
Փրփուր գինին Անմահության ըմպեցի
Իմ ողբերուս շիթերովը թո՛ղ լեցվի։
Ես Աստղիկին հանղիպա,
Որ անտառի մը հրդեհին քով նստած՝
Մոխիրները կը թափթփեր կուրծքին վրա։
Անմահներո՜ւ վեհագույն,
Եվ վեհագո՜ւյն ողբալին,
Անդունդը մը լռությունը կը կախվի
Քո աչքերուդ հրկիզումին վրա վառ,
Դու իսկ, Մուսա՛, մոխիրով ես պսակված։
Կ’սպասեի փրփուրներուն գինիիդ,
Կը բաղձայի գրկել սյուքը տարփանքին,
Քու Անմահի թևերեն,
Բայց հոգիս անմահական տաճարեն
Խաչելության սև անուրջը կը փռվի։
Տե՛ս, հին քնարս դագաղի պես կը լռե,
Խռովե՞մ դագաղն այդ անդորը…
Ո՜վ կը բաղձա քաղցրակարկաչ երգերուն…
Կամ զեփյուռի անրջային թևերուն…
Ես կը բաղձամ բոլոր զանգերը լեցնել
Անմահության անդնդախոր ողբերով։
Որքա՜ն վսեմ եմ, Մուսա՛,
Իբր ամենեն անտաղանդը քուրմերեդ,
Որ տանջանքի երազներուն մեջ գտա
Քնարն այս մահվան։
***
Գեղեցկության ի խնդիր
Մենք մերժեցինք ամեն երկյուղ, ամեն լախտ,
Մեր ոտքին տակ-լվացած
Անմահական ջրերով-
Օձ մը ծվարած՝ կը ննջեր,
Թույն կը ծծեր գիշերներու խավարեն,
Եվ մենք անհոգ, բայց գիտակից, այդ օձին
Գլխուն վրա մենք մեհյաններ կառուցինք
Գեղեցկության ու լույսի։
Ծաղկին ի՜նչ հոգ, բուսած լերան կուշտին վրա,
Թե երկրին խորքն հրաբուխը կը ննջե,
Ան կը բացվի, ճաճանչներուն կը ժպտի
Եվ կը գգվե ցողն տարփատենչ անուրջով։
Հսկայական օձը շարժեց գլուխն իր
Ակնթարթ մը… և մեհյաններն քանդվեցան՝
Եղան խուղբի հավասար։
Մեհյաններու անմահական, մե՜ծ ոգին
Մրրկի պես կատղեցավ,
Եվ լեցուց
Մեր հոգիներն իր դարափիլ թևերով։
Ես կ’ողբամ
Անմահական այդ Ոգին,
Ո՛չ ստրջանք, ո՛չ ապաշավ ես ունիմ,
Եթե կ’ուզես դուրս վռնդե ինձ սեմեն
Աշուղներու քու պերճաշուք բագինեն,
Ես կը վազեմ ընդհուպ Աշխարհը մոխրի․․․
Ո՜ր մեկն, ըսե՛, հանճարներեն բագինիդ
Ունի վիշտ մը այնքա՜ն հսկա ու վսե՜մ,
Քան իմ սիրտը՝ երիտասարդ ու գարուն։
Ես իմ վշտով կըսքողեմ վարդ ու ժպիտ
Եվ աշունի թևերով
Երկնքի մեջ կը փռվիմ․․․
Չեմ կարոտիր աստվածային համբույրիդ․․․
Ես կը քաշվիմ իմ հոգվույս,
Դաբիրներուն մեջ նսեմ,
Վիշտս ատրուշան կը վառեմ
Եվ ողբալով Անմահությունն արյունիս՝
Քնարիս առջև կ’ աղոթե՜մ․․․
***
Քեզի՜ ալյակ ու ժպիտ,
Ցո՜ղ, շա՜ղ, վարդե՜ր ու արև՜,
Քեզի՜ ծաղիկ, զվարթ քնար գիներգակ։
Մա՜հ, մեզ ցողե՛ քաղցրությամբ․․․
1917 թ.