Ոլորապտույտ և դժգույն ավազով ծածկված ճանապարհը դանդաղ ձգվում էր Նեղոսի ափով: Ահմեդը առաջին անգամն էր անցնում այդտեղով: Ամեն ինչ նոր էր, տարօրինակ: Նույնիսկ նրա ավանակը բութ նայվածքով էր դիտում շրջապատը…
Եվ այս օտարության մեջ ամբողջ գյուղը կենդանացավ Ահմեդի հիշողության մեջ: Նա կարոտով հիշեց իր տունը, փոքրիկ թախտը, ուր նստում էր ընկերների հետ և չիբուխ ծխում: Հավանական է, այժմ էլ նույն թախտին նստած էին գյուղացիները և զրուցում էին… Այդ րոպեին նրա համար ընտանիքը ամենանվիրական բանն էր, ամենաթանկը:
Ինչպիսի՜ տխրությամբ նա բաժանվեց ընտանիքից: Սկզբում դա նրան երազ էր թվում, անկարելի մի բան, բայց բաժանման ժամին ամեն ինչ զգացվեց: Նա կարծում էր, թե մի կերպ կհամակերպվի այդ բանի հետ, սակայն ահա երրորդ օրն էր…
Գյուղը, որտեղից հեռացել էր նա. ընկած էր Եգիպտոսի և Սուդանի սահմանում, Նեղոսի ճահճոտ ափին: Այնտեղ դարերով իշխել էր մալարիան: Այս տարի, երկար անձրևներից հետո ճահիճը մեծացել էր: Գյուղացիները ճարահատված որոշել էին դիմել անգլիացի պարոնին: Եվ նա հիշեց միստր Ռոջերսոնին, այդ կապույտ, նեղ աչքերով մարդուն: Նա ասել էր. «Ես օտար եմ և ձեր երկրի հիվանդություններին անծանոթ: Լավ կլիներ ձեր պետությանը դիմեիք»:
«Է՛հ, գյուղացիներիս խելքն ինչ է կտրում: Ա՛յ, մարդը ճիշտ բան ասաց» , -մտածեց Ահմեդը, բայց և այնպես Ռոջերսոնի հեղինակությունը մի փոքր ընկավ նրա աչքում: Էլ ի՜նչ եվրոպացի, որ որևէ գաղտնիք չիմանա… Ահմեդի առավելությունները մեծ էին համագյուղացիների համեմատությամբ: Նա նույնիսկ գրել ու կարդալ գիտեր, նրանց նամակներն էր գրում: Եվ այդ բանի համար բոլորը նրան վստահեցին պատվիրակի պարտականությունը: Մեծ պատիվ էր… Այդ օրը ամբողջ գիշերը նա չէր քնել: Նա զգում էր, որ իր վրա մեծ գործ է դրվել: Սակայն, միայն այժմ նա հասկացավ, թե ինչ պիտի աներ:
Շուտով վրա հասավ գիշերը: Ահմեդը նայեց շուրջը: Մինչև հորիզոնը տարածված էր ամայի, դեղին անապատը:
Նա գիշերեց բաց երկնքի տակ: Օդը տաք էր, զգացվում էր Լիբիական անապատի տաք շունչը, բայց չգիտես ինչու, նրա մարմինը դողում էր: Նա վախկոտ չէր, մենակությունը նրան երբեք չէր վախեցնում… Բայց նույնիսկ երկինքը կարծես խորթ էր թվում: Նա կապույտ ծովի պես փռվել էր վերևում և բոլորովին նման չէր գյուղի ամպած գիշերներին: Գյուղը նա երբեք չէր մոռանում: Այժմ այնտեղ բոլորն էլ քնած էին և միայն արթուն էր ծեր Նեղոսը, որը կարծես միշտ հեքիաթ էր պատմում խրճիթներին: Նեղոսը… Նոր նա հիշեց Նեղոսը, որն ամբողջ ճանապարհին ուղեկցել էր իրեն: Ահմեդը շուտով քնեց. Արդեն հանգիստ էր:
… Անցան օրեր, և մի գեղեցիկ առավոտ հեռվից երևաց Կահիրեն, հեքիաթային քաղաքը:
Ահմեդը զարմացավ: Հոյակապ և բարձր շենքեր էին երևում, որոնք նրա կարծիքով աստղերին էին հասնում: «Ալլա՜հ, սիրելի ալլա՜հ, օգնիր ինձ» , — մտածեց նա:
Ահա առաջին փողոցը, որտեղից նա մտավ մայրաքաղաք: Ասֆալտապատ պողոտան տեսնելիս, նա ափսոսաց, որ այդպիսի մաքուր տեղից մարդիկ են քայլում: Ֆելլահներ, ոստիկաններ, չարչիններ, մուրացկաններ իրար խռնված՝ մեծ ժխոր էին բարձրացրել: Արևելքի այդ քաղաքում փողոցներն էլ էին շուկա դարձել:
Ամեն ինչ ապշեցուցիչ էր, ամե՜ն ինչ: Թվում էր, թե Ահմեդը երազում ինչ-որ հրաշքներ էր տեսնում, ինչ-որ տարօրինակ բաներ: Նա չէր էլ զգում, թե ինչպես եվրոպացի տիկինները նրա գույնզգույն ցնցոտիներին էին նայում և ծիծաղում, այլ միայն տարվել էր իր տեսածներով: Փողոցով անցնում էին ուղտեր, ավտոներ… Այս ինչ է, թռչող տու՞ն: Ահմեդը երկար նայեց ավտոյին և զարմացավ, որ դրանցով լիքն էր քաղաքը:
Վերջապես նա տեսավ մի նեղ փողոց, որտեղից կաղամբի սուր հոտ էր գալիս: «Սա իմ տեղն է» , — վճռականորեն որոշեց նա և բախեց առաջին իսկ հանդիպած դուռը:
Դուրս եկավ մի ծերունի, որն, ինչպես երևաց, հյուրասեր էր: Նա ընդունեց Ահմեդին:
Գիշեր էր արդեն, երեք շաբաթվա մեջ դա առաջին օրն էր, որ նա գիշերեց ծածկի տակ և տաք ֆուլ կերավ: Բայց այնպես էլ նա հանգիստ չքնեց:
Առավոտյան նրա առաջին գործը եղավ հարցնել ծերունուն, թե ո՞ւր պետք է դիմել: Ծերունին մի պահ լուռ մնաց, որը զարմացրեց Ահմեդին:
Վերջապես նա ասաց.
— Լա՛վ…Միասին գնանք՝ Մեհբութ փաշայի մոտ…
Ահմեդը այդ րոպեին և՛ ուրախացավ, և՛ ինչ-որ վախ զգաց: Ուրախ էր, որ կրկին պիտի տեսներ քաղաքը, վախենում էր, որ արդեն սկսվում էր գործը: Այդ հիշելիս նրա սարսափը կրկնապատկվում էր:
Փաշայի ընդունարանում հերթ կար: Ե՛վ գյուղացի, և՛ քաղաքացի խռնված այդտեղ խոսում էին, վիճում և ինչ-որ դատողություններ անում: Այդ ամբոխը տեսնելով, Ահմեդը շփոթվեց, բայց և ակամա ուրախացավ, որ գործը հետաձգվեց: Միաժամանակ դրա համար նա ափսոսաց: Մի խոսքվ, նրա գլխում ամեն ինչ խառնվել էր…
Մի պահ նա ցանկացավ վերադառնալ ետ և հրաժարվել ամեն ինչից:
Իսկ ի՞նչ կասեին բոլորը, ի՞նչ կմտածեին նրանք: Բայց ահա հայտնեցին, որ փաշան այդ օրն այլևս ոչ ոքի չի ընդունի:
Ամբողջ օրը նա ոչինչ չէր խոսում, այլ լուռ դիտում էր: Հանկարծ նա հիշեց աստծուն և սկսեց մտածել, թե նա ինչու իրեն ուժ և համարձակություն չի տալիս: «Անպայման մի բանի համար ոխ է պահել…-եզրակացրեց նա-բայց ինչո՞ւ, չէ՞ որ գյուղում երեք անգամ աղոթում են նրան, իսկ իմ կինը նույնիսկ հինգ անգամ: Դեհ, էլ ի՞նչ… Բայց դա իմ խելքի բանը չի… մեղք է երկնքի գործերին խառնվելը…»:
Արևը կամաց-կամաց մայր էր մտնում: Լապտերը վառեցին: Ծերունին վերադարձավ աշխատանքից…
Վերջապես եկավ նաև ընդունման օրը: Երկյուղը պատեց Ահմեդին, նա երևակայում էր, թե ահա կտեսնի վեհաշուք մի մարդու՝ կախարդական գավազանը ձեռքին, որին շրջապատել են մոլլաները: Միաժամանակ նրա մեջ գյուղացուն հատուկ հետաքրքրություն առաջ եկավ:
Հանկարծ բացվեց դուռը և դուրս եկավ երկարահասակ, լայն քթով և ակնոցով մի մարդ: Նա կարդաց Ահմեդի անունը:
Ահմեդը տարակուսանքով նայեց նրան:
— Դե, ո՞վ է, ասե՛ք-աչքերը խոժոռեց աստիճանավորը:
Գյուղացին վեր կացավ և մեղավոր աշակերտի նման գլուխը կախած, գնաց դեպի դուռը: Նա մտավ մեծ սենյակը, որտեղ նստել էր մի գեր մարդ և խնձոր էր ուտում: Ահմեդը գլուխ տվեց և նայեց շուրջը:
Փաշան առանց նրա երեսը նայելու, հարցրեց.
— Ասա՛, ինչու՞ ես եկել…
— Բարերա՛ր տեր, մի մեծ խնդիր ունեմ, — քիչ շփոթվելով և քրտնելով, սկսեց Ահմեդը.- գյուղը քեզ շատ բարևներ է ուղարկում: Բոլորն էլ ուզեցին մի նվեր ուղարկել, բայց դե աղքատ մարդիկ ենք: Բարերա՛ր տեր, գյուղում սոսկալի հիվանդություն կա, սոսկալի… նույնիսկ մեր Սաիդը, հեռու քեզանից, այդ հսկա մարդը հիվանդացավ: Բայց էլ ո՞վ ասես, որ չհիվանդացավ: Աբդուլլան հո նրանից պակասը չէ՞ր, կամ Ռաշիդը, Մուսիհը… Էլ ճար չմնաց, բարերա՛ր տեր, և …
— Այդ հարցը ինձ չի վերաբերվում, — կտրեց նրա խոսքը փաշան և սկսեց երկրորդ խնձորը մաքրել: Հանկարծ նա թթվեցրեց դեմքը:
— Թյո՛ւ, որդոտ է… կանչեցեք հաջորդին…
Կրկին լսվեց նրա քարտուղարի բարակ ձայնը.
— Մուստաֆա Աբդել- լաթիֆ…
Ահմեդը զարմացած նայում էր փաշային: Նրա դեմքին աղերսանք կար և ինչ-որ կսկիծ էր նրան պատահել:
— Ի՞նչ ես շշմած նայում, -գոչեց փաշան, -կգնաս Քարիմ փաշայի մոտ: Հասցեն այդ մարդուց վերցրու…
Ահմեդը դուրս եկավ, նայեց շուրջը և մտածեց. «Էհ ծերունին սխալ է ասել: Ոչինչ»:
Էլ ոչ Քարիմ փաշա մնաց, ոչ էլ մի ուրիշը: Բոլորից էլ նույն պատասխանը… Ահմեդի գլուխը ուռել էր այս ու այն կողմ վազելուց: Նա շատ էր նիհարել:
Նա հարմարվեց նաև քաղաքին: Ամեն ինչ արդեն սովորական էին դարձել: Առաջվա վախն ու երկյուղը չէին մնացել: Սովորական էին դարձել նաև փաշաններն ու բեյերը…
Վերջապես մի օր նա ուրախացավ: Փաշաներից մեկը ծիծաղով ընդունեց գյուղացուն:
— Նստիր, գյուղացի՛ ախպեր: Պապս էլ քեզպես գյուղացի է եղել, հա՛, այնպես որ՝ ձեր դարդից հասկանում եմ:
Ահմեդը համարձակությամբ ամեն ինչ մանրամասնորեն պատմեց և ամեն մի բառից հետո չէր մոռանում ասել իր «բարերար տերը» , որը սովորել էր ծերունուց:
— Է՛հ, դա ինձ թողեց, -արհամարհական ձևով ասաց փաշան, — դա ի՛նչ է: Իմ խոսքը երկրի համար սուրբ է, օրենք է: Իմ մարդիկ ամեն ինչ կանեն, դու անհոգ կաց: Բավական է, որ ես խառնվել եմ գործին:
Ահմեդը երախտագիտությունից և հրճվանքից չգիտեր ինչ ասել և իր երկու-երեք շաբաթվա հոգնածությունը այդ րոպեին ամբողջովին մոռացավ, կարծես երիտասարդացավ…
«Լավ մարդ է» , — մտածեց նա և գոհունակությամբ վերադարձավ:
— Գործս հաջողցե՜ց, — բացականչեց նա և ուղղակի ընկավ ծերունու գիրկը:
Թերևս դա ամենամեծ ուրախությունն էր, որ զգաց իր ամբողջ կյանքում:
Նա նորից հիշեց գյուղը, լո՜ւռ, խաղաղ գյուղը: Արդյոք ի՞նչ էին անում այնտեղ… Նա թաքուն հառաչեց, բայց անմիջապես հիշելով փաշայի խոստումները, վազեց դուրս: Մի անգամ էլ նա ցանկացավ շրջել այդ քաղաքը, տեղեկություններ հավաքել և գնալ զարմացնել գյուղացիներին:
Եվ միայն այդ գիշեր գյուղցին, երազներով տարված, հանգիստ քնեց:
Առավոտյան նա փայփայեց ավանակի գլուխը:
— Գյուղ ենք գնում, գիտե՞ս: Նորից մեր հին ճանապարհով, հա՜…
Ավանակը լուռ էր:
— Ա՜խ, դու էլ մի բան չես, էշ ես, է՛լի, -ծիծաղեց Ահմեդը, ապա ձեռքը մեկնեց ծերունուն:
— Գյուղին բարև կանես, — հուզված ասաց ծերունին:
Ահմեդը ճանապարհ ընկավ: Ավանակը հանդարտ գնում էր Նեղոսի ափով: Գյուղացին քթի տակ մռմռում էր իր սիրած երգը:
Նեղոսի ափին լուռ նստում էի,
Ա՜խ, նստած էի Նեղոսի ափին…
Հանկարծ նա այլայլվեց և կանգնեցրեց էշը:
«Ինչու՞ չհարցրի, թե երբ պիտի գան» , — ինքն իրեն ասաց նա, բայց անմիջապես պատասխանը գտավ՝ «դե, որ ասացին կգան՝ կգան, էլի՛, փաշան հո չի՞ խաբելու»: Նա շարունակեց ճամփան: «Բայց, որ հարցնեի, լավ կլիներ», — այնուամենայնիվ եզրակացրեց նա:
Վերջապես մի օր հեռու հորիզոնում երևաց գյուղը, իսկ գյուղից բավական հեռու Ռոջերսոնի վիլլան:
Ահմեդը ուրախությունից հուզվեց: Նա շոյեց ավանակի բաշը և ասաց.
— Տե՛ս, հասանք…
Քիչ անց բոլորն էլ ողջունեցին պատվիրակին: Բոլորի աչքում նա մի հերոս էր, վերածնված, աշխարհ տեսած մարդ:
Սկսեցին հարցեր տեղալ նրա գլխին:
-Լա՞վ քաղաք էր…
— Ասում ես տները բարձր են, հը՞:
— Փաշաները լա՞վ են:
Ահմեդը պատասխանեց.
— Շա՜տ…
Գյուղացիները ենթադրեցին, որ հաջորդ օրն իսկ կգնան օգնության: ԱՄեն մի խոսքից հետո նրանք Ահմեդի կարծիքն էին հարցնում:
Վերջապես եկավ նաև հաջորդ օրը: Բոլորն անհամբեր սպասում էին: Ամեն անգամ, երբ հեռվից փոշու ամպ էր երևում, նրանք հրճվում էին: Բայց ոչ ոք չեկավ…Գյուղացիները հետաքրքրությոինից և լարվածությունից քիչ էին խոսում:
— Կգան, — միշտ ասում էր Ահմեդը, — թռչուն հո չե՞ն:
Մի օր նա լսեց, որ Սաիդն էլ մեռավ: «Մեռա՞վ» , — մտածեց գյուղացին, — «մի՞թե» այդ հսկան էլ կմեռնի… Գոնե հոգին թող ուրախանա, որ անունը փաշաներն էլ լսեցին»:
Մալարիան անողոք էր: Նա տզրուկի նման կպավ նաև Ահմեդի աղջկան: Հորն այլևս ոչինչ չէր հետաքրքրում, բացի սպասված օգնությունից:
Մի օր նա տխուր ու մտախոհ քայլում էր սենյակւմ. մոտեցավ լուսամուտին, լցրեց չիբուխը և նայեց հեռուն: Նրա առջև փռվել էր հին ճանապարհը, որը շատ հուշեր արթնացրեց. նա խոր հառաչեց և մի առ մի հիշեց բոլորին: Հիշեց ծերունուն, Կահիրեն, բեյերին, փաշաներին… Նա զարմացավ, թե ինչպես էր այդքան հեռավոր ճանապարհորդություն կատարել իր ծանրաբարո ավանակով: Նրան թվում էր, թե այդ բոլորը երազ էր, որ ինքը երբեք չէր դուրս եկել գյուղից:
Հանկարծ չիբուխը նրա բերանից ընկավ: Նոր նա հիշեց, որ ոչ ոք չհարցրեց նրան, թե իրենց գյուղը ո՞րն