Հռոմեացիներ 3.19-31
19 Բայց գիտենք, որ ինչ օրէնքն ասում է, ասում է նրանց, որ օրէնքի տակ են, որպէսզի ամէն բերան փակուի, եւ ամբողջ աշխարհը Աստծոյ դատապարտութեան տակ դրուի, 20 քանի որ ոչ մի մարդկային էակ օրէնքի գործերով չպիտի արդարացուի նրա առաջ, քանզի օրէնքի միջոցով է մեղքի ճանաչումը: 21 Բայց հիմա առանց օրէնքի էլ Աստծոյ արդարութիւնը յայտնուած է օրէնքի եւ մարգարէների վկայութեամբ. 22 որովհետեւ Աստծոյ արդարութիւնը ի Յիսուս Քրիստոս եղած հաւատի միջոցով է բոլոր հաւատացողների համար. չկայ ոչ մի խտրութիւն. 23 որովհետեւ բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկուեցին Աստծոյ փառքից, 24 բայց նրա շնորհիւ ձրի արդարացան Քրիստոս Յիսուսի միջոցով եղած փրկութեամբ: 25 Որովհետեւ Աստուած նրա արեամբ, հաւատի միջոցով, որպէս քաւութիւն էր նախասահմանել՝ յապացոյց իր արդարութեան, ի թողութիւն աւելի առաջ՝ Աստծոյ համբերութեան ժամանակ գործուած մեղքերի, 26 յապացոյց իր արդարութեան ներկայ ժամանակում, յապացոյց այն բանի, որ ինքն արդար է եւ կարդարացնի նրան, ով Յիսուսին է հաւատում: 27 Իսկ արդ, ո՞ւր է մնում պարծենալը. ի չիք դարձաւ. ի՞նչ օրէնքով. գործերի՞ օրէնքով. ո՛չ, այլ հաւատի օրէնքով. 28 որովհետեւ մենք ընդունում ենք, որ մարդը հաւատով է արդարանում առանց օրէնքի գործերի: 29 Աստուած միայն հրեաների՞նն է եւ հեթանոսներինը՝ ո՞չ. այո՛, հեթանոսներինն էլ է. 30 քանի որ մէկ Աստուած կայ, որ արդարացնում է հաւատի միջոցով եղած թլփատութիւնը, ուրեմն եւ՝ անթլփատութիւնն էլ՝ նոյն հաւատով: 31 Արդ, այս հաւատով մի՞թէ ի չիք ենք դարձնում օրէնքը. քա՛ւ լիցի. ընդհակառակը՝ օրէնքն ենք հաստատում:
Ավ. ըստ Մատթեոսի 9.9-15
9 Եւ Յիսուս, այնտեղով անցնելով, տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»: Եւ նա վեր կենալով գնաց նրա յետեւից: 10 Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան, բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ: 11 Երբ փարիսեցիներն այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»: 12 Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին: 13 Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին»: 14 Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: 15 Յիսուս նրանց ասաց. «Մի՞թէ կարելի բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցուի, եւ ապա ծոմ կպահե