Առակներ 15.21-26
21 Անմիտ մարդու սիրտը կարօտ է խելացի խորհրդի, բայց խելացի մարդն ինքն է ուղղում իր ընթացքը: 22 Իրենց խորհուրդը յապաղում են յայտնել նրանք, որ չեն յարգում իրենց խորհրդակիցներին: Խորհուրդները հաստատ են մնում խոհեմների սրտում, 23 բայց անզգամը չի հետեւում նրանց եւ չի ասում պատշաճ բան, որ բարի լինի ընդհանուրի համար: 24 Իմաստունի խորհուրդը կեանքի ճանապարհ է, եւ մարդ, դրանով դժոխքից խորշելով, կփրկուի: 25 Տէրը կործանում է ոխակալների տները, բայց որբերի եւ այրիների սահմանը հաստատ է պահում: 26 Անիրաւ խորհուրդը պիղծ է Տիրոջ առջեւ, բայց սրբերի խօսքերը պարկեշտ են:
Եսայի 22.20-24
20 Այն օրը պիտի կանչեմ իմ ծառայ Եղիակիմին՝ Քեղկիայի որդուն, 21 նրան պիտի հագցնեմ քո պատմուճանը, պիտի տամ նրան քո պսակն իր ճոխութեամբ, քո հազարապետութիւնը նրա ձեռքը պիտի տամ, եւ թող նա հայր դառնայ Երուսաղէմի ու Յուդայի երկրի բնակիչների համար: 22 Դաւթի բանալիները պիտի տամ նրան. նա պիտի իշխի, եւ ոչ ոք չի կարողանալու նրան հակառակ կանգնել: 23 Նրան իշխան պիտի կարգեմ հաստատուն մի տեղ, եւ թող նա բազմի իր հօր տան փառքի աթոռին: 24 Թող նրան ապաւինեն իր հօր տան բոլոր պատուաւոր մարդիկ՝ փոքրից մինչեւ մեծը: Բոլոր անօթները՝ մանր թէ մեծ, մինչեւ կարասները, նա պիտի բացի, եւ ոչ ոք չի կարողանալու փակել. պիտի փակի, եւ ոչ ոք չի կարողանալու բացել: Այն ժամանակ ամէն ինչ կախուած է լինելու նրանից:
Ա Պետրոս 5.1-7
1 Ուրեմն, աղաչում եմ երէցներին՝ ես էլ նոյնպէս լինելով երէց ու վկայ Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի յայտնութեան. 2 արածեցրէ՛ք Աստծոյ այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծոյ՝ ոչ թէ շահախնդրութեամբ, այլ յօժարութեամբ 3 ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին, 4 որպէսզի երբ Հովուապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք: 5 Նոյնպէս եւ դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղէք ծերերին. բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»: 6 Խոնարհուեցէ՛ք Աստծոյ հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի: 7 Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛յ գցէք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին:
Ավ. ըստ Մատթեոսի 11.2-14
2 Իսկ Յովհաննէսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին եւ նրանց միջոցով ասաց նրան. 3 «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»: 4 Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք լսեցիք եւ տեսաք. 5 կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, մեռելները՝ յառնում, եւ աղքատներին քարոզւում է աւետարանը: 6 Եւ երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղւում»: 7 Երբ Յովհաննէսի աշակերտները գնացին, Յիսուս սկսեց ժողովրդին ասել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժուող եղէ՞գ: 8 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են: 9 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ քան մի մարգարէ, 10 որովհետեւ նա է, որի մասին գրուած է. “Ահա ես կուղարկեմ իմ պատգամաւորին քո առջեւից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի”: 11 Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայութեան մէջ ամէնից յետինը նրանից մեծ է: 12 Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն, 13 քանի որ ամբողջ օրէնքը եւ մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննէսը: 14 Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէսն է Եղիան, որ գալու է: