Հունձք կժողվեմ մանգաղով,
— Լուսնակը յարս է —
Ակոս ակոս ման գալով:
— Սիրածս հարս է: —
Գլխեբաց եմ ու բոբիկ,
— Անո՜ւշ են հովեր-
Արտերուն մեջ թափառիկ:
— Մազե՜րն են ծովեր: —
Ցորեն, կակաչ, կարոտով,
— Կաքավը կուլա —
Կապեցի մե´կ նարոտով:
— Ձեռքերն են հինա: —
Հասկերուն մեջ, վերևեն
— Ասուպը անցավ —
Աստղեր մյուռոն կծորեն:
— Դեմքը լուսացավ: —
Քանի խուրձեր շաղերով,
— Վարդենին թաց է —
Ես կապեցի խաղերով:
— Ծոցիկը բաց է: —
Արտս խոզանով մնաց
— Կերթա՜ լուսնակը —
Դեզերով լեռ եմ շինած:
— Սի՜րտս է կրակը: —
Մանգաղս քարին եկավ.
Յարս յա՜ր ունի-
Քարեն լորիկը թռավ:
— Լե՜րդս կարյունի: —