Հռոմեացիներ 4.1-12
1 Իսկ արդ, ի՞նչ կարող ենք ասել Աբրահամի՝ ըստ մարմնի մեր նախահօր մասին. 2 որովհետեւ եթէ Աբրահամը գործերով էր արդարացուած, պարծենալու պատճառ ունէր, բայց ոչ՝ Աստծոյ առաջ: 3 Իսկ ի՞նչ է ասում գրուածքը. «Հաւատաց Աբրահամն Աստծուն, եւ այդ որպէս արդարութիւն համարուեց նրա համար»: 4 Բայց ով գործ է անում, նրա վարձը որպէս շնորհ չի դիտւում, այլ՝ որպէս պարտք. 5 իսկ նա, ով գործ չի անում, բայց հաւատում է նրան, ով արդարացնում է մեղաւորին, այդպիսի մէկի հաւատը համարւում է որպէս արդարութիւն: 6 Այսպէս էլ Դաւիթը երանի է տալիս այն մարդուն, որին Աստուած արդար է համարում առանց նայելու նրա գործերին. 7 «Երանի՜ նրանց, որոնց անօրինութիւնները ներուեցին, եւ որոնց մեղքերը ծածկուեցին: 8 Երանի՜ է այն մարդուն, որի մեղքերը Տէրը նրան մեղք չի համարում»: 9 Արդ, այս երանութիւնը թլփատուածների՞նն է, թէ՞ նաեւ՝ չթլփատուածներինը. քանզի ասում ենք, թէ Աբրահամի հաւատը որպէս արդարութիւն համարուեց: 10 Արդ, ինչպէ՞ս համարուեց. մինչեւ թլփատութի՞ւնը, թէ՞ թլփատութիւնից յետոյ: Ոչ թէ թլփատութեան ժամանակ, այլ՝ անթլփատութեան: 11 Եւ նա ստացաւ թլփատութիւնը իբրեւ նշան, իբրեւ կնիք այն հաւատի արդարութեան, որ ունէր անթլփատութեան ժամանակ, որպէսզի նա հայր լինի բոլոր հաւատացեալներին, որ դեռեւս անթլփատ են՝ այդ իրենց եւս որպէս արդարութիւն համարուելու համար, 12 եւ լինի նաեւ հայր թլփատուածների ոչ միայն նրա համար, որ նրանք թլփատուած են, այլ նաեւ նրա համար, որ գնում են մեր հայր Աբրահամի՝ չթլփատուած ժամանակուայ հաւատի հետքերով:
Ավ. ըստ Մատթեոսի 9.27-34
27 Եւ մինչ Յիսուս անցնում էր այն տեղով, երկու կոյրեր գնացին նրա յետեւից. նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի»: 28 Երբ նա տուն եկաւ, կոյրերը մօտեցան նրան: Յիսուս նրանց ասաց. «Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»: Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր: 29 Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»: 30 Եւ բացուեցին նրանց աչքերը: Եւ Յիսուս նրանց խստիւ պատուիրեց եւ ասաց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ»: 31 Իսկ նրանք ելան եւ նրա համբաւը տարածեցին ամբողջ այդ երկրում: 32 Եւ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մօտ բերեցին մի համր, դիւահար մարդ: 33 Եւ երբ դեւը դուրս եկաւ, համրը խօսեց. եւ ժողովուրդը զարմացաւ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայէլում երբեք տեսնուած չէ»: 34 Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դեւերի իշխանի միջոցով է հանում դեւերին»: