Լուսնկային շողերուն տակ,
Եթերաճեմ ու սլացիկ,
Երնեկ անոնց, որոնց հոգիք
Զիրենք հիշող ունին հրեշտակ:
Երանի քեզ, Յանկի պուետ, որ հոգիդ
Բաց դուռ մ’ուներ ու կիսափակ պատուհան,
Սենյակդ օջախ մը, քովն աթոռ մը հանգիստ,
Ուր նազելով կուգար ամեն իրիկվան,
Հին Իդեալդ, ստվերն անուշ հրեշտակիդ:
Զգացիր թե զենիթեն վար քանի հեղ
Սիրելիներդ քեզ որոնել եկան հոս,
Հուշիկ-հուշիկ լուսաշղարշ, փառահեղ,
Մրմնջելով մեղեդիներ երկնահույզ,
Եվ անցյալի ճռվողյուններ սրտազեղ,
Մտքեդ չանցավ, չ’երազեցիր մի հրեշտակ
Վտարանդի, ապերջանիկ, որ կուգար
Հաճախ փնտրել իրեն սիրողն ու բունակ,
Տարագրության հորձանքի տակ սգահար
Գտնել լացող ամայությունն ավերակ…
-«Ես հրեշտակն եմ Մտերմության», կ’ըսեր մին,
«Ես՝ իդեալդ անտիական օրերուն»,
Կը մրմնջեր Ազատության դիցուհին,
-«Ճշմարտությո՜ւն, Սե՜ր, Գո՜ւթ, Սլա՜ցքն առ Անհուն»,
Փնտրեցին քու բույնն իրենց հին մտերմին-
Ցավոց հովտին մեջ երջանիկ եղար դուն,
Ցուրտին սարսուռն հոգվույդ մնաց անծանոթ:
Գլուխդ ինկավ կուրծքի մը վրա զվարթուն,
Ու ձմռան իսկ ծաղկի մը բույր մշտահոտ,
Կյանքդ ուղղեց անհետացած ի գարնան:
* * *
Լուսնկային շողերուն տակ,
Եթերաճեմ ու սլացիկ,
Երնեկ անոնց, որոնց հոգիք
Զիրենք հիշող ունին հրեշտակ…
Հայու հոգի մը ճանչցա ես, որուն փակ
Ու մռայլամած բանտը չ’ուներ լուսամուտ,
Կ’սպասեր ան զուր վիզը ծուռ, վայրահակ,
Թե հին ստվեր մ’արդյոք կուգա՞ր իր ալ մոտ,
Բերել ծաղկյա գարուններուն հիշատակ:
Հողակույտի մը պես լքված, որուն վրա
Ավազին տակ նետեց հովը փայտե խաչ,
Իբրև անգիր, անտիրական մի տապան,
Նկուղին խորն հայու հոգին մեղմավաչ
Մնջեր անունը սիրելյաց, որ չեկան:
Բանտն այն չ’ուներ ոչ լուսամուտ ու ոչ դուռ,
Ոչ մեկ գիշեր աղվոր էակ մ’եկավ անդ
Որուն ճակտեն ցոլար հույսը գեղաթույր,
Ու ծավալե՜ր գորով մ’անուշ, սիրախանդ,
Արծարծելով նվիրական երկնից հուր:
Դեռ կը հուսա թե երկաթյա իր շղթան
Պիտի փշրի մի օր, ցնցում մ’ալ հզոր
Քանդե խավար նկուղին պատն ու պատյան
Ու սլանա ինք սրաթռիչ, հեռավոր Ազատություն:
Կը հաջորդեն գարուն գարնան,
Զեփյուռներուն աշնան հովեր,
Կռունկ, ծիծառ ետ կը դառնան
Վերաշինել բունակն ավեր,
Հայու հոգին՝ վիրապին մեջն իր անլույս,
Կ’սպասե որ ստվեր մ’ըլլա իր կարգին
Ու սլանա մրմունջներով սրտահույզ
Ալեպսակ Արարատի բարձունքին,
Սիրակապույտ իր հայրենյաց թանկագին:
Հյուղակ մը կա Արագածի լանջին վրան,
Այնտեղ օջախ մը, քովն՝ աթոռ մը թափուր,
Դուռը բաց է և կիսափակ պատուհան,
Ուր կ’սպասե ալևոր Մայր Հայաստան,
Իր տարագիր զավակներուն հեռավոր:
Մո՞տ է առտուն, ըսե, ո՛վ Մայր կաթոգին,
Կարմիր աստղեն եկա՞վ հույսի մի նշույլ,
Բուրաստանիդ մեջ վարդենիք կը ծաղկի՞ն,
…Անհետացա՞ն մղձավանջներն մեզ մաշող,
Բոսորին տակ պայծառաշող երկինքին…
Հյուղակին մեջ պահե աթոռն իր թափուր,
Կարոտակեզ զավակդ քեզի պիտի գա,
Չի մարեցավ դեռ հոգվույն խոր հույսին հուր,
Ու կը հավտա գարուններուն ապագա,
Դալկուն ճակտին համար պահե քու համբույր…
Հագիր վրադ մետաքսահյուս քու բեհեզ,
Թոռնիկներըդ քեզ սևերով չի տեսնան,
Անոնք կուգան արուսյակի, աստղի պես
Հրատոչոր անոնք կուգան հարության
Քեզ երգերովն ազատության հաղթական:
Տես, ձեռքին մեջ ձեռք մ’ալ հանգչի դողահար,
Այն հրեշտակին, որ բաժնեց բանտն իր դաժան,
Որ հավատքի պահեց պլպլուն ջահն անմար…
…Պարզե Մասյաց վրա դրոշիդ ծիածան,
Ողջունել հայ Մայրն՝ հայության անուշ Մայր…
* * *
Յանկի պուետ, կյանքի պուետ,
Հայ երգիչին բանտն ու շղթան,
Երազի պես կ’անհետանան,
Նոր հմայքով մ’երանավետ:
Ան չ’սպասեր ստվեր, ոգի,
Հոս են երկինք, հոս իրական
Նոր կյանք մ’ուժեղ ու տիրական
Նոր բարձունքի մը կը հանգի…
…Ա՜խ, չի կրնար: Կը վախնա թե
Պատրանք մ’ալ այն է գիշերվան
-«Արդարության մեծ ապագան»-
Կասկածն այն ալ պիտի քանդե…
Ու կը դառնա մութ գիշերվան,
Անձնատուր հին տվայտանքին,
Ու քեզի պես կարոտագին,
Կ’սպասե թե արդյոք կուգա՞ն
Իր ստվերները կաթոգին:
* * *
Լուսնկային շողերուն տակ,
Եթերաճեմ ու սլացիկ,
Երնեկ անոնց, որոնց հոգիք
Զիրենք հիշող ունին հրեշտակ…