Ծաղիկ մանկության շա՜տ հիշատակներ.
Որ դեռ եռում եք իմ մատաղ կրծքում,
Եվ հաճախ այնքան խաղաղ րոպեներ
Ինձ պարգևում եք կյանքի փոթորկում.
Որ երբեմն այնպես խուռըն երամով
Հանդես եք բերում ուրախ անցյալից
Գողտրիկ պատկերներ և վառ թռիչքով
Միտքըս անջատում տխուր ներկայից,-
Ո՛վ գիտե, գուցե, ժամանակն յուր հետ
Ձեզ մի օր տանե՜, ավերե՜ անհետ…
Բայց այն օրերը, այն նվիրական
Հիշատակները մանկական կյանքիս,
Երբ մորս գրկում առատ, անսահման
Սեր էր վայելում անարատ հոգիս,
Այն օրերն, օ՜ մայր, որպես սրբություն,
Անջինջ կըպահվին սրտիս խորանում,
Անջինջ կըպահվի և՛ քո սուրբ անուն
Իմ վառ շրթունքին, իմ ջերմ երգերում.
Եվ ինձ կյանք տվող քո սերը, մա՛յր իմ,
Սրտիս հետ միայն կըմտնի շիրիմ…
1891