Տեսե՞լ ես արդյոք այն բլուրները,
Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,
Կանաչում թաղված այն այգիները,
Ուր իբրև գոհար խաղողն է հասնում:
Տեսե՞լ ես դաշտեր, մարգագետիններ,
Ու բացված այնտեղ վառ շուշան, մեխակ,
Շնորհատու արև, ոսկի նըշույլներ
Եվ միշտ սիրաշունչ երկինք կապուտակ:
Տեսե՞լ ես ծերուկ ժայռերի միջով
Կատղած անցնելիս գետը փրփըրած,
Ականջ դըրել ես խըռոված հոգով
Այն աղմկալից գոռոցին ալյաց:
Տեսե՞լ ես գյուղը հովտի մեջ մենակ
Եվ շուրջը փռված շքեղ պարտեզներ,
Եվ ոսկի հասկեր և խաղաղ վըտակ,-
Լըսե՞լ ես քաղցրիկ արտուտի երգեր:
Եվ դու Տեսե՞լ ես նորա գանձն անգին,
Դեմքով հըրեշտակ, հասակը փարթամ
Հարավո դուստրը, հրապույրքն աչերին,
Շրթունքը ալ վարդ, ժըպիտն անթառամ…
Սիրատանջ այրված քնքուշ այտերից
Քաղե՞լ ես համբույր որ քաղցր է մեղրից:
1880