Սուրբ Ավետարանը Աստվածաշնչից՝ Նոր Կտակարանից այն մասն է, որ բովանդակում է իր մեջ Քրիստոսի երկրային կյանքը, խոսքերը և հրաշքները: Սուրբ Ավետարանը իր մեջ պարունակում է չորս Ավետարաններ գրված չորս ավետարանիչների՝ Սբ. Մատթեոսի, Սբ. Մարկոսի, Սբ. Ղուկասի և Սբ. Հովհաննեսի կողմից: Ինչպես նրանցից յուրաքանչյուրն առանձին, այնպես էլ չորսը միասին կոչվում են Ավետարան: Ժողովուրդը հաճախ Ավետարան է անվանում նաև Նոր Կտակարանը, և նույնիսկ ամբողջ Սուրբ Գիրքը:
Ավետարաններ I դարում շատ են եղել: Սակայն դրանցից ոչ բոլորն էին հավաստի: Ուստի Եկեղեցու հայրերը Սուրբ Հոգու առաջնորդությամբ ընտրեցին այն չորս գրքերը՝ Սբ. Մատթեոսի, Սբ. Մարկոսի, Սբ. Ղուկասի և Սբ. Հովհաննեսի Ավետարանները, որոնցով սկսվում է Աստվածաշունչ Մատյանի Նոր Կտակարանը:
Ավետարան բառը հունարեն ευαγγελιον-Էվանգելիոն բառի թարգմանությունն է, որ նշանակում է բարի լուր:
Խաչելության և Հարության միջոցով Հիսուս Քրիստոսի հաղթանակը չարի և մեղքի դեմ, ինչպես նաև Աստծո թագավորության հաստատումը, այն բարի լուրն էր, որ քարոզում էին Քրիստոսի աշակերտները: Այդ պատճառով էլ Քրիստոսի վարդապետությունը և առաքյալների քարոզությունը անվանվեց Ավետարան:
Ավետարանը և առհասարակ ամբողջ Աստվածաշունչը թարգմանվեց հայերեն 5-րդ դարում Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ Մաշտոց թարգմանիչների կողմից: Թարգմանությունը այնքան գեղեցիկ էր, որ կոչվեց «Թարգմանությունների թագուհի»:
Եկեղեցում ընթերցելու համար օգտագործում են Ատյանի, Ճաշու, Յուղաբերից, Սեղանի և Անդաստանի Ավետարաններ:
Ճաշու Ավետարանը պարունակում է միայն ճաշու ժամերգության և Սբ. Պատարագի ընթացքում կարդացվող ավետարանական հատվածները՝ քաղված «Ճաշոց»-ից: Այն ունի «Տոնացույցի» կարգավորություն:
Ատյանի Ավետարանը պարունակում է չորս Ավետարաններն ամբողջությամբ, որոնք բաժանված են ըստ 50 օրվա ընթացքում կարդացվող հատվածների: Այս Ավետարանը միշտ դրված է լինում բեմի ատյանում: Հավատացյալներն այն համբուրում են եկեղեցի մտնելիս և արարողության ավարտին:
Յուղաբերից Ավետարանը պարունակում է չորս Ավետարաններից վերցված հատվածներ, որոնք ընթերցվում են Յուղաբերից կարգի ժամանակ: Այն բովանդակում է Հանգստյան, Բժշկության, Տաճարի, Խաչելության, Յուղաբերից, Անդաստանի, Քառասնօրյա գալստյան, Զատկի, Դռնբացեքի, Ոտնլվայի և այլ տոների ու արարողությունների ժամանակ կարդացվող ընթերցվածքներ: Դասավորված են ըստ ձայների, որոշ մասն էլ հավուր պատշաճի, արարողությունների ժամանակ ընթերցելու համար:
Յուղաբերից Ավետարաններն են.
1. Թաղման (ընթերցվում է Մեծ պահքի շրջանում),
2. Հարության (ընթերցվում է Հինանց շրջանում),
3. Թաղման ու Հարության (ընթերցվում է Հոգեգալստից մինչև Մեծ պահքն ընկած շրջանում):
Պաշտոնի Ավետարաններն են.
1. Տաճարի (ընթերցվում է կիրակի և տերունի մեծ տոներին),
2. Հանգստյան (ընթերցվում է լուր օրերին, երբ պետք է Սբ. Պատարագ մատուցվի),
3. Բժշկության (ընթերցվում է կիրակնօրյա առավոտյան ժամերգության ավարտին՝ «Մանկունք» շարականի փոխարեն, «Նորաստեղծեալ» երգից առաջ՝ ի բժշկություն ժողովրդի ախտերի:
Սեղանի Ավետարանը առանց հատուկ դասավորության է, նպատակը Սբ. Սեղանը զարդարելն է:
Անդաստանի Ավետարանը առանց հատուկ դասավորության է, փոքր չափի Ավետարան է՝ անդաստանի արարողության ժամանակ հոգևորականների ձեռքին օրհնելու համար:
Նշված բոլոր Ավետարանները ունեն մետաղյա կազմ՝ երկու կողմից տնօրինական պատկերներով՝ Սբ. Աստվածամայրը Մանկան հետ, Փրկչի Հարությունը, Խաչելություն, Սբ. Ծնունդ, Ավետում, Համբարձում և այլն, հաճախ առաջին երեսի անկյուններում՝ չորս ավետարանիչներ: Սեղանի Ավետարանն է, որ միայն մեկ երեսից է ունենում տնօրինական որևէ պատկեր, քանի որ նպատակը Սուրբ Սեղանը զարդարելն է:
Ավետարանները շապիկի վրա կրում են արծաթե զարդեր՝ սրբապատկեր կամ խաչ: Երբեմն ամբողջովին պատված են լինում արծաթե պահպանակով: