Դու հպարտ չես, իմ հայրենիք,
Տրտում ես դու և իմաստուն.
Կիզում է քեզ մի հուր կնիք,
Մի հըմայող ու հին խոստում:
Եվ միթե այդ վշտիդ համար
Չեմ սիրում քեզ այսպես քնքուշ
Եվ խոնարհվում քեզ պես համառ,
0, հայրենիք դառն ու անուշ…
Չըշլացա խնդուն փառքիդ
Անցյալ ու հին փայլով երբեք.-
Սիրեցի հեզ, անքեն հոգիդ.
Եվ երգերըդ մեղմ ու բեկբեկ:
Խեղճությունըդ խավար ու լուռ,
Աղոթքներըդ դառն ու ցավոտ,
Զանգակներիդ զարկը տըխուր,
Եվ խուղերիդ լույսերն աղոտ…