Առակներ 6.1-5
1 Որդեա՛կ, եթէ բարեկամիդ համար երաշխաւոր լինես, դու քեզ կմատնես քո թշնամուն. 2 քանզի մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, եւ մարդ բռնւում է իր բերանի խօսքով: 3 Արդ, որդեա՛կ, վարուի՛ր այնպէս, ինչպէս պատուիրում եմ քեզ, եւ դու կապրես, որովհետեւ բարեկամիդ համար չար մարդկանց ձեռքն ընկար: Սրտապնդուի՛ր եւ մի՛ յուսալքուիր եւ նոյնը հաղորդիր քո բարեկամին, որի համար երաշխաւոր ես եղել: 4 Աչքերիդ քուն մի՛ տուր եւ թարթիչներիդ՝ նինջ, 5 որպէսզի փրկուես, ինչպէս այծեամը՝ թակարդից, եւ թռչունը՝ ծուղակից:
Եսայի 33.5-8
5 Սուրբ է մեր Տէր Աստուածը, որ բարձունքներում է բնակւում, որի շնորհիւ Սիոնն իրաւունքով ու արդարութեամբ է լցուել: 6 Նրանք իրաւացիօրէն պարտութեան մատնուեցին, իսկ մեր փրկութիւնը պիտի լինի մեր գանձերի շնորհիւ: Մեզ հասան Տիրոջ իմաստութիւնը, հանճարը եւ աստուածապաշտութիւնը. ահա դրանք են արդարութեան գանձերը: 7 Ահաւասիկ, նրանք սարսափում են ձեր ահից. ումից որ վախենում էիք, իրենք են ձեզնից վախենում. պատգամաւորներ են ուղարկում, որպէսզի դառնօրէն լաց լինելով՝ խաղաղութիւն աղերսեն: 8 Նրանց ճանապարհները կտրուեցին, հեթանոսների ահը հանդարտուեց, եւ վերացաւ նրանց հետ կնքուած ուխտը. այլեւս նրանց մարդ մի՛ համարէք:
Հռոմեացիներ 8.18-27
18 Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ. 19 որովհետեւ ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծոյ որդիների յայտնութեանը, 20 քանի որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց)՝ 21 այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծոյ որդիների փառքի ազատութեանը հասնելու համար. 22 քանզի գիտենք, որ բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ. 23 եւ ոչ միայն այս, այլեւ մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք եւս մեր մէջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրութեանը՝ մեր մարմնի փրկութեանը. 24 որովհետեւ յոյսով փրկուեցինք. իսկ տեսանելի յոյսը յոյս չէ, քանի որ մի բան, որ մէկը տեսնում է, էլ ինչո՞ւ յուսայ. 25 իսկ եթէ յոյս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ուրեմն համբերութեամբ սպասում ենք դրան: 26 Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով: 27 Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտէ, թէ ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծոյ կամքի է բարեխօսում սրբերի համար:
Ավ. ըստ Ղուկասի 21.12-19
12 Բայց այս բոլորից առաջ ձեզ վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: 13 Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: 14 Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15 որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակուել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: 16 Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: 17 Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: 18 Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: 19 Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները: