10. Օրինակ առէք, եղբա՛րք, չարչարանաց և երկայնմտութեան զմարգարէսն, որք խօսեցան յանուն Տեառն:
11. Ահաւասիկ երանե՛մք համբերողաց, զհամբերութիւնն Յովբայ լուարո՛ւք, և զկատարումն Տեառն տեսէ՛ք, զի բազմագութ է Տէր և ողորմած:
Եղբայրնե՛ր, չարչարանքների և համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով: Ահա՛ երանի ենք տալիս համբերողներին: Լսել եք Հոբի համբերության մասին և տեսել, ինչ որ Տերը նրան արեց վերջում, քանի որ Տերը բազմագութ է և ողորմած:
Մեկնություն
Երբ ամաչեցրեց և պատկառեցրեց հարուստներին ու ցույց տվեց, որ նրանց հարստությունը այլ բան չէ, քան սարդոստայն և երազ: Եվ հաստատեց օրինակներով, թե իրենց գանձերն իրենց համար հուր է և հավիտենական տանջանք, որովհետև աղքատներին զրկելով, տնանկների արտասուքներով և արդարների արյունով են հավաքել՝ զրկելով և սպանելով:
Եվ մեծ հույս ու մխիթարություն դրեց զրկվողների առաջ, և քաջալերեց Դատավորի գալստյամբ՝ [հորդորելով] համբերող լինել և չարիք չգործել նեղությունների մեջ: Եվ օրինակ բերեց նրանց համար, որովհետև հարկ էր հորդորել նրանց թեև ոչ մեծ, սակայն շատ նման օրինակով: Եվ քանի որ ովքեր նեղությունների ու տառապանքների մեջ էին, եբրայեցիներ էին և հալածանքների էին ենթարկվում իրենց ազգակիցների կողմից, և հանուն Քրիստոսի հավատքի էին վշտերի մեջ ու տանջվում էին աղքատությամբ, այդ պատճառով էլ երկմտում էին, թե ովքեր Տիրոջը սպանեցին և մարգարեներին կոտորեցին, հանգիստ են վայելում, իսկ ովքեր Տիրոջը հավատացին այսպիսի չարչարանքների են ենթարկվում՝ օտարացած տնից, հայրենիքից, ժառանգությունից, արյունակիցներից: Սրա մասին նաև Պողոսն է հայտնապես գրում. «Դուք էլ ձեր ազգակիցների կողմից նույն չարչարանքներով չարչարվեցիք, ինչպես որ նրանք՝ հրեաներից, որոնք և սպանեցին Տեր Հիսուսին և մարգարեներին ու հալածեցին մեզ և Աստծու աչքից ելան» (Ա Թեսաղ. 2:14-15):
Նույնպես նաև սա՝ ցանկանալով ամրապնդել հուսահատվածներին, մարգարեներից է օրինակ բերում՝ ասելով. եղբայրնե՛ր, չարչարանքների և համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով: Կարծում եմ, որ Հոգով իմանալով նրանց մտքի ցանկությունը, այս օրինակն է գրում, քանզի նրանք ցանկանում էին մեծագույն համբերության և անտանելի չարչարանքների օրինակը մարգարեներից վերցնել: Հետևաբար նրանց առջև է դնում այդ օրինակը, և դրանով ավելի է քաջալերում նրանց և վառում արդարության զենքերը՝ ինչպես նախամարտիկ զինվորների: Եթե երկմտեք, ասում է, երևելի օրինակներից և ձեր առաջ եղած օրինակը փոքր համարեք, ապա մարգարեներից օրինակ վերցրեք, թե որքան չարչարվեցին և տանջվեցին, և ոչ թե օտարներից, այլ ընտանիքի և ազգականների կողմից: Եվ ոչ թե իրենց անիրավության համար, այլ՝ աստվածպաշտության և Տիրոջ անունով խոսելու համար, և ոչ միայն լոկ չարչարվեցին ու տառապեցին, այլ նույնիսկ մեռան մեծ վկայության համար: Եսայուն սղոցեցին, Երեմիային քարկոծեցին, և մյուս բոլոր մարգարեներին հալածեցին և կոտորեցին, սակայն նրանք տեղի չտվեցին և չհրաժարվեցին, այլ համբերեցին չարչարանքներին, և Աստծուն աղոթում էին նրանց համար, սգում և դառնապես լալիս նրանց՝ Աստծուց հեռանալու համար, և երկարաձիգ ողբեր էին ստեղծում: Միևնույն ժամանակ Եսային դառնացած սրտով ասում էր. «Թույլ տվեք ինձ դառնորեն լաց լինեմ, մի՛ աշխատեք ինձ մխիթարել ժողովրդի դստեր կործանման առիթով» (Ես. 22:4): Իսկ Երեմիան առանձնացում էր խնդրում և արտասուքի աղբյուրներ հայցում, երկարաձիգ ողբեր էր հորինում՝ առանձնության մեջ նստել և գիշեր-ցերեկ լաց լինել ժողովրդի գերության, քաղաքի ավերման և տաճարի կործանման համար:
Մեկ այլ մարգարե ողբում է իր անձի համար, քանզի երկյուղածները վերացան երկրի երեսից: Արդ, ասում է, սրանք այսքան համբերությամբ էին կրում մեծ վշտերն ու նեղություններն այն դեպքում, երբ օրինակին ու ստվերին էին հաղորդ, այլ ոչ թե ճշմարտությանը: Իսկ դուք, ասում է, որքա՞ն պետք է համբերատար լինեք, երբ օրենքի հավաստիքն ունեք, և հասնելով ճշմարտությանը՝ վայելեցիք այն, որ հրաման ստացաք նույնիսկ թշնամիներին սիրել, և ատողների հանդեպ բարիք գործել, և աղոթել նրանց համար, ովքեր խոշտանգում ու տանջում են ձեզ:
Ասում է. եղբայրնե՛ր, չարչարանքների և համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով: Ապա ինչո՞ւ եք, ասում է, անմտանում, և ամբարիշտների համար Աստծուն աղաղակում՝ որպեսզի արթնացնեք նրա վրեժխնդրությունն ամբարիշտների հանդեպ, կարծես թե նրանք անիրավ են և հանգստի մեջ են, իսկ մենք նրանց նման չենք, բայց չարչարանքի մեջ ենք: Ուստի, ահա մարգարեները նույնպես արդար էին և Տիրոջ անունով էին խոսում, բայց անիրավների կողմից չարչարվում էին: Եվ ի՞նչ է նշանակում. որոնք խոսեցին Տիրոջ անունով: Կարծում եմ նկատի ունի Քրիստոսի գալստյան լուրը մարգարեներից լսելը, ինչպես նաև մարդեղության, չարչարանքների և մյուս այլ տնօրինությունների, քանզի գրեթե ամբողջովին ամեն ինչի մասին գրեցին:
Արդ, եթե նրանք այդքան հեռավոր ժամանակներում համբերությամբ սպասում էին ճշմարտությանը, ապա մենք որքան պարտավոր ենք համբերություն ցուցաբերել, որ մեր աչքերով տեսանք բոլորի համար պատրաստված փրկությունը, և ականջներով լսեցինք կենարար պատվիրանների մասին և գործնականում վայելեցինք նրա պարգևները:
Ահա՛, ասում է, երանի ենք տալիս համբերողներին: Հերթով ցանկանում է ամեն տեսակի անմտություն հեռու վանել նրանցից և համբերություն սերմանել նրանց սրտերում. առաջինը՝ Քրիստոսի գալստյամբ, երկրորդ՝ մշակների և երկրի պատվական պտղի օրինակով, երրորդ՝ մարգարեների, չորրորդ՝ մարդկային սովորությունների, որոնք խոսում են համբերության մասին: Հետևաբար այն, ինչը մշտապես իրենց լեզվին է, օրինակ է բերում՝ ասելով. չէ որ, ահա երանի ենք տալիս համբերողներին: Այսինքն՝ երբ խոսում ենք նրանց մասին, կամ Սուրբ Գրքից լսում նրանց համբերության գործի մասին օրինակը, ապա մեծապես երանի ենք տալիս նրանց, քանզի հանուն Աստծու են ճգնում և համբերում:
Ապա, ցանկանալով համոզիչ դարձնել խոսքը լսողների համար, հինգերորդ և վեցերորդ օրինակն է իրենց առջև դնում, որ բոլոր օրինակներից առավել հարգարժան են, քանզի ոչ միայն երանի ստացան համբերության համար, այլ՝ երանելի մակդիրին արժանացան:
Լսել եք, ասում է, Հոբի համբերության մասին և տեսել, ինչ որ Տերը նրան արեց վերջում: Հոբի բոլոր փորձությունները, հիվանդությունը, վշտերը, չարչարանքները և համբերությունը օրինակն էին մեծագույն խորհրդի: Քանզի նրա տառապանքների մեջ կային այնպիսիները, որ Ադամի վշտերն էին խորհրդանշում, օրինակ՝ միաժամանակ՝ միևնույն վայրկյանին ամեն տեսակի բարիքների կորուստը և թագավորական աթոռից աղբի վրա նստելը և թարախակալված, գարշահոտ ու որդնած մարմին ունենալն Ադամի և մեր համընդհանուր բնության վշտերն էին խորհրդանշում: Նաև այն, որ արդար էր և անարատ, և մեղքի պատճառով չէին վրա հասած հարվածներն ու տանջանքները, այլ՝ փորձության և բանսարկուին ամոթանք տալու համար, որ ամեն տեսակի տանջանքներով չարչարեց նրան և ամեն կողմից տկարացրեց: Նաև այն մեծագույն խորհրդի օրինակն էր, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ճշմարտությամբ կատարելու էր: Ուստի արդար և անարատ մարդ ասելով՝ նրանից հեռու է վանում ամեն տեսակի չարիք, և Աստծու օրինակը Հոբի միջոցով ցույց տրվեց ու ճշմարտությամբ կատարվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Քանզի մարդկանցից ո՞վ է արդար և սուրբ, ըստ այս արդարի վկայության, եթե նույնիսկ մեկ օր լինի նրա աշխարհի վրա ապրելու ժամանակը: Եվ կամ ո՞վ կարող է պարծենալ մաքուր սիրտ ունենալու համար և կամ ո՞վ կարող է համարձակվել ասել՝ ես ազատ եմ մեղքից, բացի Հիսուսից՝ ճշմարիտ մարդուց, և դա պարծանքով ասաց. «Ձեզանից ո՞վ կհանդիմանի ինձ մեղքի համար» (Հովհ. 8:46), և սա ըստ մարգարեի կանխասացության. «Նա անօրինություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում» (Ես. 53:9):
Տեսնո՞ւմ ես իրական արդարին, նա, ում մեջ արդարությունն է, և ճշմարտությամբ է պատում իր շուրջբոլորը, նա, ով ձրիաբար արդարացրեց մարդկային բնությունը, Հոբի արդարությունը նրան է նայել տալիս մեզ: Իսկ նրա՝ առանց մեղքի տառապանքները, մեր Տիրոջ անպարտ չարչարանքներն էին գուշակում, քանի որ մարդը երբեք անպարտ չի չարչարվում, որովհետև մարդ է: Եվ նույնիսկ եթե արդարության գագաթին հասած լինի, միևնույնն է, Ադամի հանցանքներն իր մեջ կան և ընդհանրական բնության անեծքի դատակնիքն իր վրա է կրում, և այդ պատճառով էլ արժանի է վշտերի. թե՛ այստեղ և թե՛ գալիքում:
Իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոս մեր մեղքերի համար սպանվեց, ըստ Եսայու մարգարեության. «Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրինությունների համար դատապարտվեց… և նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Ես. 53:5): Տեսնո՞ւմ ես Քրիստոսի չարչարանքների իրական պատճառը, որով ամոթահար արեց բանսարկուին և դատապարտեց նրան, քանզի նրա զենքով հարվածեց նրան և վիրավորեց, մերկացրեց նրա իշխանությունը և պետությունը: Արդ, այս ամենին նայելով՝ գրեց. Լսե՛լ եք Հոբի համբերության մասին հեռվից, և տեսել, ինչ որ Տերը նրան արեց վերջում, և վկաների կարիք չեք զգում ասվածը հավաստիացնելու համար:
Արդ, այս երկու օրինակներն էլ պատկառանքի են արժանի: Եթե Հոբի մասին եք ուզում իմանալ, որին ականջալուր եղաք, չափազանց շատ էր և սարսափելի, և մարդկային մտքի համար աներևակայելի և անտանելի, քանզի միանգամից ամեն ինչից դատարկ և ձեռնունայն մնաց. թագավորությունից, ունեցվածքից, որդիներից, ինչպես նաև մարմնից էլ զրկվեց, սակայն Աստծու նախախնամության դեմ անարժան ոչինչ չասաց, այլ՝ գովության արժանի բաներ խոսեց և գոհություն մատուցեց՝ ասելով. «Տերը տվեց, Տերն էլ ետ առավ… թող օրհնեալ լինի Տիրոջ անունը» (Հոբ 1:22), նաև՝ «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք» (Հոբ 2:10):
Իսկ եթե մտովի պատկերացնենք Քրիստոսին, նա, ով Տերն է և Աստվածը, և իր կամքով, այլ ոչ թե ակամա այդքան նախատիքներ և տանջանքներ հանձն առավ, որ աչքով տեսաք և ականջով լսեցիք: Բայց նա համբերում էր ինչպես մի տկար, և բոլորովին չէր ցանկանում չարին չարով հատուցել, այլ նույնիսկ աղոթում էր այդպիսի հանդուգնների և մոլեգնածների համար:
Տեսնո՞ւմ ես Տիրոջ համբերության սխրանքը: Արդ, նրանցից, ասում է, պետք է պատկառեք և համբերեք և համբերատար լինեք, քանզի թեև չարչարաքների և զրկանքների մեջ եք, սակայն նրանց չափ երբեք չեք տառապի:
Քանի որ Տերը բազմագութ է և ողորմած: Այս ասելով՝ առավել ևս մխիթարում է նրանց՝ չվախենալու չարչարանքներից, որովհետև այդպիսի ազնվագութ Տեր ունենք, քանզի որով ինքը չարչարվեց և փորձվեց, կարող է նաև փորձության մեջ գտնվողներիս օգնության հասնել: Նաև Պողոսն է ասում. «Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել, այլ՝ փորձության հետ փորձության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. 10:13): Ուստի և ասաց. քանի որ Տերը բազմագութ է և ողորմած:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը