Խադն այն բարի, խնամատար երկրի, կարգեալ Ներսէսի,
Զոր հովուէր բարի, զազգս հայ զարմի, զորդիս Արամի,
Անաչառ դատի եւ յանդիմանի, որդին Տիրանի եւ Խադ քարկոծի,
ՅԱրշակայ քարշի, սուրբն Ապահունի, որ էր յոյժ բարի, եւ զարմանալի:
Քաղցր էր աղքատի, այլ Տէր Ներսէսի, կաթուղիկոսի, մեծ պատրիարգի
Անունն գովի, գործօք սքանչելի եւ հիանալի,
Նման Գրիգորի, մեր Լուսաւորչի, նախնոյն գովելի,
Բարեխօսութեամբ սրբոցս ըղձալի զմերս ընկալցիս պատարագ բանի, աղաչեմք:
(Գանձարան)
Այս երանելի Խադը վախճանուել է սուրբ Ներսէս Մեծից առաջ, թէպէտ միասին է կատարւում նրանց յիշատակը՝ որպէս իր վարդապետի հաւատարիմ գործակցի: Նա Կարին գաւառից էր, Մարագ գիւղից եւ Ներսէս եպիսկոպոսապետի ձեռնասունն էր: Բոլոր գործերում հաւատարիմ գտնուեց իր պաշտօնի մէջ, առաւելապէս մեծ սէր ցոյց տուեց դէպի Աստուծոյ Եկեղեցին: Ամէն բանում նման էր Ներսէս Մեծին, մանաւանդ աղքատների խնամատարութեան գործում, որի համար բոլոր շտեմարաններն աղբիւրի պէս առատացան սքանչելի կերպով, ինչպէս Եղիայի եւ Եղիսէի ժամանակ:
Երբ Ներսէս եպիսկոպոսապետը պատրաստւում էր մեկնել Յունաց աշխարհ, նա այս Խադին ձեռնադրեց որպէս Բագրաւանդի եւ Արշարունեաց եպիսկոպոս, նրան նշանակեց իրեն փոխանորդ ու տեղապահ, յանձնեց աղքատների հոգաբարձութեան գործը, որտեղ նա առաւելապէս երեւաց որպէս բարեխնամ տեսուչ ու ինքը մեկնեց: Հայախօս բոլոր գաւառները, ամբողջ քահանայական ուխտը ժողովրդի բազմութեան հետ ընկղմուած էին սգի ու տրտմութեան մէջ, որովհետեւ իրենցից հեռացել էր գլխաւոր հօտապէտը, իսկ սուրբ Խադ եպիսկոպոսը ողջ երկրին պատուիրում էր աղօթել պահեցողութեամբ եւ խնդրել սուրբ Ներսէսի վերադարձը: Խադն ամէն բանում առաջնորդում էր նրանց, ոչ պակաս, քան հովուապետ Ներսէսը, մինչեւ որ Տէրը կատարեց նրանց խնդրանքները, եւ սուրբ Ներսէսը վերադարձաւ իր տեղը:
Այդ շրջանում հայոց Արշակ թագաւորը չէր քայլում աստուածահաճոյ ճանապարհով: Երիտասարդ տարիքում որչափ աստուածային իմաստութիւն ունէր, այդչափ էլ, մեծանալով լիութեան մէջ, լկտութեան ու խենեշութեան մէջ ընկաւ, եւ թէպէտ սուրբ Խադ հովիւը յաճախակի յանդիմանում էր, սակայն նա ուշադրութիւն չէր դարձնում:
Այդ ժամանակ թագաւորն իր համար Հովիտ կոչուած Կոգ գաւառում մի դաստակերտ շինեց եւ իր իշխանութեան բոլոր գաւառներին հրաման ուղարկեց. հրամայեց որ ամէն տեղ, բոլոր գաւառներում, բոլոր կողմերում մունետիկները կանչեն հրապարակներում, եւ յայտնեն թագաւորական հրամանը, որ «եթէ մէկը մէկին պարտք ունի, եթէ մէկն ուրիշին մի բանով վնասել է, թող բոլորը գան այդ դաստակերտը, եւ ապահով կը լինեն: Եթէ մէկը ուրիշի արիւնն է թափել, վնասել է մէկին, տարել է ուրիշի կնոջը կամ պարտապան է, կամ մէկի գոյքը գրաւել է կամ որեւէ մէկից երկիւղ ունի, թող գայ այդտեղ. նրա դէմ դատ ու պահանջ չի լինի: Եւ եթէ մէկը մէկին մի բան է պարտք, եւ պարտատէրն այդ տեղը գայ՝ պահանջելու, նրան առանց դատի ու արդարադատութեան բռնեն ու վռնդեն»:
Եւ սա բաւական եղաւ, որ այդ տեղը, որ Արշակաւան կոչուեց, յանկարծ բազմամարդ դառնայ եւ լինի մեղաւոր մարդկանց ժողովատեղի: Այստեղ խուժեցին բոլոր եղեռնագործները, գողերը, աւազակները, արիւնապարտները, մարդասպանները, ստախօսները, խաբեբաները, գրպանահատները, զրկողները, զրպարտողները, կողոպտողները, յափշտակողները, ժլատները եւ դարձեալ ազատաբար ոճիրներ գործելու դռներ բացուեցին: Շատ յանցանքներ էին գործում եւ այնտեղ ապաստան գտնում: Խռովուեց երկրի հանդարտութիւնը, վերացան ընտանեկան խաղաղութիւնը եւ կեանքի ապահովութիւնը: Թէպէտ ամէն կողմից աղաղակ բարձրացաւ, սակայն դատ չկար եւ ոչ ոքի իրաւունքն արքունիքից չէր պաշտպանւում: Նախարարները բողոքեցին թագաւորին եւ առաջարկեցին յետ առնել հրամանը, սակայն Արշակը, շլացած իր դաստակերտի՝ Արշակաւանի մեծութեամբ եւ բազմամարդ լինելուց, չլսեց նրանց: Այդ ամէնի համար նրան յանդիմանում էր նաեւ Խադ եպիսկոպոսը, ընդդիմանում էր յատկապէս երբ նրան ստիպում էին Արշակաւանի եկեղեցում սեղան կանգնեցնել եւ հոգեւոր պաշտօն կատարել: «Ես, — ասում էր, — տեղապահ եմ եւ իրաւունք չունեմ որեւէ բան անել առանց իմ հօր, որն ինձ տեղապահ նշանակեց»:
Ապա Արշակ թագաւորը մտածեց լռեցնել սուրբ Խադին եպիսկոպոսին եւ որոշեց խաբել նրան խորամանկութեամբ՝ պատիւների ու ստացուածքների միջոցով. նրան տուեց շատ ոսկի ու արծաթ, արքունական ախոռից շատ նժոյգներ՝ արքունի զարդարանքներով: Սրանցով կամեցաւ գրաւել Խադին, սակայն նա հէնց թագաւորի առաջ աղքատներին էր բաժանում այն ստացուածքը, որ ստանում էր նրանից, բայց եւ միաժամանակ չէր դադարում յանդիմանել այն աստիճան, որ թագաւորը հրամայեց հալածել նրան բանակից: Թերեւս Արշակին համարձակութիւն տուող պարագան այն էր, որ Խադը կրում էր շքեղ հանդերձներ եւ ձիասէր էր, որը շատերին եւս տարօրինակ էր թւում, երբ համեմատում էին սուրբ Ներսէսի հետ: Իսկ երանելին այդ բամբասանքները խրատ համարեց իր անձի համար, հրաժարուեց այդ բաներից ու, մազեղէն հանդերձ հագնելով, մինչեւ իր կեանքի վերջը շրջեց էշով:
Եւ նա գնաց շրջելու երկրով մէկ. բարեկարգում էր, խրատում եւ ուսուցանում, խնամում էր աղքատներին, ինչպէս իրեն պատուիրել էր սուրբ Ներսէսը: Նրա ձեռքով շատ նշաններ, հրաշքներ ու բժշկութիւններ էին կատարւում: Աղքատներին օգնելիս, երբ դատարկւում էին բոլոր կճուճներն ու ամանները, միւս օրը գնում տեսնում էր, որ դրանք դարձեալ լի են: Աստուծոյ հրամանով այդ եւս բաժանում էր աղքատներին, եւ դրանք շարունակ լցւում էին:
Այսպիսի մեծ սքանչելիքներ էին կատարւում այս մարդու ձեռքով: Նա մի զարմանալի, անուանի եւ հռչակուած մէկն եղաւ ողջ Հայոց երկրում: Ինչպէս իր սուրբ Ներսէս վարդապետը՝ շրջում էր եւ խրատում, ուսուցանում էր Հայոց բոլոր եկեղեցիներում, որտեղ նրանք կային: Մի անգամ երկու գողեր էին եկել, գողացել ու տարել էին սուրբ Խադ եպիսկոպոսի եկեղեցու եզները: Միւս օրը այս գողերը կուրացան, եւ նրանք խարխափելով բոլոր եզները բերեցին սուրբ Խադի դուռը: Իսկ ինքը՝ սուրբ Խադը, դուրս եկաւ, տեսաւ նրանց եւ գոհացաւ Աստծուց, որ առաջնորդում եւ խնամում է Իրեն հաւատացողներին: Այնուհետեւ սուրբ Խադ եպիսկոպոսն աղօթեց, բժշկեց գողերի աչքերը, հրամայեց նրանց լողացնել ու կերակրել: Ապա օրհնեց նրանց, տուեց այն եզները, որ նրանք գողացել էին եւ ճանապարհեց: Այսպէս իր բոլոր գործերում նա մեծ համբերութիւն էր ցուցաբերում եւ շատ սքանչելիքներ գործում:
Երբ Արշակ թագաւորը կոտորեց Կամսարականների ցեղը, հրամայեց քարշ տալ նրանց դիերը եւ նետել՝ առանց թաղելու, որպէսզի կերակուր դառնան շներին: Սայլապանները, տեսնելով մարդկային ոսկորները, որ թափթփուած էին փոսի մօտերքում եւ գազանների կեր էին դարձել, հարցուփորձով իմացան, որ դրանք իրենց տէրերի ոսկորներն են, ուստի հաւաքեցին սայլերում, ծածկեցին եղէգով եւ տարան ու թաղեցին նոյն հորերում: Իմանալով այս մասին՝ Արշակը հրամայում է նոյն հորերի տեղում սայլապաններին կախել փայտից:
Երանելի Խադը, իմանալով թագաւորի այս անհանդուրժելի արարքի մասին, շտապեց նրա մօտ եւ յանդիմանական խօսքերով սաստիկ պարսաւեց նրան, իսկ Արշակն էլ հրամայեց քարշ տալ ու քարկոծել նրան: Սակայն Ապահունեաց ցեղից քաջ ու զօրեղ այրեր, սրերը հանելով, կիսամեռ արին քարշ տուողներին եւ Խադին նրանց ձեռքից ազատելով՝ իրեն գաւառը տարան, որտեղ էլ կարճ ժամանակ անց երանելին Աստուծոյ ձեռքն աւանդեց իր հոգին:
Ներսէս Մեծի առաջին գործակից ու հաւատարիմ հետեւորդ Խադ եպիսկոպոսի յիշատակը տօնելի է սուրբ հայրապետի հետ՝ Կաթողիկէ սուրբ Էջմիածնի տօնին յաջորդող շաբաթ օրը: