Սուրբ Ներսես Մեծ Հայրապետ
Հուսիկ հայրապետի թոռն է՝ երկվորյակ եղբայրներից Աթանագինեսի զավակն է: Այս երկվորյակ եղբայրները այդպես էլ չցանկացան հոգևոր ասպարեզ մտնել և իրենց անառակությանը տալով՝ վերջ ի վերջո կայծակահար լինելով մահացան: Ներսեսը Լուսավորչի սերնդի միակ ներկայացուցիչն է, որը Հայաստանում է ծնվել, մնացած բոլորը ծնվել են Կեսարիայում, իսկ նա միայն իր կրթությունն է այնտեղ ստացել: Վաղ հասակից ամուսնացել էր Մամիկոնյան տոհմից ազնվազարմ Սանդուխտ օրիորդի հետ, որն իրեն մեկ զավակ պարգևեց, որը պիտի լիներ ապագա Սահակ Հայրապետը: Իրենց միակ զավակի ծվելուց հետո մայրը երկար չապրեց՝ նա մահացավ Կեսարիայում, և Ներսեսն ու իր հայրը նրան բերեցին և ամփոփեցին Թիլ կոչվող գավառում, որը Լուսավորչի կալվածքն էր և որտեղ ամփոփված էր նաև Արիստակես Հայրապետը: Ապա Ներսեսը շարունակում է իր ուսումնառությունը Կեսարիայում, որտեղ իրեն ընկերակցում էին Կապադովկյան Մեծ Հայրերը՝ Գրիգոր Նազիանզացին, Բարսեղ Կեսարացին և Գրիգոր Նյուսացին, որոնք համապատասխանաբար ծնված լինելով 328, 329, 330 թվականներին տարեկից էին նարան: Ուսումն ավարտելուց հետո վերադառնում է Հայաստան, որտեղ իր մորեղբոր՝ Արշակ Բ Թագավորի կողմից արքունիք է հրավիրվում և այնտեղ բարձր պաշտոնի անցնում:
Հուսիկին հաջորդած և Լուսավորչի տոհմակից չհանդիսացող Փառեն Կաթողիկոսի մահից հետո անհրաժեշտ էր նոր կաթողիկոսի ընտրություն կատարել և բոլորի փափագն էր, որպեսզի Լուսավորչի տնից որևէ մեկը լինի, ուստի բոլորի հայացքները ուղղվեցին Ներսեսին և հակառակ նրա կամքի՝ 353 թ.-ին, Արշակ թագավորի ազդու միջամտությամբ, երբ դեռ ընդամենը քսանհինգ տարեկան երիտասարդ էր, ընտրվեց Հայոց Կաթողիկոս: Փավստոս Բյուզանդը, որն ընդարձակորեն է խոսում Ներսեսի կյանքի և գործունեության մասին, նախ տալիս է Ներսեսի ֆիզիկական նկարագիրը, որը մենք մեջ ենք բերում.
«Խոշորամարմին անձնավորություն էր Ներսեսը, բարձրահասակ, թիկնեղ և վայելչագեղ, որի նման երկրորդը հնարավոր չէր գտնել երկրում: Որպես զինվորական՝ բոլորի համար նախանձելի էր նրա քաջությունը»:
Ապա տրվում է նրա բարոյական նկարագիրը, որը է՛լ ավելի գերազանց է.
«Աստծո երկյուղը ուներ, պահում էր Նրա ավանդած պատվիրանները, մարդասեր էր, սուրբ, զգաստ, իմաստուն և անաչառ: Իր բնույթով խաղաղասեր էր, խոնարհ, քաղցր և աղքատասեր: Կատարյալ էր Աստծո սիրո մեջ, ըստ Տիրոջ պատվիրանի՝ իր ընկերոջը իր անձի չափ սիրում էր… մանկությունից ի վեր պահում էր Աստծո պատվիրանները: Արդար էր, անարատ և ծառայասեր: Նախանձախնդիր էր Աստծո փառքի համար և աղոթքից չէր ձանձրանում: Եռում էր Սուրբ Հոգով, մի խոսքով ամեն ինչի մեջ կատարյալ էր: Շատ էր սիրում աղքատներին և տառապածներին և իր հագուստներից և կերակուրներից բաժին հանելով նրանց համար՝ հոգ էր տանում: Նեղության և տագնապի մեջ գտնվողների համար օգնական և վերակացու էր, զրկվածների իրավունքները ինքն էր պահում»:
Կաթողիկոսական ընտրության հավաքվածների մեջ արքայի կողքին էր կանգնած իր զինվորական փայլուն և փառավոր տարազով, գեղեցիկ պատմուճանով, «բարձրահասակ», ազնվականներին հատուկ «չքնաղ» երկար մազերով, արքայական «ակնակուռ, մարգարտազարդ» գոտիով, «պողպատե և ոսկեզարդ» սուրն էր ձեռքին: Ներկաները բարձրաձայն աղաղակեցին. «Թող Ներսեսը լինի մեր հովիվը»: Ներսեսն, ինքն իրեն մեղավոր և անարժան համարելով, ցանկացավ խուսափել, սակայն ոչ ոք լուրջ չընդունեց նրա պատճառաբանությունները: Այդ ժամանակ Ներսեսը լրջորեն ասաց.
«Դուք Աստծո օրենքները չեք պահում և պիղծ գործերի մեջ եք գտնվում: Ես չեմ կարող ձեզ համար հովիվ լինել, քանի որ չեմ կարող կողմնակալություն անել, կամ աչք փակել ձեր մեղքերի վրա, ոչ էլ կարող եմ համբերել ձեր չար գործերին: Հիմա դատարկ տեղը իմ հանդեպ սեր և համակրանք եք ցուցաբերում, վաղը ինձ թշնամի և ատելի պիտի համարեք, ուրեմն թողեք ինձ, Աստծո դատաստանը միշտ աչքերիս առջև ուենալով, իմ անհատական կյանքն ապրեմ»:
Այդ ժամանակ Արշակ թագավորը գրեթե բռնի և պարտադրող միջոցների դիմելով նախ նրա ձեռքից վերցրեց արքայական սուրը, որը պաշտոնի խորհրդանշանն էր, և հրամայեց նրա վրայից հանել արքունի զարդերը և պատմուճանը, հոգևորականի զգեստ հագցնել և կտրել գանգուրները, և նույն պահին էլ նրան սարկավագ ձեռնադրել տվեց: Ապա մեծահանդես շուքով և մեծամեծ նախարարների ընկերակցությամբ Ներսեսին Կեսարիա ուղարկեց՝ եպիսկոպոս ձեռնադրվելու և Հայոց Կաթողիկոս լինելու համար:
Կեսարիայից վերադառնալուն պես Ներսեսը բուռն եռանդով և մեծ թափով նվիրվեց ծառայությանը՝ սկսեց քարոզչական և ավետարանչական գործից.
«Սկսելով հովվության վերակացությունը, հոգևոր սնունդ տալով բոլորին՝ օգտակար խոսքերը անթերի մատակարարում էր և խոսքի քարոզչությունից բոլորը հավատացյալներ էին դառնում…: Բազմագութ հոր և գթած մոր նման չէր դադարում գիշեր ցերեկ խրատել և քարոզել…: Թերահավատներին ապաշխարությամբ հաստատում էր հավատքի մեջ, հավատացյալներին՝ մխիթարում, չարախոսներին՝ պապանձեցնում, ճշմարտության համար մինչև վերջ մարտնչում էր, արդարությանը հետամուտ եղողներին՝ քաջալերում և իր ուսուցումների անձրևով սնուցում, պարարտեցնում էր Հայոց աշխարհը: Նախ ինքն էր գործադրում Աստծո պատվիրանները, ապա բոլորին սովորեցնւմ էր դրանք…: Թադեական աթոռը նորից լցվեց իր հայրերին նմանվող որդիով»:
Ապա ձեռնամուխ եղավ բարեկարգչական աշխատանքներին:
Նախ իր գերդաստանի կալվածքը համարվող և հնուց ի վեր կարևոր կրոնական կենտրոն հանդիսացող Աշտիշատում Հայոց աշխարհի բոլոր եպիսկոպոսներով ժողով գումարեց: Որտեղ Ներսեսը բոլորի համար պարզաբանեց իրենց ապագա բարենորոգչական և շինարարական ծրագրերը: Օրինակ՝ աղքատանոցներ պիտի հաստատվեին երկրի բոլոր կողմերում, որպեսզի աղքատները ստիպված չլինեին մուրացկանություն անել, հիվանդանոցներ պիտի կառուցվեին կարոտյալ և թշվառ հիվանդների համար: Մանավանդ ընկերական շրջապատից վտարված բորոտների և այլ վարակակիր հիվանդություններ ունեցողների համար ուրկանոցներ կառուցել: Ճամփորդների համար կայարաններ հաստատել և այլն: Այս ամենն անելու համար բոլորի աջակցությունը պահանջեց և դրանք կանգուն պահելու համար տեղին համարեց եկամտաբեր կալվածքներ՝ գյուղեր և ագարակներ կցել դրանց:
Եկեղեցական կյանքի ավելի բարեկարգ և կանոնավոր լինելու համար իր ծրագրերն առաջարկեց: Օրինակ՝ կուսակրոնների համար եղբայրանոցներ կամ վանքեր հաստատելու անհրաժեշտության մասին, որպեսզի նրանք հեռու մնան աշխարհիկ կյանքից, մենակյացների համար՝ հյուղակների խմբեր, եպիսկոպոսների համար՝ հատուկ կենտրոններ, կամ առաջնորդարաններ:
Այս ժողովում, Ներսեսի թելադրանքով, բարեկարգչական կանոններ հաստատվեցին ամուսնությունների վերաբերյալ՝ արգելելով մերձ բարեկամների ամուսնությունը, մանավանդ խիստ կանոններ հաստատեց շնության, պոռնկության և ամեն տեսակ սեռական ախտերի տեմ, ինչպես նաև գողության հափշտակության և ամեն տեսակ զրկանքների համար: Արգելվեց հեթանոսաբար կատարվող բարբարոսությունները ննջեցյալների վրա կամ հուղարկավորության ժամանակ:
Կանոններ սահմանվեցին նաև ազնվականների համար, ըստ այդմ նրանք պետք է գութ և կարեկցություն ունենան իրենց ստորադրյալների նկատմամբ, մարդավայել վերաբերվեն և չափազանց տուրքերով չնեղեն նրանց:
Ներսեսը մեծ եռանդով նվիրվեց այս բարեկարգչական գործի իրագործմանը և տարածմանը ամբողջ երկրով մեկ: Այս ամբողջ բարեսիրական հաստատությունների վրա ընդհանուր հսկիչ կարգեց իր վստահությունը վայելող և իր ոգով տոգորված Խադ ավագ սարկավագին: Բարեսեր Հայրապետն իր հոգածությունը անխտիր տարածում էր բոլորի վրա՝ «մեծերի և մանուկների, մեծ հարգանք ունեցողների և անարգների, հարուստների և աղքատների, ազատների և շինականների»: Իրենից առաջ եղող հայրապետները հավատքի քարոզիչներ և տարածողներ են եղել, սակայն Ներսեսը, ինչպես տեսանք, այդ կողմը չանտեսելով, գործնական և հասարակական բարեկարգության վրա էր դրել շեշտը: Այն աստիճան էր նվիրվել բարեկարգությանը, որ իր պատմիչի բառերով «Հայաստան աշխարհում իր նման ոչ ոք չեղավ» (Բյուզանդ):
Ձեռնամուխ եղավ ուսման և կրթության բարեկարգությանը: Քանի որ դեռ հայկական դպրությունը գոյություն չուներ, ասորերեն և հունարեն լեզուներով դպրոցներ բացեց: Այս դպրոցների սաները Ս. Գիրքն էին կարդում և միաժամանակ թարգմանում հայերեն՝ ուղղակի ընթերցանության ժամանակ թարգմանելով: Այսպիսով եկեղեցում առաջացան «վերածնող» և «թագմանող» պաշտոները:
Այս դպրոցն ավարտած աշակերտներից էին իր որդին՝ Սահակը և վստահելի Մեսրոպը, որոնք հայ գրի գտնողները և դպրության նախահայրերը պիտի լինեին:
Ուրեմն Ներսեսի պաշտոնավարության սկզբնական շրջանին խաղաղություն և նորոգություն է եղել: Եկեղեցիները պայծառացան և ողջ երկրով ընդհանուր նոր հոգևոր կյանքի վերազարթոնք էր զգացվում: Սկզբնական շրջանում թագավորի հետ իր հարաբերությունները լավ էին, սակայն որոշ ժամանակ հետո Արշակը փոխում է իր ընթացքը և աններելի ոճիրներով և անիրավություններով իր կյանքը փչացնում և սկսում անտեսել հայրապետների հորդորները: Այս պատճառով Ներսեսը միառժամանակ դադարեց զբաղվել պալատական գործերով և քաղաքականությամբ՝ իրեն նվիրելով զուտ կրոնական գործերին: Այս ընթացքում պարսիկները Հայաստանի վրա իրենց արշավանքները սաստկացրին, Հայոց բանակը, Վասակ Մամիկոնյանը սկզբնական շրջանում սպարապետությամբ հաջողությամբ դիմադրում էր: Ի վերջո Պարսից Շապուհ թագավորը նենգությամբ, իբր թե հաշտություն կնքելու պատրվակով, իր մոտ է կանչում Արշակին, բանտարկում նրան և բանտում էլ նա ինքնասպան է լինում և իր փոխարեն թագավորում է որդին՝ Պապը: Սա էլ սկզբնական շրջնում հետևում էր Ներսեսի խրատներին և հորդորներին: Այս գործակցության արդյունքը եղավ Ձիրավի ճակատամարտում ընդդեմ պարսիկների տարած հայերի փայլուն հաղթանակը, երբ Ներսեսը մոտակա Նպատ լեռան վրա բազկատարած աղոթում էր հայոց բանակի հաղթանակի համար:
Երբ երկրում խաղաղություն հաստատվեց Պապը նվիրվեց զեխության և անառակ կյանքի: Ներսեսը իզուր խրատում էր նրան, մինչև իսկ «կշտամբանքներով հանդիմանում էր»: Երբ տեսավ, որ թագավորը չի ուղղվում, նրան արգելեց եկեղեցի մտնել, այս պատճառով Պապը թշնամացավ Ներսեսի հետ և ուղղակի կամ անուղղակի նրա մահվան պատճառ դարձավ: Ըստ սկզբնական աղբյուրների Պապը թունավորում է Ներսեսին: Սակայն Օրմանյան Պատրիարքին սա անհավանական է թվում. «այդ պատմության մեջ բազում անհամապատասխան պարագաներ» տեսնելով՝ ենթադրում է, որ Ներսեսն արդեն «սրտի և թոքերի» անբուժելի հիվանդություն ուներ, «ինչը կարող ենք տեսնել իր ոճի և գործերի ինտենսիվությունից» (Ազգապատում): Հետևաբար հուզումները, հոգնածությունը, հատկապես Պապի անզեղջ անառակությունները, սրտի վերահաս կաթվածի պատճառ եղան, որը որպես թունավորում համարվեց: Ներսեսը մահացավ 373 թվականին, երբ հազիվ 45 տարեկան էր, նա թաղվեց Թիլ ավանում, որտեղ բացի Արիստակես Հայարպետից, թաղված էր նաև իր վաղամեռիկ կողակիցը՝ Սանդուխտը: Այս երկու հայրապետների գերեզմաններն իր մեջ պարունակող Երզնկայի վանքը հետագայում անվանվեց «Ջուխտակ Հայրապետներ»: Թիլ ավանի այս եկեղեցին 7-րդ դարում կործանվեց և մինչև 1275 թ.-ին, Պատվական անվամբ սարկավագին հայտնվելը, Ս. Ներսես Մեծի գերեզմանը անհայտ էր: Նշխարների մի մասը փոխադրվել է Երզնկայի եկեղեցի, մի մասն էլ, նույն շրջանում գտնվող Տիրաշեն եկեղեցում է, որը հետագայում անվանվեց Ս. Ներսեսի անունով:
Ներսեսի գործերն ու երախտիքները նրան, պատմության մեջ, իրավացիորեն արժանացրել են Մեծ կոչմանը: Իր գլխավոր արժանիքն էր եկեղեցական բարոյական և քաղաքական բարեկարգիչ լինելը և Լուսավորչից հետո երկրի կենցաղային կյանքը հաջորդ բարեկարգողը լինելը, որով էլ «Սրտերի Լուսավորիչ» լինելուն արժանացավ (Ազգապատում):
Ս. Ներսես Մեծի հիշատակը տոնում ենք Խադ Եպիսկոպոսի հետ Կաթողիկե Եկեղեցու տոնի հաջորդ շաբաթ օրը: Նրա մասին հիշատակվում է Կաթոլիկներ հանրագիտարանում և Օքսվորդյան և Սրբերի բառարաններում, որտեղ իր տոնի օրը նշանակված է նոյեմբերի 19-ը:
Մեր շարակնոցում Ներսեսը մի ամբողջական կանոն ունի, իր օրհնությամբ, հարցով և այլն, որը գրվել է Հովհաննես Երզնկացի վարդապետի կողմից: Այստեղ մենք ներկայացնում ենք «Տեր (հ)երկնից»-ի միջին տունը.
Այսօր վերստին նորոգվեց քահանայական գավազանը:
Քանզի բանավոր հոտին մի քաջ հովիվ շնորհվեց՝
Լուսավորչի արմատից բողբոջի նման ծլարձակեց Սուրբ Ներսեսը:
Նրա բարեխոսությամբ, Տեր, Հաստատիր Հայրապետական աթոռի իշխանությունը:
Խադ Եպիսկոպոս
Խադը Ներսես Մեծի գործակալը և ողջ կայնքի անբաժան գործակիցն է եղել, ինչպես որ Դանիել ասորին էր Ս. Գրիգոր լուսավորչի օրերին: Կարին գավառի Մարագա գյուղից էր, Ներսեսի ձեռքի տակ սնված և մեծացած՝ «իր մոտ էր սնել»: Սուր մտքով անձ էր, որը հավատքի մեջ առաջադեմ և իրեն վստահված գործերում հավատարիմ: Հաուկ հոգածություն ուներ Հայ Եկեղեցու և մանավանդ աղքատների հանդեպ, այդ իսկ պատճառով Ներսես Մեծը նրան հանձնարարեց Աղքաներին տեսչություն անելը:
Ներսեսը երբ հարկադրված պիտի հեռանար հայաստանից, նրան Բագրևանդ նահանգի և Արշարունյաց, կամ Կամսարական նախարարության եպիսկոպոս է ձեռնադրում և իր փոխանորդը դարձնում՝ պատմիչի բառերով. «Նրան իր փոխարեն տեղապահ թողեց»: Երբ ողջ երկիրը « սուգի և տխրության մեջ էր ընկղմված իր հովվի երկրից հեռու լինելու համար, Ս. Խադ եպիսկոպոսը առհասարակ հրահանգեց ողջ երիկրում պահք պահել և աղոթքներով և խնդրվածքներով դիմել Աստծուն Ներսեսի շուտափույթ վերադառնալու համար»: Ինչքան որ բացակայում էր Նրսեսը, նրա փոխարեն Խադն էր առաջնորդում Հայ ժողովրդին «ոչնչով չթերանալով հովվապետից՝ Ներսեսից»:
Արշակ թագավորը, չնայած նրան, որ իր «Մատաղ հասակում» առաջնորդվում էր Աստծո իմաստությամբ և օրենքներով, բայց երբ «ավագության հասակին հասավ» շեղվեց Աստծո շավիղներից և ինքն իրեն անառակության տվեց, այս իսկ պատճառով էլ Խադը շարունակ «կշտամբում և հանդիմանում էր թագավորին, իշխաններին և բոլոր մեծամեծներին» և բոլոր նրանց ովքեր կամակից էին Արշակի հետ և նրա բռնած չար ճանապարհն էին բռնել: Արշակը փորձեց կաշառելով սիրաշահել, որպեսզի նա մեղմացնի իր հանդիմանությունները, բայց Խադը նրա աչքի առջև բոլոր նվերները աղքատներին բաժանեց և «շարունակում էր հանդիմանել»: Ի վերջո թագավորը հրամայում է նրան «բնակավայրից», այսինքն արքունիքից, հալածել նրան:
Դրանից հետո Խադը սկսեց շրջել երկրի բոլոր կողմերով « և ինչպես իրեն հանձնարարել էր Ս. Ներսեսը բարեկարգում և խրատում, ուսուցանում և աղքատներին դարմանում էր…: Նրա ձեռքով հիվանդների վրա բազում նշաններ, հրաշքներ, զորություններ և բժշկություններ էին կատարվում»: Փավստոս պատմիչը հաստատում է, որ երբ ամեն ինչ օգտագործում և աղքատներին էր բաշխում, լինի դա կերակուր, կամ գինի, կամ որևէ ուտելիք և խմելիք, հաջորդ օրը տեսնում էր, որ այդ ամենը վեստին «Աստծո հրամանով, լցվել են իրենց կարացների մեջ»: Կենսագիր Պատմիչը ավելացնում է ասելով. «Այս մարդը հայեի մեջ զարմանալիորեն անվանի և սքանչելի է հայերի մեջ»: Իր վարդապետի՝ Ներսեսի պես, ամեն տեղ գնում և խրատում ու ուսուցանում էր:
Իր մասին մի միջադեպ է պատմվում, որը հիշեցնում է և ավելի քան 1500 տարով կանխում է Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» գրքում հիշատակված Միրիել եպիսկոպոսի մեծագործությունը: Մի օր գողերը գողանում են Խադ եպիսկոպոսի եկեղեցու եզները: Ապա գողերի աչքերը կուրանում ենև սրաք չհասկանալով եզները նորից հետ են քշում դեպի եկեղեցու կալվածքը; Եպիսկոպոսը աղոթում է և գողերի աչքերը բացվում են, ապա հրամայում է նրանց լողացնել և ճոխ սեղան փռելով նրանց առջև զվարթեցնում է նրանց: Ապա իր օրհնությունը և եզները նրանց տալով խաղաղությամբ արձակում է նրանց: Այս, բնականաբար, գողերի ապաշխարհության և դարձի պատճառ է դառնում:
Խադը ամուսնացած էր և երկու աղջիկներ ուներ, սրանցից մեկին նության է տալիս Աստիկ անունով մեկին, որը իր մահվանից հետո որպես Արշարունյաց եպիսկոպոս հաջորդում է իրեն:
Ինչպես տեսանք Ներսեսը իր բարեսիրական հաստատությունների վերակացությանը Խադին՝ «իր սարկավագին», էր վստահել: Խորենացին ավելացնում է՝ «Ամեն ինչով մեծ Ներսեսին էր նման», իսկ Փ Բյուզանդը նրան Ներսեսին «աթոռակից» է կոչել:
Խադը մի թերություն ուներ՝ «պճնասեր և ձիասեր էր»(Խորենացի) և հետևաբար այս պարագան միշտ երեսով էին տալիս նրանք, ովքեր իր կողմից հանդիմանվում էին: Այս պատճառով Խադը հրաժարվեց իր պերճաշուք զգեցներից, խարազանազգեց հագավ և իր ամբողջ կյանքում ավանակով էր շրջում:
Խադը Արշակին, իր մարդասպանությունների համար խստորեն հանդիմանեց, որի համար Արշակը հրամայեց քաշ տալ նրան և քարկոծել, այդ ժամանակ Խադի աղջկա տեգրները. «կորովի ու քաջ մեծ Ապահունյաց նախարարության տոհմից» հարձակվեցին քաշ տվողների վրա, նրանց «կիսամեռ» անելով նրաց ձեռքից ազատեցին Խադին: Հյատնի չէ, թե դրանից հետո Խադը որքան է ապրել, բայց ենթադրվում է, որ Ներսեսից վաղ է վախճանվել:
Օրմանյանը հետևյալ կերպ է արտահայտվում նրա մասին. «Խադին վստահված պաշտոնի ընդարձակությունը և նրա հանդեպ Ներսեսի ունեցած վստահությունը Խադի կատարյալ գովասանքն են հանդիսանում: Թե՛ բարեգործական աշխատասիրությամբ, թե՛ վարչական հանճարով պատմությունը նրան ներկայացնում է իբրև երկրորդ Ներսես»:
Խադը ինչպես որ երկրի վրա կյանքով և գործով անբաժան էր Ներսեսից, այդպես էլ տոնացույցում անբաժան մնաց. Ինչպես վերը նշեցին նրա հիշատակը տոնվում է Ս. Ներսեսի հետ Կաթողիկէ Ս. Եկեղեցու տոնին հաջորդող շաբաթ օրը:
«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997