Որ ի ձեռն երանելի հայրապետացն՝
Բարձեր զխաւար կռապաշտութեան ազգի մարդկան.
Զքեզ բարեբանեմք Աստուած հարցն մերոց:
Անմարմինք ի մարմնի ցուցան գեր ի վերոյ սրոյ եւ հրոյ տանջանաց.
Զպատուական մահս իւրեանց ընծայեցին քեզ Քրիստոս՝ բանաւոր զենմունք:
Այսօր եւ մանկունք սուրբ եկեղեցւոյ՝ ընդ սերովբէսն եւ ընդ քերովբէսն
Երգաբանեն բերկրալի ձայնիւ. զՔեզ բարեբանեմք Աստուած հարցն մերոց:
(Շարակնոց)
Սուրբ Բաբելաս հայրապետը ասորիների Անտիոք քաղաքի Աթոռի պատրիարքն էր եւ ապրել է կռապաշտ թագաւորների ժամանակաշրջանում, ոմանք ասում են, թէ՝ Փիլիպպոս կայսեր, ոմանք էլ, թէ ՝ նրա յաջորդի՝ Դեկոսի օրօք: Սակայն ըստ բոլոր վկայաբանների՝ նրա նահատակութիւնը եղել է Նոմերիանոս կայսեր օրօք:
Պատահեց, որ Նոմերիանոս ինքնակալը, գալով Անտիոք քաղաք, մտաւ իր աստուածների տաճար՝ զոհ մատուցելու պիղծ դեւերին: Ապա կամեցաւ մտնել Աստուծոյ տունը՝ քրիստոնեաների եկեղեցին՝ իբրեւ թէ նրանց Աստծուն պատուելու համար, սակայն ի սրտէ ցանկանում էր խափանել կամ անարգել սուրբ պաշտամունքը: Իսկ Քրիստոսի հօտի երիցս երանելի Բաբելաս քաջ հովիւը, երբ իրազեկ եղաւ թագաւորի չար կամքին, աղաղակեց եկեղեցու մէջ եւ ասաց հաւատացեալներին, որոնք շփոթուած կամենում էին ցրուել ու փախչել. «Հաստատուն եղէ՛ք, որդեակնե՛ր, եւ հաւատով աղօթէ՛ք, որովհետեւ ապականիչ չար գայլը կամենում է Աստուծոյ տուն մտնել: Եթէ Աստուած մեզ ձեռք չմեկնի, ապա բոլորս կորստեան կը մատնուենք, սակայն Տէրն Ինքը կ՚ամաչեցնի չարին՝ իր գործակիցներով հանդերձ»: Այդ լսելով՝ նրանք մնացին ներսում, իսկ սուրբ հայրապետը, դռան առջեւ նստած, պահպանում էր իր հօտը եւ Աստուծոյ տունը:
Ահա եկաւ Նոմերիանոսը եւ պատրաստուեց եկեղեցի մտնել, իսկ Աստուծոյ ծառայ Բաբելասն առաջ եկաւ եւ տիրաբար արգելեց նրան՝ ասելով. «Այստեղ չմտնե՛ս քո պիղծ եւ շաղախուած ձեռքերով»: Այսպէս ասաց իրաւամբ, որովհետեւ մինչ այդ ինքնակալը զոհ էր մատուցել պիղծ դեւերին, սակայն Ոսկեբերանը նշում է այլ պատճառ, ըստ որի նա յանիրաւի սպանել էր իր մօտ պատանդ եղող արքայորդուն: Նոմերիանոսը մտածում էր բռնութեամբ ներս մտնել, սակայն զարմանալով Աստուծոյ մարդու համարձակութեան վրայ՝ ընկրկեց: Միաժամանակ ակնածեց նաեւ նրա բարի համբաւից, որովհետեւ նա գովելի էր քաղաքի հեթանոսների աչքին իր իմաստութեան եւ առաքինութեան համար: Նա մի պահ լռեց, ապա հրամայեց բռնել նրան, պահել մեծ զգուշութեամբ, իսկ ինքը զայրացած արքունիք վերադարձաւ:
Յաջորդ օրը նստեց ատեանում, հրամայեց նրան բերել բոլորի առաջ եւ բարկութեամբ ասաց նրան. «Ա՛յ թշուառական, ի՞նչ մտածեցիր եւ ի՞նչ ունէիր աչքիդ առջեւ, որ համարձակուեցիր արգելել ինձ: Չգիտե՞ս արդեօք, որ քեզ հետ ինքնակալ թագաւորն է խօսում: Աստուածները գիտեն, որ չես փախչի իմ ձեռքից, եւ կը տեսնենք, թէ քո Աստուածը ինչպէս կ՚օգնի քեզ»: Սուրբ Բաբելասը պատասխանեց. «Տառապած մարդ լինելով՝ Աստուած կամեցաւ ինձ դարձնել Իր ժողովրդի հովիւը: Այդ պատճառով տեսնելով, որ ապականիչ գայլը մտնում է Քրիստոսի հօտի մէջ, ջանացի չկորցնել որեւէ մէկին, որովհետեւ գիտեմ, որ իւրաքանչիւրի համար հաշիւ պիտի տամ Աստծուն»:
Նոմերիանոսն ասաց. «Եւ արդ, դու ինձ գայլ ես համարում եւ ոչ թէ թագաւո՞ր»: Բաբելասը պատասխանեց. «Դու թագաւոր ես Աստուծոյ յանդուրժողականութեան եւ մեր մեղքերի պատճառով, սակայն ես քեզ չեմ ընդունում որպէս ճշմարիտ թագաւոր, որովհետեւ դու չես ճանաչում Նրան, Ով այդ պատիւը տուել է քեզ: Եթէ ճանաչէիր, միայն Նրան կ՚երկրպագէիր եւ միայն Նրան կը պաշտէիր եւ ոչ թէ Նրա ստեղծած արարածներին: Արդ, այսպիսի գործերով դու բարկացնում ես քո Արարչին, որ քեզ անգոյութիւնից գոյութեան կոչեց եւ քեզ պատիւ տուեց, որ փառաւորես Իրեն: Քեզ ասում եմ բաներ, որ բոլորը գիտեն: Եթէ քո ծառաներից մէկը փախչէր քո մօտից ու գնար օտարազգի թագաւորի մօտ, չէի՞ր բարկանայ արդեօք: Այդպէս մտածիր նաեւ Աստուծոյ համար, Ով Արարիչն է երկնքի ու երկրի եւ վրէժխնդիր է լինում յանուն Իր փառքի նախանձախնդրութեան: Քանզի երբ Իսրայէլը դառնացրեց Աստծուն, Նա մարգարէի միջոցով ասաց նրանց. “Դուք Ինձ նախանձեցրիք չաստուածներով, եւ Ես կը նախանձեցնեմ ձեզ ազգով եւ անմիտ ազգով կը զայրացնեմ ձեզ“: Արդ, եթէ դու եւս բարկացնես Աստծուն, Նա իսկոյն կը զրկի քեզ քո թագաւորութիւնից եւ կը տայ ուրիշին, որին չես կամենայ, որպէսզի իմանաս, որ բարի է խոստովանել Աստծուն եւ ոչ թէ աստուածացնել ու երկրպագել Նրա արարածներին, որովհետեւ գրուած է՝ երկրպագի՛ր քո Տէր Աստծուն եւ նրայն Նրան պաշտի՛ր»: Եւ կատարուեց սուրբի խօսքը, որովհետեւ Նոմերիանոսի թագաւորութիւնը մէկ տարուց աւել չեղաւ, նա մեռաւ դաժան մահով: Սակայն մենք դառնանք մեր վկայաբանութեանը:
Նոմերիանոսն ասաց. «Դու զառանցում ես՝ թշնամանալով աստուածների եւ մեզ հետ: Արդ, քեզ չի՞ թւում, որ բոլոր արարածները մեծ Արամազդի ձեռքի գործն են: Մի՞թէ կարծում ես, թէ աստուածները եւս արարածներ են, մի՞թէ չես տեսնում նրանց ազդեցութիւնն ու առաւելութիւնը, որ ունեն: Բայց ես կամենում եմ իմանալ, ձեր Գիրքը ո՞ւմ է անմիտ կոչում, ձե՞զ, թէ այլոց: Եթէ ասես, ախորժելով կը լսեմ քեզ»: Բաբելասը պատասխանեց. «Աստուած մարդուն անմեղ եւ իմաստուն ստեղծեց, իսկ սատանան, ի վերուստ ընկնելով երկնքից, զրկուեց փառքից, որ ունէր Աստուծոյ մօտ: Նախանձելով մարդկային ազգին՝ իր չար խորհուրդներով յափշտակեց մեր նախաստեղծներին, եւ այդպէս բոլորս անմիտ եղանք: Իսկ ճշմարիտ Աստուած՝ Աստուծոյ Միածին Որդին, ներողամիտ եղաւ եւ, Իր ստեղծածներին տեսնելով կորստեան մէջ, երեւաց մեզ եւ ողորմելով կորզեց մեզ մոլորութիւնից: Մենք անմիտ չենք, որովհետեւ ճանաչում ենք Աստծուն, մանաւանդ որ Նա էլ մեզ է ճանաչում: Իսկ ձեր բոլոր աստուածներն առասպելներ են եւ բանաստեղծական մտքեր: Նրանք միայն անունով են աստուածներ եւ ոչ թէ իսկութեամբ, որովհետեւ եթէ չլինէր մարդկանց կուռքեր շինելու արհեստը, դուք աստուածներ չէիք ունենայ: Արդ, եթէ կամենում ես ինձ լսել եւ քո մոլորութիւնից փախչելով իմաստուն լինել, Աստուած կ՚ընդունի քեզ եւս, իսկ եթէ չկամենաս, կաս եւ կը մնաս անմտութեանդ մէջ»: Նոմերիանոսն ասաց. «Ձեր գրքերն առասպելներ են, իսկ մերը՝ իմաստութիւն, որն իր մէջ ճշմարտութիւն եւ աստուածային զօրութիւն ունի: Այդ պատճառով հրամայում եմ քեզ զոհ մատուցել աստուածներին: Եւ այս էլ իմացի՛ր, եթէ չլսես, անպատիժ չես մնայ, որովհետեւ դու առաւել չես նրանցից, որոնք եկան քեզնից առաջ, թողնելով քրիստոնէութիւնը՝ ընդունեցին մեր կրօնը եւ մեծամեծ պատիւների արժանացան»: Սուրբ Բաբելաս եպիսկոպոսը պատասխանեց եւ ասաց. «Ովքեր պարտուեցին, խաբուեցին որպէս մարդ: Սակայն դու չես կարող ինձ խաբել անցաւոր բարիքների խոստումներով եւ ոչ էլ խաբէութեամբ խոստանալ երկնքի արքայութիւնը, որից կամենում ես ինձ հեռացնել եւ որին դու արժանի չես, որովհետեւ չես կամենում: Դու պիտի ժառանգես տանջանքները, որովհետեւ Աստուած քեզնից պահանջելու է այն մարդկանց հոգիներին, որոնց դու կորստեան մատնեցիր»:
Նոմերիանոսն ասաց. «Ո՞րն է Աստուծոյ գոյութեան իսկութիւնը, բացատրի՛ր ինձ եւ ասա՛ Նրա անունը»: Բաբելասն ասաց. «Դու չես ճանաչում Աստուծոյ մեծութիւնը, թէեւ թռչում ես թեւերով: Մի՛ փնտրիր Աստուծոյ անունը, որովհետեւ չես գտնի, ամէն անուն կոչուած է մի լաւ բանից է. մէկը կոչում է, միւսը՝ լսում: Եւ ամէն ոք, որ Աստծուն Աստուած է կոչում, ոչ թէ Աստուծոյ անունն է տալիս, այլ Աստուծոյ փառքն է արտայայտում: Արդ, մի՛ խնդրիր մի բան, որն Աստծունը չէ: Աստուած իմաստութեան ճանապարհ է ու անմատչելի է, եւ Աստուած է, որ ամէն ինչ արարեց մարդու համար»: Նոմերիանոսը հարցրեց. «Ի՞նչ է մարդը»: Բաբելասը պատասխանեց. «Նա, ով ճանաչմամբ եւ իմացութեամբ կեանքի է կոչւում ու ըմբոշխնում նրանում եղածները»: Այնժամ Նոմերիանոսն ասաց. «Երդւում եմ աստուածներով, որ պատասխանեցիր ըստ կարգի եւ մեծ իմաստութեամբ: Քեզ պակասում է միայն աստուածների մասին գիտութիւնը, եւ միայն այդ ունենալուց յետոյ կարող ես պատուական մարդ կոչուել»: Բռնաւորի այս սուտ գովեստին, որ նա արեց հրապուրելու համար, սուրբ հայրապետը պատասխանեց՝ ասելով. «Անզգամ, անմիտ եւ ամբարտաւան բռնակա՛լ, քեզնից ունեցած պատիւն անպատւութիւն է ինձ համար, իսկ քո գովեստները՝ անարգանք: Ես լի եմ ամէն բարիքներով, որովհետեւ ճանաչում եմ իմ Աստծուն եւ քարերին չեմ երկրպագում»: Թագաւորն ասաց. «Այլեւս յանդուրժել չեմ կարող: Իմացի՛ր, որ որպէս չար ծառայի եւ իր տիրոջը թշնամաբար անարգողի՝ շղթայ կը գցեմ պարանոցիդ եւ կապանքներ կը դնեմ ոտքերիդ»: Բաբելասը պատասխանեց. «Աստուած է իմ իշխանն ու թագաւորը, իսկ իմ տէրերն ու եղբայրները Աստծուց երկիւղած մարդիկ են: Արդ, դու հաւատա՛ Աստծուն, եւ ես կը համբուրեմ քո ոտքերը, ապա թէ ոչ, ապա ինձ համար պատիւ է այն, ինչ դու անարգանք ես համարում: Այլեւ կրելով այս չարչարանքները՝ դեռեւս Աստուծոյ պիտանի ծառայ չեմ համարւում, այլ անպիտան: Այնուամենայնիւ, ես կը պարծենամ իմ չարչարանքներով, որովհետեւ երանելիներն են չարչարւում Աստուծոյ համար»: Այնժամ թագաւորը Բիկտորինոս դուքսին ասաց. «Կամենում եմ քո ձեռքով պատժել անզգամների վարդապետ Բաբելասին. շղթայ դի՛ր նրա պարանոցին եւ կապանքներ՝ ոտքերին՝ նրա թշնամութեան պատճառով, որովհետեւ ոչ քիչ անարգանք թափեց մեզ վրայ»: Բիկտորինոս դուքսն ասաց. «Տէ՛ր իմ, երդւում եմ քո քաջութեամբ, որ ես վաղուց էի ցանկանում տեղեկացնել այդ ամբարիշտ մարդու մասին, որն անօրէն ու ինչ—որ նոր օրէնք է ուսուցանում եւ մեծ հոգս է պատճառում մեզ իր հետեւորդներով՝ չհնազանդուելով մեր հրամաններին»: Նոմերիանոսն ասաց. «Դու հիմա արա՛ այն, ինչ հրամայեցի, իսկ յետոյ կամաց—կամաց կը վերացնեմ նրա հետեւորդներին»:
Իսկ դուքսը շղթայեց սուրբի պարանոցն ու ոտքերը եւ հրամայեց նրան դուրս հանել, որպէսզի բոլորը տեսնեն: Այնժամ եկան սուրբի երեք աշակերտները եւ ընկան նրա ոտքերը, փարուեցին նրա կապանքներին եւ չէին կամենում հեռանալ նրանից, որովհետեւ ցանկանում էին չարչարանակից լինել նրան, սակայն դուքսը հեռացրեց նրանց: Իսկ հայրապետը, ուրախ լինելով յանուն Քրիստոսի իր կապանքների համար, ասաց դուքսին. «Գոհանում եմ իմ Աստծուց, որ Իրեն վկայելու համար արժանացրեց այս պատիւներին, իսկ քեզ եւ թագաւորին գոհութիւն չեմ յայտնում»:
Երբ Նոմերիանոսը լսեց, որ Բաբելասն աշակերտներ ունի, ասաց. «Այստեղ բերէ՛ք Բաբելասին՝ այն անզգամ երիտասարդների վարդապետին»: Եւ երբ եկաւ ու հարցաքննուեց թագաւորի կողմից, սուրբ հայրապետն ասաց. «Ես ինձ աշակերտողների վարդապետն եմ, որոնք երբեմն մանկանում են մտքով, երբեմն էլ իմաստութեամբ պատահում են նրանց, որոնք կամենում են թիւրել ճշմարտութիւնը, իսկ ձեր՝ անզգամների ու ձեզ նմանների վարդապետը չեմ»: Թագաւորն ասաց. «Երդւում եմ աստուածներով, որ ստահակութեանդ համար վայելչապէս պատշաճ են այդ շղթաները եւ ոտքերիդ կապանքները»: Բաբելասը պատասխանեց. «Դու ծաղրում ես՝ առաջնորդուելով անզգամութեամբ, բայց ես երդւում եմ Աստուծոյ Որդու անունով, որ դրանք ինձ վայելում են այնքանով, որքանով քեզ չի վայելում քո գլխի թագը»: Բարկացաւ Նոմերիանոսը եւ ասաց. «Թշուառակա՛ն, զոհ մատուցիր եւ փրկի՛ր քեզ տանջանքներից, որ սպասւում են քեզ ու մի՛ պարծեցիր նրանցով, որոնք աշակերտում են քեզ»: Բաբելասն ասաց. «Այն, որ ինձ աշակերտողների ուսուցիչն եմ, արդէն ասացի: Ունեմ երեք աշակերտ՝ միմեանց հարազատ, համածին, համամիտ եւ Աստծուց սնուած: Արդ, եթէ կամենում ես տեսնել, թէ ինչ սնունդ եւ աստուածային վարդապետութիւն են ստանում, հրամայի՛ր նրանց բերել եւ կը տեսնես նրանց քաջութիւնը: Աստուած նրանց հետ է: Թերեւս չհամոզուեցիր ինձնով, որովհետեւ ինձ համարում ես աղճատուած ու շատախօս»:
Թագաւորը հրամայեց հեռացնել Բաբելասին եւ բերել աշակերտներին, որոնց մասին յայտնեց Բաբելասը: Երբ նրանք ներս մտան, հարցրեց նրանց. «Մայր ունէ՞ք», եւ նրանք պատասխանեցին. «Այո՛, սակայն մօրից առաւել որպէս սնուցիչ ունենք մեր տէր Բաբելասին»: Ապա հրամայեց կանչել նաեւ նրանց մօրը եւ հարցրեց նրան. «Ով կի՛ն, ի՞նչ են քո եւ քո տղաների անունները»: Կինը պատասխանեց. «Ես Աստուծոյ աղախինն եմ, անունս Թէուդուլէ է, իսկ տղաներիս անունները՝ Ուրբանոս, Պռիլիդիանոս եւ Եպոլոնիոս»: Թագաւորն ասաց. «Իսկապէ՞ս նրանք քո որդիներն են»: Եւ նա ասաց. «Այո, ես եմ ծնել նրանց եւ ապա ընծայել իմ հովուի՝ Բաբելասի ձեռքը՝ վերստին ծնուելու սուրբ Աւազանից, եւ նա է նրանց սովորեցրել աստուածպաշտութիւնը»: Բարկացաւ թագաւորը եւ ասաց իր սպասաւորներին. «Ուժգին ապտակէ՛ք դրան իր որդիների առջեւ եւ ասացէ՛ք, որ չխօսի յանդգնաբար»: Իսկ զաւակները, տեսնելով իրենց մօրը տանջանքների մէջ, միաբան աղաղակեցին՝ ասելով. «Ո՛վ բռնակալ, զուր մի հարուածիր մեր մօրը, որովհետեւ նա անպարտ է: Ճշմարիտ ասաց, թէ ինքն է ծնել մեզ, բայց սնել է մեր տէր Բաբելասը: Եւ որքան էլ դարձեալ բարկանաս, կրկին ասում ենք՝ նա է մեր տէրը, որովհետեւ մեզ աստուածպաշտութիւն է ուսուցանում»:
Այնժամ Նոմերիանոսը բարկութեամբ հրամայեց առանձնացնել նրանց եւ կաշուէ պարանով հարուածել ըստ իւրաքանչիւրի հասակի տարիների թուի: Եւ հարցրեց նրանց մօրը. «Քո աւագ որդին քանի՞ տարեկան է», եւ նա պատասխանեց՝ տասներկու, «Երկրորդը՞», պատասխանեց՝ ինը, «Եւ երրորդը՞», պատասխանեց՝ եօթ: Եւ երբ հարուածեցին իրենց ապրած տարիների թուով, որդիները միաբերան ասացին. «Օրհնեա՛լ է Աստուած, որ չարչարւում ենք Նրա համար»: Եւ նրանց երանելի մայրը ուրախութեամբ ձայնեց. «Օրհնեա՛լ է Տէրը, քրիստոնեաների մի Աստուածը: Իմ որդիներն իրենց տարիների թուով չարչարուեցին Նրա համար, Ով աւարտին կը հասցնի իրենց նահատակութիւնը եւ կ՚արժանացնի պսակների»:
Նոմերիանոսը հրամայեց դուրս տանել մօրը, իսկ որդիներին՝ պահել: Բաբելասին էլ, որին առանձին ներս տարան, ասաց. «Անմիտների վարդապե՛տ եւ մանուկների ուսուցի՛չ, փորձեցի քեզ, եւ ահա սուտ դուրս եկար: Դու պարծենում էիր քո աշակերտներով, սակայն նրանք առաջ գալով՝ խոստացան զոհ մատուցել աստուածներին»: Բաբելասն ասաց. «Ստեցիր գլխիցդ մեծ, որովհետեւ դու քո հօր՝ սատանայի որդին ես, որն անդադար ստում է: Ո՛չ դու, ո՛չ քո հայր սատանան չէք կարող որեւէ կերպ յաղթել մէկին, եթէ չստէք»: Նոմերիանոսն ասաց. «Երդւում եմ Ասկլեպիոսով, որ քամահրում եմ քո խօսքերն ու անարգանքները: Եթէ չհամաձայնուես եւ զոհ չմատուցես, ես քեզ արագ չեմ հեռացնի կեանքից, այլ տանջանքներով կամաց—կամաց կը խոշտանգեմ եւ վերջում կը հրամայեմ քեզ գլխատել»: Բաբելասն ասաց. «Քո այդ խօսքերն արժանի են ծաղրի: Ես պատրաստ եմ խաչուելու եւ մեռնելու իմ Քրիստոսի անուան համար»: Նոմերիանոսն ասաց. «Աղաւաղում ես, որտե՞ղ ենք ծաղրի արժանացել»: Բաբելասն ասաց. «Եթէ քո աստուածները լսեն, որ միայն բժշկութեան կարծեցեալ չաստուծոյ՝ Ասկլեպիոսի անունը տուիր, կը բարկանան քեզ վրայ: Արդարեւ, ես ամաչում եմ ձեր անմտութեան համար, քանզի երկրպագում էք նրան, որին մանուկները երկրպագել չհամաձայնեցին»: Նոմերիանոսն ասաց. «Եթէ քո Քրիստոսը լսի եւ բարկանայ, որ միայն Աստուած ես անուանում Իր հօրը, եւ ոչ Իրեն, ի՞նչ կ՚անես»: Բաբելասը պատասխանեց. «Ահա դու անգամ արժանի չես լսելու քրիստոնէից գիտութիւնը, սակայն կ՚ասեմ այս բազմութեան համար, որ կան իմ շուրջը, որպէսզի քո անօրինութեան պատճառով նրանք եւս զուրկ չմնան գիտութիւնից: Երբ քրիստոնեաները Որդի են ասում, նոյնով եւ Հօրն են խոստովանում, երբ Հայր են ասում, խոստովանում են եւ Որդուն, որովհետեւ Նրանք անբաժան են Իրարից. Հայրն անբաժան է Որդուց, Որդին՝ Հօրից: Չկայ համեմատութիւն Աստուծոյ եւ սատանայի, այսինքն քո աստուածների միջեւ, որոնց դու երկրպագում ես, որովհետեւ գրուած է. «Ի՞նչ հաղորդութիւն կայ լոյսի եւ խաւարի միջեւ»:
Այնժամ բռնաւորը հրաման արձակեց, որով պէտք է Բաբելասին եւ երեք մանուկներին կախաղան հանէին: Նրանք միաբան աղօթում էին եւ գոհանում Աստծուց: Հայրապետը չէր դադարում յանդիմանել հեթանոսների մոլորութիւնը, որի համար Նոմերիանոսը հրամայեց տեսակ—տեսակ հարուածներով խստագոյնս տանջել Բաբելասին, որ պրկուած էր փայտի վրայ ոտքի կապանքներով եւ պարանոցին դրուած շղթաներով հանդերձ, որոնք իրենց ծանրութեամբ եւ հաստութեամբ չարչարել էին նրան երկար ժամեր: Այնտեղ կային հեթանոսներ, ուրացողներ եւ թերահաւատներ, որոնք իբրեւ թէ որպէս բարեկամ՝ կարեկցում էին եւ ասում դահիճների հետ. «Խոստացի՛ր զոհ մատուցել, որպէսզի փրկուես տանջանքներից»: Այնժամ առաքինի նահատակը սաստեց նրանց եւ ասաց. «Այնքան չեմ ցաւում այդ անզգամի համար, որ նստած է աթոռին, որքան ձեզ համար, որ ընդունում էք դրան, որն իր հետ կորստեան է մատնում ձեր կեանքն ու հոգիները: Այս տանջանքները կեանք են ինձ համար, որովհետեւ Նա, Ում համար չարչարւում եմ, ինձ թեթեւութիւն է տալիս, եւ ես բնաւ ոչինչ չեմ զգում»:
Եւ երբ թագաւորի հրամանով աւելի ու աւելի սաստկացրին սուրբի տանջանքները, երանելի մանուկներն աղաղակեցին ասելով. «Անմիտ բռնաւո՛ր, ինչո՞ւ ես մեր տիրոջն ու բարի հովուին առանց պատճառի տանջում: Նա պաշտում է ամէնքի Տիրոջը, որի համար արժանի է մեծ պատուի եւ ոչ թէ տանջանքների: Երդւում ենք, որ չես փախչի Աստուծոյ ձեռքից, այլ պիտի մատնուես գեհենի հրին»: Նոմերիանոսը ցասումով հրամայեց նրանց եւս խիստ տանջանքների մատնել: Իսկ սուրբ մանուկները միաբերան ասացին. «Ո՛վ աստուածամարտ, ինչպէ՞ս չես ամաչում այդ մեծ բազմութեան առջեւ մանուկներից յաղթուելուց: Դու առաւել պիտի տանջուես, քան մենք, եւ երդւում ենք, որ շուտով կը հատուցուի քեզ, որովհետեւ չենք զգում քո պատճառած տանջանքները»:
Ապա թագաւորը հրամայեց իջեցնել Բաբելասին եւ թաքցնել տանը, որպէսզի առանձին հարցաքննի մանուկներին: Եւ ասաց նրանց. «Որդեակնե՛ր, համաձայնէք ինձ, եւ ես ձեզ բազում պատիւներ կը շնորհեմ, որոնք ո՛չ ձեր վարդապետը եւ ոչ էլ որեւէ մէկը չի կարող շնորհել»: Իսկ նրանք միաբերան պատասխանեցին. «Խորամա՛նկ եւ նե՛նգ, մի՛ մտածիր մեզ հոգու մահ պատճառել՝ մարմնաւոր բարիքներ խոստանալով, որովհետեւ քո բոլոր շնորհները լի են գեհեն տանելու պատուով: Երբ մեր վարդապետը մեզ տուեց տէրունական կնիքը, որով առանք երկնքի Արքայութեան առհաւատչեան, կատարեալ եղանք ու մեզնից հեռու վանեցինք չար եւ ունայն խորհուրդները: Հաղորդուելով հաստատուն Կերակրին՝ պատրաստ ենք մեռնել Քրիստոսի անուան համար: Կարծում էիր, որ եթէ մեզնից մեկուսացնես մեր վարդապետին, կը յաղթես մեզ: Երդւում ենք Աստուծոյ Որդու անունով, որ Նա կարող է օգնել մեր հովուին, ուր էլ որ լինի, փրկել մեզ քո պիղծ ձեռքերից եւ այս չարչարանքները շուտով դարձնել անվախճան ուրախութիւն, եթէ միայն չուրանանք եւ չամաչեցնենք մեր հովուին, որն աղօթում է իր հօտի համար»: Իսկ երանելի Բաբելասն այդ ամէնը լսում էր այն տնից, ուր արգելափակուած էր եւ փառք էր տալիս Աստծուն:
Ապա Նոմերիանոսը հրամայեց եւ ասաց. «Առա՛ջ բերէք Բաբելասին»: Եւ երբ եկաւ, ասաց նրան. «Այս մանուկները քո որդինե՞րն են»: Բաբելասը պատասխանեց. «Արդարեւ, նրանք , ըստ Աստուծոյ, իմ որդիներն են, իսկ ես յանուն իմ Աստուծոյ Աւազանից ծնուելուց յետոյ կին չեմ ճանաչել»: Նոմերիանոսն ասաց. «Բայց ինչպէ՞ս է, որ նրանք ամէն բանով նման են քեզ» (Այս ասաց հեգնելով, թէ մանուկները եւս յամառ են իր պէս): Իսկ սուրբը պատասխանեց. «Աղօթքներով խնդրում եմ, որ նրանք ամբողջապէս ինձ նման լինեն, բացի իմ մեղքերից»: Թագաւորը մեղմ եւ հրապուրանքի խօսքերով ասաց. «Քեզ ասացի՝ փրկուի՛ր տանջանքներից, սակայն չես համաձայնում ինձ եւ պատրաստ ես առաւել ու առաւել չարչարուել: Խնդրում եմ քեզ, մոռացի՛ր քո նախկին տանջանքները եւ համոզի՛ր մանուկներին, որ այդպէս մանկահաս չզրկուեն կեանքից»: Իսկ սուրբ հայրապետը, զայրանալով իր հոգում, ասաց. «Ո՛վ անմիտդ բոլորից, ամբարիշտ բռնաւո՛ր, թողնելով պատերազմական հոգսերն ու մտածմունքները, զբաղւում ես մեզնով: Հաւատում եմ Աստծուն, որ ինչպէս մերժուեցիր մեր կողմից, այդպէս էլ կը յաղթուես քո թշնամիների կողմից: Այնպէս որ խոստումներ քո որդիներին տուր եւ քո պարգեւները քեզ պահիր»:
Այնժամ բարկացած թագաւորը նրա եւ երեք մանուկների համար մահուան վճիռ արձակեց: Երանելի Բաբելասը, երեք մանուկների հետ առնելով գլխատման վճիռը, մեծ ուրախութեամբ եւ սիրով եկաւ ատեանի առաջ, երդում տուեց շուրջ եղողներին եւ ասաց. «Երդւում եմ ձեզ մեր Տէր Աստուծով, Ով տեսնում է ամէն բան՝ շղթաներս ոտքերիս կապանքներով հանդերձ. վկայում եմ, որ իմ նահատակութիւնից յետոյ բռնաւորը յաւիտենական կապանքներով պիտի տանջուի անվախճան հրի մէջ»:
Եւ մինչ ելնում էր դռնից, սաղմոսում էր՝ ասելով. «Փրկեցիր մեզ մեր թշնամիներից եւ մեր ատելիներին ամօթահար արեցիր»: Նրա հետ սաղմոսում էին նաեւ մանուկները: Երբ հասան նահատակութեան վայրը, երանելի Բաբելասը խնդրեց դահիճներին, որ նախ մանուկներին սպանեն եւ ապա իրեն: Սուրբ մանուկներին կանգնեցրեց իր աջ ու ձախ կողմերում եւ ասաց. «Ահա ես եւ իմ մանուկները, որոնց Աստուած տուեց ինձ»: Իսկ երբ նրանց վախճանուած տեսաւ, ասաց. «Օրհնեա՛լ ես, քրիստոնեաների Տէր Աստուած, որ ամէն բան անում ես Քո մեծ ողորմութեամբ եւ մանուկների բերանով հաստատում ես Քո օրհնութիւնը»: Եւ ապա Տիրոջ 283 թուականին, սեպտեմբեր ամսուայ չորրորդ օրը գլխատուեց եւ ինքը՝ սուրբ հայրապետը, եւ թաղուեց երեք մանուկների հետ՝ շղթաներով հանդերձ: