Զառաջնորդս եւ զվարդապետս եկեղեցւոյ Քում սրրբոյ. յիշատակաւ պատուեմք այսօր.
Բարեխօսութեամբ սոցա Քրիստոս. խնայեա ի մեզ:
Ժիր մշակք անպարտելիք կաթուղիկէ եկեղեցւոյ. եւ պսակք պարծանաց հաւատացելոց.
Բարեխօսութեամբ սոցա Քրիստոս. խնայեա ի մեզ:
Հազարապետք աստուածային խորհրդոցն. եւ բացօղք դրան Արքայութեան երկնից.
Բարեխօսեցէք առ Տէր վասն անձանց մերոց:
(Շարակնոց)
Զարմանում ենք Եկեղեցու տիեզերահռչակ Մեծն Եպիփան վարդապետի սուրբ կենցաղավարութեան մասին եղած տեղեկութիւնների վրայ, որովհետեւ ոչ ոք ըստ արժանւոյն չի գրել նրա օրինաւոր վարքի մասին: Թէպէտ որպէս առաջին գրիչներ ճանաչուած են նրա երկու աշակերտները՝ Յովհաննէսը եւ Պողիբիոսը, սակայն նրանց անոճ շարադրանքը ստուեր է գցում ընթերցողների աչքերին, որովհետեւ գրուած է անարուեստ նկարագրութեամբ՝ մանր եւ մեծամեծ դէպքերն իրար խառնուած ու չափից դուրս միահիւսուած եւ առանց ստոյգը ոչ ստույգից տարբերելու: Սակայն անհնար է նաեւ առանց նրանց թողած գրութեան բովանդակել սուրբի պատմութիւնը, որի համար քաղուածքներով կը հաւաքենք նրանց թողած աւանդութիւնները այլ մատենագիրների աւանդութիւնների հետ միասին, որոնք միմեանց չեն հակասի:
Ինչպէս յայտնում է աւանդութիւնը, սքանչելի Եպիփանը կամ Եպիփանիոսը (որ թարգմանւում է երեւելի կամ յայտնի), ազգութեամբ հրեայ էր, փիւնիկեցի: Ծնուել է աղքատ եւ հողագործ ծնողներից՝ մի գիւղում, որը երեք մղոն հեռու էր Ելեւթերուպօլիս քաղաքից: Եպիփանը տասնամեայ էր, երբ մեռաւ նրա հայրը, եւ տղան մնաց իր քրոջ՝ Կալիտրորէսի եւ այրի մօր հետ:
Մի անգամ աղքատութիւնից նեղուած՝ մայրը Եպիփանին ուղարկեց վաճառելու իրենց էշը: Ճանապարհին Եպիփանը հանդիպեց Կղէոբիոս անունով մի քրիստոնեայ միայնակեացի, որը հարցնում է նրան. «Վաճառո՞ւմ ես էշդ»: Տղան պարզամտութեամբ պատասխանում է. «Այո՛, վաճառում եմ, բայց յոյժ ստամբակ է: Ուստի վախենում եմ, որ գուցէ վնասի գնողին, եւ ես պարտական մնամ Աստուծոյ առաջ»:
Այս խօսքի վրայ էշն առաջ վազելով ցած գցեց Եպիփանին եւ կոտրեց նրա թեւը: Պատանին ուշաթափուեց, իսկ աբեղան բժշկեց նրան Քրիստոսի անունով, եւ էշը սատկեց: Այնժամ Եպիփանը հարցրեց աբեղային. «Ո՞վ է այդ Քրիստոսը», եւ նա պատասխանեց. «Նա Աստուծոյ Որդին է, Ում հրեաները խաչեցին»: Տուն գալով՝ պատմեց այդ մասին եւ կատարուածը պահեց մտքում:
Տրիփոն անունով ելեւթերուպօլսեցի օրէնսգէտ եւ մեծատուն մի հրեայ որդեգրեց Եպիփանին եւ սովորեցրեց նրան եբրայական բոլոր գրքերն ու հրեական բոլոր աւանդութիւնները: Խոստացաւ իր դստերը կնութեան տալ նրան, սակայն աղջիկը շուտով մահացաւ, եւ երբ մահացաւ նաեւ Տրիփոնը, Եպիփանը դարձաւ նրա ունեցուածքի ժառանգորդը:
Պատահեց, որ Եպիփանը տեսաւ մի աղքատ մարդու, որը ողորմութիւն էր խնդրում Ղուկիանոս միայնակեացից եւ ասում. «Աստուծո՛յ մարդ, ողորմի՛ր ինձ, որովհետեւ ահա երեք օր է, ինչ քաղցած եմ»: Ղուկիանոսը հանեց իր պարեգօտը եւ տուեց նրան, որպէսզի դրանք վաճառի ու հաց գնի: Այդ պահին ի վերուստ՝ երկնքից սպիտակ հանդերձ իջաւ եւ ծածկեց նրան: Այնժամ երկիւղ պատեց Եպիփանին եւ, գնալով Ղուկիանոսի յետեւից, սովորեց քրիստոնէական եւ մենակեցութեան կարգը: Ապա քրոջ հետ եկաւ եպիսկոպոսարան՝ մկրտուելու, իսկ մայրն արդէն վախճանուել էր:
Երբ Եպիփանը եկեղեցուց ներս մտաւ, հողաթափերն ընկան նրա ոտքերից եւ մնացին եկեղեցուց դուրս, որի համար նա ուխտեց միշտ բոկոտն շրջել: Նրան մկրտելիս եպիսկոպոսը տեսաւ նրա երեսը փառաւորուած եւ մի սքանչելի պսակ՝ նրա գլխին: Ապա Եպիփանը քրոջն ուղարկեց կուսանաց վանք, իսկ ինքն առանձնացաւ հայր Ղուկիանոսի վանքում, ուր կային տասը կրօնաւորներ, որոնք զբաղւում էին գրչութեամբ: Նրանց մէջ առաքինութիւններով աչքի էին ընկնում սուրբ հայր Հիլարիոնը եւ Կղոդիոսը, որոնց Եպիփանը ցանկանում էր նմանուել: Նա տասնվեց տարեկան էր, երբ կրօնաւոր դարձաւ:
Ենթադրւում է, որ այս շրջանում է եղել այն, ինչ նա ինքը՝ սուրբ Եպիփանն է իր մասին պատմում ընդդէմ հերձուածների գրութեան մէջ: Մինչ պատանի էր եւ միաբանութեան համար շրջում էր Պաղեստինի վանքերից մինչեւ Եգիպտոս՝ բարի օրինակ վերցնելու նպատակով, բարիատեաց սատանան Եգիպտոսում գտնուող գնոստիկեան չար, մարմնապաշտ աղանդաւորներին դրդեց կորզել պատանուն, որն էլ արեցին ժամանակ անց: Քանզի իրենց որջում հիւրընկալելով նրան՝ տուեցին իրենց մոլորութեան գրքերը, որն ընթերցելով՝ Եպիփանը կարծեց, թէ գրուածը ողջամիտ է: Չարագործները նաեւ համարձակուեցին դրդել իրենց գործակից չար կանանց Եպիփանին փորձելու համար, եւ նրանք սկսեցին պէս—պէս պատրանքներով յարձակուել պատանու վրայ: Այնժամ Եպիփանը, տեսնելով նրանց չար աղանդի խորխորատները, ամբողջ սրտով աղօթելով, դիմեց Աստծուն եւ մի կերպ փրկեց իր անձը կանանցից՝ անարատ մնալով Աստուծոյ շնորհով: Հնարք բանեցնելով խոյս տուեց գնոստիկեանների բնակութեան վայրից եւ գնաց, Եգիպտոսի եպիսկոպոսներին պատմեց նրանց անարժան գործերի մասին: Եւ եպիսկոպոսները, այդ ամէնը ստոյգ համարելով, աղանդի առաջնորդներին՝ ութսուն հոգու, աքսորեցին իրենց սահմաններից, իսկ Եպիփանը շտապեց հասնել իր նախկին վանքը, որտեղ իր անձը մատնեց առաւել ճգնութիւնների:
Երբ մեռաւ հայր Ղուկիանոսը, վանահայր դարձաւ Հիլարիոնը: Եպիփանը, տեսնելով նրա ճգնութիւնները, սովորութիւն դարձրեց նրա նման երկու—երեք օրը մէկ անգամ աղ ու հաց ճաշակել առանց յագենալու, իսկ ջուրն էլ չափով ըմպել: Կատարելով վանքի բոլոր աշխատանքները՝ չէր պակասեցնում աղօթքները եւ Սուրբ գրքի ընթերցանութիւնը: Տեսնելով Եպիփանի առաջադիմութիւնը՝ բանսարկուն սկսեց նեղել նրան՝ գիշերային աղօթքների ժամանակ ահարկու տեսիլքներ եւ պէս—պէս ցնորքներ ցոյց տալով: Չկարողանալով ազդել նրա մտքի վրայ, դեւերի բազմութեամբ յարձակուեց նրա վրայ եւ սաստիկ գանահարեց, սակայն նա, ապաւինելով Աստծուն, անվնաս մնաց չարի բոլոր փորձութիւններից: Եւ Աստուծոյ կողմից Եպիփանին կանխագիտութեան ու հրաշագործութեան շնորհներ տրուեցին՝ սքանչելի խոնարհութեամբ հանդերձ:
Պատմում են, թէ մի անգամ, երբ հիւրերի եւ գրաստների համար պակասեց ջուրը, նա մի տիկ գինին ջրի փոխարկեց: Եւ երբ Եպիփանը մարդկանց գովեստներից փախաւ դէպի խոր անապատ, սարակինոսների քառասուն աւազակները գտան նրան, եւ նրանցից մէկը, որ մէկ աչք ունէր, մերկ սուսերով յարձակուեց նրա վրայ: Սակայն երբ հարուածելու համար բարձրացրեց իր սուրը, լուսաւորուեց նրա խաւար աչքը: Այնժամ ընկան սուրբի ոտքերը, նրան մի նոր աստուած կոչեցին եւ նրան բռնութեամբ տարան իրենց հետ, որպէսզի պահի իրենց ճանապարհի փորձութիւններից: Երեք օր շրջեցին նրա հետ, եւ երբ տեսան, որ նա խրատում է իրենց հեռու մնալ աւազակութիւնից, նրան բաց թողեցին: Սակայն նրանցից մէկը, որ աշակերտել էր Եպիփանին, եկաւ նրա յետեւից, մկրտուեց, կոչուեց Յովհաննէս եւ կրօնաւոր դարձաւ Հիլարիոնի վանքում: Եւ այս Յովհաննէսն է, որ եղաւ Եպիփանի առաջին վարքագիրը: Նա մանրամասն պատմել է, թէ ինչպէս նա անապատում բժշկեց մի դիւահարի, թէ ինչպէս յետոյ դեւը գնաց, մտաւ պարսից թագաւորի դստեր մէջ եւ աղաղակեց՝ ասելով. «Չեմ ելնի այստեղից, մինչեւ չգայ Եպիփանը»: Եւ պարսից արքունիքից մարդիկ եկան ու գտան նրան՝ փակուած մի խցում: Մինչ նա երկար աղօթում էր, կամեցան նրա դուռը ջարդել. նրանցից մէկը փորձեց դաշոյնով ճեղքել դուռը, սակայն գօսացաւ նրա ձեռքը: Ապա Եպիփանը ելնելով բժշկեց նրա ձեռքը, ապա իր Յովհաննէս աշակերտի հետ գնաց այդ մարդկանց հետ ու բժշկեց արքայադստերը: Յոյժ զարմացաւ մոգպետը եւ Եպիփանին կոչեց մոգերի գլուխ: Սակայն երբ սուրբը սաստեց մոգպետին, նա համրացաւ եւ յետոյ առողջացաւ սուրբի աղօթքներով: Այնտեղ նաեւ յարութիւն տուեց մի երիտասարդի, որը սպանուել էր մոգերի կախարդանքով: Եւ այդպէս մեծ պատուով բաժանուելով թագաւորից՝ եկաւ Փիւնիկէի իր անապատը՝ Սպանիտրոն, որտեղ աղօթքով ջուր բխեցրեց, հալածեց վայրի գազաններին եւ մի մեծ առիւծ սատկացրեց: Շուրջ յիսուն եղբայրներ այնտեղ աշակերտեցին Եպիփանին, որոնց նա կրթեց մենակեցութեան վարքով:
Եղաւ, որ գնաց Հիլարիոնի վանք՝ եղբայրներին տեսութեան, եւ շատ օրեր մնաց այնտեղ: Սատանան, ընդունելով Եպիփանի կերպարանքը, եկաւ Սպանիտրոն: Աբեղաներից մէկը, որը ծոյլ էր եւ հեշտասէր, խաբուեց ու, ընդառաջ գալով դեւին, երկրպագեց նրան, իսկ դեւը, համարձակութիւն առնելով, բնակուեց նրա մէջ: Եւ դիւաբնակ աբեղայի պատճառով մեծ խռովութիւն ծագեց կրօնաւորների մէջ: Տիրոջ յայտնութեամբ իմանալով այդ մասին՝ Եպիփանը շտապեց վերադառնալ իր վանքը եւ երբ ներս մտաւ, դեւը հալածուեց ու փախաւ:
Հռոմում ծերակոյտի մէջ Այետիոս անունով երեւելի մէկը մի դիւահար որդի ունէր, որի անունն էր Կալլիստոս: Երազում նա տեսաւ մի պատկառելի միայնակեացի, որն ասաց իրեն. «Կալլիստէ՛, կամենում ես, որ քեզնից դուրս բերեմ չար այսին»: Եւ երբ նա հարցրեց, թէ՝ ո՞վ ես դու, պատասխանեց. «Ես եմ՝ Եպիփան Փիւնիկեցին: Արդ, խոստացի՛ր, որ եթէ ազատեմ քեզ, կ՚աշակերտես ինձ Սպանիտրիոն անապատում»: Եւ երբ պատանին խոստացաւ, արթնացաւ քնից եւ իրեն առողջացած գտաւ: Ամէն բան պատմեց իր հօրը, ապա երեք ամիս անց հօր հրամանով ճանապարհ ընկաւ եւ եկաւ միացաւ Եպիփանի աշակերտներին:
Իսկ ինքը՝ Աստուծոյ այր Եպիփանը, իր անձը մատնեց ամէնօրեայ աղօթքներին, ընթերցանութեանը եւ բազմապատիկ պիտանի ճառերի գրութեանը: Ստէպ—ստէպ ձեռքն էր վերցնում Սուրբ Գիրքը եւ իր աշակերտներին մեկնում աստուածային խօսքերի իմաստները՝ բոլորին լցնելով հոգեւոր ուրախութեամբ: Ամենուր տարածուեց նրա համբաւը, եւ շատերը գալիս էին՝ տեսնելու եւ նրանից օրհնութիւն ստանալու:
Եդեսիայում կար Եպիփան անունով մի հեթանոս փիլիսոփայ եւ ճարտար հռետոր: Լսելով երանելի Եպիփանի մասին, որ նա իմաստուն այր է, ցանկացաւ գնալ եւ տեսնել նրան: Եւ գալով պաշտամունքի ժամին՝ մի պահ լուռ մնաց եւ նայելով ճանաչեց Աստուծոյ մարդուն: Մօտեցաւ, երկրպագեց նրան, իսկ սուրբն ասաց նրան. «Ինչո՞ւ մեծ հռետորդ, ականաւոր իմաստասէրդ եւ եդեսացիների պարծանքդ չարչարուելով եկար անպիտան եւ մեղաւոր Եպիփանիս մօտ: Ինչո՞ւ գիտութեամբ զարդարուածդ մի տխմարի ոտքը եկար»: Իմաստասէրը պատասխանեց. «Մի՛ զարմացիր, սիրելի՛ վարդապետ, որովհետեւ ինչպէս Դիոնիսիոս Ալիկառնացու գեղեցիկ առակն է ասում, եթէ գովելիները գովելիների մօտ գալով համեմատուեն, ընտիրներն առաւել կ՚երեւան: Ոչ ոք չի բաւականանում մի պատմուճանով, գուցէ այն պատառոտուի: Յաճախակի այցելութիւնը խօսքերի առատութիւն է ծնում, եւ բանիբուն խօսքերի առատութիւնը հարստացնում է բազմապատիկ գիտութիւն ունեցող իմաստուն անձանց»:
Իր խօսքն այսպէս սկսելով՝ իմաստասէր Եպիփանը փորձում էր Աստծուց իմաստութիւն ունեցող Եպիփանին: Իսկ սուրբ Եպիփանը բացեց իր բերանը Սուրբ Գրքի խօսքերով եւ, սկսելով մովսիսապտում արարչագործութիւնից, ցոյց տուեց նրան ճշմարիտ իմաստութիւնը՝ տեսանելի արարածներով ճանաչել աներեւոյթ Արարչին: Իմաստասէրը յստակ մտքով հետեւում էր Աստուծոյ մարդու բոլոր խօսքերին: Երեք օր շարունակ, խօսակցելով նրա հետ, չէր յագենում նրա քաղցրաբուխ վարդապետութիւնից. երբեմն ընդունում էր լսածը, երբեմն էլ ընդդիմանում էր, սակայն ստանալով իր տարակոյսների մեկնութիւնները՝ սքանչանում էր: Եւ առաւել զմայլուելով սուրբի բարի վարքով ու առաքինի կենցաղավարութեամբ՝ անձնապէս սիրեց նրան, հոգով կապուեց նրա հետ եւ չկարողացաւ բաժանուել նրանից:
Ապա չորրորդ օրն ասաց սուրբին. «Վարդապե՛տ, վայելուչ է այս բնակավայրը: Եթէ թոյլ տաս, ես եւս կը բնակուեմ այստեղ»: Սուրբը պատասխանեց. «Այստեղ ապաստանելը իւրաքանչիւրի կամքն է»: Եւ նա ասաց. «Եթէ այդպէս է, ես այստեղից չեմ հեռանայ, այլ Եդեսիայից բերել կը տամ իմ մատեանները եւ կը խօսենք գրքերից»: Երբ սուրբը համաձայնեց, իմաստասէրը Կալլիստոսին երկու ծառաների հետ ուղտերով ուղարկեց Եդեսիա: Եւ Կալլիստոսը, Եդեսիայի դիւանից վերցնելով իմաստասէրի գրքերը, բարձեց ուղտի վրայ եւ բերեց Եպիփանի անապատը: Այնժամ սուրբ Եպիփանը իմաստասէր Եպիփանին ասաց. «Գրուած է, թէ՝ նստեց ատեանում, եւ գրքերը բացուեցին»: Եւ սուրբն իր աջ կողմում դրեց բացուած Աստուածաշուչ գիրքը եւ տուն առ տուն սկսեց սկզբից վերծանել Ծննդոց գիրքը, իսկ իմաստասէրն իր գիրքը դրեց իր ձախ կողմում եւ նախ բացեց Հեսիոդոս քերթողի գիրքը: Սկսեցին քննել գրքերը եւ սիրով բանավիճել միմեանց հետ: Չէին աւարտւում նրանց երկարատեւ խօսակցութիւնները, դրանք տեւեցին մինչեւ մէկ տարի: Իմաստասէրը կամենում էր յաղթել կամ մարդկային ճարտարախօսութեամբ, կամ էլ մարդկային փաստարկներով ընդունել ճշմարտութիւնը: Նա չգիտէր, որ Աստուծոյ խորհուրդները հեռու են մարդկանցից, որքան երկինքը՝ երկրից: Այդ պատճառով սուրբ Եպիփանը յորդորեց նրան ի վերուստ պարգեւ՝ աստուածային հաւատ խնդրել:
Պատահեց, որ Աստուծոյ կամքով սուրբ Եպիփանի մօտ բերեցին մի չար դիւահարի, որին վաթսուն մարդիկ հազիւ էին կարողանում սանձել երկաթէ շղթաներով: Այնժամ սուրբն ասաց իմաստասէրին. «Կամ դու բժշկիր դրան հեթանոս աստուածների միջոցով, կամ էլ յանձն առ հաւատալ Խաչեալին, եթէ Նրա անունով բժշկութիւն լինի»: Իմաստասէրը հրաժարուեց, իսկ սուրբը մօտեցաւ եւ սկսեց արձակել դիւահարի շղթաները: Երբ իմաստասերը զարհուրած փախաւ, սուրբը փրկչական Խաչի նշանով երեք անգամ կնքեց այսահարի վրայ եւ ասաց պիղծ դեւին. «Յիսուս Քրիստոսի՝ Աստուծոյ խաչեալ Որդու անունով Եպիփիանոսը՝ Տիրոջ մեղաւոր ծառան, հրամայում է քեզ, ելի՛ր այդ մարդուց եւ այլեւս մի՛ մտիր նրա մէջ»: Դեւն անմիջապէս դուրս եկաւ, իսկ մարդը հանգստացաւ ու ամբողջովին ուշքի եկաւ:
Այս տեսնելով՝ իմաստասէրն իսկոյն առաջ եկաւ, երկրպագեց Աստուծոյ մարդուն եւ ասաց. «Ո՛վ Եպիփանիէ, յաղթութեան փառքով պսակուածդ, հաւատում եմ եւ կը հաւատամ նրանց, ովքեր ասում են խօսքով եւ կատարում գործով, քանզի օդում ցնդելի խօսքերն անարդիւնք են լինում, իսկ գործերը պտուղ են տալիս: Արդ, ես եւս կամենում եմ լինել Խաչեալի ծառաներից մէկը», եւ այնուհետեւ ստիպում էր իրեն տալ Քրիստոսի կնիքը:
Եւ Եպիփանը նրան տարաւ սուրբ հայր Հիլարիոնի մօտ եւ մկրտել տուեց իմաստասէրին: Աստուծոյ շնորհները երեւացին նրա վրայ, որովհետեւ Սօղոսը Պօղոս եղաւ, որի համար քսան օր յետոյ նրան ուղարկեցին Ելեւթերուպօլսի եպիսկոպոսի մօտ, ուր նրան քահանայ ձեռնադրեցին: Եւ այդպէս Սուրբ Հոգով օծուած, վերադարձաւ Եպիփանի անապատը: Մեծապէս ուրախացան բոլոր եղբայրներն ու հաւատացեալները, որովհետեւ նա անուանի մարդ էր ամբողջ Եդեսիայում, Փիւնիկէում եւ Ասորիքում: Ապա սուրբ Եպիփանը քահանայ Եպիփանին կանգնեցրեց եղբայրների առաջ եւ ասաց. «Սա այն մարդն է, ով մի ժամանակ կարծում էր, թէ մի բան է, բայց չէր: Ասում էր, թէ անձով են իմաստասէր լինում, սակայն այժմ Աստուծոյ շնորհով նա եղաւ ճշմարիտ իմաստասէր եւ իմաստուն՝ ըստ Աստուծոյ»: Այնուհետեւ Եպիփանը մեծարելով պատուեց նրան՝ որպէս հոգեւոր հօր եւ Սպանիտրոնի անապատի եղբայրների առաջնորդի, որտեղ երանելին բարի կենցաղավարութեամբ ապրեց մինչեւ իր մահը: Ունեցաւ հոգեւոր եւ արտաքին իմաստութիւն ուսանող բազում աշակերտներ, որոնցից մէկն էր Սամոսում առանձնացած երանելի Հռուփանոսը, որը հայերէն գրերի գիւտի օրերին օգնական եղաւ սուրբ Մեսրոպին, ինչպէս որ պատմում է Խորենացին:
Իմաստասէր Եպիփանին դարձի բերելուց յետոյ մեծն Եպիփանի համբաւն աւելի եւ աւելի տարածուեց. բոլոր կողմերից նրա մօտ՝ անապատ էին գալիս: Ձանձրանալով մարդկանց ամբոխից՝ վերցրեց իր Յովհաննէս աշակերտին եւ գիշերուայ մէջ խոյս տուեց Սպանիտրոնի անապատից: Նախ եկաւ Երուսաղէմ եւ, երկրպագելով սուրբ վայրերին, իջաւ Յոպպէ, ապա նաւեց դէպի Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը: Այնտեղ վէճի բռնուեց Ակիւղաս անունով մի հրեայ օրէնսգէտի հետ եւ դարձրեց նրան դէպի քրիստոնէութիւնը: Ապա ուղարկեց նրան քաղաքի սուրբ Աթանաս հայրապետի մօտ՝ մկրտուելու, իսկ ինքը դիմեց անապատի կողմը՝ դէպի Վերին Թեբայիդա: Այնտեղ հանդիպելով երանելի Պափնոտիոսին, որը Մեծ Անտոնի աշակերտներից մէկն էր, հարցրեց սուրբ Անտոնի ու նրա գործերի մասին, եւ Պափնոտիոսը պատմեց ամէն բան: Ապա Եպիփանն ասաց. «Կամենում եմ ես եւս մնալ Նիտրիայում»: Պափնոտիոսը մարգարէաբար ասաց նրան. «Ո՛ղջ եղիր, գնա՛ եւ վայելելով հայրերի շնորհները՝ հաւաքի՛ր ամառուայ դալար խոտը, գնա՛ Կիպրոս կղզին եւ դարմանի՛ր հօտերին, որ քեզ ծածկոյթաբեր ոչխարներ լինեն, եւ խմամի՛ր նորաբողբոջներին, որ քեզ գառներ լինեն»:
Եւ հասնելով Ղեւոնդուպօլսի կողմերը՝ Եպիփանը տեսութեան գնաց Հերաքս անունով մի աբեղայի մօտ, որը մեծ համբաւ ունէր, եւ ասում էին, թէ նա կանխագիտութեան շնորհ ունի: Հերաքսին պատահեց այն պահին, երբ նա իր մօտ եկած բազմութեան առջեւ խօսում էր մեռելների յարութեան մասին, սակայն հեռու՝ ողջամիտ վարդապետութիւնից: Որովհետեւ ասում էր, թէ ոչ թէ այս մարմինը պիտի յարութիւն առնի, որը հող է դառնալու, որից վերցուել էր, այլ նրա փոխարէն յարութիւն է առնելու այլ մարմին, որը պիտի լինի այն հասակով, որով վախճանւում են. մանուկները մանկահասակ պիտի յարութիւն առնեն, իսկ ծերերը՝ ծեր: Այնժամ Եպիփանը յանդիմանեց նրան՝ ասելով. «Փականք դի՛ր քո բերանին եւ սովորի՛ր չհայհոյել մեր բոլորի Յոյսին»: Նոյն պահին կապուեց Հերաքսի լեզուն եւ պապանձուեց: Բոլոր ներկաներն ահաբեկուեցին, իսկ Եպիփանն սկսեց ուսուցանել մեր ճշմարիտ հաւատը հող դարձած մարմինների յարութեան մասին, որ լինելու է Քրիստոսի կատարեալ հասակի չափով: Ապա ասաց Հերաքսին. «Արդ, խօսի՛ր ճշմարիտ խօսքը եւ ուղիղ վարդապետութեան ունկնդիրը եղի՛ր»: Այնժամ բացուեց նրա լեզուն, խոստովանեց իր տգիտութիւնը եւ ուղղեց իր սխալները:
Իսկ Եպիփանը գնաց Վերին Թեբայիդ՝ հայր Յովհաննէսի մօտ եւ եօթ տարի իր Յովհաննէս աշակերտի հետ հանդարտեց Բուբիղ կոչուող մի տեղում, սակայն մարդիկ, նրա համբաւն առնելով, սկսեցին գնալ եւ նեղել նրան: Նրա մօտ եկաւ նաեւ Եւդեմոն անունով մի փիլիսոփայ: Միմեանց հետ բանավիճելուց յետոյ Եպիփանը բացեց նրա որդու խավարած աչքը, եւ փիլիսոփան նոյն պահից հաւատաց եւ, գալով Ալեքսանդրիա, մկրտուեց:
Այնուհետեւ, երբ Եպիփանի համբաւը տարածուեց ամբողջ Եգիպտոսում, խնդրեցին նրան եպիսկոպոս ձեռնադրել, որի համար վերադարձաւ Փիւնիկէի իր նախկիին վանքը: Այնտեղ նա չգտաւ Հիլարիոնին, որովհետեւ նա եւս, փախչելով մարդկանց բազմութիւնից, առանձնացել էր Կիպրոսի Պափոս աւանում: Եպիփանը այցելեց Սպանիտրիոնի իր եղբայրներին, որոնք իրենց երանելի առաջնորդի՝ Եպիփան Եդեսացու հետ մեծապէս ուրախ եղան: Նրանց խնդրանքով աղօթեց երաշտ չլինելու համար, եւ Աստուած երեք օր անձրեւ տեղացրեց, որից հեղեղ սկսուեց: Եւ երբ դարձեալ աղօթեց, դադարեց ջրերի հորձանքը:
Այդ օրերին գաւառի եպիսկոպոս ընտրելու համար եպիսկոպոսները ժողովուել էին Փիւնիկէում: Եւ որոշեցին ընտրել Եպիփանին ու նրա մօտ պատգամաւոր ուղարկեցին առաքինի միայնակեաց Պողիբիոսին: Սուրբ Եպիփանը, կանխելով նրան, ասաց. «Լսի՛ր ինձ, որդեա՛կ, դու մնա՛ ինձ մօտ, իսկ երիվարդ ուղեւորների հետ ուղարկիր իր տեղը: Եկեղեցու առաջնորդները թող ընտրեն մէկ այլ արժանաւոր հովուի, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ եւ սոսկում եմ հաշիւ տալու իմ անձի համար, էլ չեմ ասում՝ հօտի համար»: Այս ասելով՝ Եպիփանը վերցրեց Պողիբիոսին ու իր Յովհաննէս աշակերտին եւ խոյս տուեց դէպի Երուսաղէմ եւ, գալով Պաղեստինեան Կեսարիա, նաւեց դէպի Կիպրոսի ծովափնեայ Պափոս քաղաքը: Այնտեղ գտնելով Հիլարիոնին՝ մեծապէս ուրախ եղաւ եւ ապա սկսեց առանձնութեան համար մի վայր ընտրել:
Հայր Հիլարիոնը նրան յորդորեց գնալ Կիպրոսի Սալամինա քաղաքը, «որովհետեւ, — ասաց, — Տէրը կամենում է, որ դու յօգուտ ժողովրդի՝ բնակուես այնտեղ»: Սակայն նա յանձն չառաւ, որպէսզի չփառաւորուէր մարդկանց կողմից: Եւ երբ նաւ մտաւ Ասկաղոն գնալու համար, քամու բռնութեամբ ստիպուած եղաւ գնալ Սալամինա եւ սպասել ծովի ալիքներից վնասուած նաւի վերանորոգմանը: Եւ ահա այդ նոյն օրերին հաւաքուել էին Կիպրոս կղզու բոլոր եպիսկոպոսները Սալամինա քաղաքի համար եպիսկոպոս ընտրելու համար: Գելասիոսի վախճանուած խոստովանող եպիսկոպոսի փոխարէն նրանք ցանկանում էին նշանակել Պապ անունով մէկին, որը նշանաւոր էր իր սրբութեամբ, Քրիստոսի անուան համար իր վկայութեամբ եւ հալածանքներով: Այնժամ նա ինքը՝ երանելի Պապը, որն այնտեղ ժողովուած հայրերից մէկն էր, (նա Կիւթրիա աննշան քաղաքի եպիսկոպոսն էր, որը Սալամինայից հեռու էր հինգ մղոնով), կանգնեց ատեանի առաջ եւ ասաց. «Տէրն ինձ ցոյց տուեց Սալամինա քաղաքի արժանաւոր հովուին՝ հայր Եպիփանին, սքանչելի մարդուն, որն այժմ այս քաղաքում է: Ինձ հրաման տուէք, եւ ես նրան կը բերեմ այստեղ ու կը նստեցնեմ եպիսկոպոսութեան աթոռին»:
Երբ ժողովը հաւանութիւն տուեց, Պապ եպիսկոպոսն իր երկու սարկաւագների հետ շուկայում գտաւ Եպիփանին, որը խաղող էր գնում իր ընկերների համար: Եւ ասաց նրան. «Հա՛յր, թող քո ողկոյզը եւ մեր յետեւից արի Աստուծոյ եկեղեցին»: Եւ նա, յիշելով գրուածքը, թէ՝ «Ուրախացայ նրանց հետ, ովքեր ասում էին ինձ՝ Տիրոջ տուն գնանք», եւ առանց մի խօսք ասելու՝ գնաց ուրախութեամբ: Եւ երբ եկեղեցի մտան, ըստ եկեղեցականների օրէնքի Պապը Եպիփանին ասաց. «Աղօթի՛ր, հա՛յր»: Եպիփանը պատասխանեց. «Ների՛ր, հա՛յր, որովհետեւ ես եկեղեցու ժառանգաւոր չեմ»: Եւ երբ իմացաւ, որ նաեւ սարկաւագի աստիճանակարգ չունի, նրան մօտեցրեց սուրբ Սեղանին յանդիման, սարկաւագ ձեռնադրեց, եւ ապա խաղաղութիւն տալով՝ քահանայ ձեռնադրեց: Այնուհետեւ բոլոր եպիսկոպոսների միաբանութեամբ նրան Սալամինա քաղաքի եպիսկոպոս ձեռնադրեցին:
Եւ երբ նրան տարան եպիսկոպոսարան, սուրբ հայր Եպիփանը դառնապէս լաց եղաւ, որովհետեւ կորցրեց իր առանձնութիւնը: Իսկ երանելի Պապը մխիթարեց նրան եւ ասաց. «Քո եպիսկոպոսութեան կոչուելը Տէրն է ինձ յայտնել, եւ պէտք չէ ընդդիմանալ Աստուծոյ կամքին»: Այնուհետեւ Եպիփանը, որ թէպէտ ծեր էր մարմնով, սակայն ժիր՝ հոգով, լծուեց հօտի հոգեւոր ծառայութեանը, որ վստահուեց իրեն Տիրոջից: Արթնութեամբ տքնում էր գիշեր թէ ցերեկ, միշտ ձեռքին ունենալով սուրբ Աւետարանը՝ անդադար քարոզում էր կեանքի խօսքը, խրատում էր ստահակներին, ուսուցանում տգէտներին, բայց առաւելն այն էր, որ ասածները հաստատում էր սքանչելիքներով: Կիպրոս կղզում հիմնեց շատ վանքեր եւ բարեկարգելով զարդարեց շատ եկեղեցիներ: Անչափ էր նրա գութը աղքատների հանդէպ, մինչեւ անգամ վաճառում էր եկեղեցու սպասքը եւ բաշխում կարօտեալներին:
Երբ առաջին անգամ երանելի Եպիփան հայրապետը սուրբ Սեղան բարձրացաւ, յայտնապէս տեսաւ Սուրբ Հոգու շնորհների նշանը սուրբ Խորհրդի վրայ, որը կրկնւում էր ամէն իր պատարագելու ժամանակ, քանզի սկզբում ծածուկ աղօթքի ժամանակ, իսկոյն նրան յայտնութիւն էր լինում: Բայց մի օր, երբ երեք անգամ կրկնեց աղօթքի նոյն խօսքերը եւ տեսիլք չտեսաւ, պատուեց երկիւղով եւ արտասուքներով խնդրեց Աստծուց՝ իմանալ պատճառը: Ապա նայելով Սեղանի ձախակողմը՝ տեսաւ, որ Սեղանը սպասաւորող քշոցը ձեռքին սարկաւագներից մէկի ճակատը պատուեց բորով: Եւ ասաց նրան. «Որդեա՛կ, տո՛ւր ինձ քշոցդ եւ տուն գնա՛»: Նա գնաց, եւ ոչ ոք պատճառը չիմացաւ: Եպիփանը քշոցը տուեց մէկ այլ սարկաւագի, եւ նոյն պահին տեսաւ նշանը: Պատարագն արձակելուց յետոյ առանձին կանչեց այն սարկաւագին եւ յանդիմանելով հարցրեց, թէ՝ ի՞նչ անարժան գործ է արել, իսկ նա, ընկնելով սուրբի ոտքերը, խոստովանեց, որ այդ գիշեր սուրբ չի եղել իր լծակցի հանդէպ: Այնուհետեւ սուրբ Եպիփանը թէ՛ քահանաներին եւ թէ՛ սարկաւագներին պատուիրեց սուրբ պահել իրենց անձերը եւ ապա մտնել Սրբութիւն Սրբոց՝ Վարագոյրի ներքին կողմը կամ բեմի անջրպետից ներս:
Եպիփանի մասին այսքանը գրել է նրա Յովհաննէս աշակերտը: Եւ երբ նա մահիճ ընկաւ, իր գրածները սուրբից գաղտնի յանձնեց իր աշակերտակցին՝ Պողիբիոսին, որպէսզի իրենից յետոյ շարունակի իր գործը եւ աւարտին հասցնի: Այդպէս էլ եղաւ. Եպիփանի մասին պատմութիւնը շարադրեց նաեւ նա ինքը՝ Պողիբիոսը, որը յետոյ եպիսկոպոս եղաւ: Նրա վկայութեամբ սուրբ Եպիփան հայրապետը սովորութիւն ունէր դժուար դէպքերում երեսնիվայր գետին ընկնել եւ ելքի համար Աստծուց օգնութիւն խնդրել: Եւ երբ ձայն էր լսում, թէ՝ «Եպիփանէ՛, արա՛ այս կամ այն բանը», ոտքի էր ելնում եւ ուրախութեամբ կատարում:
Աստծուց հրաման առնելով՝ Սալամինայում մեծ եկեղեցի կառուցեց, որովհետեւ նախկինը փոքր էր եւ բաւական չէր բազմութեան համար: Կղզում բնակւում էր Դրակոն անունով հեթանոս մի իշխան, որը միշտ հակառակւում էր հայրապետին: Տեսնելով սուրբի հրաշագործութիւնը՝ իր մանկան կողերը հրակէզ ախտից եւ իրեն ամբողջովին բժշկելիս դարձի եկաւ եւ իր ամբողջ տան անդամներով մկրտուեց Եպիփանի ձեռքով: Ասւում է նաեւ Սիւնեսիոս իշխանի դարձի մասին, երբ տեսաւ սուրբի աղօթքներով յարութիւն առած իր որդուն:
Եպիփանի բուն վարքագրութեան մէջ, ինչպէս նաեւ Սոլոմենոսի գրքերում նրա մասին գրուած են նաեւ այլ բաներ՝ նման Յակոբ Մծբնացու կատարած հրաշագործութիւններին: Երբ Եպիփանը մի տեղով անցնելիս է եղել, նրան տեսել են երկու միմոսներ, որոնցից մէկն իր ընկերոջն ասել է. «Ես կ՚ընկնեմ որպէս մեռել, իսկ դու ինձ համար եպիսկոպոսից պատանք կը խնդրես»: Եւ նա այդպէս արեց: Իսկ սուրբն իր վերարկուն գցեց ընկածի վրայ եւ գնաց: Եւ ահա ընկածն իսկապէս մեռաւ: Ընկերը գնաց սուրբի յետեւից եւ արտասուագոչ ասաց. «Խնդրում եմ, վերցրո՛ւ քո հանդերձը եւ կեանք տո՛ւր մեռածին, որ պատժուեց մեր անզգամութեան պատճառով»: Իսկ Եպիփանն ասաց նրան. «Գնա՛, որդեա՛կ, եւ թաղի՛ր նրան, որովհետեւ նա մինչ այդ էլ՝ նախքան քո ինձնից ողորմութիւն խնդրելը, մեռած էր: Ես գիտէի, որ նա մեռաւ, այդ պատճառով պատանք տուեցի»:
Եպիփանը դարձի բերեց նաեւ Իսահակ անունով մի հրեայ գիտունի, որին մկրտելով՝ կարգեց եկեղեցու պաշտօնեաների դասում: Պատմում են, թէ սուրբ Եպիփանը գնացել է Հռոմ եւ բժշկել Մեծն Թէոդոսի դստեր անբուժելի հիւանդութիւնը: Մկրտել է Արկադէոս Ոնորիոս արքայորդիներին, իսկ վերադարձին Կոստանդնուպօլսում բժշկել է նաեւ նրանց հօրը՝ Թէոդոս արքային: Արկադէոս արքան մեծապէս ակնածում էր սուրբ Եպիփանից: Արքունի դռան հետ նրա մտերմութիւնը Եւդոքսիա թագուհուն համարձակութիւն տուեց, որ ընդդէմ Ոսկեբերանի՝ քաղաքի տիեզերալոյս պատրիարքի, Եպիփանին խորհրդակցութեան հրաւիրի, յատկապէս,որ սուրբ Եպիփանը Ալեքսանդրիայի Թէոփիլոս պատրիարքի հետ բարեկամութիւն ունէր, որը Ոսկեբերանի թշնամիների պարագլուխն էր: Միաժամանակ գժտութիւն կար Եպիփանի եւ Երուսաղէմի Յովհաննէս հայրապետի՝ Ոսկեբերանի մտերիմ բարեկամի միջեւ: Արդ այս ամէնում Եպիփանն այնուամենայնիւ արդար գտնուեց, որովհետեւ նրա մէջ ընդդէմ սիրոյ ատելութիւն չկար, այլ՝ պարզամտութիւն, որով էլ միառժամանակ հետեւեց թէոփիլեաններին: Սրանք իրենց բոլոր անկարգութիւնների պատճառը իբրեւ թէ համարում էին որոգինէսեան վարդապետութեան դէմ վրէժխնդրութիւնը, եւ թէ՝ միմեանց հակամէտ են երկու սուրբ հայրապետները՝ Ոսկեբերանն ու Երուսաղէմի Յովհաննէս պատրիարքը: Եւ քանի որ Եպիփանը որոգինէսեան աղանդը ոչնչացնող գլխաւորներից մէկն էր, այդ պատճառով խաբուեց թէոփիլեանների չարախօսութիւններից, ընդունեց Եւդոքսիա թագուհու հրաւէրը եւ կուսակից համարուեց նրանց:
Եւ եղաւ, որ Եպիփանն օթեւանեց թագուհուն պատկանող մի վանքում: Վանականները, որոնք հեռացել էին Ոսկեբերանից, խնդրեցին Եպիփանին՝ ձեռնադրութիւն անել, եւ ծերունին կատարեց նրանց խնդրանքը: Իմանալով այս մասին՝ Ոսկեբերանը մեղադրական գրութիւն ուղարկեց Եպիփանին, թէ իրաւունք չունէիր այլ թեմում ձեռնադրութիւն անել, իսկ Եպիփանը պատճառ բռնեց այլոց թախանձանքները եւ իրավիճակի անհրաժեշտութիւնը:
Լուր հասաւ Եւդոքսիային, թէ սուրբերի մէջ գժտութիւն է ընկել: Նա շատ ուրախացաւ, կանչեց Եպիփանին եւ, սաստիկ բարկութեամբ ու փրփրած, ասաց. «Հա՛յր Եպիփան, տեսնո՞ւմ ես, թէ ինչպէս է հռոմէական ողջ տէրութիւնը վեր ու վար լինում Յովհաննէս եպիսկոպոսի երեսից: Արդ, ինչպէս որ ինձ է պատկանում մարմնաւոր իշխանութիւնը, այնպէս էլ այս ողջ տէրութեան մէջ հոգեւոր իշխանութիւնը քեզ է պատկանում, որովհետեւ Յովհաննէսն իր հերձուածի պատճառով արժանի չէ այս արքայանիստ քաղաքի Աթոռին: Արտաքսի՛ր նրան, եւ Աստուած ում քեզ ցոյց է տուել, նրան տո՛ւր մեզ եպիսկոպոս»: Եպիփանը հեզութեամբ պատասխանեց նրան. «Դո՛ւստր, լսի՛ր ինձ համբերութեամբ՝ իբրեւ հօր: Ինչպէս դու ես ասում՝ եթէ Յովհաննէսը մեղաւոր գտնուի որպես հերձուածող եւ չզղջայ, արժանի չէ քահանայութեան: Այնժամ ես կ՚անեմ, ինչ կը հրամայի ձերդ մեծութիւնը, իսկ եթէ ինչ—ինչ թշնամութեան պատճառով կամենում ես Յովհաննէսին հեռացնել եկեղեցուց, ապա այդ բանում Տիրոջ ծառայ Եպիփանը քեզ խորհրդակից չի լինի: Եւ ա՛յս իմացիր, որ ինքնակալներդ առաւել պէտք է ներէք անիրաւութիւնները, որովհետեւ դուք եւս Տէր ունէք երկնքում, Ով թագաւորների Թագաւորն է եւ տէրերի Տէրը, Ում առաջ անդադար մեղանչում էք: Սակայն Նա համբերատար է ձեր հանդէպ, ինչպէս որ ասաց Իր Աւետարանում, թէ՝ “Գթած եղէք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է գթած“»: Այնժամ մոլեգնած թագուհին ասաց. «Հա՛յր Եպիփան, եթէ արգելք լինես Յովհաննէսին աքսորելու համար, ապա կը բացեմ կուռքերի տաճարները եւ հետինը նախորդից չար կը դարձնեմ»: Այս լսելով՝ Աստուծոյ այր Եպիփանը խցեց իր ականջները եւ թօթափեց օձիքը՝ ասելով. «Ես անպարտ եմ այս դատաստանից», եւ իսկոյն դուրս եկաւ պալատից ու շտապեց հեռանալ նաեւ քաղաքից: Իսկ Եւդոքսիան ներքինիների միջոցով լուր հասցրեց Յովհաննէսին, թէ Եպիփանը եւս ստորագրել է քեզ աքսորելու ամբաստանագիրը: Այդ պատճառով Ոսկեբերանը Եպիփանին գրեց. «Ո՛վ սքանչելիդ Եպիփան, որ յօժար եղար իմ անկմանը եւ ստորագրեցիր ինձ աքսորելու ամբաստանագիրը: Այսուհետեւ դու եւս չես նստելու քո Աթոռին»: Իսկ Եպիփանը նրան պատասխանեց. «Ո՛վ նահատակդ Քրիստոսի՝ Յովհաննէս, ճշմարտութեան վարդապետ, դու յաղթեցիր եւ պիտի յաղթես, որովհետեւ ինչպէս որ ես չեմ հասնի իմ Աթոռին, այնպէս էլ դու չես հասնի քո աքսորավայրը»: Աստուծոյ կամքով կատարուեցին երկու սուրբերի կանխասացութիւնները, որոնք միառժամանակ մարդկօրէն գժտուել էին միմեանց հետ, սակայն Հոգու հայեցողութեամբ զգացին միմեանց անմեղութիւնը եւ միմեանց վախճանի օրինակը. սուրբ Ոսկեբերանը երկրորդ անգամ իր տարագրման ժամանակ մեռաւ աքսորի ճանապարհին՝ թաղուելով Կոմանայում, իսկ սուրբ Եպիփանը մեռաւ նաւի մէջ՝ Կիպրոս վերադառնալիս:
Քանզի երբ Եպիփանը տեսաւ, որ թագուհու՝ ընդդէմ Յովհաննէսի ցասումը մարելու հնար չկայ, գնաց հրաժեշտի ողջոյն տալու Արկադէոս կայսրին: Ապա նոյն օրը նաւ նստեց՝ Կիպրոս գնալու համար, սակայն նաւի մեջ հիւանդացաւ: Կանչեց իր երկու աշակերտներին, նրանց հոգեշահ խրատներ տուեց եւ պատուիրեց, թէ ինչ պէտք է անէին իր վախճանից յետոյ: Իսկ նաւավարներին ասաց. «Աղօթէ՛ք, որդեակներ, որովհետեւ այսօր ծովում մեծ մրրիկ է լինելու, սակայն մի՛ վախեցէ՛ք, քանզի ձեզնից ոչ ոքի վնաս չի լինի»:
Եւ ահա, երբ արեւը մայր մտաւ, մեծ փոթորիկ սկսուեց, որից նաւը գրեթէ խորտակւում էր: Ալեկոծութիւնը տեւեց երկու—երեք օր: Այնժամ սուրբ Եպիփան հայրապետն ասաց. «Մինչեւ չկատարուի տէր Յովհաննէսի խօսքը, ծովի խռովքը չի դադարի»: Եւ ապա հոգեվարքի հասնելով՝ համբուրեց սուրբ Աւետարանը, որ միշտ պահում էր գրկում, պատուիրեց խնկարկել ու աղօթել: Փառք տուեց Աստծուն, օրհնեց Արկադէոս թագաւորին, բոլոր քրիստոնեաներին ու նաւում գտնուողներին: Ապա ողջոյն տալով բոլորին՝ հարիւր տասնհինգ տարեկան հասակում աւանդեց հոգին Աստուծոյ ձեռքը: Անմիջապէս հանդարտուեց ծովը, եւ խաղաղութիւն տիրեց:
Արդ, երբ նաւը Կիպրոսի նաւահանգիստ հասաւ, Կոստանդիա քաղաքում, Եպիփանի Սալամինայի Աթոռում եւ ամբողջ Կիպրոս կղզում տարածուեց սուրբի փոխման մասին լուրը: Անհամար բազմութիւնը խնկերով եւ մոմերով ընդառաջ ելաւ նրան: Երանելուն ցամաք հանեցին եւ մեծապէս սգացին նրա վրայ: Ասում են, թէ երեք կոյրեր կանչեցին նրա անունը՝ ասելով. «Ո՛վ սուրբդ Աստուծոյ, արա՛ այնպէս, որ մենք եւս արժանի լինենք երկրպագելու քո սուրբ նշխարների առաջ», եւ անմիջապէս բացուեցին նրանց աչքերը:
Սուրբի մարմինը հանդիսաւոր բերեցին իր կառուցած մեծ եկեղեցին, ամփոփեցին մի տապանում եւ տեղ պատրաստեցին տաճարի մէջ: Եւ այնժամ հակառակութիւն ծագեց, քանզի սուրբ հայրապետն իր կենդանութեան օրօք պատժել էր Այետիոս եպիսկոպոսին՝ վաղենտիանոսների աղանդին յարելու համար, ինչպէս նաեւ նրա համախոհներին, այլ աղանդաւորներին: Արդ, սուրբի թաղման ժամանակ երկու մարդիկ՝ Ղոնդինոսը եւ Պետրոնիոսը, որ առերես «հեռացել» էին վաղենտիանոսների աղանդից, ընդդիմացան՝ պնդելով, թէ եկեղեցու մէջ որեւէ մէկին թաղելու օրէնք չկայ: Իսկ եկեղեցու միաբանութիւնը վիճաբանում էր նրանց հետ՝ ասելով, թէ այդ օրէնքը չի տարածւում սուրբերի վրայ: Տասնօրեայ հակառակութիւններից յետոյ, երբ պատրաստւում էին թաղել սուրբին, այն երկու մարդիկ բռնութեամբ քաշեցին տապանակից եւ չէին կամենում թոյլ տալ: Այնժամ երբ Սաբինոս սարկաւագը նախանձախնդրութեամբ աղօթեց սուրբին, այդ մարդիկ պատժուեցին չարաչար հարուածներով եւ արագ վախճան ունեցան: Իսկ քահանաները սաղմոսներով եւ հոգեւոր երգերով սուրբի տապանակը դրեցին պատրաստուած տեղում եւ այս ամէնի մասին գրութեամբ հաղորդեցին Արկադէոս կայսրին: Նա քառասուն օր սուգ պահեց Մեծ Եպիփանի մահուան համար, ապա հրովարտակ ուղարկեց Սալամինայի եկեղեցու միաբանութեանը, որում յայտնում էր իր լիովին հավանութիւնը Աստուծոյ եկեղեցում սուրբին թաղելու համար:
Արդ, սուրբ Եպիփանը, որ Աթոռի անունով Կիպրացի է կոչում, վախճանուեց Տիրոջ 403 թուականի մայիսի տասներկուսին: Կիպրոսի Կոստանդիա քաղաքի Աթոռը նրանից յետոյ զբաղեցրեց Սաբինոսը: Սուրբ հայր Եպիփանն իր լուսաւոր վարդապետութեամբ անմոռաց յիշատակ թողեց Եկեղեցում, որովհետեւ թողեց հարուստ մատենագրական ժառանգութիւն: Բազմաթիւ են ներբողեան ճառերը Փրկչի տնօրինական տօների մասին, ինչպէս նաեւ խրատական ճառերը ողորմութեան եւ այլ առաքինութիւնների մասին: Գրեց գրքեր՝ ուղիղ հաւատի եւ վարքի մասին, սամոսների մեկնութիւններ, ընդդէմ բոլոր հերձուածների եւ մինչեւ իր օրերը եղած աղանդների մասին ու բազում այլ պիտանի եւ հոգեշահ գրքեր, որոնցից շատերը հասել են մինչեւ մեր օրերը եւ արդարապէս դասուեց Եկեղեցու տասներկու վարդապետների շարքում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Եպիփան Կիպրացու յիշատակը տօնում է տարուայ մէջ երկու անգամ՝ Հոգեգալստեան տօնի երրորդ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը եւ հոկտեմբեր ամսուայ վերջին շաբաթ օրը՝ տասներկու վարդապետների հետ:
Աղբյուր՝https://shavigh.am/