Իմաստ. Սողոմոնի 8.7-10
7 Եթէ մարդ արդարութիւն է սիրում, ապա արդարութեան վաստակի արդիւնքը առաքինութիւնն է, որովհետեւ նա է, որ սովորեցնում է գիտութիւն եւ խոհեմութիւն, արդարամտութիւն եւ արիութիւն, որոնցից առաւել պիտանի բան չկայ մարդու կեանքում. 8 իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտէ անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը: 9 Եւ ահա ես որոշեցի, որ նա կեանքում անբաժան լինի ինձնից՝ գիտակցելով, որ նա բարի խորհրդատու կլինի ինձ համար եւ կմխիթարի ինձ հոգսերից եւ տրտմութիւնից: 10 Ես նրա շնորհիւ փառք կվաստակեմ ժողովրդի մէջ եւ պատիւ՝ ծերերի առջեւ:
Նավում 1.7-9
7 Բարեհաճ է Տէրը նրանց նկատմամբ, ովքեր ապաւինում են նրան նեղ օրերին. նա ճանաչում է իրենից երկիւղ կրողներին: 8 Հեղեղով վերջ կտայ իր դէմ ըմբոստացածներին, եւ խաւարը կհալածի նրա թշնամիներին: 9 Ի՞նչ էք խորհում Տիրոջ դէմ. ինքն է վերջ տալու եւ կրկին անգամ վրէժ չի լուծի նեղութեան մէջ:
Ա Կորնթացիներ 12.4-11
4 Թէեւ կան շնորհների զանազանութիւններ, բայց պարգեւող Հոգին նոյնն է: 5 Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում: 6 Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած, որ գործում է ամէն բան ամէնքի մէջ: 7 Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն իւրաքանչիւրի օգուտի համար: 8 Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, միւսին՝ գիտութեան խօսք՝ նոյն Հոգուց, 9 միւսին՝ հաւատ՝ նոյն Հոգով, միւսին՝ բժշկումների շնորհ՝ նոյն Հոգով, 10 միւսին՝ զօրաւոր գործերի կարողութիւններ, միւսին՝ մարգարէութիւն, միւսին՝ հոգիները զանազանելու շնորհ, միւսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խօսելու շնորհ, միւսին՝ լեզուների թարգմանութեան շնորհ: 11 Բայց այս ամէնը միեւնոյն Հոգին է առաջացնում եւ բաժանում իւրաքանչիւրին, ինչպէս որ կամենում է:
Ավ. ըստ Մարկոսի 6.45-52
45 Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր: 46 Եւ բաժանուելով նրանցից՝ լեռ բարձրացաւ աղօթք անելու: 47 Երբ երեկոյ եղաւ, նաւակը ծովի մէջտեղում էր, իսկ ինքը՝ ցամաքի վրայ: 48 Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել-գնալ: 49 Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ մի ուրուական է, եւ աղաղակ բարձրացրին, 50 որովհետեւ ամէնքը տեսան նրան եւ խռովուեցին: Եւ նա իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: 51 Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց: Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին, 52 քանի որ մտքները բթացած լինելով՝ չէին հասկացել նաեւ այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը: