17. Եղիայ մա՛րդ էր իբրև զմեզ չարչարելի՛. և յաղօթս եկաց, և ո՛չ տեղեաց յերկիր զերիս ամս և զվեց ամիս:
18. Եւ դարձեալ եկաց յաղօթս՝ և ետո՛ւն երկինք զանձրև՝ և բուսայց երկիր զպտուղ իւր:
Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակա. նա աղոթեց, ու երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց: Ապա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը:
Երբ ասաց, թե արդարների աղոթքները շատ ազդեցիկ են օգնելու համար, և օրինակ չբերեց, թե որքան ազդեցիկ են, այդ պատճառով էլ այստեղ է դա անում և օրինակ է բերում ոչ թե որևէ անհատի, այլ՝ համաշխարհային և բոլորին հայտնի մեկի: Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակա: Թեև մարգարե էր, ասում է, Աստծու փառքին նախանձախնդիր, սակայն մեր բնությունից տարբեր և առավել որևէ բան չուներ, քան մենք ենք Աստծու կողմից ստեղծված, ուստի և մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակա, և վաղանցուկ բնությամբ, և այդ պատճառով կարիքներ ունեցող և դրանց ախտերին ծառա դարձած: Քանզի սովը սպառնում էր նրան, ինչպես մեզ, և ծարավը՝ տանջում, ցուրտն ու մերկությունը տառապանք էին պատճառում, և ցանկություններն էին տիրում ու մահվան երկյուղի պատճառով փախչում էր, սակայն ինքնիշխան կամքով այնքան զորացրեց իր մեջ բարին՝ բնությանը հակառակ խորհելով և Աստծու կամքը կատարելով, մինչև որ անհնարին ոչ մի պատշաճ բան չկար իր համար, այլ ինչ Աստծուց խնդրում էր սրբությամբ, Աստված տալիս էր նրան: Ուստի մերթ խրոխտացավ մահվան դեմ և հալածեց նրանց՝ հարություն տալով մեռելին, մերթ տեսնելով Իսրայելի կռապաշտությունը՝ հղփության պատճառով առաջացած, նախանձախնդրություն ունեցավ Աստծու համար, և ցանկացավ իրենց կամքին հակառակ իրենց ամբարտավանությունը խոնարհեցնել սովի միջոցով և ապաշխարության բերել: Այդ պատճառով աղոթքի կանգնեց և ասաց. «Կենդանի է Տեր Աստվածը, որի առջև կանգնում եմ, եթե այս տարիներին ցող իջնի կամ անձրև գա, ապա դա կլինի միայն իմ խոսքով» (Գ Թագ. 17:1): Այս ձայնը ելավ աստվածապաշտ բերանից և կապեց երկինքը, և ցամաքեցրեց վերին երկինքը և անանձրև դարձրեց այն երկրի վրա և խախտեց հավիտենական սահմանը և խափանեց Աստծու արարչությունը երեք տարի և վեց ամիս: Ուստի երկրի վրա այդքան ժամանակ անձրև չտեղաց, և ինչո՞ւ այդքան ժամանակ, որպեսզի ճշմարտության թշնամիներից մեկը չասի, թե այսպիսի բաներ շատ անգամներ են եղել և լինելու են մինչև աշխարհի վերջը, քանզի երեք տարի և վեց ամիս երբեք երաշտ չի եղել, բայց միայն Հովսեփի ժամանակ Եգիպտոսում՝ որպես նշան, և այլևս ոչ էլ կլինի:
Ուստի գիտե բարերարն իր մարդասիրությամբ չափել մարդկային վտանգները՝ ըստ իրենց մեղքերի և վերացնել դատապարտությունը: Նա նաև բազմաթիվ անգամներ արժանիքները հաշվի չառնելով՝ ցույց է տալիս իր նախախնամությունը, քանզի ոչ ըստ մեր մեղքերի է հատուցում և ոչ էլ ըստ անօրինությունների, այլ փոքր-ինչ տանջում է մեղքի համար և առավել շատ պարգևների արժանացնում՝ ըստ իր մարդասիրության:
Իսկ Եղիան միամիտ մարդ էր՝ նախանձախնդրությամբ բորբոքված և կրքերով, այդ պատճառով էլ անողոք դատում էր իր ազգակիցներին և չէր զղջում՝ երկիրն ապականված տեսնելով և երաշտից չորացած, որ չի աճեցնում իրեն բնորոշ բույսերը, և ամեն կենդանի մարդ, անասուն, ոչխար ու եզ, բոլոր սողունները ոչնչանում էին, քանզի ամենօրյա վարար գետերը և մշտաբուխ աղբյուրները ցամաքել էին, երկրի խորքերը՝ ճաքել, արեգակի տապն իրենց մեջ էին կլանել, այդ պատճառով էլ ոչ մի դալար բույս չէր աճեցնում մարդկանց և կենդանիներին կերակրելու համար:
Ապա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը: Տեսնո՞ւմ ես արդարի աղոթքի զորությունը, թե ինչպես էր երկնքի շտեմարանապետ դարձել՝ փակելու և բացելու այն: Փակել կռապաշտությամբ մեղանչածների և անօրինացածների համար, և բացել զղջացողների և բարիքներից հեռանալու համար ապաշխարողների առաջ: Եվ Արարիչն իր անճառ խոնարհությամբ լսում և հավանում էր իր մտերիմ և հեզ ծառային: Ուստի և ասաց. ապա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը: Այս ասելով՝ հայտնում է, որ ինչպես աղոթքով փակեց երկինքը, այդպես էլ նորից աղոթքով բացեց՝ իր սովորական անձրևը տեղացնելով երկրի վրա:
Բայց տեսնենք, թե ե՞րբ աղոթքի կանգնեց, որպեսզի բացի երկինքը: Այն ժամանակ, երբ նրա մոտ եկավ Աքաբ թագավորը և ասաց. ««Այդ դո՞ւ ես Իսրայելը տակնուվրա անողը», Եղիան ասաց. «Ես չեմ, այլ՝ դու և քո հոր տունը»» (Գ. Թագ. 18:17-18), և սաստկորեն հանդիմանեց նրան իր և իր հայրերի կռապաշտության համար և մեծ նշանով՝ ողջակեզի միջոցով կատարված, մարգարեներին ամոթահար արեց և ասաց Աքաբին. ««Ելի՛ր, կե՛ր ու խմի՛ր, որովհետև անձրևի ձայն է լսվում»: Աքաբը ելավ, որ ուտի և խմի…իսկ նա մինչև գետին խոնարհվեց, երեսն առավ ծնկների մեջ ու ասաց իր ծառային. «Ելի՛ր ու նայի՛ր ծով տանող ճանապարհի կողմը»: Ծառան ելավ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկա»: Եղիան ասաց. «Դու յոթ անգամ արա՛ դա»…Եվ յոթներորդ անգամը հազիվ լրացած, մարդու ձեռքի չափ մի փոքրիկ ամպ ջուր էր կաթեցնում: Եղիան ասաց. «Գնա՛ ու ասա՛ Աքաբին. «Լծի՛ր քո կառքերն ու հեռացի՛ր, որ անձրևի չբռնվես»»: Երբ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և սաստիկ անձրև սկսեց տեղալ» (Գ Թագ. 18:41:47):
Տեսնո՞ւմ ես արդարի աղոթքի օրինակը, թե որքան զորություն ուներ: Արդ, եթե նա, որ օրինակն էր ու ստվերը, այդքան պայծառացավ աղոթքով, և երևելի ու հռչակավոր եղավ աշխարհի բոլոր կողմերում, ապա որքա՞ն առավել Ճշմարտության աշակերտներս, որ առաքինություն կրենք մեր անձերում՝ Աստծուն հաճելի կերպով կատարելով և ըստ նրա կամքի ընթանալով: Նրա պես հրաժարվենք այդպիսի մարմնավոր բազմախաբ զբաղմունքներից՝ նախանձախնդիր լինելով Աստծու պատվիրաններին, որպեսզի մենք էլ չլուծարենք ոչ մի պատշաճ բան և ուրիշներին էլ թույլ չտանք լուծարել և կամ արհամարհողներին համբերել:
Այսուհետև մարմնավոր կամ անցողիկ որևէ բան չխնդրենք նրանից մեր աղոթքներում, կամ նրա աստվածությանն անարժան որևէ բան, այլ Աստծուն արժանի, պատշաճ և պիտանի բաներ՝ թե՛ մեր և թե՛ որևէ այլ մեկի համար: Եվ խնդրելուն հավատով մոտենանք, այլ ոչ թե երկմտությամբ, քանզի եթե հավատանք, որ կստանանք, և այդպիսի հույսով, խոնարհությամբ և արտասուքներով պաղատենք, ապա հնարավոր չէ, որ չստանանք: Իսկ եթե իսկապես չստանանք, ապա դա մեղադրանք է մեր անձերի համար, այլ ոչ թե տվողի, քանզի նրա կողմից ամեն ինչ պատրաստ է, եթե միայն մենք չխոչընդոտենք խնդրվածքին:
19. Եղբա՛րք իմ, եթէ ոք ի ձէնջ մոլորեսցի ի ճանապարհի ճշմարտութեան, և դարձուսցէ ոք զնա:
Եղբայրնե՛ր իմ, եթե ձեզնից մեկը շեղվի ճշմարտության ճանապարհից, իսկ մեկ ուրիշը նրան ետ բերի:
Աստծու և ընկերոջ սիրո մեծագույն և կարևոր պատվիրանների կատարումը վերջում է դնում, որպեսզի դրանով սովորեցնի, որ բոլոր խրատների պատճառը և վարդապետության գլուխն ու լրումը ընկերոջը մեղքից ետ դարձնելն է: Այդ պատճառով էլ ընտանիքի անդամների պես է կոչում՝ ասելով. եղբայրնե՛ր: Այսինքն, եթե Աստծով իրապես եղբայրներ ենք, ապա պարտավոր եք մտապահել այն, ինչ ասում եմ. եթե ձեզնից մեկը շեղվի ճշմարտության ճանապարհից:
Ճշմարտության ճանապարհ Քրիստոսին է կոչում, և կամ նույն ինքը՝ Քրիստոսն է արքունական պողոտան, որ դեպի վերին գավառ է մեզ տանում, ուստի և հրաման ստացանք աջ և ձախ չշեղվել, այլ միջին ճանապարհով գնալ, որով և մեր Տերն էլ գնաց, նրանով, որ ինքն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (տե՛ս Հովհ. 14:6):
Արդ, ասում է. եթե ձեզնից մեկը շեղվի այս ուղիղ ճանապարհից բանսարկուից պատրվելու պատճառով և այլ ուղղությամբ գնա՝ մոլորվելով ձախակողմյան կամ աջակողմյան ճանապարհներով, և Աստծու կամքին հակառակ գործի՝ ձեռնամուխ լինելով զանազան անտանելի մեղքերի, և եթե մեկը ցավակից լինելով նրան ինչպես հարազատ եղբոր, խրատի, համոզի և հանդիմանի, և եթե այդպես պատահի, որ սաստելով և հանդիմանելով այդ մեղքից ետ դարձնի՝ վերստին ճշմարիտ ճանապարհի վրա դնելով և հաստատելով առաջին կարգին և կրոնին, ապա այդպիսին Աստծու բերան կկոչվի, ինչպես որ գրված է. «Եթե անարգի միջից դուրս հանես պատվականը, կլինես ինչպես իմ բերանը» (Երեմ. 15:19):
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը