Որ Քրիստոսանուէր կոչմամբն ծագեցար որպէս զարեգակն՝
Եւ լուսաւորեցեր զՀայաստան աշխարհս աստուածգիտութեամբ.
Տէր սուրբ Գրիգոր, անդադար բարեխօսեա վասն անձանց մերոց:
Որ քոյին առաքինասէր ճգնութեամբդ
Վերափոխեցար ի լուսեղէն յերկնային խորանսն.
Տէր սուրբ Գրիգոր, անդադար բարեխօսեա վասն անձանց մերոց:
Ով երջանիկ տէր սուրբ Գրիգոր՝
Սրբութեանցդ պաշտօնեայ եւ առաջնորդ բանաւոր հօտի.
Զքեզ ունիմք բարեխօս առ Յիսուս Միածինն. եւ աղաչող վասն քո ուխտաւորացս:
(Շարակնոց)
Մեր սուրբ հայրապետ Գրիգոր Լուսաւորիչը Հայոց աշխարհը, ինչպէս նաեւ վրաց, աղուանից, յունաց, պարսից, քուրդ, ասորի եւ այլ ազգերին լուսաւորելուց յետոյ շինեց եկեղեցիներ եւ ձեռնադրեց աւելի քան չորս հարիւր երեսուն եպիսկոպոսներ, բազմաթիւ քահանաներ ու սարկաւագներ: Իր կրտսեր որդուն՝ Ռստակէսին, կարգեց հայրապետական Աթոռին եւ ինքը գնաց Գլակայ վանքը, որը նա շինել էր սուրբ Կարապետի անունով ու այնտեղ դրել նրա նշխարները: Սակայն սուրբ Անտօնն ու Կրօնիդէսը նրան թոյլ չէին տուել մնալ եւ ասալ էին. «Ե՛լ, գնա՛ մի աւելի խոր անապատ, որպէսզի առաւել չփառաւորուես մարդկանց կողմից»: Եւ նա գնաց Սեպուհ լեռը ու բնակուեց Մանեայ այրում, որտեղ բազում տարիներ ապրեց բուսակերութեամբ եւ մարդկանցից ծածուկ: Այնտեղ էլ աւարտեց իր կեանքը, իսկ նրա մարմինը երկար ժամանակ մնաց մի գիհու փորուածքում, որը հովիւները, գտնելով ու չիմանալով նրա ով լինելը, ծածկեցին քարերով:
Ինչպէս որ համառօտ ակնարկում է նաեւ Խորենացին, հովիւները, նրան վախճանուած գտնելով, թաղեցին նոյն տեղում՝ չիմանալով նրա ով լինելը: Այդ իսկ վայելում էր հովիւներին, որովհետեւ նրանք, լինելով մեր Փրկչի խորհրդածուները, արժանի եղան լինելու Նրա աշակերտի յուղարկաւորման սպասաւորները: Այս մասին աւանդում է Տէր Իսրայէլը՝ հետեւեալ տեղեկութիւններով. «Երբ երանելին, մարդկանցից անտես, ննջեց լերան վրայ, Աստուծոյ հրամանով հովիւները գտան նրան ինչպէս կենդանի, դէմքով նստած դէպի Արեւելք, իսկ առաքելական աջը խաչանման պահած աստուածատիպ պատկերի վրայ: Տեսան պատուական փայտից սուրբ Սեղան, փայտէ սկիհ, մաղզմայ՝ ծածկուած մետաքսէ եւ ոսկէթել մաքուր կտաւներով, ոսկէթել ծածկոց՝ վուշէ դաստառակով ծալուած եզրերով, որ դրուած էր կտաւէ պահոցում: Ձախ ձեռքին ունէր գաւազան եւ հենուած էր ծնկների վրայ: Եւ հովիւները, որոնք թուով եօթն էին, միմեանց ողբաձայն ասացին. «Գտել ենք մի սուրբ ծերունու, որն, անշուշտ, Աստուծոյ մարդն է»: Լալով ողջոյն էին տալիս նրան, խօսում էին սուրբ անօթի հետ ինչպէս կենդանի մարդու եւ նրանից օրհնութիւն խնդրում իրենց որդիների, ընտանիքների եւ հօտերի համար: Ապա սթափուելով արիացան, հաւաքեցին ու բերեցին մեծամեծ քարեր եւ, Աստծուց իմաստութիւն ստանալով, նրա շուրջը շինեցին բարձր գմբեթաձեւ շինուածք, որպէսզի մարդկանցից կամ գազաններից մէկը չմօտենայ: Այդ օրն ամրացրին գմբեթը, ապա երկրպագելով սուրբին՝ գնացին իրենց վրանները ու պատմեցին բոլորին՝ փառաւորելով Աստծուն:
Հետեւեալ օրը եկան իրենց բոլոր հօտերով, քարերի ծերպերի միջով նայելով՝ երկրպագեցին ու խնկարկեցին սուրբին: Գմբեթի վրայ փոքրիկ բլրի պէս մանր քարակոյտ լցրին, որպէսզի անձրեւն ու ձիւնը չանցնեն մանրախիճ քարակոյտի միջով եւ ապա երկրպագելով սուրբ նշխարներին՝ գնացին ու գոհացան Աստծուց, որ արժանացրեց իրենց պատուով գերեզմանել եւ սպասաւորել մեծ քահանայապետին ու Քրիստոսի վկային: Թէպէտ անուանապէս չգիտէին նրա ով լինելը, սակայն նրան սպասաւորեցին իբրեւ սուրբի: Եւ Աստուծոյ հրամանով սուրբը պահուեց այնտեղ իբրեւ տապանում: Նաեւ «Յայսմաւուրք»-ն է ասում, թէ հովիւներից ոմանք նրա մարմինը գտան գիհու փորուածքի մէջ եւ, չիմանալով նրա ով լինելը, քարերով ծածկեցին այդ տեղը»:
Տեղին է առաջ բերել Մովսէս քերթողահօրը եւս, որը գրում է. «Ինչպէս Մովսէսը Հնում, այնպէս էլ սուրբի նշխարները ծածկուած եղան աստուածային տնօրինութեամբ, որպէսզի պաշտելու համար ուրիշները չտանեն դրանք մեր նորահաւատ խուժադուժ ազգից: Իսկ երբ հաւատքը հաստատուեց այս կողմերում, շատ տարիներ անց սուրբ Գրիգորի նշխարները յայտնի դարձան Գառնիկ անունով մի ճգնաւորի, որը դրանք բերեց Թորդան աւանը»:
Ըստ աւանդութեան՝ այս Գառնիկը Բասեն գաւառից էր: Սուրբ Գրիգորը տեսիլքով յայտնուեց նրան եւ ասաց. «Ե՛կ, դո՛ւրս բեր ինձ այստեղից ու տար թաղի՛ր Թորդանում»: Եւ այդպէս արեց. սուրբերի բազմութեամբ, որ հաւաքուած էին այնտեղ, նա մեծ պատուով տարաւ դրեց եկեղեցում, որտեղ մեծ հրաշքներ կատարուեցին բոլոր հիւանդների եւ ախտահարուածների վրայ: Արդ, ինչպէս գիտենք Խորենացու հաւաստի խօսքից, սուրբ Լուսաւորչի նշխարների փոխադրութիւնը Թորդան եղել է նախքան իր օրերը, թերեւս Սահակ Մեծի կաթողիկոսութեան օրօք եւ հայոց Արշակունիների թագաւորութեան վերացման ժամանակներում, որը եղել է սուրբ Գրիգորի վախճանից մօտ հարիւր տարի անց: Յայտնի է նոյնպէս Ղազար Փարպեցու արժանահաւատ վկայութիւնից, ըստ որի Լուսաւորչի գլխաւոր նշխարները Վաղարշապատ են փոխադրուել սուրբ Վարդանանց օրերին:
Հայրապետները սովորութիւն ունէին, որ երբ հայոց բանակը պատերազմ էր գնում եւ վերադառնում էր յաղթանակով, նրա առջեւից կամ նրան ընդառաջ կենսատու խաչի պատուական նշանի հետ դուրս էին բերում Քրիստոսի առաքելանման ճգնազգեաց նահատակի նշխարները: Երբ 450 թուականին հայ նախարարները կեղծ ուրացութեամբ վերադառնում էին Պարսկաստանից, Բագրեւանդի մէջ նրանց դիմաւորող եկեղեցականները խաչին նշանի հետ տանում էին սուրբ Գրիգորի նշխարները: Նոյնպէս Յովհան Մանդակունին սպարապետ Վահան Մամիկոնեանին Հայաստան եկած ժամանակ սուրբ Խաչի նշանից բացի՝ նրան դիմաւորել է ճգնազգեաց նահատակ սուրբ Գրիգորի նշխարներով:
Փարպեցուց յետոյ եղած հայոց բոլոր պատմիչները միաբան գրում են, թէ Բաբգէն կամ Սամուէլ կաթողիկոսների օրօք Զենոն կայսրը հայերից խնդրել է սուրբ Գրիգորի նշխարները: Սիրով ու մեծ յոյսով բորբոքուած՝ կայսրը մեծ զօրքի բազմութեամբ ուղարկել է իշխաններին, որպէսզի նրանք պատուասիրութեամբ իր մօտ՝ Կոստանդնուպօլիս փոխադրեն սուրբ Լուսաւորչի մասունքները: Եւ կայսեր մարդիկ գալով, մեծ պատրաստակամութեամբ, ինչպէս պատուիրել էր կայսրը, ցանկացել են կատարել իրենց հրամայուածը: Սակայն երկրի բնակիչները եւ ամբողջ հայ ազգը թոյլ չեն տուել՝ յուզումներ ու խռովութիւն առաջացնելով եւ ասելով. «Թոյլ չենք տայ, որ մեր բարիքն այլոց համար փառք ու պատիւ լինի»: Եւ այդպէս թոյլ չեն տուել, որ կատարուի կայսեր կամքը: Բայց ոմանք էլ ասում են, թէ նրանց տուել են աղուանից Գրիգոր կաթողիկոսի նշխարները, ոմանք էլ, թէ արշարունեաց Գրիգորիս եպիսկոպոսի նշխարները, եւ ըստ ոմանց էլ՝ մեր Լուսաւորչի նշխարները, թէպէտ հաւանելի է այն կարծիքը, թէ տարել են Լուսաւորչի նշխարների մի մասը, բայց մեծ մասը դեռեւս մնացել է Հայոց երկրում:
Ինչպէս քանանացիները տապանակի շուրջ առաջացած խնդիրը լուծեցին երինջների միջոցով (տես. Ա Թագ. Զ 10), այդ նոյն խորհրդով հայերը սանձեր են կապել բաշերը կտրած ջորիներին ու նրանց լծուած սայլի մէջ դրել սուրբի մասունքները, պայման ունենալով այն նշանը, որ եթէ նրանք անշեղ գնային արքունի ճանապարհով, ուրեմն այդ էր բարին, իսկ եթէ գնային զարտուղի ճանապարհով, ապա թող Տէրն իր կամքով տանէր այնտեղ, ուր կը կամենար: Ըստ այդ խորհրդի՝ երինջները գնացել եւ կանգնել են բարձրաբերձ մի վայրում, մի բլրակի վրայ, որը մինչ օրս Ջորեհանգիստ է կոչւում:
Եւ ըստ Զենոբի պատմութեան՝ ինչպէս որ Տիրոջ կողմից յայտնուած սուրբ Յովհաննէս Կարապետի մասունքները, որ ամփոփուած են մի բարձրադիր վանքի մատուռում, բոլոր կողմերից նայում ու պահպանում են գաւառը, այնպէս էլ սուրբ Գրիգորի մասունքներն ի տես ամենքի՝ ամփոփուած են Ջորեհանգիստ կոչուած վայրում, որպէսզի ովքեր հաւատով նայեն, ստանան Աստուծոյ խնամարկութիւնը: Եւ ինչպէս պատմում են, կատարուեց մեր սուրբ Լուսաւորչի մարգարէական խօսքը, քանզի այդ տեղում, ուր բնակւում էին Յոհան եւ Սիմէօն ճգնաւորները, սուրբ Գրիգորը եղել էր նրանց մօտ եւ երբ պէտք է վերադառնար, նրանք թախանձագին ասել են. «Գրիգորիո՛ս, հնարաւո՞ր է, որ դարձեալ մեզ այցելութեան գաս»: Իսկ սուրբը պատասխանել է. «Եթէ հոգովս չգամ, ապա մարմինս կը գայ ձեզ մօտ»:
Միայն այս, թէ այլ ծածուկ պատճառներ եւս կային, Աստծուն է յայտնի: Իսկ խօսքիս վկայ է այն, որ յունաց կայսեր հրամանով այդ վայրում շինուել է բարձրաբերձ ու զարմանահրաշ եկեղեցի՝ ի պատիւ մեր սուրբ հօր եւ հոգիների լուսաւորչի, քանզի ամէն բան հաւատով, յոյսով եւ սիրով կատարւում է Աստուծոյ փառքի համար: Զենոն կայսեր օրօք, որը Մեծ Կոստանդիանոսից յետոյ եղել է տասներորդ գահակալը, մեր սուրբ Լուսաւորչի նշխարների շատ թէ քիչ մասը տարուել է Բիւզանդիա: Այս ամէնն իրագործուել է Աստուծոյ փառքի համար՝ սուրբ Գրիգորի ննջումից յիսունվեց կամ քիչ աւելի տարիներ անց:
Իսկ նրա նշխարների վերադարձը եղել է այդ դէպքերից մօտաւորապէս երկու հարիւր եօթանասուն տարի անց՝ Աշոտ Վերջինի կամ Սմբատի ժամանակներում, կամ էլ նրանցից շատ տարիներ առաջ եղած այլ Աշոտի կամ Սմբատի օրերում: Ստոյգն ասել չեմ կարող, բայց երբ էլ դա եղած լինի, սքանչելի է Աստուած Իր սուրբերի մէջ, եւ Իր անուան փառքի համար Նա ամէն ժամ փառաւորում է Իրեն փառաբանողներին, ինչպէս որ տեսանելի է մեր հոգեւոր հօր եւ մեր հոգիների լուսաւորիչ երանելի Գրիգորիոսի մօտ:
Ինչպէս պատմութիւնն է ասում, հայոց 325 թուականին (Տիրոջ 876 թուականին) յունաց Վասիլ կայսրն իր Նիկոդիմոս անունով ներքինուն է ուղարկում հայոց Աշոտ իշխանի մօտ: Հանդիպելով նրան Արշարունեաց Զարեհուան աւանում՝ կայսերական հրամանները յայտնելուց յետոյ ասում է. «Ուզում եմ Ձերդ մեծութեանը պատմել հայոց մեծ լուսաւորիչ Գրիգորի եւ ձեր նախապատիւ վարդապետի մասին: Միքայէլ կայսեր ժամանակներում (Վասիլ կայսեր նախորդը, 842թ.) նրա Նիկոդիմոս անունով ներքինապետն ունէր մի ընդոծին պատանեակ, որը տառապում էր պիղծ այսերի կողմից: Սրան ոչ ոք չէր կարողացել բժշկել, ինչպէս որ Աւետարանում պատմուող տեռատես կնոջը: Եղաւ, որ նա Նիկոդիմոսի հետ եկաւ թագաւորանիստ Դափ քաղաքը, որտեղ կային երեք կառուցուած եկեղեցիներ: Նրանցից մէկը կոչւում էր միասնական Սուրբ Երրորդութեան, երկրորդը՝ սուրբ Ստեփաննոս նախավկայի եւ երրորդը՝ կենսաբեր Խաչի անունով: Նրանք մտան Սուրբ Երրորդութեան անուան կաթուղիկէ եկեղեցին, որտեղ մեծապատիւ տօնի օրը աղօթքով տօնակատարութիւն անելու համար ժողովրդի մեծ բազմութիւն էր հաւաքուել: Եկեղեցում արծաթապատ մարմարէ մի տապանակ կար, որի մէջ կարծւում էր, թէ կային որոշ սուրբերի նշխարներ, սակայն չգիտէին նրանց անուններն ու ժամանակները: Եւ երբ նրանք մօտեցան, յանկարծ պատանին, աղաղակելով, ցնցուելով ու գալարուելով, ուժգին գոչեց. «Ով մեծդ Գրիգորիո՛ս, Հայոց աշխարհից եկար ինձ դատելու եւ հալածելո՞ւ իմ այս բնակութեան վայրից: Եւ դո՛ւ, Հռիփսիմէ՛, եկար Հայոց երկրից՝ նեղելո՞ւ ինձ: Եւ դո՛ւ, Գայիանէ՛ եւ ձեզ հետ եղող սուրբե՛ր՝ Սարգի՛ս եւ Բագո՛ս, եկաք կշտամբելո՞ւ ինձ»: Այս ասելով՝ ընկաւ տապանի վրայ, եւ մեծ ժայթքում եղաւ»: Քահանաները շտապ հեռացրին նրան ու դուրս բերեցին, իսկ պատանին ուշքի գալով եւ սթափուելով ընկաւ իր տիրոջ՝ Նիկոդիմոսի ոտքերն ու ասաց. «Ով տէ՛ր իմ, սուրբ վկաները, որ կան այս տապանում, յաղթեցին եւ բժշկեցին ինձ պիղծ ու չար այսից»: Այնժամ Նիկոդիմոսը կատարուածը յայտնեց Այիտիոս Պապիոսին, որը եկեղեցիների վերակացուն էր եւ դռները բացելու իշխանութիւն ունէր ու ասաց. «Այստեղ բեր այս տապանի բանալիները»: Իսկ նա հրաժարուելով չէր համարձակւում բացել տապանը, որովհետեւ այն կնքուած էր արքունական մատանիով: Այնժամ Նիկոդիմոսը շտապ գնաց ու կայսրին խնդրեց թոյլ տալ, որպէսզի բացեն տապանակը: Եւ երբ թոյլտւութեամբ բացեցին, այնտեղ գտան չորս արկղ. մէկը, որ աւելի մեծ էր, մարմարից էր, իսկ միւս երեքը քանդակուած էին արծաթէ պատկերներով: Մարմարէ արկղի մօտ կար նաեւ մի մագաղաթ, որի վրայ գրուած էր. «Այս են հայոց լուսաւորիչ սուրբ Գրիգորի նշխարները»: Այնտեղ էին նրա ամուր եւ մեծ մասունքները: Երկրորդ արկղում սուրբ Հռիփսիմէի նշխարներն էին՝ յօդերից կտրուած ձեռքը՝ իր մորթով, եղունգներով եւ մազածածկոյթով՝ ասես նոր կտրուած: Նրան առընթեր մագաղաթին գրուած էր սուրբ Հռիփսիմէի անունը: Երրորդ արկղում գտանք սուրբ Գայիանէի նշխարները եւ այլ միւսում էլ՝ սուրբ Սարգսի, սուրբ Բագոսի եւ այլ սուրբերի նշխարները: Եւ դուրս բերելով՝ ամբողջ ժողովրդի հետ ընկանք նրանց առջեւ ու ծնրադրելով երկրպագեցինք»:
Այս էր, որ պատմեց Հայաստան եկած այն իշխանը: Եւ այս պատմութիւնը լսելով՝ բոլորը մեծ ուրախութեամբ օրհնում էին ամենօրհնեալ Աստծուն: Սահմանեցին ի փառս Սուրբ Երրորդութեան՝ ամեն տարի տօնախմբել այդ օրը վառ ջահերով եւ անուշահոտ խունկերով: Այս ամէնը կատարուեց քառասնորդական Մեծ Պահոց շրջանի հինգերորդ շաբաթուայ մէջ՝ հայոց Գէորգ կաթողիկոսի եւ բարեպաշտ Աշոտ իշխանի ժամանակներում, եւ այդպէս սահմանուեց սուրբ Գրիգոր Պարթեւի տօնը՝ ի փառս Ամենասուրբ Երրորդութեան:
Արդ, մեր սուրբ Լուսաւորչի առաջին տօնը յղութեան տօնն է, երկրորդը՝ չարչարանքների, երրորդը՝ Վիրապ մտնելու, չորրորդը՝ Վիրապից ելքի, հինգերորդը՝ տեսիլքի, վեցերորդը՝ ննջման, եօթերորդը՝ նշխարների գիւտի եւ ութերորդը՝ նշխարների վերադարձի: Եւ եթէ տօնում ենք այս բոլոր տօները, պարտական ենք Քրիստոսի ծառայ մեր սուրբ հօրը ու Քրիստոսից յետոյ մեր երախտաւորին եւ այդ պատճառով մենք այդ օրերին շարականներ ենք երգում՝ մտաբերելով նրա երախտիքների մեծագոյն հանդէսը:
Ինչպէս ասացինք, թէպէտ մեր Լուսաւորչի նշխարների մի մասը տարուեց յունաց երկիրը, սակայն յետոյ վերադարձուեց, ինչպէս որ սաղմոսերգուն է ասում. «Քո ծառաները հաւանեցին նրա քարերը»։ Ուստի, ինչպէս որ հարկ է, մենք եւս մեծ արթնութեամբ ու ջերմ սիրով վառուած, միշտ եւ հանապազ, մեծ տօնախմբութեամբ պայծառապէս պատուենք մեր Լուսաւորչին եւ մեր հոգիների մեծ երախտաւորին, որպէսզի ապերախտ չգտնուենք նրա մեծաջան չարչարանքների հանդէպ եւ առաւելը՝ չդատապարտուենք:
Ուստի աղաչում ենք քեզ, ով հա՛յր պատուական, որ գիտես մեր ջերմ սիրոյ բաղձանքները, Տիրոջ առաջ բարեխօսի՛ր մեր ազգի համար, որպէսզի Նա փրկի մեզ մեր մեղքերից եւ ողորմի բոլոր հաւատացողներին ու այս գիրն ընթերցողներին. ամէն:
Աղբյուր՝shavigh.am