Գոչմամբ սրտից պաղատիմք առ վկայսդ Աստուծոյ,
Տարփական սիրով բաղձացեալ եւ հրաբորբոք հոգւով եռացեալ,
Ի ծունկս անկեալ, յերեսս թաւալեալ:
Արտասուաթոր դիմօք աղերսեալ. մաղթեցէք աշխարհի զխաղաղութիւն ըղձալի.
Եկեղեցւոյ բազմութիւն, ուղղութիւն եւ ի Տէր ամրութիւն:
Յոտս ի ծունկս անկեալ մաղթեմք՝ մեզ ողորմեսցուք,
Աստ մնալ անփորձ յաւէտ ի մեղաց կրից:
Եւ ի յարութեան աւուրն ընդ ձեզ պսակիլ.
Ընդ ձեզ միշտ երգել զփառս Սուրբ Երրորդութեանն.
Այժմ եւ յաւիտեանս օրհնել զպսակիչ սրբոցդ:
(Գանձարան)
Դիոկղետիանոսի կողմից յարուցուած մեծ հալածանքների ժամանակ նահատակուած առաջին սուրբ վկաներից էին սուրբ Անիքտոսը (որ թարգմանւում է անյաղթ) ու Փոտինոսը (որ թարգմանւում է լուսաւոր) եւ գուցէ նրանք առաջինն էին, որ բոլորից աւելի առաջ ենթարկուեցին կապանքների ու չարչարանքների: Քանզի երբ Տիրոջ 302 կամ 303 թուականին առանձին վկաների մրցահանդէսներից յետոյ արքունի հրովարտակ ելաւ տիեզերատարած հալածանքների մասին, որն առաջինն ընթերցուեց Նիկոմիդիա քաղաքում, առաջամարտիկ նահատակներ հանդիսացան այս երկու վկաները, որոնք այդ քաղաքի երեւելի ու նշանաւոր քաղաքացիներ էին:
Նոյն օրը Դիոկղետիանոսը Նիկոմիդիայում ելաւ, հրապարակաւ նստեց մի բարձր գահին եւ սկսեց խրոխտ խօսքերով ահաբեկել քրիստոնեաներին: «Ով համարձակուի իր անձը քրիստոնեայ խոստովանել, — ասաց, — կամ յանձն չառնի զոհ մատուցել անմահ աստուածներին, կþենթարկուի մահապատժի»: Հրամայեց իսկոյն իր առջեւ պատրաստել տանջանքի զանազան գործիքներ ու սկսեց դրանցով սպառնալ քրիստոնեաներին, որի համար ամէն ոք սարսում եւ դողում էր մօտալուտ տանջանքների ահից:
Իսկ սուրբ Անիքտոսը, որն իշխանական քաղաքից էր, ազնուական տոհմից եւ ունէր կոմսութեան պատուելի տիտղոս, ատեանին մօտ գտնուելով եւ տեսնելով արքայի մեծամտութիւնն ու քրիստոնեաների երկիւղը, վառուեց աստուածային նախանձախնդրութեան հրով եւ, վերցնելով իր մերձաւոր ազգական սուրբ Փոտինոսին, մտաւ բազմամարդ ամբոխի մէջ, ճեղքեց իշխանների եւ զօրականների պատնէշը, կանգնեց թագաւորի առջեւ եւ բարձրաձայն ասաց. «Ահաւասիկ ես քրիստոնեայ եմ եւ պաշտում եմ Քրիստոս Աստծուն»: Եւ անվեհեր հոգով ունայնացնելով թագաւորի սպառնալիքների խրոխտանքը՝ սկսեց խօսել քրիստոնէութեան պանծալի ուսմունքի, ինչպէս նաեւ Աստուծոյ Բանի անսկիզբ եւ մշտնջենաւոր ծննդեան, վերջին ժամանակներում մարդկային ազգի փրկութեան համար Նրա մարդեղութեան եւ հրաշափառ տնօրինութեան մասին՝ գրաւելով բոլոր հաւաքուածների ուշադրութիւնը, որքան որ կարող էին լսել հեթանոսները: Յաւելեց նաեւ, որ պէտք է անարգել հեթանոսական սնոտի պաշտամունքները եւ մերժելով անուանապէս յանդիմանեց նրանց բոլոր երեւելի կուռքերին՝ մէկ առ մէկ առաջ բերելով նրանց տմարդի անարժան գործերը եւ անմիտ վարքը: «Եւ ինչպէ՞ս կարելի է, — ասաց, — նմաններին արարչական պաշտօն ընծայել ու նրանց աստուածներ կոչել»: Ապա կնքեց իր խօսքն՝ ասելով, թէ Քրիստոս է միայն ճշմարիտ Աստուած՝ Հօր եւ Ամենասուրբ Հոգու հետ:
Անիքտոսի այս խօսքերն ապշեցրին հեթանոսների բազմութեանը, եւ նրանցից շատերն ի վերուստ լուսաւորուելով՝ ընդունեցին եւ յայտնապէս հաւատացին Քրիստոսին: Այս տեսնելով՝ թագաւորը սաստիկ բարկացաւ եւ անասելի ցասման ներքոյ պատռեց իր օձիքն ու թագաւորական քղամիդը եւ զօրականներին հրամայեց իր առջեւից հեռացնել ու սրով կոտորել բոլոր նորահաւատներին, սակայն Ապլակիդոս ստրատելատն արգելեց՝ մեղմացնելով թագաւորի բարկութիւնը: Այդուհանդերձ թագաւորի անձայն, նշանացի հրամանով սուրբ Անիքտոսին արջառաջլերով ուժգին հարուածեցին այնքան, որ բացուեցին նրա ոսկորները: Ապա կապուած ձեռքերով եւ ոտքերով նրան նետեցին մի հսկայ ու զարհուրելի առիւծի առջեւ, որի դժնի տեսքից եւ ահագնաձայն մռնչիւնից Անիքտոսն այնքան վախեցաւ, որ նրա երեսից սկսեց քրտինք հոսել: Նա ամբողջ սրտով սկսեց աղօթել, եւ բարեխնամող Աստուծոյ ձեռնտւութեամբ ամեհի գազանը դարձաւ անմեղ գառից աւելի հեզ, եւ իր գորովահայեաց աչքերով, ասես թէ կարեկցելով տագնապող սուրբին, հեզիկ մօտեցաւ եւ իր աջ թաթով ու լեզուով մաքրեց սուրբի երեսի քրտինքը: Զօրացաւ սուրբ Անիքտոսը եւ, հրացած սքանչելիքից, փառք տուեց Աստծուն՝ օրհնելով Բարերարի ամենախնամ հովանավորութիւնը:
Եւ մինչ սուրբն աղօթում էր, դահիճները շարունակեցին տանջել նրան, եւ ահա այդ պահին մեծ շարժում եղաւ, որից աւիրուեց Հերակլէսի տաճարը, փշրուեց ու քանդուեց: Դրա հետ միաժամանակ փլուզուեցին նաեւ քաղաքի հիւսիսային կողմում գտնուող շատ տներ, եւ անհաւատներից շատերը մեռան այդ պատահարից: Այս բանից թագաւորը զայրացաւ, բայց եւ միաժամանակ վախեցաւ, որ յանկարծ այլ մեծամեծ աւիրածութիւններ չլինեն: Ուստի իսկոյն հրաման տուեց սրով սպանել Անիքտոսին, սակայն երբ դահիճները հարուածելու համար սուսերը վեր բարձրացրին, նրանց ձեռքերը գօսացան:
Այնժամ այլ դահիճներ սուրբին կապեցին մի շիկացած անիւի վրայ, որից կրակէ կայծեր էին արձակւում, որպէսզի գլորուելիս ջարդուեն սուրբի ոսկորները եւ խանձուի նրա ամբողջ մարմինը: Սուրբը տանջանքների մէջ աղօթեց Աստծուն, եւ անմիջապէս արձակուեցին նրա կապանքները, անիւը մնաց անշարժելի, իսկ հուրը մարեց: Այնուհետեւ նրան գցեցին եռացող կաթսայի մէջ, եւ նոյն պահին կաթսան հովացաւ Աստուծոյ հրեշտակի ձեռքով, որ երեւաց սուրբին, եւ սուրբն անվնաս մնաց:
Այս տեսնելով՝ Դիոկղետիանոսը հայհոյեց կուռքերին եւ նզովեց աստուածներին: Ամբոխի միջից Փոտինոսը մօտեցաւ Անիքտոսին, ողջագուրեց նրան ու յանդիմանեց թագաւորին սնոտի մոլորութեան համար: Այնժամ բռնեցին նաեւ նրան, կապեցին եւ երկուսին էլ երկաթէ կապանքներով բանտ տարան: Ճանապարհին նրանց հանդիպեց սուրբ եպիսկոպոս Ղուկիանոսն իր աշակերտներով, որը եւս Քրիստոսին վկայելու համար կապուած էր Մաքսիմիանոսի հրամանով: Ողջոյն տալով միմեանց սուրբ համբոյրով եւ քաջալերելով նրանց հաստատուն մնալ Քրիստոսի հաւատի մէջ՝ սուրբ եպիսկոպոսն անցաւ գնաց:
Օրեր անց երանելիներին դուրս բերեցին բանտից եւ տարան ատեանի առաջ՝ հարցաքննութեան, սակայն տեսնելով, որ նրանք անսասան են իրենց հաւատի մէջ, դաժանօրէն քերեցին նրանց մարմինները եւ այրեցին: Եւ տեսնելով, որ նրանք չեն մեռնում այդ անագորոյն տանջանքներից, տարան հրապարակ ու այնտեղ քարկոծեցին նրանց այնքան, մինչեւ որ խոցոտուեցին նրանց մարմինները, սակայն Աստուծոյ զօրութեամբ անվնաս պահուեցին: Ապա նրանց կապեցին կատաղի երիվարներին, փայտեր անցկացրին նրանց ոտքերին, որպէսզի ընթացքի ժամանակ խեղուեն սուրբերի անդամները, բայց երիվարներն իսկոյն քարացան եւ կապուեցին, իսկ սուրբերի կապանքներն արձակուեցին:
Սրանից յետոյ թագաւորը հրամայեց սաստիկ գանահարել նրանց եւ հարուածներից առաջացած վէրքերին աղ լցնել: Ապա դարձեալ նրանց բանտ նետեցին, ուր մնացին երեք տարի՝ անխնամ վիճակում, սակայն նրանք ուրախութեամբ էին տանում բոլոր նեղութիւնները եւ գոհութեամբ փառաւորում էին Աստծուն:
Երեք տարի անց նրանց հանեցին բանտից եւ գցեցին սաստիկ տաք բաղնիքի մէջ, սակայն սուրբի աղօթքից քարերը պատռուեցին, սառը ջուր բխեց եւ հովացրեց բաղնիքը՝ այն դարձնելով ինչպէս մի ջրարբի պարտէզ եւ փափկութեան դրախտ: Այս ամէնից յետոյ մեծ հնոց բորբոքեցին եւ նրանց գցեցին հնոցի մէջ, իսկ նրանք սկսեցին երկար աղօթել՝ ասելով. «Գոհանում ենք Քեզնից եւ փառաւորում Քեզ, Տէր Յիսուս Քրիստո՛ս, Աստուծոյ Միածին Որդի՛, որ արժանացրեցիր մեզ գալու եւ Քեզ խոստովանելու այս մրցապայքարում: Դու, Տէ՛ր, որ Քո անարատ բազուկները տարածեցիր խաչափայտի վրայ եւ սպանեցիր հակառակորդ թշնամուն ու մեր հոգիների ոսոխին, մի՛ անտեսիր Քո մեղաւոր եւ անպիտան ծառաներին, այլ ընդունի՛ր մեր հոգիները եւ դասի՛ր մեզ Քո սուրբերի հետ: Քո խաղաղութիւնը շնորհի՛ր աշխարհին եւ տո՛ւր, որ բոլոր նրանք, ովքեր հեռու են Քեզնից, ճանաչեն Քեզ, Քո ամենասուրբ Հօրը եւ մեր Աստծուն ու Քո կենդանարար Սուրբ Հոգուն, որպէսզի նրանք եւս հասնեն փրկութեան՝ ազատուելով սկզբնաչար բանսարկուի պատրանքներից եւ մեզ հետ փառաւորեն Քեզ, որ յաւիտեան օրհնեալ ես ու փառաւորեալ»: Աղօթքն աւարտելուց յետոյ ասացին «ամէն» եւ իրենց հոգիներն աւանդեցին առ Աստուած Տիրոջ 305 կամ 306 թուականի օգոստոսի տասներկուսին:
Իսկ նրանց մարմինները, որ ասես կենդանի էին, վեց ժամ մնացին հրի բովի մէջ, եւ ապա արքունի սպասաւորները երկաթէ եռաժանիներով դուրս բերեցին նրանց մարմինները: Նրանց ազգականները գալով տեսան, որ նրանք անվնաս են պահուել հրի մէջ, եւ նրանց գլխի մազն անգամ չէր այրուել: Սպասաւորներին ինչքեր տալով՝ վերցրին նրանց մարմինները եւ տարան ու մեծ պատուով թաղեցին: Եւ բոլոր նրանք, ովքեր սուրբերի խօսքով հաւատացել էին Քրիստոսին, գնացին եւ համարձակութեամբ աղաղակեցին, թէ իրենք քրիստոնեայ են եւ հաւատում են Քրիստոս Աստծուն: Նրանց անմիջապէս գցեցին հնոցի մէջ, որը լցուեց նրանց բազմութեամբ, եւ այդպէս բանաւոր ողջակէզները մինչեւ իրենց հոգիներն աւանդելը Քրիստոսի սիրոյ համար ուրախութեամբ օրհնեցին Աստծուն:
Որոշ ժամանակ անց Դուղկիտիոս քորեպիսկոպոսը գտաւ սուրբերի մարմինները եւ նրանց ամփոփեց վկայարաններում: Սուրբ վկաների անունով վկայարաններ շինուեցին նաեւ Կոստանդնուպօլսում եւ այլեւայլ տեղերում: Նրանցից մէկը գտնւում էր Էգեական ծովում գտնուող Դափնոսիոս կղզում, որ կար Սամոս եւ Լեսբիոս կղզիների միջեւ, որտեղ բժշկութեան երեւելի նշաններ էին կատարւում: Ամէն տարի երանելիների յիշատակի օրն այնտեղ էր ընթանում հաւատացեալների խուռն բազմութիւնը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրանց յիշատակը տօնում է Հոգեգալստեան տօնին յաջորդող չորրորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Անտոնինոսի եւ սուրբ Թէոփիլոսի հետ: