Այսօր տօնեմք զտօն սրբոց վկայիցն.
Որք արեամբ նահատակեալք. փոխեցան ի զօրս վերին զուարթնոցն:
Արիաբար մարտեան ընդդէմ խրոխտ թագաւորաց.
Յաղթողականն ընկալեալ զպսակ. փոխեցան:
Եւ եղեն օթեւանք Սուրբ Երրորդութեանն.
Զանճառականն ընկալեալ զկեանս.
Եւ բարեխօսեն առ Տէր վասն անձանց մերոց:
(Շարակնոց)
Քրիստոսի վկայ Անտոնինոս Ալեքսանդրացին ազգութեամբ եգիպտացի էր եւ ապրել է Դեկոսի (իսկ ըստ այլոց՝ Դիոկղետիանոսի) օրօք յարուցուած հեթանոսական հալածանքների ժամանակաշրջանում: Նա հաւատով քրիստոնեայ, բարեպաշտ եւ Աստուծոյ երկիւղով լի այր էր: Կռապաշտները բռնեցին նրան, կանգնեցրին իշխանի առաջ եւ ստիպեցին ուրանալ Քրիստոսին ու զոհ մատուցել կուռքերին, սակայն նա համարձակ խոստովանեց Քրիստոսին եւ անարգեց կուռքերին՝ դրանց կոչելով դեւեր, իսկ կռապաշտներին՝ դիւապաշտներ: Այդ պատճառով դատաւորը բարկացաւ, հրամայեց մերկացնել նրան, կախել փայտից ու քերել նրա մարմինը, սակայն նա Քրիստոսի շնորհների զօրութեամբ արիաբար համբերում էր եւ զուարթադէմ գոհանում Աստծուց:
Երբ իշխանը տեսաւ, որ նա չվնասուեց, չտկարացաւ ու չզիջեց, որոշեց հրով այրել նրան: Եւ երբ ամբոխի բազմութեամբ հանդերձ տանում էին սուրբ վկային, նա, լցուած Սուրբ Հոգով, յաւերժական յիշատակի արժանի սքանչելի խրատ աւանդեց բոլոր նրանց, ովքեր կային այդտեղ եւ ասաց. «Սիրելի եղբայրնե՛ր, մեր կեանքի բոլոր օրերում չծառայենք մեր մարմիններին, այլ յիշենք մեր հոգիներին, որ տրուեցին մեզ Աստուծոյ կողմից: Եթէ ջանում ենք խնամել եւ հոգալ եղբայրներին ու իւրայիներին՝ որպէս մեր մերձաւորների եւ սիրելիների, որքա՞ն առաւել պէտք է խնամենք մեր հոգիները: Ուրեմն ջանացէ՛ք Աստուծոյ առաջ կանգնեցնել մաքուր եւ անախտ հոգիներ՝ ամբողջովին անարատ, ինչպէս որ ստացաք ի բնէ»:
Այս ասելով՝ զուարթագին մտաւ հրի մէջ, յօժար կամքով տարածուեց՝ ինչպէս անկողնու վրայ եւ այդպէս իր հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը: Հաւատացեալները եկան, դուրս բերեցին նրան հրի միջից եւ գտան ամբողջովին անվնաս՝ ասես քնի մէջ, չէին կիզուել անգամ գլխի մազերը: Նրան թաղեցին մի նշանաւոր տեղում, որտեղ հրաշքներ էին կատարւում բոլոր նրանց համար, ովքեր հաւատով ապաւինում էին սուրբի բարեխօսութեանը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրա յիշատակը տօնում է Հոգեգալստեան տօնին յաջորդող չորրորդ երկուշաբթի օրը: