Գոչմամբ սրտից պաղատիմք առ վկայսդ Աստուծոյ,
Տարփական սիրով բաղձացեալ եւ հրաբորբոք հոգւով եռացեալ,
Ի ծունկս անկեալ, յերեսս թաւալեալ:
Արտասուաթոր դիմօք աղերսեալ. մաղթեցէք աշխարհի զխաղաղութիւն ըղձալի.
Եկեղեցւոյ բազմութիւն, ուղղութիւն եւ ի Տէր ամրութիւն:
Յոտս ի ծունկս անկեալ մաղթեմք՝ մեզ ողորմեսցուք,
Աստ մնալ անփորձ յաւէտ ի մեղաց կրից:
Եւ ի յարութեան աւուրն ընդ ձեզ պսակիլ.
Ընդ ձեզ միշտ երգել զփառս Սուրբ Երրորդութեանն.
Այժմ եւ յաւիտեանս օրհնել զպսակիչ սրբոցդ:
(Գանձարան)
Եկեղեցիների վկայագրերում բազում են Թէոփիլոս կամ Թէոփիլէ (որ թարգմանւում է աստուածասէր) անունով վկաները. կայ, որ եպիսկոպոս է, կայ, որ միայնակեաց է, կայ նաեւ, որ սարկաւագ է, կամ աշխարհական կարգից իշխան կամ զօրական: Այդ պատճառով դժուար է որոշել, թէ այս դէպքում նրանցից ում ենք յիշատակում սուրբ Անտոնինոսի հետ: Բայց քանի որ մեր «Յայսնաւուրք»-ում աւանդուած է լիբիացի Թէոփիլոս սարկաւագը, իսկ «Ճառընտիր»-ում առաջ է բերուած ոմն Թէոփիլոս անունով փառաւոր վկան՝ իր ընտանիքով հանդերձ, ապա կþառաջադրենք նրանց երկուսի պատմութիւնները:
Ըստ «Յայսմաւուրք»-ի՝ սուրբ վկայ Թէոփիլոսը Լիբիայից էր, ունէր սարկաւագութեան աստիճան եւ ապրել է Մաքսիմիանոս արքայի հալածանքների ժամանակ: Նա մի այր էր՝ իմաստուն եւ սթափ, ժուժկալ եւ պարկեշտ, հմուտ Սուրբ Գրքի աստուածային գիտութեան մէջ, որն ընթերցում էր համարձակ եւ քարոզում Քրիստոս Աստծուն՝ զօրացնելով հաւատացեալներին: Այդ պատճառով կռապաշտները բռնեցին նրան, նրա հետ նաեւ Հելադիոս կամ Էլլատիոս անունով աշխարհական կարգի մի քրիստոնեայի եւ նրանց կանգնեցրին բդեշխի առաջ՝ հարցաքննուելու, սակայն նրանք յայտնապէս խոստովանեցին Քրիստոսի ճշմարտութիւնը:
Բազում խոստումներից, սպառնալիքներից եւ հարուածներից յետոյ, երբ չկարողացան մտափոխել նրանց, երկաթէ քերիչներով քերեցին նրանց մարմինները, ապա հրով այրեցին թիկունքը, խանձակիզեցին երանելիների քերուած մարմինները եւ սուր խեցիներով ծակոտեցին նրանց գլուխները: Սուրբ Թէոփիլոսն իր նահատակակցի հետ աներկիւղ դաւանում ու քարոզում էր Աստուածորդուն եւ ճշմարիտ Աստծուն, Նրան, Ով ծնուեց սուրբ Կոյս Մարիամից եւ մկրտուեց Յովհաննէսի կողմից Յորդանան գետում: Եւ այսպէս, դժնի ու խիստ տանջանքներ կրելով, համբերեցին չարչարանքներին, չտկարացան Քրիստոսի հաւատի մէջ եւ ըստ ոմանց՝ ջարդուած անդամներով, եւ ըստ այլոց՝ հրի մէջ այրուելով, Աստուծոյ ձեռքն աւանդեցին իրենց հոգիները: Ըստ զանազան «Յայսմաւուրք»-ների՝ սուրբ Թէոփիլոսի մասին պատմեցինք այսքանը: Ժամն է լսել նաեւ Թէոփիլոս վկայի լիակատար պատմութիւնը՝ ըստ «Ճառինտիր»-ների եւ մեր հայրերի հաւաստի թարգմանութեան:
ՍՈՒՐԲ ԹԷՈՓԻԼՈՍԻ, ՆՐԱ ԿՆՈՋ՝ ՊԱՏՐՈՆԻԿԷԻ ԵՒ ՆՐԱ ՈՐԴՈՒ՝ ԴԱՄԱՂԻԱՅԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ
Եւրոպայի Ասաւերիոս բդեշխը, որը հռոմէացի ինքնակալների կողմից իշխանութիւն էր ստացել հալածել քրիստոնեաներին, սպառազինուած սատանայի զէնքով եւ մոլորուած լինելով կռապաշտութեամբ, հարկադրում էր բոլորին կատարել նոյնը: Եւ մի օր, մինչ պաշտամունքի արարողութեան ժամանակ բոլոր հեթանոսները հաւաքուել էին զոհ մատուցելու, Կեսարիոս քրմապետն ասաց բդեշխին. «Թող ձերդ քաջութիւնը հրամայի, որ հաւաքեն բոլոր մոլորեցուցիչներին եւ քրիստոնեաներին, որպէսզի պաշտեն աստուածներին եւ զոհ մատուցեն, այլապէս թող պատիժ կրեն անհաւատների հետ»:
Բդեշխը հրամայեց, եւ բազմաթիւ զօրականներ գնացին, մտան եկեղեցի, գայլի պէս Քրիստոսի հօտից յափշտակեցին մի պարարտ «ոչխար»՝ Թէոփիլոս անունով ամուր հաւատով եւ արթուն մտքով մէկին, ու բերեցին իշխանի մօտ: Սուրբը գալիս էր ցնծութեամբ՝ ասես թագաւորական ճաշկերոյթի, եւ սաղմոսում էր՝ ասելով. «Տէ՛ր, ցո՛յց տուր ինձ Քո ճանապարհները, Քո շաւիղները սովորեցրո՛ւ ինձ եւ առաջնորդի՛ր ինձ Քո ճշմարտութեան մէջ» 1: Եւ երբ կանգնեց ատեանի առաջ, բդեշխը հարցրեց նրան. «Ո՞վ ես դու»: Թէոփիլոսը պատասխանեց. «Ես բարձրեալ Աստուծոյ անպիտան ծառան եմ, սակայն ազատ՝ ըստ մարմնի»: Բդեշխն ասաց. «Տեսնում եմ խոնարհ կեցուածքդ եւ պատւում եմ երեսիդ գեղեցկութիւնը: Խնայում եմ երիտասարդութիւնդ, որի համար քեզ խորհուրդ կը տամ զոհ մատուցել, որպէսզի սիրելի լինես թագաւորին եւ տիրես մեծ ունեցուածքի»: Թէոփիլոսն ասաց. «Դու ինձ չես համոզի ողոքիչ խօսքերով, ոչ էլ կարող ես որսալ թակարդ լարելով, որովհետեւ ես ունեմ մարգարէներ եւ առաքեալներ, որոնք պատուիրում են արդարութեամբ ծառայել կենդանի Աստծուն, իսկ դուք աստուածներ էք կոչում սուտանուն համր դեւերին»: Այնժամ բդեշխն ասաց. «Կախէ՛ք եւ քերէ՛ք դրա մարմինը»:
Մինչ քերում էին սուրբի մարմինը, նա բարձրաձայն աղօթում էր՝ ասելով. «Քրիստո՛ս, որ խաչուեցիր խաչափայտին եւ Քո մահուամբ վերացրիր մահը, լուսատուներին խաւարեցնելով՝ լուսաւորեցիր խաւարեալներին, անօրէններից երեսիդ թուք առար եւ Քո սուրբ թքով լուսաւորեցիր կոյրի աչքերը: Բացի՛ր իմ առջեւ Արքայութեան դուռը, որպէսզի մտնեմ նրանով եւ խոստովանեմ Քո սուրբ անունը, որովհետեւ Դու ես, որ փրկում ես Քեզ յուսացողներին»: Լսելով վկայի այս աղօթքը՝ մունետիկն աղաղակեց դահիճներին՝ «Մի՛ յապաղէք, այլ աւելացրէ՛ք դրա տանջանքները»: Այնժամ սուրբ նահատակի մարմինը քերեցին այնքան, որ երեւացին նրա բոլոր ոսկորները, իսկ սուրբը, արհամարհելով իր ցաւերը, աղօթում էր. «Աստուա՛ծ, որ երեւացիր Հրէաստանում, Քո մեծ գթութեամբ լսի՛ր ինձ եւ Քո փրկութեան ճշմարտութեամբ ապրեցրո՛ւ ինձ»: Ապա բդեշխն ասաց. «Շատ կախարդների եմ տանջել ու սպանել, բայց ո՛չ ես, ո՛չ իշխաններից որեւէ մէկը չենք տեսել այդպիսի համբերութիւն»: Ապա շարունակեց հեգնել սուրբին եւ ասել. «Երդւում եմ աստուածներով, որ տանջանքների միջոցով առաւել կը գեղեցկացնեմ քեզ: Արդ, մօտեցի՛ր, զո՛հ մատուցիր, որպէսզի քեզ հաշտեցնես աստուածների հետ»: Թէոփիլոսը հարցրեց. «Ո՞ր աստուածների»: Բդեշխը պատասխանեց. «Արամազդի, Ապոլոնի եւ մեծ Դիոնիսի (որ Բաքոսն է)»: Թէոփիլոսն ասաց. «Եւ դրանցից ո՞ր մէկը, որին աստուած ես կարծում, կարող է մէկին չարիք կամ բարիք անել»: Բդեշխը պատասխանեց. «Բոլորը»: Թէոփիլոսն ասաց. «Մոլորուած ես, ո՛վ բդեշխ, դրանք համր եւ կոյր կուռքեր են եւ չեն կարող որեւէ մէկին բարիք անել: Այդ պատճառով պէտք է փախչել նրանցից, որովհետեւ Աստուած ասել է. “Նրանց նման կը լինեն իրենց յուսացողները”:»: Բդեշխն ասաց. «Մի՛ հայհոյիր, այլ մօտեցի՛ր եւ զոհ մատուցի՛ր»: Թէոփիլոսն ասաց. «Ես չեմ հայհոյում Աստծուն, այլ հայհոյում եմ աղտեղի կուռքերին ու դեւերին: Եւ քանի որ ես քրիստոնեայ եմ, զոհ չեմ մատուցի, որպէսզի չմեռնեմ հոգով»:
Այնժամ բդեշխը հրամայեց հուր բորբոքել եւ նրան այրել: Սուրբին գցեցին հրի մէջ, իսկ նա խարոյկի մէջ կանգնած աղօթում էր. «Անյա՛ղթ Թագաւոր, անկողոպտելի Գա՛նձ, սուրբ Օրինադի՛ր, մարդասէր Փրկի՛չ, իմ Տէր Յիսուս Քրիստո՛ս, Դու Սուրբ Հոգուդ զօրութիւնն առաքեցիր հնոցի մէջ եղող երեք մանուկներին, որոնք մարդկանց առջեւ փառաւորեցին Քեզ, նրանց զօրութիւն շնորհեցիր եւ հովացրիր հնոցի բոցը: Գթութիւնների Աստուա՛ծ, մխիթարութիւնների Աստուա՛ծ, հայրերի Աստուա՛ծ, հիմա եւս օգնութեան ուղարկի՛ր Քո հրեշտակին եւ ցրի՛ր այս բոցը: Աստուա՛ծ, յաւիտեան կենդանի՛ է Քո սուրբ անունը»: Եւ երբ այս ասաց, բոցը ցրուեց, իսկ նա հնոցի մէջ փառաւորում էր Աստծուն: Բարկացած բդեշխը հրամայեց նրան բանտ տանել եւ գիշեր-ցերեկ խիստ հսկողութեամբ պահել, որպէսզի մեռնի սովից ու ծարաւից:
Եւ սուրբը ներքին բանտում սաղմոսներով ու օրհնութեամբ փառաւորում էր Աստծուն: Իսկ երանելու կինը՝ Պատրոնիկէն, փոքր մանկանը գրկած եկել կանգնել էր բանտի մուտքի մօտ եւ աղաչում էր բանտապետին, որ թոյլ տայ իրեն՝ մտնել սուրբի մօտ: Երբ բանտապետը կնոջ մասին տեղեկացրեց բդեշխին, թէ նա ունի փոքր մանուկ եւ կամենում է տեսնել ամուսնուն, բդեշխը հրամայեց թոյլատրել կնոջը, որպէսզի թերեւս վկան, տեսնելով կնոջն ու զաւակին, շարժուի գութը եւ ընդունի աստուածների պաշտամունքը: Սակայն բարեպաշտ կինը, ներս մտնելով եւ տեսնելով նահատակին, երեխային դրեց նրա առջեւ ու ասաց. «Տէ՛ր իմ, երկիւղի՛ր Աստծուց եւ հաստատուն մնա՛ խոստովանութեանդ մէջ: Յիշի՛ր արդար այրերին, որոնք կապուեցին յանուն Քրիստոսի եւ արժանացան անկողոպտելի գանձերի: Յիշի՛ր այն խօսքը, թէ ով Ինձ համար թողնի իր հօրն ու մօրը կամ կնոջը, երկնքի Արքայութեան ժառանգորդ կը լինի: Հաստատուն գնա՛ դէպի նահատակութիւն: Դու ինքդ աստուածասէր այր ես, ուստի թող որ ես էլ համարուեմ ամուսնուն սիրող ու հետեւող կին եւ ճանաչուեմ քրիստոսասէր անձանց կողմից: Արհամարհի՛ր ժամանակաւորը՝ առաջիկայ յաւիտենականի համար: Անցի՛ր խորխորատից դէպի բարձունք, ընտրի՛ր երկնաւորը եւ սիրելի դարձի՛ր Քրիստոսին: Երբ զինուորագրուես Քրիստոսի գնդին, ես այրի չեմ կոչուի, եւ երբ դասուես երկնաւոր Թագաւորի ընտրեալների շարքում, ոչ ոք ինձ չի քամահրի»:
Այս ասելով՝ վերցրեց մանկանը, մօտեցաւ հրաժեշտ տալու, բռնեց նրա ծնկներից եւ ասաց. «Քո այս կեանքը մի կարճ ժամանակ է, տէ՛ր իմ, իսկ աներեւոյթը՝ յաւիտենական»: Իսկ երանելին ասաց. «Օրհնեա՛լ է Աստուած: Թող Նա խաղաղութեամբ եւ ամուր պահի քո խորհուրդները»:
Եւ կինը, փառաւորելով Աստծուն, գնաց իր տուն: Բանտապետը փակեց դուռը եւ եկաւ ամէն բան պատմեց բդեշխին, իսկ սա, իմանալով, որ կինն ամուսնուն կերակուր չէր բերել, պատուիրեց խստութեամբ պահել սուրբին: Հինգ օր յետոյ հրամայեց նրան իր առջեւ բերել: Ճանապարհին սուրբն աղօթում էր՝ ասելով. «Տիրոջ աջը զօրութիւն գործեց, Տիրոջ աջը բարձրացրեց ինձ, եւ Տիրոջ աջը զօրութիւն գործեց: Չպիտի մեռնեմ, այլ պիտի ապրեմ եւ Տիրոջ գործերը պիտի պատմեմ 2: Տէրն է իմ օգնականը, եւ ես կը տեսնեմ իմ թշնամիների վախճանը 3: Պատրոնիկէն գնում էր նրա յետեւից եւ ասում. «Զօրացի՛ր սատանայի վրայ, տէ՛ր իմ, աւարտի՛ր քո ընթացքը, քանի դեռ մրցասպարէզում ես: Իբրեւ իր ամուսնուն սիրող ու հետեւող կին, ես կը գամ քո ճանապարհով, իսկ մեր ցանկալի որդեակին յանձնի՛ր քրիստոնեաներին, որովհետեւ ես եւս պատրաստւում եմ պատարագուել Աստծուն ու գալ քո յետեւից: Լաւ է քեզ հետ ժառանգել կեանքը, քան թէ մնալ աշխարհում՝ թշնամութեան մէջ»:
Երբ սուրբին բերեցին իշխանի առջեւ, բդեշխն ասաց նրան. «Զո՛հ մատուցիր Դիոնիսին»: Թէոփիլոսն պատասխանեց. «Զոհ չե՛մ մատուցի, որովհետեւ ես քրիստոնեայ եմ»: Բդեշխն ասաց. «Դու քրիստոնեայ չես, այլ՝ կախարդ, որի համար քեզ կորստեան կը մատնեմ՝ իբրեւ նրանցից մէկը»: Եւ հրամայեց հրապարակ բերել գազաններին ու երանելուն տանել այնտեղ, իսկ նրա կինն աղաղակեց ամբոխի մէջ եւ ասաց. «Թէոփիլէ՛, Քրիստոսի նահատա՛կ, յիշի՛ր Դանիէլին, եւ վայրի գազանները կը խաղաղուեն քեզ հետ»: Ամբոխը լսեց նրա ձայնը, եւ բոլոր երանի տուեցին նրան:
Նրա վրայ արձակեցին մի մեծ առիւծ, որը մռնչալով եկաւ նրա մօտ: Սուրբն սկսեց աղօթել՝ ասելով. «Քրիստո՛ս, Դու քաւութիւն ես տալիս մեղաւորներին, վերացնում ես սատանայի պատճառած վնասները եւ Քո Աստուածութիւնը յայտնում Քո սուրբերին: Ցոյց տուր Քո փառքը նաեւ ինձ՝ տառապեալիս, որպէսզի հասնեմ Նրան, Ում փափագում եմ»: Այս ասելուց յետոյ առիւծը հարձակուեց ու յօշոտեց նրան, եւ այդպէս երանելին հոգին աւանդեց Տիրոջ ձեռքը:
Երբ ամբոխը ցրուեց, երանելի Պատրոնիկէն վերցրեց նրա սուրբ մարմինը, դրեց տապանի մէջ եւ ասաց նրան. «Յանուն Յիսուս Քրիստոսի՝ խաղաղութեամբ ընդունիր եւ ինձ, քանզի շտապում եմ տեսնել Քրիստոսին, Ով պսակեց քեզ»: Երբ բդեշխն այս լսեց, հրամայեց նրան եւս բերել: Եւ երբ կանգնեցրին նրա առջեւ, ասաց նրան. «Դու տեսար եւ իմացար, որ քո ամուսնու ինքնահաւանութիւնն ու յամառութիւնը մահուան մատնեց իրեն, որովհետեւ չհնազանդուեց իմ հրամանին: Արդ, դու ոչ թէ որպէս կին, այլ որպէս այր մարդ՝ ցոյց տուր ինձ քո քաջութիւնը՝ զոհ մատուցելով աստուածներին, որպէսզի չմեռնես դժնի մահով»: Սուրբ Պատրոնիկէն պատասխանեց եւ ասաց. «Թէեւ մարմնովս կին եմ, սակայն խորհուրդներովս կանգնած եմ քո առջեւ իբրեւ այր: Ես պատրաստ եմ Աստուծոյ համար առաքինութեամբ յաղթել քո հնարքներին»: Այս լսելով՝ բդեշխը հրամայեց նրան նետել հրապարակ եւ նրա վրայ արձակել մի մատակ առիւծ: Եւ նա, գրկած իր մանկանը, մտաւ հրապարակ, նայեց երկինք ու ասաց. «Օրհնեա՛լ ես, Տէ՛ր Աստուած, որ ընդունեցիր Աբրահամի պատարագը, օրհնեցիր Իսահակին, փառաւորեցիր Յակոբին եւ առատապէս օրհնեցիր նրանց: Տէ՛ր, նայի՛ր Քո անարժան աղախնուն եւ պահի՛ր խաղաղութեամբ: Թող որ յանուն Քո սուրբ ծառայ Թէոփիլոսի՝ այս մանկիկը՝ Դամաղիան, եւս ընդունելի պատարագ լինի Քեզ համար»:
Մատակ առիւծը եկաւ, մօտեցաւ նրանց: Երանելի մանուկը, տեսնելով գազաններին, ժպտաց եւ ասաց. «Ճշմարտութիւնը երկնքում է՝ ճշմարիտ Հօր, ճշմարիտ Որդու եւ ճշմարիտ Սուրբ Հոգու մօտ. ամէն, ալէլուիա»: Եւ այսպէս, յօշոտուելով գազանի կողմից, սուրբ եւ երանելի Պատրոնիկէն մանկան հետ աւանդեց իր հոգին Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անուան համար, Որին փառք եւ զօրութիւն յաւիտեանս. ամէն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրան յիշատակում է Հոգեգալստեան տօնին յաջորդող չորրորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Անտոնինոսի, սուրբ Անիքտոսի եւ Փոտինոսի հետ: