Որ զյառաջագոյն ընտրեալսն առաքեցեր յաշխարհ սուրբ զմարգարէսն.
Աւետարանել զՔո Գալուստդ անթարգմանելի տնօրէնութեամբ.
Սոքօք շնորհեա հաստատութիւն Եկեղեցւոյ Քում սրբոյ:
Որոց ետուր իշխանութիւն բացատրել զիջումն Քո յաշխարհ.
Աստանօր կատարեցեր զմարգարէիցն զտեսութիւն.
Սոքօք շնորհեա հաստատութիւն Եկեղեցւոյ Քում սրբոյ:
Որ զմահ գերի առեալ մահուամբ զմահ կոխեցեր.
Արձակելով զերամս մարգարէիցն յանստուեր Քո հանգիստդ.
Սոքօք շնորհեա հաստատութիւն Եկեղեցւոյ Քում սրբոյ:
(Շարակնոց)
Հրեշտակներին ցանկալի եւ Աստուծոյ պատգամաբերների մէջ պանծալի Դանիէլ մարգարէն, ինչպէս եւ երեք երանելի պատանիները՝ Անանիան, Ազարիան եւ Միսայէլը, որոնք Դանիէլի ազգականներն էին ու նրա գերութեան ընկերները, ըստ մարմնի Յուդայի իշխանական տնից էին, այսինքն թագաւորական զարմից, եւ նաեւ՝ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի ազգակիցներն ու տոհմակիցները: Նրանք վաղ հասակից` իրենց պատանեկութեան ծաղկուն տարիքում, Յուդայի Յովակիմ արքայի թագաւորութեան երրորդ տարուայ վերջում եւ չորրորդի սկզբում, նրա հետ Հրէաստանից գերեվարուեցին Բաբելոն (597թ.), եւ այդ տարին քաղդէացիների Նաբուգոդոնոսոր արքայի թագաւորութեան առաջին տարին էր:
Նաբուգոդոնոսորը հրամայեց Ասփանէզ ներքինապետին, որ Հրէաստանից գերեվարուածներից ընտրի անարատ, գեղեցիկ եւ ուշիմ պատանիներ, որպէսզի իրենց կրթարանում նրանք սովորեն քաղդէացիների դպրութիւնը եւ պալատական նիստուկացը՝ արքայի սպասաւորութեանն արժանի լինելու համար: Այդ թւում ընտրուեցին Դանիէլը, Անանիան, Ազարիան եւ Միսայէլը, որոնք Յուդայի տնից էին, սակայն նրանք յանձն չառան օգտուել արքայի սեղանից, որի համար իրենց վերակացու Մաղասադ ներքինապետին խնդրեցին, որ իրենց որպէս կերակուր տան միայն ընդեղէն եւ ջուր: Եւ միայն այսպէս սնուելով՝ նրանք աւելի կայտառ ու լաւ տեսք ունեցան, քան այլ պատանիները, որոնք ուտում էին թագաւորի սեղանից:
Եւ Աստուած նրանց ուսման ու գիտութեան մէջ իմաստութիւն եւ հանճար տուեց, սակայն երեք ընկերներից Դանիէլն առաւել եղաւ իր հոգետեսութեամբ, որովհետեւ նա իմաստուն էր Աստուծոյ կողմից իրեն տրուած բոլոր յայտնութիւններում: Լայնախոհութեամբ եւ մտքի ուշիմութեամբ նա մի այլ Սողոմոն էր, որին նմանութիւնը ցոյց տուեց իր անձով սքանչելի դատաստանի յայտնի քննութեամբ, երբ փրկեց անմեղ Շուշանին՝ յանդիմանելով նրանից չարախօսող անօրէն ծերերին, քանզի մինչ Շուշանին տանում էին սպանելու, Տիրոջ Հոգին իջաւ Դանիէլի վրայ, եւ նա Աստուծոյ Հոգով ազատեց անպարտին ու ժողովրդի միջից վերացրեց անիրաւ դատաւորներին: Այդ օրը եւ դրանից յետոյ Դանիէլի անունը մեծ եղաւ ժողովրդի մէջ: Իր երեք ընկերների հետ նա պատուելի եղաւ նաեւ Նաբուգոդոնոսոր թագաւորի առջեւ, քանզի երբ կրթութեան երեք տարիները լրանալուց յետոյ նրանք կանգնեցին թագաւորի առաջ, եւ թագաւորը խօսակցեց նրանց հետ, նրանք մեծապէս հաճելի եղան արքային: Եւ նրանց ընտրեց միշտ իր առջեւ լինելու եւ սպասաւորելու համար:
Չգտնուեց որեւէ մէկը՝ թեկուզեւ չափահասներից, որ նման լինէր Դանիէլին, Անանիային, Միսայէլին եւ Ազարիային, որովհետեւ ամէն խօսք, որ թագաւորը հարցնում էր նրանցից, ստանում էր տասնապատիկ աւելի իմաստուն պատասխան, քան որ տալիս էին բոլոր գիտուններն ու մոգերը, որ կային իր թագաւորութիւնում: Դանիէլի հանդէպ ունեցած որդիական մեծ սիրուց նրան կոչեց Բաղդասար, որն արքայորդու եւ Բահաղին ծառայող բաբելացի սպասաւորների մօտ աստուածային կոչում ունեցող պատուական անուն էր, եւ բացի այդ՝ անուանափոխութիւնը մեծ պաատուի նշան էր: Այսպէս Դանիէլի պատուակից երեք մանուկները եւս արժանացան անունների փոփոխութեան եւ կոչուեցին Սեդրաք, Միսաք եւ Աբեթնագով:
Իր հօր մահից յետոյ երկու տարի անց, երբ Նաբուգոդոնոսոր արքան թագաւորութիւնը վարում էր մենակ, տեսաւ այն ահաւոր երազը. նա տեսաւ տարբեր նիւթերից շինուած մեծ արձան, որի միայն գլուխն էր ոսկուց: Երբ արթնացաւ քնից, կանչեց բոլոր մոգերին եւ քաղդէացիներին, որ տան իր երազի մեկնութիւնը, սակայն տեսնելով, որ նրանք անկարող են, հրամայեց կոտորել բոլոր մոգերին: Եւ քանի որ քաղդէացիները իմաստութեան համար մոգեր էին համարում նաեւ Դանիէլին ու նրա ընկերներին, Դանիէլը շտապ խնդրեց թագաւորին՝ արգելել կոտորածը եւ իրեն ժամանակ տալ երազի մեկնութեան համար:
Դանիէլը բանը յայտնեց իր ընկերներին, ու նրանք սկսեցին աղօթել եւ գթութիւն խնդրել Աստծուց: Եւ գիշերային տեսիլքում Դանիէլին յայտնուեց երազի խորհուրդը: Մտնելով թագաւորի մօտ՝ մանրամասն պատմեց նրա երազը եւ տուեց դրա ստոյգ մեկնութիւնը: Թագաւորը սքանչացաւ, գովեց Դանիէլի Աստծուն եւ մեծարեց Դանիէլին փառքով ու պարգեւներով, նրան նշանակեց որպէս իշխան բոլոր բաբելացի իմաստունների վրայ եւ ամբողջ երկրի կառավարիչ՝ միաժամանակ մնալով արքունիքում: Սակայն Դանիէլը խնդրեց արքային, որ բաբելացիների երկրի գործերում իրեն գործակիցներ նշանակի իր սիրելի եղբայրներին՝ Սեդրաքին, Միսաքին եւ Աբեթնագովին:
Արդ, ինչպէս որ նրանք հաւատարիմ էին արքունի գործերում, այդպէս էլ փայլում էին աստուածային իմաստութեամբ եւ իրենց առաքինի ընթացքով՝ անարատ քայլելով Աստուծոյ օրէնքներով: Նրանց օժանդակում էին Բաբելոնում բնակուող շատ ազգականներ, որոնք բազմացել էին այդ ժամանակներում, եւ այդ շրջանում էր, որ հրէաների բազմութեամբ գերեվարուեց նաեւ Յովակիմ Երկրորդ թագաւորը: Նրանց թւում էր նաեւ Եզեկիէլ մարգարէն, ըստ ոմանց նաեւ՝ Մուրթքէն, իսկ մի քանի տարի յետոյ՝ Յուդայի թագաւորներից վերջինը՝ Սեդեկիան:
Եւ գերութեան այդ օրերին, ինչպէս որ Երեմիան էր մարգարէանում Հրէաստանում, այնպէս էլ Եզեկիէլն էր մարգարէանում բաբելացիների, այսինքն քաղդէացիների երկրում՝ յիշատակելով Դանիէլին՝ որպէս նրա օրօք ժամանակի բոլոր մարդկանցից ամենաարդար մէկին՝ համադաս Նոյին եւ Յոբին: Նա կշտամբեց Տիւրոսի իշխանին, որն իմաստուն համարելով՝ իրեն աստուած էր կարծում եւ նախատեց պանծանքի արժանի այս հարցով. «Մի՞թէ դու աւելի իմաստուն ես, քան Դանիէլը», որից յայտնի է դառնում, որ Դանիէլի անունն ու նրա իմաստութեան համբաւը տարածուած էին բոլոր տեղերում:
Իսկ Նաբուգոդոնոսորը, որն աւելի էր հզօրացել, քան այլ երկրների թագաւորները եւ մեծամտացել ծայրաստիճան ամբարտաւանութեամբ, բաբելացիների երկրում կանգնեցրեց իր ոսկէ վիթխարի արձանը: Եւ հրամայեց, որ բոլոր ազգերն ու ժողովուրդները երկրպագեն իր պատկերին՝ իբրեւ Աստուծոյ, իսկ ովքեր չեն հնազանդուի, կը նետուեն հրով բորբոքուած հնոցը: Սակայն այդ անօրէն գործից Դանիէլը եւ նրա երեք բարեկամ ընկերները անարատ պահեցին իրենց անձերը՝ հեռու պահելով նաեւ հրէաներին: Չարանալով այս բանից՝ քաղդէացիները, չհամարձակուելով չարախօսել Դանիէլից, որն արքայի սիրելին էր եւ բոլոր իշխանների գլուխը, ամբաստանեցին նրա երեք ընկերներին ու ասացին Նաբուգոդոնոսորին. «Ո՛վ արքայ, ահա այն երեք հրէաները՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեթնագովը, որոնց դու նշանակեցիր բաբելացիների երկրի կառավարման գործերի վրայ, չհնազանդուեցին քո հրամանին: Նրանք չեն պաշտում քո աստուածներին ու չեն երկրպագում քո կանգնեցրած ոսկէ արձանին»:
Այնժամ թագաւորը բարկութեամբ հրամայեց նրանց իր մօտ բերել, եւ երբ նրանցից ճշտեց իրողութիւնը, սպառնաց նրանց գցել բորբոքուած կրակի հնոցը՝ ասելով. «Ո՞վ է այն Աստուածը, որը ձեզ կը փրկի իմ ձեռքից»: Եւ երեք ընկերները, մէկ բերան դարձած, պատասխանեցին թագաւորին՝ ասելով. «Հարկ չկայ քեզ պատասխան տալ, արքա՛յ, որովհետեւ մեր Աստուածը, որին մենք պաշտում ենք, երկնքում է եւ կարող է փրկել մեզ բորբոքուած կրակի հնոցից ու ազատել մեզ քո ձեռքից: Թող քեզ յայտնի լինի, որ մենք չենք պաշտում քո աստուածներին եւ չենք երկրպագում քո կանգնեցրած այդ ոսկէ արձանին»: Այս երեք քաջ նահատակների վկայաբանութիւնը նախատիպ օրինակ եղաւ Քրիստոսի բոլոր վկաների համար, որոնք թագաւորների ու դատաւորների առաջ արիաբար դաւանում էին ճշմարտութիւնը՝ հրի եւ սրի մատնելով իրենց անձերը:
Իսկ թէ ինչպէս սուրբ ընկերները հրաշքով պահուեցին հնոցի հրի մէջ, որի մէջ նետուեցին թագաւորի հրամանով, թէ ինչպէս Աստծուն աղօթելիս եւ Նրան օրհնելիս Աստուծոյ հրեշտակը Աստուծոյ Որդու նմանութեամբ իջաւ նրանց մօտ՝ փրկելով նրանց, բոլորին յայտնի է այն օրհներգից, որ բոլոր եկեղեցիներում առաւօտեան ժամերգութեան ժամանակ լսում են հաւատացեալները:
Իր աղօթքներով երեք պատանիներին գործակից էր Մեծն Դանիէլը, որը մեծ ցնծութեամբ փառք էր տալիս Աստծուն իր սիրելիների այդպիսի պանծալի վկայութեան համար: Արդ, երբ Նաբուգոդոնոսորը տեսաւ կատարուած հրաշքը, տեսաւ, որ հրեշտակը հնոցի մէջ ընկերակցում է երեք մանուկներին, զարհուրեց եւ, մօտենալով հնոցի դռանը, ասաց. «Սեդրա՛ք, Միսա՛ք եւ Աբեթնագո՛վ, բարձրեալ Աստուծոյ ծառանե՛ր, ելէ՛ք, դո՛ւրս եկէք»: Եւ նրանք ողջ ու անարատ դուրս ելան կրակի միջից այն դէպքում, երբ շատ քաղդէացիներ այրուել էին՝ գտնուելով հնոցից դուրս: Այնժամ թագաւորը նրանց առջեւ երկրպագեց Տիրոջը եւ հրամայեց, որ ոչ ոք չհայհոյի նրանց Աստծուն, իսկ Աստուծոյ սուրբերին առաւել եւս մեծարեց պատուով եւ խնդրեց նրանց, որ իշխեն այն բոլոր հրէաների վրայ, որ իր թագաւորութեան մէջ էին:
Սակայն, մոռացութեան տուած Աստուծոյ զօրութիւնը, անասնամիտ Նաբուգոդոնոսորի սրտի ամբարտաւանութիւնը չնահանջեց, այլ նա մտածում էր Աստուծոյ պէս զօրանալ ամբողջ տիեզերքի վրայ: Նա չէր հասկանում, որ Տիրոջից է իր իշխանութեան յաջողութիւնը եւ պատերազմներում յաղթանակները, որովհետեւ Տէրը նրան Իր ձեռքն է վերցրել՝ որպէս բարկութեան գաւազան, որպէսզի դրանով խրատի բոլոր ազգերին եւ ապա ոչնչացնի նրան իր ամբողջ թագաւորութեամբ, որն իրեն ցոյց է տրուել երազի տեսիլքում երկինք հասնող եւ երկրի վրայ տարածուած ծառի օրինակով. բոլոր մարմնաւոր արարածները կերակրւում էին դրանից, սակայն այն շուտ կտրուեց իր արմատից: Արքայի այս տեսիլքը եւս չկարողացան մեկնել բոլոր քաղդէացի իմաստունները, այն մեկնեց Դանիէլ մարգարէն՝ յայտնելով թագաւորի հպարտութեան պատճառով Աստուծոյ ցասման մասին: Մարգարէանալով արքային ասաց, թէ քեզ իբրեւ վայրենացած գազան պիտի հալածեն մարդկանց միջից, եւ դու պիտի բնակուես անապատի գազանների հետ, մինչեւ հասկանաս, որ Բարձրեալն է տիրում թագաւորութիւններին, եւ Նա այն պիտի տայ նրան, ում որ կþամենայ: Եւ թէպէտ Դանիէլը յորդորեց նրան տնանկների հանդէպ ողորմութեամբ եւ գթութեամբ հաշտեցնել իրեն Աստուծոյ հետ, որ թերեւս ողորմութիւն գտնի, սակայն նա ապերախտ գտնուեց, ու այդ ամէնը եկաւ նրա վրայ. հալածուեց մարդկանցից, իբրեւ արջառ խոտ էր ուտում, եւ նրա մարմինը թրջուեց երկնքի ցօղից, նրա մազերը երկարեցին առիւծի մազերի չափ, իսկ եղունգները՝ թռչունների մագիլների պէս: Եւ ըստ Դանիէլի խօսքի՝ եօթ ժամանակներ, այսինքն եօթ տարի կամ եօթ ամիս բնակութիւնից հեռու, խելակորոյս եւ այլափոխուած կերպարանքով գազանական կեանք վարեց: Ապա խելքի եկաւ, օրհնեց Բարձրեալին, եւ Աստուած վերադարձրեց նրան իր աթոռին:
Սրանից յետոյ Նաբուգոդոնոսորի որդի Բաղդասար թագաւորի ընթրիքի հաւաքոյթի ժամանակ յանկարծ երեւացին մարդու ձեռքի մատներ, որոնք անծանօթ գիր էին գրում թագաւորի տաճարի ծեփած պատի վրայ: Թագաւորը տեսնում էր այն ձեռքի թաթը, որը գրում էր: Բոլոր մոգերն ու քաղդէացիները դարձեալ չկարողացան ընթերցել այն, առաւել եւս՝ մեկնել: Այնժամ բերեցին Դանիէլին, եւ նա գալով ընթերցեց գիրը ու տուեց դրա մեկնութիւնը, որ երբ ժամանակը գայ, պիտի վերանայ Նաբուգոդոնոսորի տան թագաւորութիւնը, որը կատարուեց հէնց նոյն օրը, քանզի այդ նոյն գիշերը սպանուեց Բաղդասար թագաւորը, եւ մարաց Դարեհ արքան պարսից Կիւրոս Մեծի օգնութեամբ քաղդէացիներից վերցրեց թագաւորութիւնը:
Դարեհն իր թագաւորութեան մէջ հարիւր քսան նախարարներ նշանակեց եւ նրանց վրայ երեք գլխաւոր հրամանատարներ կարգեց. նրանցից մէկը Դանիէլն էր, որը թէպէտ ծերացել էր, սակայն զօրաւոր էր հոգով ու մարմնով: Նա այնքան սիրելի էր Դարեհին, որ նրան նշանակեց բոլոր իշխանների առաջնորդ եւ կառավարիչ իր ողջ թագաւորութեան մէջ, որի համար հրամանատարները եւ նախարարները նախանձում էին ու մտածում կորստեան մատնել նրան: Եւ երբ արքայի մօտ նրանից չարախօսելու ոչ մի առիթ չգտան, պատճառ բռնեցին նրա Աստուծոյ օրէնքները: Ապա թագաւորին համոզեցին արձակել մի անհեթեթ հրաման, ըստ որի՝ եթէ մինչեւ երեսուն օր որեւէ մէկը մի բան խնդրի որեւէ աստծուց կամ մարդուց, բացի Դարեհ արքայից, կը նետուի առիւծների գուբը: Եւ սա արեցին այն պատճառով, որովհետեւ գիտէին, որ Դանիէլն իր ամենօրեայ սովորութեամբ իր տան մէջ աղօթում է բարձրեալ Աստծուն, տեսել էին նրա վերնատան պատուհանները՝ բացուած դէպի Երուսաղէմ, եւ թէ ինչպէս նա օրական երեք անգամ ծնրադրում ու աղօթում էր՝ գոհանալով Իր Աստծուց: Տեսնելով, որ նա այդ բանն անում է նաեւ արքունի հրամանի օրերին, թշնամիները գնացին եւ չարախօսեցին արքայի մօտ՝ ասելով. «Դանիէլն արհամարհել է քո հրամանը», եւ ստիպեցին նրան նետել գուբը: Իսկ թագաւորն ակամայ կատարեց նրանց կամքը եւ Դանիէլին ասաց. «Այն Աստուածը, որին դու պաշտում ես, Նա կը փրկի քեզ»:
Գիշերն անցաւ, իսկ առաւօտեան արքան եկաւ առիւծների գուբը ու Դանիէլին տեսաւ ողջանդամ. Աստուած փակել էր առիւծների բերանը, եւ նրանք բնաւ չէին վնասել Դանիէլին: Այնժամ թագաւորը հրամայեց Դանիէլին հանել գբից եւ նրա փոխարէն առիւծների մօտ գցել չարախօսողներին, որոնց առիւծներն անմիջապէս յօշոտեցին:
Այդ շրջանում ողջ արեւելեան կողմերին տիրող պարսից Կիւրոս արքան իր թագաւորութեան առաջին տարում Բաբելոնից Երուսաղէմ վերադարձրեց գերեվարուած բոլոր հրէաներին, որի համար Դանիէլը յաճախ աղօթում էր: Սակայն ինքը՝ Դանիէլը, Զօրաբաբելի եւ միւսների հետ չվերադարձաւ Երուսաղէմ, որովհետեւ Դարեհ արքան չկամեցաւ թողնել նրան եւ բացի այդ՝ Դանիէլն ինքը եւս լաւ համարեց մնալ այդտեղ՝ քաղդէացիների երկրում, որպէսզի օգնական լինի Բաբելոնում մնացած հրէաներին, քանի որ շատերն արդէն հաստատուել էին եւ Երուսաղէմ չէին գնացել:
Դանիէլը Դարեհ արքայի, նաեւ Կիւրոսի համար կեանքի ընկեր էր: Այս Կիւրոսը, որ յաճախ գալիս էր Բաբելոն, համարձակութիւն առնելով Դարեհից, կործանեց բաբելացիների գլխաւոր չաստուծոյ՝ Բէլի երեւելի մեհեանը՝ արքային յայտնելով քրմերի խարդաւանքի մասին. նրանք մեհեանում գետնափոր դուռ էին բացել եւ իրենց կանանցով ու որդիներով ուտում էին, ինչ որ դնում էին Բէլի առջեւ: Դրանից յետոյ սպանեց նաեւ մեծ վիշապին, որին պաշտում էին բաբելացիները: Չհանդուրժելով այս բանը՝ բարկացած ամբոխը եկաւ հաւաքուեց թագաւորի մօտ եւ ասաց. «Թագաւորը հրէայ է դարձել, որովհետեւ Դանիէլի խօսքով նա կործանեց Բէլին, սպանեց վիշապին եւ կոտորեց քրմերին»: Նրանք ստիպում էին թագաւորին Դանիէլին տալ իրենց ձեռքը, «Ապա թէ ոչ, — ասացին, — կը սպանենք քեզ եւ քո տոհմը»: Թագաւորը ստիպուած Դանիէլին մատնեց նրանց ձեռքը, եւ նրանք նրան նետեցին փոսը, որտեղ կային եօթ առիւծներ: Դանիէլն այնտեղ մնաց վեց օր, որի ընթացքում Ամբակում մարգարէն, Տիրոջ հրեշտակի ձեռքով Երուսաղէմից Բաբելոն փոխադրուելով, ճաշ էր բերում նրան: Եօթերորդ օրը թագաւորը եկաւ ողբալու Դանիէլի մահը, սակայն նրան կենդանի գտաւ, աղաղակեց ու ասաց. «Մեծ ես, Դանիէլի Տէ՛ր Աստուած, եւ չկայ այլ աստուած քեզանից բացի»: Նա Դանիէլին դուրս հանեց, իսկ նրա փոխարէն փոսի մէջ նետեց նրա թշնամիներից գլխաւորներին, եւ նրանք իսկոյն յօշոտուեցին հէնց թագաւորի առաջ:
Դանիէլի մասին այսքանն է աւանդուած նրա մարգարէութեան գրքում, որտեղ գրուած են նաեւ այլ սքանչելի տեսիլքների եւ յայտնութիւնների մասին, որ նա տեսաւ Տիրոջ կողմից հանդերձեալ իրողութիւնների վերաբերեալ եւ Փրկչի միւս անգամ աշխարհ Գալստեան մասին:
Դանիէլն իր մասին յիշատակում է մինչեւ Կիւրոսի օրերը եւ դրանից յետոյ ոչինչ չի նշում: Մեկնիչներից ոմանք ասում են, թէ նա հասաւ մինչեւ Կիւրոսի թագաւորութեան երրորդ տարին եւ վախճանուեց Քրիստոսից 534 տարի առաջ՝ հասնելով խոր ծերութեան, մօտաւորապէս հարիւրամեայ հասակում: Նաեւ նրա երեք բարեկամները՝ Անանիան, Ազարիան եւ Միսայէլը, հասան խոր ծերութեան եւ փոխուեցին առ Տէր: Բայց ոմանք ասում են, թէ Դանիէլը հասաւ մինչեւ պարսից Արտաշէս արքայի օրերը, քանզի այդ ժամանակներում Եզրաս անունով գրիչը մի մատեանի մէջ էր հաւաքել նախկին մարգարէների գրքերը, իսկ այդ ժամանակ Դանիէլի գիրքը դեռեւս ամբողջական չէր: Այդ պատճառով հրէաները նրա գործը դասեցին սրբազան մատեանների շարքում՝ Հին օրէնքից եւ հին մարգարէներից դուրս: Կամ էլ հրէաների յետնորդները, ըստ Դանիէլի խօսքի՝ յայտնապէս տեսնելով Քրիստոսի գալստեան ժամանակը, որը չէին կամենում, առանձնացրին նրա գիրը, մանաւանդ որ այն գրուած էր քաղդէացիների լեզուով եւ ոչ թէ եբրայերէն:
Դարեհ թագաւորին յաջորդեց Կիւրոսը, Կիւրոսից յետոյ՝ Արտաշէսը, Արտաշէսից յետոյ՝ Ատտիկը: Դանիէլը եւ երեք պատանիները բազում անգամներ յանդիմանում էին սրան ամբարշտութեան համար: Եւ նա բարկանալով հրամայեց սպանել նրանց. երբ կտրում էին Միսայէլի գլուխը, Ազարիան տարածեց իր քղամիդը եւ դրանով առաւ նրա գլուխը: Նոյնպէս եւ Անանիան իր գոգն առաւ Ազարիայի գլուխը, եւ Դանիէլն էլ Անանիայի ու միւս երկու եղբայրների գլուխները իր պատմուճանի մէջ: Հրեաները հաւաքուեցին, վերցրին նրանց մարմինները, գլուխները կցեցին մարմիններին, դրեցին արծաթէ տապանների մէջ ու ամփոփեցին մի ծածուկ տեղում, որպէսզի սուրբերի մարմինները չտանեն թագաւորի մօտ ու չայրեն:
Բազում տարիներ անց՝ պարսից Վռամ արքայի օրօք, յայտնուեցին երեք սուրբ մանուկների նշխարները հետեւեալ կերպով:
Բաբելոնում կար հրէայ մէկը, որը մենակ ապրում էր իր տան մէջ: Նրա մօտ էին գալիս շատ հիւանդներ եւ առողջանում էին իրենց ախտերից: Իշխանական տոհմից Մալխութայ անունով մի քրիստոնեայ, որ պարսից արքայի կողմից իշխան էր կարգուած Բաբելոնի կողմերում, լսեց այն հրաշքների մասին, որ անում էր հրէան: Ապա համոզեց իր ծառաներից մէկին հրէայ ձեւանալ, գնալ նրա մօտ ու տեսնել, թէ նա ինչ զօրութեամբ է հրաշագործում: Եւ հաց, միս ու գինի առնելով՝ գնաց եւ մէկ օր մնաց այն հրէայի մօտ ու տեսաւ, որ բազում ցաւագարներ էին գալիս: Իսկ հրէան երեկոյից մինչեւ առաւօտ ջրով լի ամանը դնում էր տան մէջ, յաջորդ օրը նա այդ ջուրը լցնում էր հիւանդների վրայ, եւ նրանք անմիջապէս առողջանում էին: Եւ քրիստոնեան ինչ որ տարել էր իր հետ, դրեց հրէայի առաջ, միասին կերան ու արբեցին, եւ նա ուրախացրեց հրէային: Ապա քաղցրութեամբ հարցրեց նրան եւ ասաց. «Տէ՛ր իմ, արժան է ինձ ասել, թէ ինչպէս ես անում այդ բժշկութիւնը, քանզի ես էլ հրէայ եմ, ինչպէս որ դու: Տեսնում եմ, որ ինչ-որ բան ես ասում եւ առողջութիւն ես տալիս մարդկանց բոլոր ցաւերին»: Եւ երբ շատ ստիպեց, հրէան ասաց. «Այն տեղում, ուր դնում եմ ջրով լի ամանը, երեք մանուկների՝ Անանեանների նշխարներն են, եւ նրանց շիրիմներն այնտեղ են: Այդ բժշկութիւնները լինում են նրանց կողմից՝ Աստուծոյ եւ Նրա սուրբերի փառքի համար»: Տեղեկանալով այս մասին եւ իմանալով ճշմարտութիւնը՝ այրը վերադարձաւ Մալխութայ իշխանի մօտ ու յայտնեց նրան, եւ իշխանն էլ յայտնեց վանքի Անտօն երէցին: Իսկ հրէան շաբաթ գիշերը գնում էր հրէաների ժողովարանը. ուրբաթ օրը՝ երեկոյեան ժամին, իր տան մէջ վառում էր կանթեղը, խնկարկում եւ ապա գնում ժողովարան: Եւ վանահայր Անտօնը, իր հետ վերցնելով ժիր ու իմաստուն մարդկանց, գնաց եւ դուրս բերեց սուրբ մարտիրոսների նշխարները ու դրանք գաղտնաբար տարաւ իր վանքը: Այս բանը որոշ ժամանակ անյայտ պահեցին հրէաների պատճառով, որպէսզի նրանք չիմանան, եւ խռովութիւն չլինի, իսկ ժամանակ անց դրանք յայտնի դարձան, եւ քրիստոնեաների շրջանում մեծ ուրախութիւն տիրեց կատարուող հրաշքների համար, որ ի փառս Աստուծոյ լինում էին սուրբերի նշխարներով:
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆ
Դանիէլ թարգմանւում է Աստուծոյ դատաստան, կամ Աստուծոյ դատաւոր, կամ Աստուած ինձ դատ արեց: Դանիէլը Յուդայի ցեղից էր, թագաւորական տոհմից, բարեպաշտ եւ աստուածասէր թագաւորեների՝ Դաւթի, Եզեկիայի եւ Յովսիայի ժառանգը: Նա սուրբ Անանեանների հօրեղբօր որդին էր, Յովակիմ արքայի եղբօր՝ Յոհաննէսի որդին եւ բարեպաշտ թագաւոր Յովսիայի թոռը:
Աղբյուր՝https://shavigh.am/