[…] Մեր սրտում դրած այս ծիլերը մեզ տալուց հետո, Տերը գալիս է դրանց պտուղները պահանջելու, և ասում է. «Ձեզ նոր պատվիրան եմ տալիս. որ սիրեք միմյանց» (Հվհ 13, 34): Տերը, կամենալով խրախուսել մեր հոգիները՝ գործադրելու այս պատվիրանը, Իր աշակերտներից որպես նրանց հավատարմության փաստ չպահանջեց ո՛չ հրաշքներ, ո՛չ էլ չլսված սքանչելագործություններ, – թեև նրանց տվել էր, Հոգու մեջ, դրանք գործելու իշխանությունը: Ուրեմն ի՞նչ ասաց նրանց: «Բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե դուք սիրեք միմյանց» (Հվհ 13, 35):
Նա այնքան է իրար միավորում այս երկու պատվիրանները, որ Իրեն է վերագրում այն նպաստները, որոնց առարկան է հանդիսանում մերձավորը. «Որովհետև քաղցած էի», ասում է, «և դուք ինձ ուտելիք տվեցիք»: Եվ հավելում է. «Այն ամենը, որ արեցիք իմ եղբայրներից ամենափոքրին, ի՛նձ է, որ արեցիք» (Մտթ 25, 35. 40): Այսպիսով, առաջին պատվիրանի միջոցով հնարավոր է գործադրել երկրորդը, իսկ երկրորդի միջոցով՝ վերադառնալ առաջինին. սիրելով Տիրոջը, սիրել նաև մերձավորին, քանի որ. «Ով սիրում է ինձ», ասում է Տերը, «կգործադրի իմ պատվիրանները», և. «Իմ պատվիրանը սա է. որ դուք սիրեք միմյանց այնպես, ինչպես ես ձեզ սիրեցի» (Հվհ 13, 34):
ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ, Ընդարձակ կանոններ, III, 1-2
Աղբյուր՝https://mashtoz.org/