Որ գերագոյն քան զբնութիւնս հրաշագործեցեր Որդի Աստուծոյ առ թագաւորն Հայաստանեայց
Գաւազանաւ Քո բարկութեան՝ զյիմարութիւն յիմաստ փոխարկեալ.
Վասն որոյ մանկունք եկեղեցւոյ յիշատակի սորա օրհնեն զՔեզ՝ Տէր:
Որ համանման բաբելացւոցն բռնաւորին ի յանբանից փոխեալ կերպարան.
Յանբանական բռնութենէն նուաճելով զարքայն մեծ Տրդատ.
Վասն որոյ մանկունք եկեղեցւոյ յիշատակի սորա օրհնեն զՔեզ՝ Տէր:
Որ ի ձեռն մաղթանաց սրբոյն Գրիգորի ի մարդկային բնութիւն դարձուցեր.
Յանասնեղէն ի բնութենէն նորաստեղծեալ զարքայն մեծ Տրդատ.
Վասն որոյ մանկունք եկեղեցւոյ յիշատակի սորա օրհնեն զՔեզ՝ Տէր:
(Շարակնոց)
Թագաւորներից քաջազօրը ու բարեյաղթը, սրով ու խաչով թագաւորած Տրդատ Մեծը, Հայաստանեաց լուսաւորեալ լուսաւորիչը հայոց Խոսրով արքայի որդին էր, պարթեւ Արշակունիների տնից: Նա մի այր էր երեւելի տեսքով, թիկնեղ, ամրաբազուկ ահեղ եւ փառաւոր, մի զօրեղ հսկայ՝ իբրեւ մի դիւցազուն դիւցազունների մէջ:
Արդ, երբ Անակ Պարթեւը դաւադրաբար սպանեց Տրդատի հօրը՝ Խոսրովին, պարսից սասանեան Արտաշիր թագաւորը համարձակօրէն միջամտեց Հայոց աշխարհի գործերին եւ որոշեց բնաջնջել թագաւորութեան ժառանգակալներին ու տիրել համայն Հայաստան աշխարհին: Սակայն արքայորդի մանուկ Տրդատը եւ նրա քոյրը՝ Խոսրովիդուխտը, փրկուեցին կոտորածից. հայոց նախարար Արտաւազդ Մանդակունին փրկեց Տրդատին եւ նրան փախցրեց կապադովկիացիների երկիրը՝ Կեսարիա, որը գտնւում էր կայսեր տիրապետութեան տակ, իսկ Խոսրովիդուխտին փրկեց Օտա Ամատունին՝ տանելով նրան Անիի Ամրոցը՝ Կամախ, որտեղ նրան պահեց ու մեծացրեց բոլորից գաղտնի:
Միառժամանակ Կեսարիայում մնալուց յետոյ Արտաւազդը Տրդատին տարաւ արեւմուտք՝ Հռոմ քաղաքը, ուր մինչեւ արբունքի հասնելը ապրեց արքունիքում՝ Լիկիանէսի ձեռքի տակ, որը կայսեր աւագ իշխաններից մէկն էր:
Տրդատը հզօր էր եւ անպարտելի, յաջողակ զինամարտիկ էր ու առաջադէմ բոլոր գործերում: Բազմաթիւ քաջագործութիւններ էր անում՝ զարմացնելով հռոմէացիներին: Նրան համարում էին մի նոր Հերակլէս կամ էլ Աքիլլէս, որովհետեւ լինում էր, որ մենակ փախուստի էր մատնում թշնամու գունդը կամ մենակ շատերին սրի տակ քաշում, լինում էր, որ գազանամարտի մէջ մտնելով՝ մի ձեռքով բռնում էր ամեհի ցլերի եղջիւրներից ու տապալում նրանց եւ լինում էր, որ կառամարտի ժամանակ քառաձի կառքերի վազքը ձեռքով յետ էր դարձնում:
Եւ այսպէս նա իր արիութեամբ անուանի դարձաւ: Նրա համբաւը հասաւ մինչեւ Դիոկղետիանոս Դաղմատացի կայսրին, որը, վախենալով մենամարտել գոթացի Հռչէ հսկայի հետ եւ Լիկիանէսից լսած լինելով Տրդատի մեծամեծ գործերի մասին, նրան հագցրեց իր կայսերական հանդերձանքը եւ մրցասպարէզ հանեց: Քաջ Տրդատը յաղթեց Հռչէ ըմբշամարտիկին, պարգեւներով ու փառքով մեծ պատուի արժանացաւ ինքնակալի կողմից, հռչակուեց որպէս իր հայրենեաց երկրի թագաւոր եւ կայսերական գնդով ուղարկուեց Հայաստան: Քաջաբար ազատելով երկիրը պարսիկներից եւ բոլոր թշնամիներից՝ Տրդատը ծայրից ծայր տիրեց Հայաստան աշխարհին եւ իրաւամբ բազմեց հայրենի թագաւորութեան աթոռին: Կնութեան առաւ ալանաց արքայի դստերը՝ Աշխէնին, պատուեց նաեւ իր քրոջը՝ Խոսրովիդուխտ մեծ օրիորդին, որը չկամեցաւ ամուսնանալ եւ նախընտրեց կուսութիւնը իր ամբողջ կեանքի համար:
Բայց սէգ Տրդատ արքան, մոլորուած լինելով հայրենի կուռքերի պաշտամունքի մէջ, կարծում էր, թէ իր յաջողութիւնները լինում են նրանց շնորհիւ: Իր թագաւորութեան առաջին իսկ տարում բազմաթիւ չարչարանքների ենթարկեց իր հաւատարիմ եւ սիրելի ծառային՝ Քրիստոսի քաջ նահատակ երանելի Գրիգորին, որն առանց իր անձը յայտնելու ծառայում էր իրեն: Նրան բազմաթիւ տանջանքների մատնելուց յետոյ երբ իմացաւ, որ նա Անակ Պարթեւի որդին է, հրամայեց տանել ու նետել մահապարտների խոր վիրապը, որ գտնւում է Արտաշատ քաղաքում: Ինչպէս որ իր հայրը՝ Խոսրովն էր ձգտել վերացնել սուրբ Թադէոս եւ Բարդուղիմէոս առաքեալների ժամանակներից մնացած քրիստոնեաներին, այդպէս էլ նա, ցանկանալով վերացնել բոլոր քրիստոնեաներին, մի հրովարտակ արձակեց, ըստ որի՝ իր տէրութեան բոլոր վայրերում պէտք է անխափան կատարուէին աստուածների պաշտամունքները:
Անցան տասնչորս տարիներ, եւ հռոմէացիների երկրից Հայաստան եկան Հռիփսիմեանց կոյսերը, որոնք Վաղարշապատ քաղաքի սահմաններում նահատակուեցին Տրդատ արքայի կողմից: Նրանց նահատակութիւնից երեք օր անց, երբ թագաւորը քաղաքից դուրս որսի ելաւ, Տիրոջ կողմից նորանշան պատուհասներով հարուածներ ստացաւ. նա ցած ընկաւ կառքից եւ սկսեց մոլեգնել այսահարի պէս, բաբելացի բռնակալ Նաբուգոդոնոսորի նման կորցրեց մարդկային կերպարանքը, վայրենացաւ ու վայրի խոզի նմանութեամբ անասնական կերպարանք ստացաւ: Քշուելով դեւերի կողմից՝ մերկ ու խայտառակ շրջում էր եղեգնուտ վայրերում եւ վայրաբնակ թափառում վարազների պէս: Ոչ ոք չէր համարձակւում սանձել նրան ու քաղաք բերել: Նրա հետ միասին թագաւորի շատ ծառաներ, իշխաններ եւ զօրականներ աստուածասաստ բարկութեամբ եւ դիւային հարուածներով մոլեգնեցին այնպէս, որ ատամներով կծոտում էին իրենց մարմինները, եւ առհասարակ երկրի բոլոր բնակիչները պաշարուել էին ահով ու երկիւղով:
Արդ, այդ աղէտալի ժամանակների վարանումների մէջ բարձունքներից Տէրն այցելեց Իր ողորմութեամբ՝ նորոգելու Հայաստան աշխարհը ապականութիւնից, քանզի թագաւորի քոյրը՝ առաքինի կոյս Խոսրովիդուխտն արժանացաւ երկնային տեսիլքի, որը պատմում էր բոլորին ու ասում. «Այս գիշեր տեսիլք տեսայ, որում լուսեղէն կերպարանքով մի մարդ ինձ ասաց, թէ ձեզ հասած պատուհասներից չէք կարող ազատուել, եթէ չգնաք Արտաշատ քաղաք ու այնտեղից չբերէք բանտուած Գրիգորին: Նա գալով ձեզ կþուսուցանի ցաւերից բժշկուելու միջոցը»:
Այս լսելով՝ մարդիկ սկսեցին ծիծաղել այդ խօսքերի վրայ եւ ասացին Խոսրովիդուխտին. «Դու ե՞ւս մոլեգնեցիր ու դիւահար դարձար: Ահա տասնհինգ տարի է, որ նրան գցել են դժնդակ խոր վիրապը, իսկ դու ասում ես, թէ նա ողջ է: Ո՞վ գիտէ, թէ ուր են նրա ոսկորները, քանզի հէնց նոյն օրը, երբ նրան նետել են գուբը, օձերի տեսքից մեռած կը լինի»:
Աստուծոյ հրեշտակը դարձեալ կրկնեց տեսիլքը օրիորդին եւ հինգ անգամ երեւաց սպառնալիքներով, որ եթէ այն անյապաղ չպատմի, մեծամեծ տանջանքների պիտի մատնուի, եւ մարդկանց ու թագաւորի տանջանքները պիտի սաստկանան մահուամբ: Եւ Խոսրովիդուխտը գնաց Աշխէն տիկնոջ ու աւագանու մօտ եւ մեծ երկիւղով յայտնեց հրեշտակի խօսքերը: Այնժամ իսկոյն Արտաշատ ուղարկեցին Օտա անունով աւագ նախարարին, եւ նա գալով սուրբ Գրիգորին ողջ գտաւ խոր վիրապի մէջ, դուրս բերեց նրան եւ ուրախութեամբ բերեց Վաղարշապատ: Սուրբ Գրիգորին ընդառաջ գնաց աւագանին, խոզի կերպարանք առած թագաւորն ու դիւախաբ մարդիկ եւ ընկան Գրիգորի ոտքերը: Եւ նա Աստծուց խնդրեց մտքի արթնութիւն տալ նրանց, որպէսզի կարողանան ընկալել Փրկչի կենարար վարդապետութիւնը՝ հոգիների եւ մարմինների բժշկութեան համար:
Եւ սուրբ Գրիգորը, օթեւան հաստատելով սուրբ կոյսերի հնձանատեղի մօտ, վաթսուն կամ վաթսունվեց օր պահեցողութեամբ ու աղօթքներով քարոզեց ամբողջ ժողովրդին: Իսկ Տրդատը, որ դեռեւս պատժուած էր քստմնելի կերպարանքով, սակայն սթափուել էր մտքով, անդադար հեծեծում էր Գրիգորի ոտքերի առաջ, արտասուքներով յայտնում իր սրտի ցաւը եւ դրդում սուրբին կարեկցել իրեն: Երբ լրացան պահոց օրերը, սուրբ Գրիգորը բժշկեց թագաւորի ձեռքերն ու ոտքերը, որպէսզի նա կարողանայ աշխատել եւ շինել սուրբ կոյսերի շիրիմներն ու վկայարանները:
Այնուհետեւ թագաւորը, վերցնելով թագուհուն՝ Աշխէն տիկնոջը, եւ իր քոյր Խոսրովիդուխտին, սկսեց շինել սուրբ կոյսերի գերեզմանները: Տրդատն անձամբ փորում էր բահով եւ կացնով, իսկ նրանք հաւաքում էին հողը իրենց հանդերձների մէջ ու դուրս թափում: Մարդկանց բազմութիւնն էլ պատրաստում էր վկայարանների շինուածքի նիւթը. մէկը քար էր բերում, մէկը՝ աղիւս, մէկ ուրիշը՝ եղեւնափայտ, եւ ջանասիրութեամբ ու մեծ երկիւղով բերում կիտում էին հրամայուած տեղում: Իսկ սուրբ Գրիգորը, շինողների ճարտարութեան առասանն իր ձեռքն առած, վկայարանների շինութեան ճարտարապետն էր: Բոլորը, ինչպէս նաեւ կանայք՝ իրենց տկարութեամբ հանդերձ, լծուած էին այդ գործին եւ մասնակից էին շինուածքի կառուցմանը: Տրդատը վկայարանների սեմերի համար Մասիս լերան վրայից բերում էր կարծր, անտաշ, անկոփ, խոշոր, ծանր, երկայն, հաստ ու մեծամեծ քարեր, որոնցից մէկը ոչ ոք չէր կարող շարժել, թեկուզ մարդկանց բազմութիւնը: Այդ հսկայ թագաւորը, հայկաբար վերցնելով ութ քարեր, դնում էր իր թիկունքին եւ բերում: Մէն-մենակ չորս քարեր կանգնեցրեց վկայարանի սեմին՝ ցանկանալով հատուցել սուրբ Հռիփսիմէի հետ մղած անմիտ մարտի փոխարէն: Սուրբ Հռիփսիմէն, մեծ զարմանքի առիթ տալով, Աստուծոյ զօրութեամբ յաղթեց հսկայ արքային, իսկ Տրդատը որպէս յաղթութեան պսակ մատուցեց իր ձեռքերի զօրութեան վաստակը:
Աշխէն տիկինը, Խոսրովիդուխտը, թագաւորազուն օրիորդները, պատուական կանայք ու դուստրեր բերում էին ծիրանի եւ մետաքսէ, երկնագոյն ու այլ տեսակ-տեսակ ընտիր հանդերձներ՝ սուրբ կոյսերի մարմինները հանդերձաւորելու եւ պատանելու համար: Նոյնպէս եւ թագաւորը, արքայազունները եւ իշխանները բերում էին անուշահոտ իւղեր ու ընտիր խունկեր, պատանքների գոյնզգոյն նարօտներ, մետաքսահիւս եւ ոսկէթել կերպասներ՝ ոսկիով եւ արծաթով հանդերձ, եւ կուտակում հնձանի առջեւ:
Արդ, երբ սուրբ Գրիգորը տեսաւ այս ամէնը, ասաց. «Չէ՞որ նախապէս ասել եմ, թէ պատշաճ չէ ձեր բերածը մատուցել նրանց, քանի որ դեռեւս սրբուած չէք մկրտութեամբ, թէպէտ բարի է ձեր յօժարութիւնը ձեր փրկութեան համար: Թող այս ամէնը պահուի արքունի գանձարանում, եւ երբ Տէրը ձեզ տայ քահանայապետ, հովիւներ եւ առաջնորդներ, եկեղեցու պայծառութեան համար այդ ամէնը ի սպաս կը դրուի Աստուծոյ փառաւորընկալ Սեղանի ծառայութեանը: Իսկ այժմ եկէք սուրբերից իւրաքանչիւրին իր հանգիստը մատուցենք, որպէսզի նրանք էլ իրենց բարեխօսութեամբ ձեզ հանգիստ տան հոգու եւ մարմնի տառապանքներից»:
Եւ երբ սուրբ կոյսերի մարմիններն ամփոփեցին վկայարաններում, բարձր պարիսպով շրջափակեցին նաեւ Միածնի իջման տեղը, որպէսզի այդ տեղում ըստ սուրբ Գրիգորի տեսիլքի՝ եկեղեցի կառուցեն: Այդ տեղում նա կանգնեցրեց սուրբ Խաչի նշանը եւ բոլորին պատուիրեց ծնրադրել, երկրպագել ու աղօթել Աստծուն, որ Նա բժշկութիւն պարգեւի բոլոր նրանց, ովքեր հարուած էին ստացել: Այնժամ եւ ինքը՝ սուրբ Գրիգորը, բարձրագոչ աղօթեց Աստծուն՝ թագաւորի եւ բոլոր վտանգի ենթարկուածների բժշկութեան համար: Եւ ահա թագաւորը, մինչ խոզի կերպարանքով կանգնած էր ժողովրդի մէջ, յանկարծակի դողի մատնուեց, եւ մարմնի վրայի խոզի մորթը՝ ժանտատեսիլ ժանիքով ու կնճիթադէմ երեսով, վայր ընկաւ: Խոզանման մազի թաւութեամբ խորխացեալ կաշին դուրս նետուեց, դէմքն իր իսկական կերպարանքն առաւ, մարմինը նորածին մանկան նման փափուկ ու մատղաշ դարձաւ, եւ ողջ մարմնով ամբողջապէս բժշկուեց: Այսպէս Տրդատը, թօթափուելով բոլոր օտար կերպարանքներից, ընդունեց իր նախկին կերպարանքը, սակայն առաւել պայծառ ու վայելուչ: Նմանապէս բժշկուեցին բոլոր ախտացեալները, եւ առհասարակ բոլորը փառք տուեցին ճշմարիտ Աստծուն: Տրդատ արքան այլ մարդ դարձաւ՝ նորոգուած հոգով եւ մարմնով, մեծ գոհութեամբ մեծարեց Աստծուն այցելութեան համար, որ արեց իրեն խրատելու եւ սքանչելապէս կենագործելու համար: Նրա հետ նաեւ Աշխէն տիկինը եւ թագաւորի քոյրը՝ Խոսրովիդուխտը, լի անպատում ուրախութեամբ, աւելի ու աւելի էին հաստատւում Տիրոջ երկիւղի եւ Քրիստոսի ջերմ պաշտամունքի մէջ:
Այնուհետեւ սուրբ Լուսաւորչի միջոցով ողջ Հայոց երկրում՝ սկսած Այրարատից, տարածուեց աստուածպաշտութիւնը: Աստուածասէր Տրդատ արքան ջերմեռանդութեամբ տարածում էր քրիստոնէութիւնը իր տէրութեան բոլոր կողմերում եւ շտապում իր աւագանիով հանդերձ գնալ ու բոլոր քաղաքներից ու գիւղերից ջնջել կռապաշտութեան բոլոր հետքերը: Ապա իսկոյն տիրաբար հրաման տուեց յանձնարարել երանելի Գրիգորին, որպէսզի նա Հայոց աշխարհից վերացնի բոլոր գայթակղութիւնները, իր եւ նախնիների կողմից աստուած կոչուած չաստուածներին անյիշատակ դարձնի, վերացնի բոլոր մեհեանների եւ արձանների հետքերը, որքան էլ դրանք մեծածախս ու արուեստագործ հնութիւններ լինէին:
Եւ երբ այս ամէնը գլուխ եկաւ բազմատեսակ սքանչելիքներով, Տրդատ թագաւորը մեծ միաբանական ժողով գումարեց Աշխէն տիկնոջ, Խոսրովիդուխտի, ողջ աւագանու եւ Հայաստան աշխարհի իշխանների մասնակցութեամբ: Նրանց հետ որոշեց Գրիգոր Մեծին ընտրել որպէս իրենց հովիւ եւ առաջնորդ, որպէսզի նա մկրտութեամբ լուսաւորի ու վերանորոգի Հայոց երկիրը մեր արարիչ Աստուծոյ ամենուսոյց խորհրդով: Իսկ Գրիգորը յանձն չէր առնում ընդունել քահանայապետութեան մեծ պատիւը՝ ասելով. «Չեմ կարող համբերել եւ դիմանալ անչափ բարձրութեանը, քանզի անպատում է քրիստոսատուր փառքի առաջնորդութեան պատիւը՝ միջնորդ դառնալու Աստուծոյ եւ մարդկանց միջեւ, այլ թող արժանի մէկին որոնեն, գտնեն»: Ապա Աստծուց սքանչելի տեսիլք երեւաց թագաւորին: Նա տեսաւ Աստուծոյ հրեշտակին, որը խօսեց նրա հետ ու ասաց. «Պէտք է, որ դուք անյապաղ Գրիգորին տաք քահանայապետութեան պաշտօնը, որպէսզի նա մկրտութեամբ լուսաւորի ձեզ»: Աստուծոյ հրեշտակը տեսիլքի մէջ երեւաց նաեւ Գրիգորին, որպէսզի չլինի, թէ այդ մասին յամառի, «քանզի, — ասաց, — դա քեզ հրամայուած է Քրիստոսի կողմից»:
Այնժամ թագաւորը մեծ երկիւղածութեամբ եւ ուրախութեամբ, նախարարների բազմութեամբ եւ զօրքով Գրիգորին ճանապարհեց կապադովկիացիների երկիրը՝ Կեսարիա, ուր սուրբ Լուսաւորիչը սուրբ Ղեւոնդ պատրիարքի կողմից ձեռնադրուեց Հայաստանեայց եպիսկոպոսապետութեան համար եւ փառքով վերադարձաւ Հայաստան:
Երբ Տրդատ թագաւորը լսեց, որ Գրիգորը եկել հասել է մեր Հայոց երկիրը, առաւ իր զօրքը, Աշխէն տիկնոջը եւ իր քոյր Խոսրովիդուխտին ու Վաղարշապատ քաղաքից եկաւ Գրիգորին ընդառաջ: Եկաւ հասաւ Բագաւան գիւղաքաղաքը եւ այնտեղ մէկ ամիս սպասեց նրան: Իսկ Գրիգորը շրջում էր, որպէսզի տարբեր կողմերը լցնի եկեղեցիներով, քահանաներով, եկեղեցու սպասաւորներով եւ շատերին լուսաւորի մկրտութեամբ:
Տեսնելով Աստուծոյ քահանայապետին՝ ուրախութեամբ պատրաստուեցին պահեցողութեամբ, աղօթքներով եւ ջերմ հաւատով ընդունել սուրբ մկրտութիւնը: Իսկ երանելի Գրիգորն առաւ աշխարհաբնակ զօրքը եւ իրեն՝ թագաւորին, Աշխէն տիկնոջը, մեծ օրիորդ Խոսրովիդուխտին, բոլոր մեծամեծներին եւ բանակի բոլոր մարդկանց, առաւօտեան այգը լուսանալուն պէս տարաւ Եփրատ գետի ափը ու այնտեղ բոլորին մկրտեց Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Երբ թագաւորը եւ նրա հետ եղողները իջնում էին Եփրատ գետի մէջ՝ մկրտուելու, Աստծուց սքանչելի հրաշք երեւաց. գետի ջրերը կանգնելով յետ դարձան, ապա սաստիկ լոյս երեւաց լուսաւոր սեան նման, եկաւ կանգնեց ջրերի վրայ, ու նրա վրայ երեւաց տէրունական Խաչը: Լոյսն այնքան սաստիկ էր, որ արգելեց ու խամրեցրեց արեգակի ճառագայթները: Օծութեան իւղը, որ Գրիգորը հեղում էր մարդկանց վրայ, գետի մէջ շրջան կատարելով՝ մարդկանց շուրջն էր պտտւում: Բոլորը զարմացած օրհնում եւ փառաւորում էին Աստծուն: Երեկոյեան հրաշքն աներեւոյթ եղաւ, եւ նրանք, որ մկրտուեցին այդ օրը, աւելի քան տասնհինգ բիւր էին: Յաջորդ օրը Բագաւանում սուրբ Լուսաւորիչը պատարագ մատուցեց եւ թագաւորին ու զօրքին հաղորդ դարձրեց պատուական սուրբ Խորհրդին:
Այնուհետեւ ամէն օր բիւր բիւրաւորներ եւ հազար հազարաւորներ գալիս էին՝ լուսաւորուելու սուրբ մկրտութեամբ: Աստուածասէր թագաւորն իր խօսքով եւ օրինակով ողջ Հայոց աշխարհում ծաղկեցնում էր բարեպաշտ հաւատքը եւ Լուսաւորչի ձեռքով ու արքունի ծախսերով ամենուր շինել տալիս եկեղեցիներ, կարգում եպիսկոպոսներ, քահանաներ ու սպասաւորներ: Գրիգորի խորհրդով հրամայեց բոլոր գաւառներից հաւաքել մատաղ մանուկներ, նրանց բաժանել երկու դասի. մի մասին տալ ասորի դպրութեան, միւսին՝ հելլէն, իսկ քրմերի որդիներին հաւատարիմ վարժապետների ձեռքով վարժեցնել Սուրբ Գրքի ուսուցմանը: Եւ այդպէս կարճ ժամանակում Հայաստան աշխարհը Սուրբ Հոգու բոլոր շնորհների պարգեւներով ծաղկեց որպէս Աստուծոյ դրախտ:
Այնուհետեւ սուրբ Լուսաւորիչը կամեցաւ առանձնանալ մի անապատ վայրում, իսկ աստուածասէր թագաւորը խնդրում էր նրան մնալ իր մօտ: Եւ երբ թագաւորին տեղեկացրին, որ սուրբ Գրիգորն ունի երկու որդի, որոնք գտնւում են Կեսարիայում. Վրթանէսը, որն ապրում է աշխարհական կարգով, իսկ Արիստակէսը՝ մենակեացի, այնժամ պատուիրակներ ուղարկեց եւ նրանց իր մօտ բերեց: Ապա նրանց հետ ելաւ փնտռելու սուրբ Գրիգորին, եւ նրան գտան Դարանաղեաց գաւառի Սեպուհ լերան Մանեայ այրի մէջ: Նրան քաղաք բերեցին եւ իր փոխարէն ամենայն Հայոց կաթողիկոսութեան համար ձեռնադրել տուեցին Արիստակէսին: Եւ Արիստակէսի հետ Տրդատն ու Գրիգորը գնացին հռոմ՝ ի տես Կոստանդիանոսի եւ Սեղբեստրոսի, իսկ մէկ տարի անց Արիստակէսին, ի դէմս իրենց, ուղարկեցին՝ մասնակցելու Նիկիայի սուրբ ժողովին:
Այնուհետեւ սուրբ Լուսաւորիչն իսպառ առանձնացաւ, իսկ աստուածասէր Տրդատ թագաւորը, օրէցօր առաջադիմելով աստուածպաշտութեան կարգի մէջ, իր անձն ամբողջովին մատնեց իր Փրկիչ Քրիստոսի պաշտամունքին անձանձրոյթ աղօթքներով, պահեցողութեամբ, սուրբ Կտակարանների յունարէն լեզուով ընթերցանութեամբ, քանզի քաջատեղեակ էր հելլէն դպրութեանը: Եւ այդպէս, քաղցրանալով Աստուծոյ օրէնքներով, բացում էր իր հոգին Աստուծոյ առջեւ եւ ուրախութեան արտասուքներով անդադար գոհանում Արարչի անբաւ մարդասիրութիւնից: Արթնութեամբ հսկում էր իր անձի եւ երկրի վրայ, որպէսզի ամենքը անարատութեամբ քայլեն Տիրոջ բոլոր պատուիրաններով ու օրէնքներով: Եւ թէպէտ ապրում էր աշխարհում, սակայն բարձր էր անապատականներից, որովհետեւ արքունի ծիրանիով նա կրօնաւորում էր իր սրտում: Նրա ատենադպիր Մեծն Ագաթանգեղոսը՝ ականատես վկան, գրում է. «Աստուածասէր Տրդատ թագաւորը, բարեպաշտութեամբ ծառայելով հետեւորդ քրիստոնեայի հաւատքով, դարձաւ երկիւղած այր եւ, տեղեկանալով ու վարժուելով աստուածային հրամաններին, օրինապահների հետ սիրելի դարձաւ եւ բարի օրինակ եղաւ ամբողջ երկրի համար: Ջանասիրաբար ուշադրութիւն էր դարձնում աստուածային գրքերի ընթերցուածքներին, մանաւանդ, նախապէս հմուտ լինելով փիլիսոփայական մտքի հանճարագիտութեան մէջ, տեղեակ էր յունական աշխարհիկ դպրութեանը եւ երկրաւոր իմաստութեանը: Արդ, ընդունելով նաեւ երկնաւոր պարգեւների շնորհները՝ շուտով լուսաւորուեց ու խորամուխ եղաւ աստուածատուր հրամանների մէջ եւ պատրաստութեամբ իրեն զարդարելով՝ ըստ աւետարանական կանոնների տրուեց մարդասէր Աստուծոյ ծառայութեանը: Այնուհետեւ թօթափուելով հեթանոսակիր ցանկութիւններից, փառքի Խաչն իր վրայ առնելով ու գնալով ամենակեցոյց Խաչեալի յետեւից՝ ընդունեց հրամանների կանոնները եւ հետեւեց Քրիստոսին աշակերտողների խաչակիր գնդին: Եւ իր անձը մատնած պահեցողութեան ու տքնութիւնների՝ մշտամռունչ աղօթում էր, բազկատարած պաղատում Աստծուն եւ շարունակ արտասւում իր երկրի համար: Խնդրում էր նաեւ իր անձի համար, որ չյիշուեն այն մեղքերը, որ հեթանոս եղած ժամանակ գործել էր տգիտութեամբ: Տրդատը մեծապէս նպաստեց Աւետարանի քարոզութեան գործին, հնազանդութեամբ հպատակութիւն ցուցաբերեց ու վայելչապէս ծառայեց ըստ Աւետարանի»:
Նա ամէն բանում աջակից եւ գործակից էր ինչպէս սուրբ Լուսաւորչին, այնպէս էլ նրանից յետոյ՝ սուրբ Արիստակէսին, որից յետոյ էլ՝ սուրբ Վրթանէսին:
Բայց երբ երանելի թագաւորը զրկուեց հոգիների սուրբ Լուսաւորչի տեսութիւնից, անդադար յիշում էր նրան եւ յոյժ կարօտում: Ցանկանում էր հետեւել նրա ճգնաւորական կեանքին, որովհետեւ ձանձրացել էր աշխարհի հոգսերից, որոշ ըմբոստ իշխաններից եւ անհնազանդ նախարարներից: Որքան էլ խրատում էր նրանց արժանավայել ընթացք ունենալ քրիստոնէական սուրբ հաւատի մէջ, սակայն տեսնում էր նրանց՝ թարթափած հեթանոսական սովորութեան նախկին վարքով: Այդ ամէնը աստուածասէր թագաւորն այլեւս չէր կարողանում հանդուրժել, որի համար ցած դրեց արքունի թագը եւ գնաց Սեպուհ լեռը՝ սուրբ Գրիգորի մենարանը, որտեղ իր անձը մատնելով ճգնութիւնների եւ աստուածային խոկումների, ժուժկալութեամբ անցկացրեց բազում օրեր:
Իսկ թէ ինչ վախճան ունեցաւ սուրբ թագաւորը, արժան է լսել պատմագիր Խորենացուն, որը գրում է. «Սուրբ եւ մեծ եւ երկրորդ նահատակի ու մեր լուսաւորութեան հոգեւոր վերակացուի, ինչպէս նաեւ մեր լուսաւորութեան նախաշաւղին ու նահապետին հաւասար ճգնողի եւ նրա գործակցի մասին ճառելիս պէտք է հրաշափառ խօսքեր գրել: Որովհետեւ Սուրբ Հոգուն հաճոյ թուաց աւագութիւն տալ իմ Լուսաւորչին՝ ոչ միայն միայն խոստովանողի, կþաւելացնեմ նաեւ առաքինութեան կոչումով, իսկ սրանից դուրս նրանք երկուսը միմեանց հաւասար են խօսքով ու գործով: Բայց այստեղ ես նկատում եմ թագաւորի առաւելութիւնը, որովհետեւ աստուածային խոկումների եւ ճգնողութեան մէջ նրանք հաւասար են, իսկ համոզիչ կամ ստիպողական խօսքերով նոր հաւատին հնազանդեցնելու մէջ թագաւորի շնորհն առաւել էր, քանզի նրա գործը յետ չէր մնում հաւատից: Այդ պատճառով ես նրան կոչում եմ նախաշաւիղ ճանապարհ եւ մեր լուսաւորութեան երկրորդ հայր: Նա Քրիստոսին հաւատալուց յետոյ փայլում էր ամէն տեսակ առաքինութիւններով, աւելի ու աւելի ջանք էր գործադրում Քրիստոսի հաւատի համար սաստել ու համոզել ոչ միայն մեծամեծ նախարարներին, այլեւ ռամիկ մարդկանց բազմութեանը, իրապէս նրանց քրիստոնեայ դարձնել, որպէսզի նրանց գործերը համապատասխանեն իրենց հաւատին: Բայց այստեղ կամենում եմ խօսել մեր ազգի խստասրտութեան, նաեւ ի սկզբանէ ամբարտաւանութեան մասին, որ նրանք, անտարբեր լինելով դէպի բարին, խորթ լինելով ճշմարտութեանը, կամ էլ բնութեամբ մեծամիտ եւ կամակոր լինելով, դիմադրում են թագաւորի կամքին՝ հետեւելով իրենց կանանց ու հարճերի կամքին: Եւ թագաւորը, չկարողանալով այս բանը ներել, գցում է երկրային պսակը, գնում երկնային պսակի յետեւից՝ շուտով հասնելու այնտեղ, ուր Քրիստոսի ճգնաւորը լեռների քարայրում էր ապրել: Այստեղ ես ամաչում եմ ասել ճշմարտութիւնը, խօսել մանաւանդ մեր ազգի անօրէնութեան ու ամբարշտութեան, մեծամեծ ողբերի ու արտասուքների արժանի նրանց գործի մասին: Որովհետեւ նրա յետեւից մարդ են ուղարկում, կանչում են, որ գայ՝ շարունակելու թագաւորութիւնը, խոստանալով կատարել նրա կամքը, իսկ երբ սուրբը չի համաձայնում, նրան թունաւոր ըմպելիք են տալիս, ինչպէս հնում աթէնացիները մոլախինդ տուեցին Սոկրատին, կամ մերն ասելով՝ մոլեգնած եբրայեցիները մեր Աստծուն լեղի խառնած ըմպելիք տուին: Այսպէս անելով՝ նրանք իրենց վրայից հանգցրին աստուածպաշտութեան բազմափայլ ճառագայթը: Այդ պատճառով ես իմ ժողովրդի վրայ ողբալով ասում եմ ոչ թէ իմ խօսքերը, այլ Սուրբ Հոգու: Ո՜վ չար եւ ստահակ ազգ, ազգ, որ իր սիրտը չուղղեց, եւ որի հոգին Աստծուն հաւատարիմ չմնաց: Արամեան մարդիկ, մինչեւ ե՞րբ պիտի մնաք անզգայ, ինչո՞ւ էք սիրում ունայնութիւնը եւ անաստուածութիւնը: Դուք չիմացա՞ք, որ Տէրը սքանչելի դարձրեց Իր սուրբին, եւ Նա ձեզ չի լսի, երբ դուք աղաղակելով դիմէք Նրան: Դուք բարկանալով մեղանչեցիք, բայց ձեր անկողիններում չզղջացիք, որովհետեւ անօրէն զոհեր մատուցեցիք եւ արհամարհեցիք նրան, ով յոյսը դրել էր Տիրոջ վրայ: Այդ պատճառով ձեզ վրայ կը հասնի որոգայթ, որը դուք չգիտէիք, եւ այն որսը, որը դուք որսացիք, նա ձեզ կը բռնի, եւ դուք կը բռնուէք նոյն որոգայթով: Իսկ նրա անձը Աստուծով կը ցնծայ, կþուրախանայ իր փրկութեամբ եւ իր ամբողջ հոգով կþասի՝ Տէ՜ր, ո՞վ է Քեզ նման: Սուրբ Տրդատի մասին մեր պատմածը ճշմարիտ է. նրան մահուան դեղ խմեցնելով՝ զրկուեցին նրա շնորհների ճառագայթների լոյսից: Նա թագաւորեց յիսունվեց տարի»:
Խորենացին հպանցիկ է գրում Տրդատի մահուան մասին, իսկ այլ պատմագիրներ տեղեկութիւններ են վերցրել նախնիների թողած աւանդութիւններից եւ հանգամանքների փոքր-ինչ փոփոխութեամբ հին «Ճառընտիր»-ներում գրել են. «Տրդատ թագաւորը Քրիստոսին հաւատալուց յետոյ մինչեւ խոր ծերութիւն փայլեց աստուածպաշտութեամբ: Սակայն մեր ազգի խստասրտութիւնը կամ ամբարտաւանութիւնը, որ ունէին ի սկզբանէ, եղաւ իրենց անկման պատճառը, քանզի չար մարդիկ Շապուհի հրամանով որոշեցին սպանել Տրդատին եւ Հայոց աշխարհում վերստին հաստատել կռապաշտութիւնը: Մատնիչ Յուդայի օրինակով նրանց խորհրդակից էր Տրդատի սենեկապանը, իսկ թագաւորը չգիտէր, թէ ովքեր են նրանք եւ քանի հոգի են: Այդ պատճառով իր մօտ կանչեց այդ սենեկապետին եւ հարցրեց, թէ իսկապէ՞ս արքունի դռանը այդպիսի խորհուրդներ են տիրում: Երբ նա լսեց, ահաբեկուեց եւ ուրացաւ, թէ երբեւէ չի լսել նման բան: Ապա վախեցած գնաց իր ընկերների մօտ, եւ նրանք զարհուրած հրաժարուեցին իրենց անօրէն խորհուրդներից»: Բայց թագաւորը, տեղի տալով այդ լուրերին, հանգիստ չէր առնում, որի համար հեռացաւ դէպի արեւմուտք՝ Եկեղեաց գաւառի կողմերը: Ոմանք գնացին նրա յետեւից, յատկապէս Սիւնեաց իշխանները, որոնք Շապուհի հրամանները կատարողներն էին՝ իրենց երկիրը խաղաղութեան մէջ պահելու համար: Նրանք, թագաւորի հետ որսի ելնելով, իբրեւ թէ պատահական՝ նետահարեցին թագաւորին: Արքունիք բերելով՝ վիրաւոր թագաւորին դրեցին մահճի մէջ, իսկ սենեկապանը, տեսնելով, որ վէրքը մահացու չէ, նրան մահաբեր դեղ է խմեցնում եւ մեռցնում: Այս բանը յայտնի դարձաւ ժամանակ անց՝ նոյն խորհրդակիցների կողմից:
Նրա մարմինը դրեցին արծաթապատ եւ գոյնզգոյն հանդերձներով զարդարուած դագաղի մէջ եւ ոսկէսանձ ջորիներով տարան Թորդան: Նրանց հետեւում էին սպառազինուած զինուորական վաշտերը, իսկ դագաղի առջեւից լսւում էին աստուածօրհնութեան ձայներ խունկերի բուրմունքով: Յետեւից գնում էին բարեկամներն ու սիրելիները, ընտանիքը եւ որդիներից շատերը, ռամիկ ժողովուրդն անթիւ բազմութեամբ, հնչում էին նաեւ ողբասաց կոյսերի երգեր, փողեր ու տաւիղներ: Եւ այդպէս հասնելով թաղման վայրը՝ կճէքարից պատրաստեցին թագաւորական տապան, այն պատեցին ապակիներով, այնտեղ դրեցին պատուական գանձին, անուշահոտ ընծային ու մեծ վաստակաւորին եւ տարան թաղեցին:
Եւ այս եղաւ սուրբ Վրթանէսի կաթողիկոսութեան երկրորդ տարում՝ Տիրոջ 341 թուականին: Բայց թէ Թորդանում է թաղուած սուրբ Տրդատը, թէ Անիի Կամախի ամրոցում, գիտենք գրքերից, որոնցում աւանդուած է, թէ ոմանք գողացան նրա պատուական նշխարների մի մասը եւ տարան ս. Աստուածածնի Հոգւոց վանքը:
Իսկ առաքինազարդ հայոց Աշխէն թագուհու մասին ասենք, որ նա վաղուց հրաժարուել էր կեանքի վայելքներից եւ առանձնացած բնակւում էր Գառնի քաղաքում, որի ամրոցը ընտիր կոփածոյ քարերով վերականգնեց Տրդատը: Աստուածասէր թագուհին այդտեղ ապրեց ճգնողական վարքով՝ մինչեւ երկրից երկինք փոխադրուելը, եւ նոյն օրինակով նաեւ թագաւորի սքանչելի քոյրը՝ Մեծ օրիորդ եւ սուրբ կոյս Խոսրովիդուխտը, որը ճանաչւում է որպէս համօրէն Հայաստանի միանձնուհիների մայր: Նա իր մաքրափայլ սուրբ վարքով առանձնացաւ Գառնիում՝ մի տան մէջ, որը նրա համար առանձին շինել էր նրա եղբայրը: Նա իր կեանքի օրերը լցրեց բարեգործութեամբ եւ փոխուեց իր անձկալի Քրիստոսի մօտ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրանց յիշատակը տօնում է Հոգեգալստեան հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:
Աղբյուր՝https://shavigh.am/