Որ զաստուածային զօրութիւնդ Քո ծանուցեր Հոգիդ ճշմարիտ.
Բաշխելով իշխանաբար զպարգեւս Քո տեսանողաց մարգարէիցն ի սկզբանէ.
Բարեխօսութեամբ սոցա խնայեա ի մեզ:
Որ մաքրեցեր բնակարան Աստուածութեանդ Քո սուրբ մարգարէսն.
Եւ աղբերաբար հեղեր յանձինս նոցա զանապական եւ զերկնային շնորհաց Քոց բղխումն.
Բարեխօսութեամբ սոցա խնայեա ի մեզ:
Որ յայտնեցեր զծածկեալ խորհուրդ Քոյոց սիրողաց
Եւ անճառելեաց ապագայից պատմողս արարեր.
Տնօրէնութեան Քում Էակցի Բանիդ Աստուծոյ.
Բարեխօսութեամբ սոցա խնայեա ի մեզ:
(Շարակնոց)
Ադդովի որդու՝ Բարաքի որդի Զաքարիան տասներկու մարգարէներից մէկն էր, Անգէ մարգարէի ժամանակակիցը եւ նրա գործակիցը, նաեւ նրա ազգակիցը, որովհետեւ երկուսն էլ ղեւտացիներ էին: Ըստ ոմանց՝ ծնուել է քաղդէցիների Կադդի երկրում, Յուդայի եօթանասունամեայ գերութեան ժամանակներում, իսկ ըստ այլոց՝ ծնուել է Հրէաստանում, ապա տարուել Բաբելոն, ուր ապրել է մինչեւ խոր ծերութիւն: Բազմաթիւ օրինակներով մարգարէացել է ժողովրդի դարձի եւ Աստուծոյ այցելութեան մասին, որ պիտի լինէր մօտակայ եւ գալիք ժամանակներում, եւ ի հաստատումն իր խօսքերի՝ հրաշքներով հանդերձ նշան ցոյց տուեց: Նշան տուեց նաեւ Կիւրոսի յաղթութեան, նրա զօրանալու եւ Իսրայէլին օգնելու մասին: Բաբելոնում մարգարէացաւ Յոսեդեկ քահանայի մասին, թէ նա պիտի որդի ունենայ, որին պիտի կոչի Յեսու, եւ նա Երուսաղէմում պիտի լինի Աստուծոյ քահանայ: Օրհնեց նաեւ Սաղաթիէլին եւ ասաց, թէ պիտի որդի ունենաս ու նրա անունը Զօրաբաբէլ կը դնես, որը տեսաւ իսկ: Նրա հետ վերադարձաւ Երուսաղէմ՝ Կիւրոսի հրամանով ժողովրդին արձակելու համար, որտեղ Անգէ մարգարէի հետ զօրացնում էր նրանց՝ շինել եւ աւարտել Տիրոջ տան կառուցումը:
Տեսաւ տեսակ-տեսակ տեսիլքներ եւ յայտնութիւններ, խօսեց ու գրեց մարգարէութիւններ Քրիստոսի երկրորդ Գալստեան, ինչպէս նաեւ Նրա տնօրինական գործերի եւ Եկեղեցու վիճակի մասին: Յանդիմանեց ազգի ամբարտաւանութիւնը եւ մխիթարեց Տիրոջը յուսացողներին: Ապա հասնելով խոր ծերութեան՝ մեռաւ եւ թաղուեց Անգէ մարգարէի գերեզմանի մօտ:
Սուրբ Զաքարիա մարգարէն վախճանուել է մարտիրոսութեամբ. նա սպանուել է հրեաների կողմից, նորաշէն տաճարի եւ զոհասեղանի միջեւ՝ Տիրոջ Խօսքի վկայութեան եւ խստապարանոց ժողովրդին յանդիմանելու պատճառով: