Հռոմեացիներ 10.5-17
5 Մովսէսը գրում է այն արդարութեան մասին, որ օրէնքից է. եթէ մարդը կատարի այն, նրանով կապրի: 6 Իսկ հաւատից եղող արդարութեան մասին այսպէս է ասում. «Քո սրտում մի՛ ասայ՝ ո՞վ է ելնելու երկինք»: Այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար: 7 Կամ՝ «Ո՞վ է իջնելու անդունդ»: Այսինքն՝ Քրիստոսին վեր հանելու համար մեռելներից: 8 Իսկ ի՞նչ է ասում Գիրքը. «Մօտ է խօսքը քեզ՝ քո բերանում եւ քո սրտում»: Այսինքն՝ հաւատի խօսքը, որը քարոզում ենք. 9 որովհետեւ եթէ քո բերանով Յիսուսին Տէր խոստովանես եւ քո սրտում հաւատաս, որ Աստուած նրան յարութիւն տուեց մեռելներից, կփրկուես. 10 քանի որ արդարանալու համար սրտով էք հաւատում եւ փրկութեան համար՝ խոստովանում բերանով. 11 քանզի Գիրքն ասում է. «Ամենայն ոք, որ հաւատայ նրան, չի ամաչելու». 12 որովհետեւ չկայ խտրութիւն հրեայի եւ հեթանոսի, քանզի նոյն Տէրը բոլորինն է, հասնող բոլորին, որոնք կանչում են նրան. 13 որովհետեւ ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կփրկուի: 14 Իսկ ինչպէ՞ս կանչեն նրան, ում չհաւատացին. կամ ինչպէ՞ս հաւատան, ում մասին չլսեցին. կամ ինչպէ՞ս լսեն առանց մէկի քարոզելու. 15 կամ ինչպէ՞ս քարոզեն, եթէ չառաքուեցին, ինչպէս գրուած էլ է. «Ի՜նչ գեղեցիկ են ոտքերը խաղաղութեան աւետարանիչների եւ բարի բաների աւետիս տուողների»: 16 Բայց ոչ բոլորը հնազանդ եղան աւետարանին: Եսային աղաղակում է. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր քարոզութեանը»: 17 Ապա ուրեմն, հաւատը լսուածից է, եւ լսուածը՝ Քրիստոսի խօսքից:
Ավ. ըստ Մատթեոսի 13.31-42
31 Նրանց առաջ նա մէկ ուրիշ առակ էլ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ առնելով սերմանեց իր արտի մէջ: 32 Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից աւելի է մեծանում ու ծառ է լինում՝ այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճիւղերի վրայ հանգստանում»: 33 Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին առնելով դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»: 34 Այս բոլորը Յիսուս առակներով պատմեց բազմութեանը եւ առանց առակի ոչինչ չէր ասում նրանց, 35 որպէսզի կատարուի մարգարէի կողմից ասուածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ եւ աշխարհի սկզբից ի վեր ծածկուած բաները պիտի յայտնեմ»: 36 Այն ժամանակ Յիսուս, արձակելով ժողովրդին, տուն եկաւ. աշակերտները մօտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»: 37 Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, 38 իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են. 39 եւ թշնամին, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներն են: 40 Ինչպէս որոմը հաւաքւում է եւ կրակի մէջ այրւում, այնպէս կլինի այս աշխարհի վախճանին: 41 Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կհաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում: 42 Եւ կգցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում: