«Հունարեն բառը, և դե՛ռ ավելի` եբրայեցերենը, նկարագրում են մի վիշտ, որն արտահայտվում է նաև արտաքուստ: Վիշտը, որի վասին խոսվում է, ուժգին տրտմությունը չէ միայն, այլ՝ հասնում է այն աստիճանի, որ ժայթքում է դուրս. «penthountes»ները նման են իրենց ամենախորը զգացումներում խոցված անձանց, կամ մարդկանց, որ ողբում են իրենց ննջեցյալներին: Ղուկասը, հետևաբար, անհիմն կերպով չէ, որ այս երանությունն ուղղում է ո՛չ թե «վշտացածներին», այլ՝ նրանց, «որ լացում են»: Ղուկասի կողմից մտցված ճշգրտումը պետք է օգնի մեզ` ըմբռնելու Մատթեոսի կողմից գործածված եզրի իրական նշանակությունը»[1]:
Եթե այս երանությունը, ինչպես մյուս բոլորը, շատ հազվադեպ է մեջբերվում Հայրերի խոսքերում, այնուամենայնիվ սա՛ է այն երանությունը, որն ամենաակնհայտ կերպով ներկայացնում է առաջին միայնակյացների հոգեկանության էական տարրերից մեկը, ճի՛շտ որովհետև այս տարրը նրանց մոտ ներկայանում է ուժգնության և արտաքին պոռթկումի քիչ առաջ հիշված իր կրկնակի բնույթով: «Penthountes»ի ասորերեն համազորը (‘abîla) այդ լեզվում դարձել է «միանձն» եզրի հոմանիշը[2]: Ինչ վերաբերվում է այս առաքինությանը, Անապատի Հայրերը կարիքը չէին զգում թաքնվելու մեր նման հետաքրքրասերներից. «Արցունքները թաքցնելու ո՛չ մի պատճառ չկա. դրանք ընդամենը հռչակում են, որ մեղավորներ ենք»[3]: Ծերերից ո՛չ մեկը, «Դորոթեոսից բացի, իր առջև երբևէ չի դրել այս հարցը. արդյոք կարո՞ղ է գոյություն ունենալ զղջում (penthos) առանց արցունքների: […] Թվում է, թե Անապատի Հայրերը չէին հավատում այն տեսակ վշտի անկեղծությանը, որը չի մղում արտասվելու»[4]:
Չէին լալիս ինչ որ մի սիրելի անձի դիակի վրա, այլ ավելի` մեղքով մահացու վիրավորված իրենց հոգիների համար: Հայրերից շատերն անապատ էին քաշվում ճիշտ այս նպատակով, նույնիսկ եթե առիթը չեն ունեցել բացահայտ հաստատելու դա, ինչպես Աբբա Միլեսիոսը[5]: Անապատի Հայրերից ոմանք իրենց ուսերին էին կրում ալեկոծ անցյալի ծանրությունը և նրանց կոչումը ստանում էր ավելի «ապաշխարողական» նկարագիր: Աբբա Մովսեսը, – մի նախկին ավազակ, որի ահավոր գործերից մի քանիսը պատմված են Պալլադիոսի պատմագրքում[6], – իրավացի էր, երբ հաստատում էր, որ «ապուշություն կլիներ, եթե իր տանը մեռած մարդ ունեցողը թողներ իր ննջեցյալին և գնար հարևանի ննջեցյալին ողբալու»[7]։ Բայց սա Անապատի Հայրերի համընդհանուր ուսուցումն է, որ գտնում ենք նաև Աբբա Պիմենի կամ Աբբա Պիորի խոսքերում[8]: Աբբա Մակարի համար բավական էր հիշելը, թե ինչպես էր պատանեկության տարիներին ընկերների հետ գողացված մի թուզ կերել, որպեսզի բացվեր արցունքների հոսքը[9]: Մակարը, Հովհաննես Կարճահասակի ու Պիմենի նման, թվում է, թե չի կարողանում ըմբռնել, թե ինչպե՛ս կարելի է խուցի մեջ նստել առանց արտասվելու[10]: Հազիվ թե մտաբերում էին, որ Աստված կարող էր հանկարծակի այցելել իրենց այս կամ այն պահին, Օվրը և Թեոդորոսը յուրաքանչյուրն իր խուցն էր քաշվում արցունքների մեջ[11]: Անտոնը բնակություն էր հաստատել մի դամբարանում. վանականներից շատերն իրենց խցի կողքին իրենք իրենց ձեռքերով փորում էին իրենց շիրիմը, ինչպես այն ծերը, որն իր աշակերտի հետ ապրում էր Քղիզմայում[12]: Ապոֆտեգմաներն ընթերցելիս, ակամա ուշադրություն են գրավում հոգու խորքում վիշտը միշտ պահպանելու հաճախակի պատվերները[13], նմանվելով ազատ արձակված ստրուկին, որ չի կամենում լքել տիրոջը և մնում է նրա տանը[14], կամ էլ՝ նմանվելով ստվերին, որ շարունակ հետևում է մարմնին[15]: Ծերերից մեկը մինչև իսկ հաստատում է, որ հարկավոր է անդադար արտասվել[16], բայց անշուշտ հստակ է, որ այս պատվերը չպետք է տառացիորեն հասկացվի և որ վիշտը չպետք է արգելք հանդիսանա այցելության եկող եղբայրների սիրալիր ընդունելությանը[17]:
Ակնհայտ է, հետևաբար, որ խոսքը նախևառաջ վերաբերվում է մի հոգեվիճակի, մի խորը ու ներքին դիրքորոշման, որը շա՜տ ավելին է, քան պարզ առաքինությունը. ամեն բանի սկիզբն է, ինչպես հաստատում է Աբբա Պիմենը[18]: «Օրենքը վիշտն է»[19]: Միմիայն արցունքների շնորհիվ է, որ ջնջվում են մեղքերը և ձեռք են բերվում առաքինությունները. ուրիշ ճանապարհ չկա[20]: Դատաստանի օրը Տերը մեզ չի հանդիմանելու հրաշքներ չգործելու կամ խորհրդավոր իրականություններն ու աստվածաբանությունը չճանաչելու համար. հանդիմանելու է, մինչդեռ, որովհետև չենք անցկացրել մեր կյանքի բոլոր օրերը մեր մեղքերի համար լալով ու ողբալով[21]: Իսկ այսպես լալը անհնարին է առանց աղոթելու[22]. ավելին, լալ՝ նշանակում է աղոթել. «Մեր բոլոր խեղճությունների համար արտասվում ենք Աստծո բարության առաջ, մինչև որ Նա Ինքը ողորմի մեզ»[23]: Պողոս Մեծն ասում էր. «Ճահճի մեջ եմ, ընկղմվել եմ մինչև կոկորդս և Աստծո առաջ լալիս եմ` ասելով. Ողորմի՜ր ինձ»[24]: Մի շարունակական աղոթք, ինչպես վիշտը, որով սնուցվում է:
Հայտնի է, որ ապոֆտեգմաների ամբողջության մեջ ավելի հանձնարարվում է հիշել սեփական մեղքերը, քան հիշել Աստծուն. բայց երբ հիշում ենք մեր մեղքերը և լալիս ենք Աստծո առաջ, մեզնում վառ է մնում մի իրական «Աստծո հիշատակ» (mneme Theou), որի գրավականն է խոնարհությունը: Եվ Աստծո այս երանելի հիշատակը, ներկայացող նվազագույն առիթի դեպքում անգամ, անդադար արթնանում է ու բոցավառվում: Երբ հազիվ տեսավ Ալեքսանդրիայի հանրածանոթ դերասանուհուն, Աբբա Պամբոն պոռթկաց արցունքների մեջ, խորհելով այդ խեղճ երիտասարդուհու կորստյան վիճակի և այն փաստի շուրջ, որ «ես Աստծուն հաճելի լինելու այնքան եռանդ չունեմ, որքան նա ունի անարգ մարդկանց համար»[25]: Ձեռագրեր ընդօրինակող մի եղբայր եկավ բնակվելու Սինայի վանքի լքված խցերից մեկում, ուր գտավ մի տախտակ, որի վրա գրված էր. «Մովսեսը` Թեոդորոսին: Ներկա եմ և վկայում եմ»: Սա բավական եղավ` նրա հոգում զղջումն ու արցունքները ավելացնելու համար, այն աստիճան, որ մահացավ առանց կատարել կարողանալու ընդօրինակության այն աշխատանքները, որ իրեն հանձնարարել էին: Այս եղբոր հարևաններից մեկը նրանից խնդրել էր իր բացակայության շրջանում ոռոգել իր պարտեզը և նա ամբողջովին ինքնատիպ ձևով էր հասկացել այդ աշխատանքը. մտածում էր միմիայն «սրտի պարտեզի մասին, որը ոռոգում էր և փարթամ պահում»[26]:
Հազվադեպ են այսօրինակ ապոֆտեգմաները, ուր ո՛չ միայն երևում են արցունքները, այլ նաև՝ նշմարվում են վշտացածներին խոստացված մխիթարությունները: Միշտ չէ, որ արցունքները բխում են գործված մեղքերի համար զղջումից: Աբբա Դեոսկորոսի աշակերտը հարցնում է. «”Հայր, ինչո՞ւ ես լալիս”: Ծերունին պատասխանում է. “Արտասվում եմ մեղքերիս վրա”: Մի օր աշակերտն ասում է. “Դու մեղքեր չունես, հայր”: Իսկ ծերունին պատասխանում է. “Իրականում, որդյակ, եթե ես դադարեմ մեղքերս տեսնելուց, ուրիշ երեք կամ չորս հոգի բավական չեն լինի` մեղքերս լացելու համար”»[27]: «Երանի՜ նրան, – ասում է ծերերից մեկը, – ով անդադար իր աչքերի առաջ ունի իր հանցանքները»[28]: «Որքան ավելի է մարդ մոտենում Աստծուն, այնքան ավելի է տեսնում մեղավորի իր վիճակը»[29]: Աբբա Մաթոեի այս խոսքը թույլ է տալիս մեզ մտածել, որ իրենք իրենց մեղավորներ նկատող Սրբերի արցունքները կարող են բխել ինչպես մեղավոր լինելու գիտակցությունից, այնպես էլ Աստծո հետ մտերմությունից, բայց այս նյութի վերաբերյալ Հայրերը խուսափում են մեր հետաքրքրությանը գոհացում տալուց: Աբբա Արսենի ստացած հոգևոր պարգևներից կարելի է ենթադրել, որ անդադար արցունքները չէին բխում բացառաբար իր մեղքերից[30]: Աբբա Մարկելինոսը ցավոք չի հայտնում այն հրեղեն տեսիլքի մանրամասները, որն արցունքներ էր հոսեցրել կեսօրվա ժամերգության ընթացքում[31]: Աբբա Սիլվանոսը, որը նույնպես հարուստ էր գերբնական պարգևներով, լալիս էր, որովհետև տեսիլքում տեսել էր, թե ինչպե՛ս էին բազում վանականներ դժոխք գահավիժում[32]: Աբբա Պիմենի ամոթխածությունն ու խոնարհությունը հաղթելու համար` հարկավոր էր ունենալ Աբբա Իսահակի մտերմությունը, որը նրանից կորզում է այս հմայիչ խոստովանությունը. «Միտքս միացել էր Ամենասրբուհի Աստվածամայր Մարիամին, որ արտասվում էր Փրկչի խաչի ստորոտում: Ես նույնպես կուզենայի միշտ այդպես արտասվել»[33]: Նույն ինքը Պիմենը չէր կարողանում չարտասվել, երբ սիրո պատճառները մղում էին իրեն ընդունելու ինչ որ մեկի մոտ ճաշելու հրավերը:
Ինչ էլ որ լինի արցունքների պատճառը, Անապատի Հայրերը քաջ գիտակից էին, որ արցունքներն անցողիկ բան են, որովհետև «Աստված չի ստեղծել մարդուն, որպեսզի վերջինս զղջա ու տրտմի, այլ` որպեսզի ուրախ լինի և բերկրանքով լի […] : Բայց մեղքի մեջ ընկած մարդն արտասվելու կարիքն ունի»[34]: «Լա՛ և ողբա՛ մինչև մահվանդ օրը. հիրավի, եթե տխուր ես և արտասվում ես, չես քայլում տրտմությունից դեպի տրտմություն, այլ՝ ընթանում ես դեպի բերկրանքը»[35]: Ամմա Սինքլետիկան առավել պատկերավոր կերպով է արտահայտվում. ովքեր կամենում են կրակ վառել, պատվում են ծխով և արտասվում են. նմանապես, արցունքներն անհրաժեշտ են` աստվածային կրակի անպատմելի զվարթությունը ճանաչելու համար[36]: «Ով չի ճանաչում ուրախությունը, չի ճանաչում նաև վիշտը»[37], մի օր բացականչում է Աբբա Պիմենը, որն անկասկած ամենաորակյալ ծերն է` վշտացածների ամենամեծ ներկայացուցչի երանությունը հռչակելու գործում. «Երանի՜ քեզ, հայր Արսեն, որովհետև անձիդ վրա ողբացիր այս աշխարհում»[38]:
[1] J. Dupont, Le beatitudini, vol. I, p. 552.
[2] I. Hausherr, Penthos, Roma 1944, p. 24.
[3] Նույն, էջ 154.
[4] Նույն, էջ 188-189.
[5] Միլեսիոս 2.
[6] Hist. Laus., 19.
[7] Մովսես 18.
[8] Պիմեն 26, 72; Պիոր 3.
[9] Մակար 37.
[10] Մակար 2, 27, 41; Հովհաննես Կարճահասակ 19; Պիմեն 162.
[11] Օվր 1.
[12] Nau 592/1-2.
[13] Պիմեն 26, 72.
[14] Պետրոս Պիոնացի 2.
[15] Nau 140.
[16] Nau 141.
[17] Հովսէփ 1; Nau 592/59.
[18] Պիմեն 69.
[19] Պետրոս Պիոնացի 2.
[20] Պիմեն 119.
[21] Scala, 7.
[22] Մովսես 18; Nau 572, 583.
[23] Պիմեն 122.
[24] Պողոս Մեծ 2.
[25] Պամբո 4.
[26] Nau 519-520.
[27] Դեոսկորոս 2.
[28] Nau 332.
[29] Մաթոե 2.
[30] Արսեն 27.
[31] Nau 567.
[32] Սիլվանոս 2.
[33] Պիմեն 144.
[34] Nau 561.
[35] Eth. Coll., 203.
[36] Սինքլետիկա 1.
[37] Eth. Coll., 14, 65.
[38] Արսեն 41.
« ԱԲԲԱ, ՄԻ ԽՈՍՔ ԱՍԱ ԻՆՁ ». Անապատի հոգեկանությունը.գրքից
Աղբյուր՝https://mashtoz.org/