Մեծ բան է մարդը, որ հավատում է, ավելի հարուստ է, քան բոլոր հարուստները. տիեզերքի բոլոր հարստություններն, արդարև, պատկանում են նրան, ով հավատում է (Առկ 17, 6), այն պատճառով, որ նա դրանք արհամարհում է ու ոտնակոխ անում։ Նրանք, ովքեր հարուստ են նյութական բարիքներով, իրոք, թեև դրանցից մեծ քանակությամբ ունեն, հոգու տեսանկյունից դիտված՝ զոհ են թշվառության. որքան ավելի են կուտակում, այնքան ավելի են տվայտվում կարիքից այն բանի, որը [տակավին] պակասում է իրենց։ Հավատքի մարդը, մինչդեռ, պարադոքսալ կերպով, հարուստ է իր աղքատության մեջ. գիտակցելով, որ ունի հագուստների ու կերակուրի այն քանակությունը, որքանն անհրաժեշտ է, այդքանով գոհանում է (1 Տիմ 6, 8), մերժելով հարստությունը։
Ինչպես նաև, միայն մեր՝ քրիստոնյաներիս մոտ չէ, որ այսքան խորը հարգանք է տածվում հավատքի նկատմամբ. այն ամենը, որ տեղի է ունենում աշխարհում, մանավանդ թե՝ նաև նրա ձեռամբ, ով Եկեղեցու անդամ չէ, կատարվում է հավատքի նշանի ներքո։ Հավատքի զորությամբ է, որ մինչև այդ պահը միմյանց օտար անձինք միանում են ամուսնության մեջ, դառնալով մեկը մասնակից մյուսի մարմնին ու բարիքներին, շնորհիվ հենց այն հավատքի, որը ներկա է ամուսնական միության ներսում։ Դաշտերի աշխատանքը ևս կատարվում է հավատքն իրեն զորավիգ ունենալով. ոչ ոք, արդարև, հանձնառու չէր լինի նման տքնաջան աշխատանքի, եթե չհուսար հավաքել այդ ջանքի պտուղները։ Հավատքով է, որ մարդիկ կտրում անցնում են ծովի երկայնքով և, հավատք ընծայելով իրենց համեստ նավակներին, հողի ամրապինդ տարրը փոխանակում են ջրերի անկայուն ծփմամբ, մղված մառախլապատ հույսերով, բայց զինված մի հավատքով, որն ավելի ամուր է, քան խարիսխներից որևէ մեկը։ Մարդկային գործերի մեծամասնությունը, հետևաբար, իր հիմնավորումը գտնում է հավատքի մեջ. և այնպես չէ, որ այս համոզումն արմատացած է միայն մեր մոտ, այլ նաև, ինչպես ասացինք, նրանց մոտ, ովքեր մեզնից հեռու են։ Նրանք, հիրավի, թեև չեն ընդունում Սուրբ Գրքերը, այլ՝ պաշտպանում են իրենց որոշ գաղափարախոսությունները, այդուհանդերձ՝ հավատքի միջոցով է, որ հարում են այդ վերջիններին։
Այսօրվա աստվածաշնչյան ընթերցումը ևս կանչում է ձեզ մի վավերական, անխաբ հավատքի, ձեր առաջ մատնացույց անելով ճանապարհը, որի շնորհիվ նաև ձեր հերթն է հաճո դառնալու Աստծուն. այնտեղ, իրոք, կարդում ենք, որ առանց հավատքի անհնարին է հաճո լինել Աստծուն (Եբր 11, 6)։ Ինչպե՞ս կարող է հնարավոր լինել, արդարև, որ մի մարդ տրամադրվի ծառայելու Աստծուն, առանց հավատալու Նրա տված վարձատրությանը։ Մի պարմանուհու մտքով բնավ կանցնե՞ր կույս մնալու գաղափարը, կամ մի պատանի կփարվե՞ր կուսակրոնությանը, եթե չհավատային, որ մաքրության պսակը երբեք չի թառամում (հմմտ. 1 Պտ 5, 4)։ Հավատքն այն աչքն է, որ լուսավորում է բոլորի խիղճն ու գիտակցությունը, և ծնունդ է տալիս որևէ իմացության։ Ասում է, արդարև, մարգարեն. Եթե հավատք չունեք, չեք հասկանա (Ես 7, 9)
Սբ. Կյուրեղ Երուսաղեմացու (313-387) «Մկրտական ուսուցումներ» աշխատությունից, 5, 1-4