Հռոմեացիներ 15.14-29
14 Եղբայրնե՛ր իմ, ես ինքս էլ հաստատ համոզուած եմ ձեր մասին, որ դուք էլ լի էք բարութեամբ, լի էք կատարեալ գիտութեամբ, կարող էք եւ միմեանց խրատել. 15 բայց աւելի համարձակ գրեցի ձեզ, եղբայրնե՛ր, փոքրիշատէ՝ իբրեւ յիշեցում ձեզ այն շնորհի համար, որ տրուած է ինձ Աստծուց: 16 Ես հեթանոսների մէջ Յիսուս Քրիստոսի սպասաւորն եմ՝ ցանկալի դարձնելու Աստծոյ աւետարանը, որպէսզի հեթանոսներն ընդունելի ընծայ լինեն Աստծուն՝ նուիրագործուած Սուրբ Հոգով: 17 Ուրեմն, պարծենալու բան ունեմ Յիսուս Քրիստոսով առ Աստուած. 18 քանզի չեմ համարձակւում խօսել մի բան, որն արած չլինի Քրիստոս իմ միջոցով հեթանոսների հնազանդութեան համար՝ խօսքերով եւ գործերով, 19 նշանների եւ զարմանալի գործերի զօրութեամբ, Սուրբ Հոգու զօրութեամբ. այնպէս որ, Երուսաղէմից սկսած եւ շրջելով մինչեւ լիւրիկացիների կողմերը, ես լրիւ տարածեցի Քրիստոսի աւետարանը. 20 այսպէս ջանացի աւետարանել այնտեղ, ուր Քրիստոսի անունը չէր տրուած, որպէսզի չլինի թէ կառուցեմ ուրիշի դրած հիմքի վրայ, այլ՝ ինչպէս որ գրուած է. 21 «Նրանք, որոնց չպատմուեց նրա մասին, պիտի տեսնեն, եւ նրանք, որոնք չէին լսել, պիտի հասկանան»: 22 Ահա թէ ինչու շատ անգամ արգելուեց ինձ գալ ձեզ մօտ: 23 Բայց այժմ ինձ համար այլեւս տեղ չկայ քարոզելու այս կողմերում. եւ բազում տարիներից ի վեր խիստ փափագ ունեմ ձեզ մօտ գալու. 24 երբ անցնեմ Իսպանիա, յոյս ունեմ անցնելիս ձեզ տեսնել ու ձեր կողմից ճանապարհ դրուել այնտեղ, եթէ նախքան այդ փոքրիշատէ ձեզնով կշտանամ: 25 Բայց այժմ գնում եմ Երուսաղէմ՝ ծառայելու սրբերին, 26 քանզի հաճելի թուաց մակեդոնացիներին եւ աքայեցիներին հանգանակութեամբ օգնել այն աղքատ սրբերին, որ գտնւում են Երուսաղէմում: 27 Հաճելի թուաց, քանզի պարտական իսկ են նրանց. որովհետեւ եթէ հեթանոսները նրանց հոգեւոր բարիքներին հաղորդակից եղան, պարտաւոր են նաեւ մարմնաւոր կարիքներին մասնակից լինել: 28 Արդ, այս բանը կատարելով եւ հաւաքուած արդիւնքը յանձնելով նրանց, ձեր մօտով կանցնեմ Իսպանիա: 29 Այս գիտեմ, որ երբ ձեզ մօտ գամ, Քրիստոսի աւետարանի օրհնութեան լիութեամբ կգամ:
Ավ. ըստ Մատթեոսի 15.21-28
21 Յիսուս, այդտեղից ելնելով, գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը: 22 Եւ ահա այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»: 23 Բայց նա նրան պատասխան չտուեց, եւ նրա աշակերտները մօտենալով աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր յետեւից աղաղակում է»: 24 Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ՝ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»: 25 Իսկ կինը մօտենալով երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»: 26 Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»: 27 Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»: 28 Այն ժամանակ նրան պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի, ինչպէս որ կամենում ես»: Եւ նրա դուստրը նոյն ժամին բժշկուեց: