Ելք 19.16-20
16 Երրորդ օրն առաւօտեան Սինա լեռան վրայ որոտներ լսուեցին, փայլատակումներ ու միգախառն ամպ երեւաց. եւ շեփորի ձայնը ուժգին հնչում էր: Բանակատեղիում գտնուող ողջ ժողովուրդը զարհուրեց: 17 Մովսէսը ժողովրդին բանակատեղիից տարաւ Աստծուն ընդառաջ եւ կանգնեցրեց Սինա լեռան ստորոտի շուրջը: 18 Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստուած նրա վրայ իջել էր իբրեւ հուր: Նրա ծուխը բարձրանում էր ինչպէս հնոցի ծուխ: Բոլոր մարդիկ խիստ զարհուրեցին, 19 որովհետեւ շեփորի ձայնը տարածւում էր աւելի հեռու եւ հնչում էր չափազանց ուժեղ: Մովսէսը խօսում էր, իսկ Աստուած որոտաձայն պատասխանում էր նրան: 20 Տէրն իջաւ Սինա լեռան վրայ՝ լեռան կատարին: Տէրը Մովսէսին կանչեց լեռան գագաթը, եւ Մովսէսը բարձրացաւ այնտեղ:
Գ Թագավորություններ 19.11-16
11 Տէրն ասաց. «Վաղն առաւօտեան կելնես ու կկանգնես լեռան վրայ՝ Տիրոջ առջեւ: Տէրը կանցնի, մի սաստիկ հողմ կբարձրանայ, Տիրոջ առաջ կխորտակի լեռները, փուլ կտայ ժայռերը, սակայն Տէրն այն հողմի մէջ չի լինի: Հողմից յետոյ երկրաշարժ կլինի, սակայն Տէրը երկրաշարժի մէջ չի լինի: 12 Երկրաշարժից յետոյ կրակ կթափուի, սակայն Տէրը կրակի մէջ չի լինի: Կրակից յետոյ մեղմ օդի ձայն կլինի»: 13 Երբ Եղիան լսեց Աստծոյ ասածը, իր կաշուէ վերարկուով ծածկեց երեսը, եկաւ ու կանգնեց քարայրից ներս: Եւ ահա մի ձայն ասաց նրան. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»: 14 Եղիան ասաց. «Նախանձախնդրութիւն ունեցայ Ամենակալ Տիրոջ համար, քանզի իսրայէլացիները դրժեցին քո ուխտը, քո զոհասեղանները քանդեցին, քո մարգարէներին սրակոտոր արեցին: Միայն ես եմ մնացել, եւ ինձ էլ փնտրում են, որ սպանեն»: 15 Տէրն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, գնա՛ Դամասկոսի անապատով, եւ երբ հասնես, Ազայէլին ասորիների թագաւոր կօծես, 16 Ամեսսէի որդի Յէուին՝ Իսրայէլի թագաւոր, իսկ աբելմաուլացի Սափատի որդի Եղիսէէին կօծես մարգարէ քո փոխարէն:
Եբրայեցիներ 12.18-27
18 Դուք չէք մօտեցել շօշափելի լերանը, որ կրակով էր այրւում եւ պատած էր մէգով, մառախուղով, խաւարով եւ մթութեամբ, 19 ուր փողն էր հնչում եւ պատգամների ձայնը, այնպէս որ, ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խօսքը չկրկնուի իրենց համար, 20 քանի որ չէին դիմանում այն հրամանին, թէ՝ թէկուզ եւ գազան մօտենայ լերանը, կը քարկոծուի: 21 Եւ այնպէս ահազդու էր տեսիլքը, որ Մովսէսն ասում էր. «Սարսափում եմ եւ դողում»: 22 Բայց դուք մօտեցել էք Սիոն լերանը եւ կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բիւրաւոր բանակներին, 23 երկնքում գրուած անդրանիկների հանդիսաւոր ժողովին, բոլորի դատաւոր Աստծուն, կատարելութեան հասած արդարների հոգիներին 24 եւ Յիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, եւ նրա արեան հեղումին, որ աւելի խօսուն է, քան արիւնն Աբէլի: 25 Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարուէք Նրանից, ով խօսում է. որովհետեւ, եթէ նրանք երկրի վրայ Աստծու պատգամները տուող Մովսէսին մերժելով չազատուեցին, որչա՜փ եւս առաւել չպիտի ազատուենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից խօսողին, 26 որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում եւ ասում. «Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ՝ երկինքը»: 27 Եւ «մի անգամ էլ» -ը ցոյց է տալիս, որ շարժուած բաները պիտի փոփոխուեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն:
Ավ. ըստ Ղուկասի 9.27-36
27 Բայց արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծոյ արքայութիւնը»: 28 Եւ այս խօսքերից մօտ ութ օր յետոյ, իր հետ վերցնելով Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, նա լեռ ելաւ աղօթքի կանգնելու: 29 Եւ երբ աղօթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպուեց, նրա զգեստը փոխուեց եւ փայլուն-սպիտակ դարձաւ: 30 Եւ ահա երկու մարդիկ խօսում էին նրա հետ: Նրանք Մովսէսն ու Եղիան էին, 31 որոնք, փառքով երեւալով, խօսում էին նրա վախճանի մասին, որ պիտի տեղի ունենար Երուսաղէմում: 32 Իսկ Պետրոսը եւ նրա հետ գտնուողները քնի ծանրութեան տակ արթնացան ու տեսան նրա փառքը եւ երկու մարդկանց, որոնք նրա մօտ կանգնած էին: 33 Եւ երբ սրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղաւար շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկը՝ Եղիայի համար»: Եւ չէր իմանում, թէ ինչ է խօսում: 34 Եւ երբ այս ասում էր, մի ամպ եկաւ ու նրանց վրայ հովանի եղաւ. եւ երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան: 35 Ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա է իմ ընտրեալ Որդին, նրա՛ն լսեցէք»: 36 Եւ մինչ խօսքի ձայնը դեռ գալիս էր, Յիսուս միայնակ գտնուեց. եւ նրանք լսեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից եւ ոչ մի բան: