«Եսայիաս տայ մեզ նշան
Ծնանիլ Կուսին առանց սերման,
Լսող ձայնի սրոբէական,
Տեսող փառացն Աստուածութեան:
Փառք է նա ազգի մարդկան,
Եւ լուսատու տիեզերաց,
Քրիստոսի նախաքարոզ,
Որում պատիւ, փա՜ռք յաւիտեանս»:
(Գանձարան)
Կայծակնամաքուր Եսային՝ մարգարէներից հրաշալին եւ բարձրաքարոզ աւետարանիչը, Յուդայի ցեղից էր եւ ծնուել ու մեծացել է Երուսաղէմում: Նա Ամովսի որդին էր, որի համար էլ Ամովսածին է կոչւում: Բայց նա Ամովս մարգարէի որդին չէր, ինչպէս թւում է ոմանց, այլ ենթադրւում է, որ նա Յուդայի Ամասիա արքայի եղբօր թագաւորազուն Ամովսի որդին էր եւ ըստ այդմ՝ Եսային Օզիա արքայի հօր՝ Եզեկիայի հօրեղբօր որդին էր: Ոմանք էլ նաեւ ասում են, թէ Եզեկիան փեսայացաւ Եսայուն եւ նրա դստրից ծնուեց Մանասէն, որը մօր կողմից եղաւ Եսայու թոռը:
Արդ, Եսային ապրեց երկար տարիներ: Նա մարգարէացաւ Յուդայի չորս-հինգ թագաւորների մասին՝ սկսած Օզիայի ժամանակներից, որը թագաւորեց յիսունվեց տարի, ինչպէս նաեւ Յովաթամի (տասնվեց տարի), Եզեկիայի (քսանինը տարի) ժամանակներից եւ հասաւ մինչեւ Մանասէի օրերը: Մարգարէների մէջ Եսայուն կոչում են աստուածատես, աստուածախօս կամ աստուածաբան, որովհետեւ Բարձրեալի կողմից արժանացաւ մեծամեծ տեսիլքների եւ յայտնութիւնների, թագաւորների, իշխանների եւ ամբողջ ժողովրդի առաջ եղաւ աստուածային պատգամների հզօր եւ համարձակ քարոզիչ՝ պայծառ ու փառաւոր պերճախօսութեամբ: Յայտնապէս եւ խորագոյն կերպով գուշակեց Աստուծոյ Բանի տնօրէնութեան փրկական խորհուրդը. Էմմանուէլի ծնունդը Կոյսից, Աստուծոյ անմեղ Գառի մահը աշխարհի համար, Նրա մերժուելը հրեաների կողմից, հեթանոսներին հրաւիրելը, նոր Սիոնի փառաւորութիւնը, Փրկչի միւս անգամ Գալուստը եւ յաւիտենական հատուցումը: Եւ այս ամէնն ասաց ոչ այնքան որպէս մարգարէ, որքան որպէս նախաձայնող աւետարանագիր:
Փայլեց նաեւ սքանչելահրաշ հրաշագործութիւններով, քանզի Եզեկիա արքայի հիւանդութեան օրերին Եսայու ձեռքով եւ նրա աղօթքներով Աստուած յետ դարձրեց արեգակը եւ բժշկեց թագաւորին, ինչպէս նաեւ Աստուծոյ հրեշտակի ձեռքով ոչնչացրեց ասորիների բանակը: Նախնիները միաբան աւանդում են նաեւ այն մասին, որ երբ ասորիները պաշարել էին Երուսաղէմը, նա Սելովամի աւազանի մէջ ջուր բխեցրեց հրեայ ժողովրդի համար:
Արդ, Եսային հասաւ խոր ծերութեան, տեսաւ կռապաշտութեան եւ արիւնահեղութեան սոսկալի չարիքները, որ գործում էր Յուդայի Մանասէ արքան իր մանկամիտ եւ չարասէր մտքով ու համարձակ յանդիմանեց թագաւորի եւ նրա խորհրդականների անօրէնութիւնները: Իսկ Մանասէն, անտեղեակ լինելով Մեծ Եսայու բերանից հնչող Աստուծոյ սպառնալիքներին, մոռանալով սուրբ մարգարէի անչափ երախտիքները ու նաեւ չակնածելով արիւնակցական կապից եւ նրա պատուական ալեհեր մազերից՝ հրաման տուեց նորատեսակ կտտանքներով դաժանօրէն սպանել Աստուծոյ մարդուն՝ գլխից մինչեւ վայր ողջ-ողջ սղոցելով, որն անօրէն սպասաւորներն իսկոյն կատարեցին. մեծ սղոցով, որով կտրում են ծառերի բունը, գերանի պէս սղոցեցին նրան երկու մասին եւ, ինչպէս գրում են շատերը, սղոցեցին փայտեայ սղոցով, որպէսզի տանջուելով կտտամահ լինի եւ դժուարութեամբ մեռնի:
Շատերն ասում են, թէ մինչ աստուածամերձ մարգարէն այն քստմնելի տանջանքների մէջ էր, ջուր խնդրեց դահիճներից՝ նմանուելով Քրիստոս Փրկչին, երբ խաչի վրայ ասաց՝ ծարաւ եմ: Եւ երբ անողորմ դահիճները նրան ջուր չտուին, Տէրն Ինքը երկնառաք ջրով զովացրեց սուրբին՝ յագեցնելով ծարաւը, կամ էլ, ինչպէս ասում են, հրեշտակների ձեռքով ջուր ուղարկեց Սելովամի աւազանից, որից ջուր էր բխում նրա աղօթքներով:
Սուրբ մարգարէի նահատակութիւնից յետոյ Աստուծոյ երկիւղն ունեցող մարդիկ վերցրին նրա պատուական մարմինը եւ թաղեցին Գաբաւոնից դուրս՝ Սելովամին մերձ, կաղնիների մօտով անցնող ջրերի մօտ, որպէսզի այդ նոյն սքանչելի եւ աստուածառաք ջուրը, որ բխեց Եսայու ձեռքով եւ նրա կողմից կոչուեց Սելովամ, այսինքն առաքեալ, նոյն սուրբ մարգարէի աղօթքով անդադար բխի եւ լինի բժշկութիւն բոլոր հիւանդների համար: Այդ աւազանը կար նաեւ Փրկչի օրօք. Նա, որ կարող էր խօսքով ասել եւ իսկոյն բացել ի ծնէ կոյրի աչքերը, սակայն կամենալով պատուասիրել Իր Եսայի ծառային՝ կոյրի աչքերը նախ ծեփեց կաւով, որը շաղախեց Իր աստուածային բերանի թքով եւ ապա հրամայեց աւազանի մէջ լուանալ իր աչքերը, որպէսզի լուսաւորուելով Եսայու լուսաղբիւրից՝ կոյրը կատարեալ առողջութիւն ստանայ Սելովամի աւազանից:
Իսկ սուրբ մարգարէի մարմինը երկար տարիներ՝ մինչեւ Քրիստոսից յետոյ հինգերորդ դարը, մնաց Հրեաստանում՝ Սելովամի մօտ:
Իսկ Մանասէն, որն Աստուծոյ մարգարէին սպանեց դաժանօրէն, նոյն սքանչելի մարգարէի աղօթքներով, ինչպէս որ արժան է հաւատալ, թէ նա անյիշաչարութեամբ բարին մաղթեց իր չարարարին, խրատուեց Աստուծոյ կողմից եւ հաստատուն դարձ ունեցաւ՝ օրինակ լինելով բոլոր ծանրաբեռ ապաշխարողներին: Քանզի ինչպէս յայտնի է պատմութիւնից, նա շղթայուած գերեվարուեց Բաբելոն, որտեղ սաստիկ զղջման եկաւ եւ արեց կատարեալ ապաշխարողի «Տէր ամենակալ» յայտնի աղօթքը, եւ Տէրը վերադարձրեց նրան իր Աթոռին ու թագաւորութեանը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Եսայի մարգարէին յիշատակում է Վարդավառի տօնին յաջորդող հինգշաբթի օրը: