«ՀՐԱՇԱԳՈՐԾ» ՉԱՐՍԱՆՋԱԿԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՎԵՑԱՄՍՅԱ ԺԱՄԿԵՏՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«Ես ձայն մը լսեցի հայոց լեռներեն, և կարծեմ թե Սուրբ Ավետարանն ինձ ըսավ՝ երթամ ննջեմ զիմ Հայաստան, երթամ ննջեմ զիմ Երևան»։ Մոտ մեկ դար Չարսանջակի Ավետարանը, սերնդեսերունդ փոխանցվելով, պահպանվել է Դադայանների գերդաստանում, շրջել տարբեր մայրցամաքներով, ապա` իր վերջնական հանգրվանը գտել Մաշտոցյան Մատենադարանում։

Դադայան գերդաստանի ժառանգներից Հելեն Դադայան-Փառնակյանի դուստրը՝ Ռոքսան Մաքասջյանը, Հայաստան այցելելու շրջանակում հատուկ նամակով խնդրել էր՝ հնարավորություն տալ հուլիսի 14-ին Մատենադարանում տեսնել նվիրական ձեռագիրը։ Այդ առիթով կազմակերպվեց Չարսանջակի Ավետարանի բացառիկ ցուցադրությունը, որ վեցամսյա ժամկետով կներկայացվի Մատենադարանի թանգարանում։

Չարսանջակի Ավետարանն ընդօրինակվել է 1471 թ․ Երուսաղեմում, ապա տարվել է Արեւմտյան Հայաստան և պահվել Չարսանջակ նահանգի Կոտառիչ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում։ Այն գրված է գեղեցիկ բոլորգրով, նկարազարդված է եւ ունի արծաթյա կրկնակազմ, որի առաջին փեղկին պատկերված է Քրիստոսի Խաչելությունը։ Բուժիչ հատկությունների և գերբնական զորության համար ձեռագիրն ստացել է «հրաշազարդ», «հրաշագործ», «չարխափան» մականունները։ Ավետարանի դուռն էին գալիս աղոթելու ինչպես տարածաշրջանում ապրող քրիստոնյա հայերը, այնպես էլ այլադավան քրդերը։

Բազմաթիվ ձեռագրերի նման, հուզիչ է նաեւ Չարսանջակի Ավետարանի փրկության պատմությունը։ Դադայաններն ապրում էին Արեւմտյան Հայաստանի Լուսատարիչ գյուղում։ Երբ սկսվում է հայոց ցեղասպանությունը, տիկին Եղիսան հարսների և թոռների հետ գաղթում է Արեւելյան Հայաստան` Երեւան, և սկսում է կամավոր աշխատել Երեւանի հիվանդանոցներից մեկում։ Այնտեղ նա ծանոթանում է Չարսանջակ գյուղից գաղթած մի հիվանդի հետ։ Իմանալով իր վիճակի ծանրության մասին` հիվանդը տիկին Եղիսային է հանձնում Սուրբ Գեւորգ եկեղեցուց բերված և փրկված Ավետարանը։ Հիվանդը, ցավոք, մահանում է, և Ավետարանը մնում է տիկին Եղիսայի մոտ։ Վերջինս գաղթում է Մարսել, ապա՝ Ամերիկա, իր որդու՝ Հովհաննեսի մոտ։ Եղիսայի և Հովհաննեսի մահից հետո Հովհաննեսի կինը` Արաքսին, տեղափոխվում է Լոս Անջելես և իր հետ է տանում նաև Ավետարանը։ Արաքսիի մահից հետո նրա երեխաները՝ Հելեն և Հրայր Դադայանները, 2017 թ. միաձայն որոշում են կայացնում և սրբությամբ պահված Ավետարանը հանձնում են Մաշտոցյան Մատենադարանին։