«Միաբան ամենեքեան զԱստուածն աստուծոց
Օրհնեցէք ձայնիւ սրբասացութեամբ զպսակիչն սրբոց:
Զթագաւորն փառաց Քրիստոս զԷակից Հօր եւ Հոգւոյ. գովեցէք:
Զբաշխողն պարգեւաց Սուրբ զՀոգին ճշմարտութեան. բարեբանեցէք ձայնիւ»:
(Շարակնոց)
Կիպրիանոսը՝ սուրբ եպիսկոպոսը եւ Քրիստոսի վկան, որը հնուց ի վեր տօնախմբւում է բոլոր քրիստոնէական եկեղեցիներում, որչափ քաջածանօթ է բոլորին իր գրութիւններով եւ պանծալի վկայաբանութեամբ, նոյնչափ էլ անյայտ է իր ծագումով. արդեօք նա ափրիկեցի էր՝ ծնուած եւ մեծացած Կարքեդոնում, որը Կարթագէնն էր, թէ՞ անտիոքացի էր: Աւելի ուշ շրջանի ուսումնասիրողների մօտ անգամ տարակարծութիւն առաջացաւ, թէ արդեօք միայն մէկն էր երեւելի Կիպրիանոսը, որն ըստ համընդհանուր կարծիքի՝ առաջ հեթանոս էր, եւ ապա դարձաւ քրիստոնեաների պարծանքը, թէ՞ նրանք երկուսն են՝ միմեանց ժամանակակից եւ նմանօրինակ ճանապարհով քայլող, մէկը կարքեդոնացիների հովիւ, միւսը՝ անտիոքացիների:
Արդ, թէպէտ այժմեան արեւմտականները ճիշտ են համարում ասել, թէ՝ նրանք երկուսն են, սակայն արեւելեանները սկզբից եւեթ ճանաչում են մէկին: Եւ մենք, հիմք ընդունելով Գրիգոր Մեծ Աստուածաբանի եւ այլ վկաների վկայութիւնները, ինչպէս նաեւ յետեւելով մեր ճառընտիրներին, այժմ հարկ ենք համարում խօսել մէկ սուրբի մասին:
Արդ, Մեծն Կիպրիանոսը, որին կոչում էին Թասկիոս Կեկիլիոս, ապրել է երրորդ դարում (200-258թթ.): Դեռեւս մանկուց ծնողները, որոնք բնակւում էին Ափրիկէի Կարքեդոն քաղաքում, նրան ընծայեցին ծառայելու աստուածներին, ու նա դարձաւ հեթանոս փիլիսոփայ, քաջ հռետոր, ճարտար մոգ եւ կուռքերի քուրմ:
Նա շրջում էր Աթէնքում, Եգիպտոսում, Անտիոքում եւ քաղդէացիների երկրում: Այնքան հռչակաւոր դարձաւ, որ գերազանցեց մոգպետերին եւ բոլոր կախարդներին, անգամ Յանէսին ու Յամրէսին: Էլ չենք խօսում նրա հարստութեան, ունեցուածքի ճոխութեան ու փառքի մասին: Բոլորն ակնածում էին անգամ նրա ստուերից եւ դիւական մոլորութեան խաբէպատիր գիտութիւնից, ու ոչ ոք չէր համարձակւում խօսել նրա դէմ կամ չարախօսել նրանից, քանի որ համարձակ հրամաններ էր տալիս դեւին, որոնք կատարում էին իր կամքը եւ շատերին մոլորեցնում տեսակ-տեսակ պատրանքների ու կորստեան տանող ցանկութիւնների մէջ:
Եւ այդ քաղաքում, որտեղ բնակւում էր Կիպրիանոսը, կար մի կոյս՝ Յուստիանէ անունով, որ թարգմանւում է արդար օրիորդ: Նա իշխանական, մեծահարուստ եւ ազնուական տոհմի դուստր էր ու աչքի էր ընկնում իր արտաքին գեղեցկութեամբ, բայց առաւել՝ իր առաքինութեամբ: Քրիստոսի սուրբ հաւատն ընդունել էր Պրուղոս սարկաւագի միջոցով, եւ յետոյ ծնողներն էլ ընդունել են իր միջոցով: Երբ նրա հայրը՝ Եդեսիանոս քրմապետը, եւ մայրը՝ Կղեդոնիան, մկրտուեցին Ոպտատոս եպիսկոպոսի ձեռամբ, իրենց ունեցուածքը բաշխեցին կարօտեալներին եւ անցկացրեցին իրենց կեանքը առաքինութեամբ: Սակայն Քրիստոսի հանդէպ ջերմ սիրով, կուսական մաքրութեամբ եւ իր սուրբ վարքով բոլորից առաւել փայլում էր Յուստիանէն:
Յուստիանէ կոյսն իր մօր հետ յաճախ եկեեցի էր գնում: Տեսնելով նրան՝ Ագլաւիդոս անունով մի երիտասարդ ցանկացաւ նրան կնութեան առնել: Շատ ջանաց համոզել նրան բազում պատգամատարների միջոցով եւ պարգեւների խոստումներով, բայց չկարողացաւ: Յուստիանէն ասում էր նրան. «Ես հարսնացել եմ Քրիստոսին եւ երկրաւոր մարդու չեմ ցանկանում: Լաւ է հաստատուեմ Քրիստոսով, քան հրաժարուեմ սուրբ ուխտից ու վայելեմ կարճ ժամանակը մեղքերի մէջ: Եւ եթէ մէկն անպատիժ չի մնում, երբ ինքն իր մէջ խոստում է տալիս մի մարդու եւ ապա հրաժարւում, ապա որքան առաւել պատժապարտ կը լինի նա, ով չի պահի Քրիստոսին տուած իր խոստումը»:
Մի օր, մինչ կոյսն իր սովորութեան համաձայն եկեղեցի էր գնում, Ագլաւիդոսը ճանապարհին նրան էր սպասում: Երբ մօտեցաւ, նա յարձակուեց կոյսի վրայ, բայց նա քաջութեամբ իրենից հեռացրեց անամօթին եւ ամօթահար յետ դարձրեց: Ապա մտաւ եկեղեցի, արտասուքներով խնդրեց Փրկչին ու ամենասուրբ Կոյս Աստուածածնին՝ իրեն օգնական եւ վերակացու լինելու ու անփորձանք պահելու համար:
Այնժամ Ագլաւիդոսը գնաց Կիպրիանոս մեծահամբաւ կախարդի մօտ, երկու տաղանդ ոսկի եւ արծաթ տուեց նրան, որպէսզի հնար գտնի կատարելու իր ցանկութիւնը: Եւ Կիպրիանոսը, որ լսել էր Յուստիանէի գեղեցկութեան մասին, որոշեց նախ անձամբ տեսնել նրան: Եւ երբ տեսաւ, Կիպրիանոսը խոցուեց ցանկութեան նետով առաւել, քան Ագլաւիդոսը եւ որոշեց, որ ինքը կնութեան առնի նրան: Ուստի կախարդանքով իսկոյն հրաման տուեց դեւերին՝ իր արբանեակներին, որ գնան խռովքի մատնեն աղջկան եւ նրա մէջ իր հանդէպ ցանկութիւն բորբոքեն:
Եւ մինչ չարը կամենում էր պղտորել կոյսի մաքուր միտքը, Քրիստոսի ողջախոհ եւ անարատ հարսը, գովելի առաջնորդութեամբ անցնելով ալեկոծ խորհուրդների ծփանքներով, խարսխուեց Քրիստոսի նաւահանգստում, իր համար յոյսի ապաւէն եւ ամուր պարիսպ դարձրեց Փրկչական Խաչը՝ ապաստանելով երկնքի Թագուհու՝ Մօր եւ Կոյսի գրկում: Իր անձը մատնելով աղօթքների եւ տքնութիւնների՝ պահեցողութեամբ տկարացնում էր իր փափկասուն մարմինը՝ ասես մեռցնելով այն նախքան մահը: Գետնատարած անկողիններով թոռոմեցնում էր իր գեղեցկութիւնը եւ զինուած Աստուծոյ Հոգով՝ հանգցնում չարի մխացող բոլոր նետերը: Այնժամ դեւը, տեսնելով, որ չի կարողանում ծածուկ հնարքներով սասանել նրան, դէմ յանդիման երեւաց նրան, երբ կոյսը կատարում էր գիշերուայ երրորդ ժամի աղօթքը: Յուստիանէն խաչակնքեց ընդդէմ չարի ցնորքների, եւ դեւն ահով ու տագնապով փախաւ եւ գնաց՝ ամեն բան պատմելու Կիպրիանոսին: Կիպրիանոսն ուղարկեց նաեւ այլ դեւեր՝ մէկը միւսից աւելի չար, սակայն սուրբ կոյսը սուրբ Խաչի զօրութեամբ եւ Քրիստոսի անուամբ հալածեց նաեւ դրանց: Դեւերը յոգնեցին եւ ոչ մի կերպ չկարողանալով յաղթել նրան՝ ամօթահար հեռացան կրակից փախչող խռիւի նման:
Կիպրիանոսը զարմացաւ կատարուածից: Տանջահար անելով դեւերին՝ բարկութեամբ հարցրեց նրանց. «Ինչո՞ւ այդքան ուշացաք եւ առանց իմ կամքը կատարելու՝ ձեռնունայն վերադարձաք»: Եւ նրանք յայտնապէս պատասխանեցին. «Անհնար է համոզել այդ աղջկան, որովհետեւ Խաչեալի նշանը՝ որը կրում է որպէս անյաղթելի զէնք, ոչ միայն մեզ է հալածում, այլ եթէ նոյնիսկ մեր իշխանն ինքը գնայ նրա մօտ իր աներեւոյթ բանակով, ամօթով փախուստ կը տայ նրանից՝ դժոխային գնդով հանդերձ»:
Այս լսելով՝ Կիպրիանոսն անիծեց դեւերին եւ ընտրեց աւելի մի չար դեւի՝ դեւերի հարիւրապետին, ուղարկեց նրան Յուստիանէի մօտ՝ պատուիրելով գործադրել բոլոր հնարքները՝ որսալու կոյսի միտքը: Նա եկաւ կոյսի մօտ եւ սպառնաց նրան՝ ասելով. «Մի՛ կարծիր, թէ ես այլ տկար դեւերի նման եմ, որովհետեւ ես դեւերի հարիւրապետն եմ»: Սրբուհին Քրիստոսի անուամբ սաստեց նրան եւ աներեւոյթ դարձրեց, իսկ չարը չհամարձակուեց վերադառնալ Կիպրիանոսի մօտ, այլ չքուեց՝ անդնդասոյզ լինելով:
Այնժամ խելքի գալով եւ լուսաւորուելով Աստծուց, Կիպրիանոսն իրենից հեռացրեց բոլոր դեւերին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ էիք մինչ այժմ մոլորեցնում մեզ՝ պարծենալով, թէ դուք աւելի զօրաւոր էք, քան Քրիստոս: Եթէ միայն Նրա անունը եւ Խաչի նշանը յաղթում են ձեզ, ուրեմն պարզ է, որ տկարը յաղթւում է հզօրի կողմից, ինչպէս ճրագը արեգակից, առաւել եւս՝ խաւարը լոյսից: Ապա ուրեմն Նա անկասկած աւելի զօրաւոր եւ ամենազօր է, ինչպէս Աստուած»:
Այս ասելով՝ հրաժարուեց իր չարարուեստ գործերից եւ ապաւինեց Փրկչին: Ճանաչում էր քրիստոնեայ ընտիր քահանաների, որոնցից էին Կեկիլիոսը, Եւսեբիոսը եւ Տիմոթէոսը ու յարեց նրանց: Եւ երբ նրանցից լսում էր սուրբ հաւատի խորհուրդների մասին, օրէցօր հոգով տենչում էր դառնալ դէպի Քրիստոս: Ո՞վ կարող է պատմել, թէ ինչպէս խաւարում քայլող ճանապարհից նա դէպի լոյսն ընթացաւ: Այս մասին սուրբ Պոնտիոսը, որը յետոյ Կիպրիանոսի սարկաւագը եղաւ, ներբողական խօսքերով գրեց նրա վարքը եւ ասաց. «Արժանի չեմ համարում գրել ու պատմել Կիպրիանոսի գործերի մասին, նախքան նրա առ Աստուած դառնալը: Իր դարձի սկզբից եւեթ նա մի կողմ դրեց արտաքին գրքերը եւ ամբողջովին տրուեց աստուածային գրքերի ընթերցանութեանը, իր ունեցուածքը բաշխեց կարօտեալներին եւ թողեց իր փառքն ու հարստութիւնը: Սկսեց գործերով խոնարհեցնել իր անձը եւ այնպիսի ջերմեռանդութիւն ցուցաբերեց իր դարձի ճանապարհին, որ գրեթէ կատարեալ եղաւ նախքան բարեպաշտութիւն սովորելը: Միայն նա եղաւ, որ յայտնի դարձրեց, թէ կատարեալ լինելու համար անբիծ հաւատը եւ ջանքերն առաւել զօրաւոր են, քան ժամանակի երկարութիւնը: Ուսումնասիրում էր նախկին սուրբերի վարքը, թէ ինչպէս նրանք հաճոյ եղան Աստծուն եւ ամբողջ սրտով շտապում էր յետեւել նրանց ու նոյնը քարոզում էր այլոց»: Առաւելապէս օրինակ էր վերցնում կատարեալ աստուածապաշտ Յոբ երանելուց եւ ըստ Հերոնիմոսի՝ իր ապաշխարութեան մէջ մեծ շահ ունեցաւ Յովնան մարգարէի գրքից, այլապէս, ինչպէս Կիպրիանոսն ինքն է գրում, սկզբից եւեթ կþալեկոծուէր յուսահատութիւնից:
Մոլորութեան եւ կախարդութեան բոլոր գրքերն այրելուց յետոյ ապաշխարութեամբ եւ չարի դէմ բազմապատիկ ճգնութիւններով մտաւ երախայութեան[1] կարգի մէջ: Ապա մկրտուեց տեղի եպիսկոպոսի կողմից եւ նորոգուեց, նոր մարդ դարձաւ ըստ Աստուծոյ: Տեսնելով Կիպրիանոսի առաքինասէր վարքը՝ եպիսկոպոսը նրան կարգեց եկեղեցու դռնապանների դասում եւ «Ինչպէս լսեցի մէկից, — գրում է Գրիգոր Աստուածաբանը, — այրն այնպէս էր մաքրում տաճարը եւ աղօթքներով ու գործերով նուաստացնում իր անձը, որ ձեռք բերէր խոնարհութիւն՝ նախկին ամբարտաւանութիւնից ազատուելու համար»:
Կարճ ժամանակ անց անցնելով դպրաց դաս՝ մտաւ եկեղեցու սպասաւորների կարգի մէջ եւ սկսեց իրեն առաւել վարժեցնել հոգեւոր ընթերցուածքներում: Ապա ընտրուելով սարկաւագութեան կարգի մէջ՝ սկսեց ուսուցանել բազմութեանը՝ որպէս Քրիստոսի համարձակաձայն քարոզիչ: Իր լեզուն, որ առաջ չարի գործիք էր՝ հռետորական սնոտի պերճաբանութեան, մոլորութեան եւ պատրանքների համար, այժմ այն դարձրել էր Աստուծոյ խօսքը հնչեցնող փող եւ հոգին հատող սուսեր, որը թափանցելով լսողների սրտի մէջ, հաւատացեալներին մղում էր նորոգութեան, իսկ անհաւատներին՝ դէպի Քրիստոսի փարախը: Երբ եպիսկոպոսը վախճանուեց, ամենքը միաբան հաւանութեամբ եկեղեցու առաջնորդութեան համար ցանկացան ընտրել Կիպրիանոսին: Եւ թէպէտ նա խոյս տալու հնար էր գտնում՝ անարժան խոստովանելով իր անձը, սակայն այդ աստիճանին իրեն արժանացրեց իր խոնարհութիւնը: Եւ այդպէս ժողովուրդը բռնացաւ ու նրան եպիսկոպոս ընտրեց:
Անչափ էին նրա ողորմածութիւնն ու բարեպաշտութիւնը: Համարձակ էր մոլորուածներին յանդիմանելու մէջ, հեզ էր խրատելիս, քաղցր ու հոգեբուխ՝ վարդապետելիս, պատկառելի էր կերպարանքով եւ գովելի՝ վարքով: Վկայագիրներն աւելացնում են, թէ երբ Մեծն Կիպրիանոսը նստեց հայրապետական աթոռին, սուրբ կոյս Յուստիանէին սարկաւագուհի ձեռնադրեց եւ նրան համախմբուած առաքինի կոյսերի վանամայր կարգեց:
Եւ եղաւ, որ այդ ժամանակներում Դեկոս կայսեր կողմից ամենուր հալածանքներ հարուցուեցին ընդդէմ քրիստոնեաների: Հեթանոսները, որոնք չարացել էին Կիպրիանոսի դէմ նրա դարձի համար, որոշեցին բռնել նրան եւ գցել առիւծների առաջ: Այնժամ երանելի հայրապետը եղբայրների բռնադատութեամբ, բայց եւ նրանց օգտի համար որոշ ժամանակ ծածկուած մնաց, որի համար Հռոմի եկեղեցու միաբանութիւնն սկսեց բողոքել նրանից, թէ՝ այդպիսի դժուար ժամանակներում նա անտերունչ է թողել իր հօտը, սակայն Կիպրիանոսը չէր դադարում օգտակար լինել հաւատացեալներին թէ՛ խօսքով, թէ՛ գրով:
Այդ շրջանում Ափրիկէում ժանտախտի համաճարակ ընկաւ: Կիպրիանոսը եկաւ, ժողովեց առողջ հաւատացեալներին եւ ազդու խօսքերով յորդորեց նրանց ձեռք մեկնել ու դարմանել վտանգի ենթարկուածներին, հոգ տանել հիւանդների, հոգեվարքի մէջ եղողների ու վախճանուածների համար: Եւ ահա, երբ դադարեց համաճարակը, կռապաշտները բռնեցին հայրապետին ու տարան դատաւորի ատեանի առաջ, որը Դեկոսի հրամանով եկել էր Կարքեդոնից՝ քրիստոնեաներին դատելու նպատակով:
Դատաւորն սկսեց փորձել Կիպրիանոսին տեսակ-տեսակ հրապոյրներով եւ խոստումներով, որպէսզի նա վերադառնայ իր նախկին կրօնին ու պատուին, սակայն Կիպրիանոսը պատասխանեց. «Եթէ ես անտեղեակ լինէի փորձողի խաբէութեանը եւ մոլորութեանը, թերեւս քեզ համար յուսալի կը լինէր ինձ որսալը: Բայց այսուհետեւ աւելորդ է ինձ փորձելը, որովհետեւ ես քաջածանօթ եմ չարեացապարտ փորձիչ բանսարկուի բոլոր մոլորութիւններին ու վաղուց թօթափուել եմ նրա լծից: Կարելի չէ մոլորութիւնից դուրս գալուց յետոյ դարձեալ նոյն խորխորատն ընկնել: Անհնար է, որ այդպէս լինի, եւ պէտք չէ, որ դու խորհես այն բանի շուրջ, ինչն անհնար է»: Դատաւորն ասաց. «Դու մեղապարտ ես եւ չարիքներ ստեղծող»: Կիպրիանոսն ասաց. «Մեղապարտը սատանան է, որին դուք պաշտում էք: Նա նախանձեց մարդուն, որովհետեւ բոլոր արարածներից միայն մարդն էր, որ ստեղծուեց Աստուծոյ պատկերով: Եւ երբ բանսարկուն պատերազմեց մեր դէմ, Արարիչն աշխարհը մեծ ասպարէզ դարձրեց, որպէսզի չարի դէմ պատերազմելով՝ երեւան գան յաղթողները, եւ գովելիները պսակներ ստանան, իսկ հաւատքի ու պայքարի զօրագլուխը Նա Ինքը Քրիստոսն է, մեր Տէրը եւ Փրկիչը»: Դատաւորն ասաց. «Ինչպէ՞ս կարելի է Քրիստոսին, որ մարդ էր, պաշտել իբրեւ Աստուած»: Կիպրիանոսը պատասխանեց. «Որովհետեւ Նա Աստուծոյ Խօսքն է, որ մարդացաւ եւ չարչարուեց մեզ համար, որպէսզի մեզ հաղորդ դարձնի Իր Աստուածային փառքին, եթէ միայն կցորդ լինենք Նրա չարչարանքներին ու մահուանը»: Դատաւորը սաստեց նրան եւ ասաց. «Չենք ցանկանում լսել սնոտի խօսքերդ ու բարբաջանքներդ: Անյապաղ պէտք է զոհ մատուցես աստուածներին»: Կիպրիանոսն ասաց. «Դու, մոլորուա՛ծդ կռապաշտութեամբ, կուռքերին աստուածներ մի՛ կոչիր»:
Այնժամ դատաւորը հրամայեց գանահարել եպիսկոպոսին եւ բանտ նետել: Ապա բերել տուեց նաեւ Յուստիանէ կոյսին, որովհետեւ Կիպրիանոսի դարձը եղաւ նրա պատճառով, որը գիտէին բոլորը եւ նոյն կերպով փորձութեան ենթարկելով նաեւ Յուստիանէին՝ բանտում նրան առանձին պահել տուեց: Օրեր անց հրամայեց նրանց երկուսին իր առջեւ բերել եւ սպառնաց, որ կամ պաշտեն կուռքերին, կամ էլ կը մեռնեն դաժան մահով: Եւ երբ նրանք անարգեցին նրա խօսքերն ու համարձակ դաւանեցին Քրիստոսին, դատաւորի հրամանով տանջեցին նրանց քերելու գործիքներով եւ ապա նետեցին կուպրով ու ճարպով եռացող երկաթեայ տապակի մէջ, սակայն Աստուծոյ զօրութեամբ նրանք պահուեցին անվնաս եւ փառաւորեցին իրենց Փրկչին: Այնուհետեւ իրարից առանձին՝ տարբեր ժամանակներում, գլխատման վճիռ ստացան: Ըստ ոմանց՝ նրանք միասին նահատակուել են սրով, սակայն ինչպէս երեւում է՝ Յուստիանէն նահատակուել է առանձին՝ Դեկոսի կամ նրա յաջորդների հալածանքների ժամանակ, իսկ Կիպրիանոսը, նախքան Վաղերիանոսի կողմից սրով նահատակուելը, կրել է այլ հալածանքներ ու աքսորներ, որոնք արժան է պատմել առանձին՝ ըստ նրա բուն վկայաբանութեան, որից օգտուել են Պոնտիոսը եւ Օգոստինոսը:
Երբ Հռոմի Կոռնելիոս հայրապետի օրօք՝ Տիրոջ 251 թուականին, մեռաւ քրիստոնեաների հալածիչ անողորմ Դեկոսը, փոխուեցին դատաւորները, եւ քրիստոնեաները միառժամանակ հանգիստ ունեցան: Մեծն Կիպրիանոսը, որ Կարքեդոնի եպիսկոպոսն էր, պահում էր իր հօտը եւ խնամում: Սակայն մի քանի տարի անց, երբ Հռոմում միմեանց յետեւից յաջորդելուց յետոյ թագաւորեց Վաղերիանոս կայսրը, որը գահակից դարձրեց իր որդուն՝ Գաղիենոսին, դարձեալ վերսկսուեցին հալածանքները, որի ժամանակ նահատակուեցին Հռոմի սուրբ Ստեփանոս հայրապետը, նրա հետ՝ քահանաներ, սարկաւագներ եւ հաւատացեալներ: Այդ օրերին միաբանութեան եւ ժողովրդի հետ բազում տառապանքներ կրեց նաեւ սուրբ Կիպրիանոսը՝ ծպտուած ապրելով դարափոսերում ու անձաւներում:
Տիրոջ 257 թուականի օգոստոսի 30-ին Ափրիկէի բդեշխի փոխարէն Պատերնոս անունով անթիհիւպատոսը դարձաւ Վաղերիանոսի չորրորդ հիւպատոսը: Նստելով Կարքեդոնի խորհրդարանի ատեանում՝ նա հրամայեց իր առջեւ բերել Կիպրիանոս եպիսկոպոսին: Սկսեց խօսել ու ասել նրան. «Վաղերիանոս եւ Գաղիենոս դիւցազն ինքնակալներն արժանի համարեցին ուղարկել ինձ մի հրովարտակ, որում հրամայում են, թէ ովքեր չեն պաշտում հռոմեացիների կրօնը, պէտք է սթափուեն եւ դարձի գան: Դու ի՞նչ կþասես»: Սուրբ Կիպրիանոսը պատասխանեց. «Ես քրիստոնեայ եմ եւ եպիսկոպոս: Ամենեւին չեմ ճանաչում մէկ այլ աստուծոյ, բացի մի եւ ճշմարիտ Աստծուց, որն արարեց երկինքն ու երկիրը, ծովը եւ ամենը, որ կայ նրանցում: Մենք՝ քրիստոնեաներս, ծառայում ենք այդ Աստծուն, գիշեր թէ ցերեկ աղօթում Նրան մեր եւ բոլոր մարդկանց ու ինքնակալների կեանքի համար»:
Պատերնոս անթիհիւպատոսն ասաց. «Արդ, այդ համոզմունքի մէ՞ջ ես»: Կիպրիանոսը պատասխանեց. «Բարի կամքը, որը ճանաչում եւ ընդունում է Աստծուն, անհնար է փոխել»: Իշխանն ասաց. «Եւ արդ, կարո՞ղ ես Վաղերիանոսի եւ Գաղիենոսի հրամանով վտարանդի լինել կուրուբացիների քաղաքում»: Կիպրիանոսը պատասխանեց. «Պատրաստ եմ»: Այնժամ Պատերնոսն ասաց նրան. «Նրանք արժանի համարեցին ինձ գրել ոչ միայն եպիսկոպոսների, այլեւ երէցների համար: Արդ, կամենում եմ քեզնից իմանալ, ովքե՞ր են այս քաղաքի երէցները»: Կիպրիանոսը պատասխանեց. «Ձեր օրէնքում բարի եւ օգտակար խորհրդով սահմանել էք՝ չմատնել որեւէ մէկին, որի համար ես չեմ կարող յայտնել ու մատնել նրանց: Նրանք գտնւում են իրենց քաղաքներում»: Իշխանն ասաց. «Ես նրանց պահանջում եմ այսօր եւ այստեղ»: Կիպրիանոսը պատասխանեց. «Քանի որ օրէնքը թոյլ չի տալիս անձամբ մատնել որեւէ մէկին, նրանք չեն կարող իրենք իրենց մատնել, այլ թող փնտռեն քո խուզարկուները»: Պատերնոս անթիհիւպատոսն ասաց. «Այո՛, նրանք կը գտնեն: Ինքնակալները պատուիրել են նաեւ, որ նրանք ոչ մի տեղ չժողովուեն ու չթաքնուեն: Արդ, եթէ մէկն այս օգտաւէտ հրամանը չպահի, գլխապարտ կը լինի»: Իսկ սուրբը պատասխանեց. «Արա՛, ինչպէս քեզ հրամայուած է»:
Այնժամ իշխանը հրամայեց նրանց աքսորավայր տանել: Երանելի հայրապետն իր աքսորավայրից օգնական էր լինում հաւատացեալներին՝ նրանց ուղղուած թղթերով ու սպառազինում էր բոլորին հանդէս գալ խոստովանութեամբ ու պատրաստ լինել մեռնել վկայութեամբ: Ու այդպէս շատերն առանց երկիւղի ընդունեցին մարտիրոսութիւնը:
Հալածանքների այդ օրերին բանսարկուն նաեւ այլ պատերազմ բորբոքեց եկեղեցու մէջ, որից Կիպրիանոսը բաւականաչափ ալեկոծուեց թէ՛ նախքան աքսորուելը, թէ՛ աքսորավայրում, որովհետեւ հալածանքների ժամանակ շատերը կամայ թէ ակամայ զոհ էին մատուցել կուռքերին: Եւ Հռոմում ու նրա սահմաններում մեծ խնդիր առաջացաւ. ոմանք, ինչպէս նաւատիանոսները, հերձուած յարուցելով ասում էին, թէ արժան չէ նրանց ընդունել Աստուծոյ եկեղեցու մէջ՝ իբրեւ աններելի մեղքի մէջ ընկածների, իսկ ոմանք էլ, ինչպէս փելիկեանները, պնդում էին, թէ պէտք է անխտիր ընդունել բոլորին:
Սակայն սուրբ Կիպրիանոսն այդ պայքարի լուծումը գտաւ Սուրբ Հոգով. նա յորդորեց գնալ միջին ճանապարհով, այսինքն ո՛չ անմտաբար ընդունել մոլորուածներին եւ ո՛չ էլ անգթութեամբ իսպառ մերժել նրանց: Եւ առ այս՝ նա առաջ էր բերում եկեղեցու հիմքը եւ կանոնը, թէ ինչպէս հաւատի Վէմը՝ Պետրոսը, որը Քրիստոսից ստացաւ երկնքի բանալիները, երեք ուրացութիւններից յետոյ երեք անգամ Քրիստոսին սիրել խոստովանելով ելաւ իր նախկին պատուին եւ հրաման առաւ՝ արածեցնելու Քրիստոսի ոչխարներին: Այս առումով ասում էր. «Ովքեր չարի պատրանքներով մէկ անգամ ակամայից մոլորւում եւ վախից ընկնում են դեւի թակարդի մէջ, պէտք է նրանց արժանացնել ծանր ապաշխարութեան, իսկ ովքեր ինքնակամ մոլորութեամբ եւ անդառնալիօրէն մնում են չարիքների մէջ, պէտք է նրանց հեռացնել՝ որպէս անարժան Աստուծոյ շնորհներին»:
Այդ շրջանում ծագեցին նաեւ այլեւայլ խնդիրներ, սակայն երանելի Կիպրիանոսը, այլ եպիսկոպոսների եւ Հռոմի հայրապետների հետ միաձայն, ամեն բանի մէջ ուղիղ ընթացք ունէր: Միայն մէկ հարցում սայթաքեց ու զատուեց նրանցից. հերձուածողների կողմից մկրտուածների համար նա անհրաժեշտ համարեց կրկնամկրտութիւնը, թէպէտ ըստ ուղղափառների կարգի՝ իրենց կողմից մկրտութիւն արդէն կատարուած է: Նոյն կերպով արատաւոր էր համարում հռոմէացիների այլեւայլ սովորութիւններ Կեսարիայի Փիրմիլիանոս եպիսկոպոսի ձայնակցութեամբ, որի հետ մտերիմ նամակագրական կապ ունէր: Այդ պատճառով հռոմէացիներն առիթ էին փնտռում զուր հարձակուել ափրիկէցիների վրայ, սակայն այսպիսի գժտութիւնները եւ պառակտութիւնները երկար չշարունակուեցին: Իսկ Կիպրիանոսն իր սխալները Օգոստինոսի հետ սրբեց արեամբ նահատակութեամբ, քանզի մէկ տարի անց վերադարձաւ աքսորավայրից եւ նահատակուեց այս օրինակով:
Ինչպէս գրում է սուրբ Կիպրիանոսի Պոնտիոս սարկաւագը, բարերարն արտաքսուեց իր քաղաքից: Աքսորավայրը՝ Կուրուբան, որ գտնւում էր Ափրիկէում, ծաղկաւէտ մի վայր էր: Եւ թէպէտ նա բնակւում էր անձաւներում կամ վիրապներում, սակայն այդ քաղաքն անուանի դարձաւ, որովհետեւ այնտեղ ապրել է Կիպրիանոսը: Շատերն այցելում էին նրան, իսկ տեղաբնակները հոգում էին նրա կարիքները: «Նրա հետ էի եւ ես, — գրում է նա, — քանզի մտերիմ աթոռակիցների մէջ նրա սէրը ինձ եւս արժանի դարձրեց ընտրուել որպէս կամաւոր աքսորեալ, եւ երանի թէ ինձ ընտրէր ու կցորդ դարձնէր նաեւ իր նահատակութեանը: Աքսորավայրում գտնուելու առաջին օրերին նա մեզ պատմեց իր նահատակութեան վերաբերեալ մի տեսիլքի մասին, որն Աստուած ցոյց էր տուել իրեն եւ ինքը խնդրել էր Տիրոջը՝ մէկ օր ուշացնել նահատակութիւնը: Այդ օրը խորհրդանշեց մէկ տարին, որովհետեւ նա պսակուեց մէկ տարին լրանալուց յետոյ, այն օրը, երբ մէկ տարի առաջ տեսաւ տեսիլքը»:
Յաջորդ տարի իշխանափոխութիւն եղաւ, եւ Կարքեդոնում Պատերնոսի փոխարեն բդեշխի փոխանորդ նշանակուեց Գաղերիոս Մաքսիմոս անթիհիւպատոսը: Եւ այդ ժամանակ հրաման ելաւ, ըստ որի Կիպրիանոս եպիսկոպոսը պէտք է վերադառնար իր Աթոռին: Վերադարձից յետոյ, երբ նա լսեց Հռոմի սուրբ Քսեստոս քահանայապետի նահատակութեան մասին, ցանկացաւ ինքը եւս արժանանալ այդ երանութեանը: Նստած իր պարտէզում, ուր շուրջն էր ժողովել քահանաներին ու ժողովրդին, Աստուծոյ խօսքն էր ուղղում նրանց եւ յայտնում նահատակուելու իր ցանկութեան մասին: Այնժամ բարեկամները յորդորեցին նրան՝ նախկինի պէս ապրել թաքնուած, մինչեւ անցնի հալածանքների մրրիկը, եւ ցոյց տուեցին թաքստոցի տեղը: Սակայն նա յանձն չառաւ, այլ քաջալերեց նրանց՝ ասելով. «Կը փափագէի, որ հէնց այս պահին՝ մինչ խօսում եմ, գան ու գլխատեն ինձ»:
Եւ ահա մի օր զօրականները՝ զօրավարի եւ իշխանի հետ անկնկալ եկան եպիսկոպոսի տուն: Կիպրիանոսը զուարթադէմ ընդառաջ ելաւ նրանց, իսկ զօրավարը նրան տարաւ քաղաքից դուրս գտնուող Սատուռնի կամ Կռոնոս կոչուող աւանի իր տունը: Լուր տարածուեց Կարքեդոնում, թէ բռնել են Կիպրիանոս Թասկիոսին, եւ քրիստոնեաների բազմութիւնն ու հեթանոսները գնացին նրա յետեւից՝ տեսնելու նրա նահատակութիւնը: Զօրավարը պատուով պահեց նրան, որովհետեւ վախենում էր ժողովրդից: Թոյլատրեց նրա իւրայիններին, որոնցից մէկն էր Պոնտիոս սարկաւագը, որ այդ գիշեր խօսակցեն նրա հետ եւ սեղանակից լինեն, իսկ դրսում կանգնած ամբոխը հսկում էր, որ առանց իրենց գիտութեան չսպանեն հայրապետին:
Յաջորդ օրը սուրբին տարան անթիհիւպատոսի ապարանքը եւ կանգնեցրին ատեանի առջեւ: Բդեշխի փոխանորդ Գաղերիոս Մաքսիմոսը հարցրեց նրան. «Դո՞ւ ես Թասկիոս Կիպրիանոսը»: Սուրբը պատասխանեց. «Ես եմ»: Իշխանը դարձեալ հարցրեց. «Դո՞ւ ես, որ քեզ առաջնորդ ես համարում սրբութիւններ կողոպտող անձանց»: Վկան պատասխանեց. «Այո՛, ես եմ»: Իշխանն ասաց. «Սրբազան ինքնակալները քեզ հրամայել են զոհ մատուցել աստուածներին»: Կիպրիանոսը պատասխանեց. «Անհնար է, որ ես կատարեմ այդ հրամանը»: Իշխանը դարձեալ կրկնեց. «Բարին խորհիր քո անձի համար»: Կիպրիանոս եպիսկոպոսը պատասխանեց. «Արա՛, ինչ որ քեզ հրամայուած է: Չարժէ՛ մտածել արդար գործի համար»:
Այնժամ բդեշխի փոխանորդը, խորհրդակցելով իր ատենակալների հետ, արձակեց սուրբի մահուան դատավճիռը եւ ասաց նրան հետեւեալը. «Դու երկար ժամանակ ապրեցիր սրբութիւններ կողոպտողի մտքով եւ շուրջդ հաւաքեցիր քեզ համախոհ մարդկանց բազմութեանը: Սուրբ օրէնքներին ու հռոմեացիների աստուածներին քեզ թշնամի դարձրիր, եւ բարեպաշտ ու դիւցազնափայլ Վաղերիանոս եւ Գաղիենոս օգոստոսափառ ինքնակալները, ինչպէս նաեւ Վաղերիանոս պատուական կեսարը չկարողացան քեզ դիցապաշտութեան դարձնել: Եւ արդ, քանի որ չարագոյն գործերի առաջնորդ ու դրօշակակիր եղար, դու ինքդ խրատ կը լինես նրանց համար, որոնց քո ապիրատութեամբ դէպի քեզ դարձրիր, եւ քո արեամբ օրէնքների կարգ կը հաստատուի»: Այս ասելով՝ իշխանը կարդաց վճիռը, ըստ որի Թասկիոս Կիպրիանոսը պէտք է սրով զրկուէր կեանքից:
Երբ հաւատացեալների բազմութիւնը լսեց դատավճիռը, միաբերան աղաղակեց՝ ասելով. «Մեզ եւս գլխատէք նրա հետ», սակայն սպասաւորները հեռացրին նրանց, իսկ Կիպրիանոսին տարան: Նրա յետեւից մեծ բազմութիւն էր գնում՝ խառնուած զօրականների, հարիւրապետերի, իշխանների եւ առաջնորդների հետ: Հասան նահատակութեան վայրը՝ Սեքստեյեան ագարակը, որը մի ծառախիտ ու սքանչելի վայր էր: Այնչափ մեծ էր բազմութիւնը, որ շատերը բարձրանում էին ծառերի վրայ՝ տեսնելու մեծ մարդու նահատակութիւնը:
Սուրբ եպիսկոպոսը հանեց իր հանդերձները, ծնրադրեց եւ բազկատարած աղօթեց Տիրոջը: Ապա հանեց բաճկոնը, տուեց սարկաւագներին, մնաց միայն վարշամակով եւ սպասեց իր դահճին: Երբ դահիճը եկաւ, իւրայիններին հրամայեց քսանհինգ ոսկի նուիրել նրան: Եւ տեսնելով, որ նա դանդաղում է՝ Կիպրիանոսը կտաւներ եւ ձեռնոցներ խնդրեց եղբայրներից ու իր ձեռքով կապեց իր աչքերը: Եւ քանի որ չէր կարող կապել իր ձեռքերը, դա պատուիրեց Յուլիանոս երէցին եւ Յուլիանոս կիսասարկաւագին: Այնժամ դահիճը մօտեցաւ եւ կտրեց սուրբի գլուխը:
Այսպէս սուրբ Կիպրիանոս հայրապետը նահատակուեց Տիրոջ 257 թուականին՝ Վաղերիանոս կայսեր օրօք:
Պոնտիոսը՝ ականատես վկան, գրում է. «Կիպրիանոսը, որ բարի օրինակ էր բոլորի համար, նահատակուեց այդպէս: Ափրիկէի մէջ առաքեալներից յետոյ նա առաջինն էր, որ կազմեց քահանայական արնագոյն պսակը, որովհետեւ Կարքեդոնի եպիսկոպոսների թւում, անգամ գովելի քահանաներից որեւէ մէկի մարտիրոսութիւնը մինչ այդ երբեւէ չի յիշատակուել»:
Սակայն ոմանք գրում են, թէ նրա հետ միասին նահատակուեցին նաեւ Յուստիանէ սուրբ կոյսը եւ Թէոկղիտոս վկան: Հռոմէացի նաւավարները վերցրին սուրբ նահատակների մարմինները, տարան Հռօմ, տուեցին Ռուփինա անունով մի կնոջ, եւ նա պատուով պահեց մի նշանաւոր տեղում, որտեղ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ բազում հրաշքներ էին կատարւում:
[1] Նախկինում մկրտութիւնից 40 օր առաջ սկսում էին նախապատրաստուել ընդունելու սուրբ խորհուրդը, այսինքն՝ սովորում էին քրիստոնէական գիտելիքներ եւ յետոյ մկրտւում։ Քառասնօրեայ նախապատրաստութեան այս ընթացքը կոչւում է երախայութիւն։ Երախայ նշանակում է չմկրտված անձ:
Աղբյուր՝https://shavigh.am/