Եսայի 46.12-13
12 Լսեցէ՛ք ինձ դուք՝ սրտով մոլորուածներդ եւ արդարութիւնից հեռացածներդ. 13 մօտեցրի իմ արդարութիւնը, եւ այն այլեւս չի հեռանայ, իմ ճշմարտութիւնն ու փրկութիւնը չեմ ուշացնի. ես Սիոնում տուեցի Իսրայէլի փրկութիւնը յանուն իմ փառքի:
Գաղատացիներ 3.13-22
13 Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար (որովհետեւ գրուած է, թէ՝ «Անիծեալ է այն մարդը, որը կախուած է փայտից»), 14 որպէսզի Աբրահամի օրհնութիւնը Քրիստոս Յիսուսով գայ հեթանոսների վրայ, եւ որպէսզի Սուրբ Հոգու խոստումը մենք ընդունենք հաւատով: 15 Եղբայրնե՛ր, մարդկայնօրէն եմ ասում. նոյնիսկ մարդկանց հաստատած կտակը ոչ ոք չի կարող խափանել եւ ոչ էլ նրա վրայ մի այլ բան աւելացնել: 16 Արդ, խոստումը Աբրահամին արուեց եւ նրա շառաւիղին. չի ասում՝ շառաւիղներին՝ չակնարկելու համար շատերին, այլ ակնարկում է մէկին՝ «Եւ քո Զաւակին», որ Քրիստոսն է: 17 Ահա թէ ինչ եմ ասում. այն կտակը, որ նախապէս հաստատուել էր Աստծոյ կողմից Քրիստոսով, դրանից չորս հարիւր երեսուն տարի յետոյ դրուած օրէնքը չի կարող խախտել, որպէսզի չխափանուի խոստումը: 18 Եթէ ժառանգութիւնը օրէնքից է, ապա այլեւս խոստումից չէ. բայց Աստուած Աբրահամին խոստումո՛վ շնորհեց այն: 19 Իսկ արդ, ինչի՞ համար է օրէնքը. օրէնքը տրուեց յանցանքների պատճառով, մինչեւ որ գար այն Զաւակը, որին եղած խոստումը հրեշտակների կողմից տրուեց միջնորդի միջոցով: 20 Իսկ միջնորդը ենթադրում է երկու կողմ, մինչդեռ Աստուած մէկ է: 21 Եւ արդ, օրէնքը Աստծոյ խոստումներին հակառա՞կ է. քա՛ւ լիցի. որովհետեւ եթէ օրէնքը, որ տրուած է, կարող լինէր կեանք տալ, ապա հաստատապէս արդարութիւնը օրէնքից կլինէր: 22 Բայց Սուրբ Գիրքը ամէն ինչ դրեց մեղքի տակ, որպէսզի խոստումը Յիսուս Քրիստոսի հաւատով տրուի հաւատացողներին:
Ավ. ըստ Ղուկասի 15.1-10
1 Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտ էին, որպէսզի լսեն նրան: 2 Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է նա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»: 3 Յիսուս նրանց այս առակն ասաց. 4 «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի: 5 Եւ երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ 6 եւ կգնայ տուն, կկանչի բարեկամներին ու հարեւաններին եւ նրանց կասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը: 7 Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կլինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ: 8 Կամ ո՞վ է այն կինը, որ երբ տասը դրամ ունենայ եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի աւլի տունը փութով ու չի փնտրի, մինչեւ որ գտնի: 9 Եւ երբ գտնի, կկանչի բարեկամներին ու հարեւաններին եւ կասի. «Ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորցրած դրամը»: 10 Ասում եմ ձեզ. Աստծոյ հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կլինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է»: