Այսօր սրբոց հայրապետացն ժողովեալք ի միասին.
Եդին հաստատութեամբ զհիմունս հաւատոյ.
Ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից:
Այսօր զԲանն ի սկզբանէ քարոզեցին սուրբ հայրապետքն.
Յառաջ քան զյաւիտեանս ի Հօրէ ծնունդ անճառ.
Արարիչ գոլով յաւիտեանց ընդ Հօր Էակից Հոգւոյն:
Այսօր զՀոգին ճշմարտութեան դաւանեցին սուրբ հայրապետքն.
Ծագումն առ ի Հօրէ յառաջ բղխեալ անհատաբար.
Ընդ նմին յաւէտ մշտնջենաւոր փառակից Որդւոյ:
(Շարակնոց)
Գեղեցիկ խորհրդով սուրբ Աստուածածնի վերափոխումից մէկ շաբաթ առաջ մեզ մօտ նշւում է Եփեսոսի սուրբ ժողովի յիշատակը: Այս ժողովը, որ գումարուեց ընդդէմ մարդադաւան Նեստորի չար հերձուածի, վրէժխնդիր եղաւ սուրբ Կոյսի Աստուածամայր լինելու պատուի եւ նրա Միածին Աստուածորդու փառքի համար: Նեստորը Թէոդորոս Մոպսուեստացու աշակերտն էր, որն էլ աշակերտել էր Դիոդոր Տարսոնացուն: Ինչպէս ասում են, ազգութեամբ Նասրայի ասորիներից էր: Ոսկեբերանին յաջորդող Արսակիոսից եւ Ատտիկոսից յետոյ Տիրոջ 428 թուականին նա անարժանաբար նստեց Կոստանդնուպօլսի պատրիարքութեան աթոռին եւ Աստուծոյ Բանի հրաշափառ խորհրդի հանդէպ հանդէս եկաւ հրէական չար մոլորութեամբ. նա հայհոյախօսեց՝ ասելով, թէ ամենասուրբ Կոյսն Աստուածածին չէ, այլ լոկ Քրիստոսածին, որպէս թէ մարդածին: Նա ժխտում էր Քրիստոսի յատկութիւնների հաղորդութիւնը եւ Քրիստոսի ստորոգելիները բաժանում երկուսի՝ վերագրելով Աստծունը Աստծուն, մարդունը՝ մարդուն: Այս կերպով նա Միածնին բաժանում էր երկու դէմքի եւ երկու որդու, որպէս թէ մէկ անձ ծնուել է Հօրից յաւիտեաններում՝ որպէս Աստուած եւ Աստուծոյ Որդի, եւ մէկ այլ անձ էլ ծնուել է Մարիամից՝ որպէս լոկ մարդ ու մարդու որդի, որը միայն բարոյապէս է յարակցուած Բանի հետ տէրութեամբ եւ միութեամբ, այսինքն շնորհով եղել է Աստուծոյ Որդի՝ իբրեւ որդեգիր, մարգարէների եւ այլ սուրբերի նման, բայց բոլորից գերիվերոյ եւ աստուածամերձ: Այս կերպով չարը ցանկանում էր ունայնացնել մարդեղութեան խորհրդի իսկութիւնը եւ Բանի մէկ աստուածային անձի մէջ երկու բնութիւնների գոյացական եւ անձնաւորական միաւորութիւնը, կամ էլ հնար էր փնտռում Երրորդութիւնը չորրորդութիւն դարձնել:
Եւ ժանտ Նեստորն սկսեց հրապարակաւ սերմանել այս ամբարշտութեան որոմները ինչպէս անձամբ քարոզելով, այնպէս էլ եկեղեցու իր սպասաւորների միջոցով: Եւ քանի որ ճոռոմաբան էր, իսկ արտաքնապէս՝ սեւագեստ ու ճգնակեաց, կարողանում էր պարզամիտներին հեշտութեամբ որսալ չարութեան աղբի մէջ՝ արբեցնելով նրանց իր դառը մահաբեր թոյնով: Բայց երբ այս ամէնը հասաւ ուղղափառ վարդապետներին եւ ժամանակի եպիսկոպոսներին, նրանք իսկոյն շտապեցին մարել հոգիներն այրող բոցը: Նրանցից մէկն էր Ոսկեբերանի աշակերտ սուրբ Պրոկղը՝ Կիւլիկոնի եպիսկոպոսը, որը Նեստորի ու Մաքսիմիանոսից յետոյ եղաւ Կոստանդնուպօլսի պատրիարքը, եւ յատկապէս Ալեքսանդրիայի հայրապետ սուրբ Կիւրեղը, որը լի էր աստուածային իմաստութեամբ եւ ունէր զօրաւոր գրիչ: Նա առաջինն էր, որ այլ ողջամիտ եպիսկոպոսների գործակցութեամբ իր թղթով խրատեց Նեստորին հեռու մնալ այդպիսի մոլար վարդապետութիւնից, բայց երբ նա չխրատուեց, Կիւրեղն այդ մասին տեղեկացրեց Հռոմի Կելեստիանոս հայրապետին: Եւ երբ Նեստորը մերժեց բոլոր կողմերից իրեն եկած յորդորները, այնժամ Մեծ Կիւրեղը Եգիպտոսի եպիսկոպոսների մասնակցութեամբ մեծ ժողով գումարեց եւ գրեց տասներկու նզովքներ՝ ընդդէմ Նեստորի նոր վարդապետութեան, սակայն Նեստորը համարձակուեց գրութեամբ ընդդիմախօսել նրան:
Արդ, Քրիստոսի եկեղեցին գնալով պառակտւում էր, եւ շատանում էին խռովութիւնները, որի համար Թէոդոս Կրտսեր կայսեր եւ Կելեստիանոս Պապի խորհրդով ու հաւանութեամբ որոշուեց տիեզերական ժողով գումարել Փոքր Ասիայի ծովահայեաց Եփեսոս քաղաքում: Եւ Տիրոջ 431 թուականին ժողովին մասնակցելու համար եկան Կելեստիանոսի փոխանորդներն ու շուրջ երկու հարիւր նշանաւոր եպիսկոպոսներ տարբեր երկրներից, որոնցից մէկն էր սուրբ Կիւրեղ Ալեքսանդրացին, որը հանդիսացաւ ժողովի բերանը: Այնտեղ միաբան հաւանութեամբ եւ Սուր Հոգով հաստատեցին ուղղափառ հաւատը, նզովուելով հերքեցին Նեստորի չար աղանդը եւ դաւանեցին սուրբ Կոյս Մարիամին որպէս Աստուածածին, նրանից Ծնուածին՝ որպէս կատարեալ Աստուած եւ մարդ՝ անբաժանելի միաւորութեամբ, երկու բնութիւններից մարմնացեալ Բանի մէկ անձնաւորութեանը՝ մի դէմք, մի Քրիստոս, մի Որդի, նոյն Աստուծոյ Որդուն ըստ Աստուածութեան եւ նոյն սուրբ Կոյսի Որդուն ըստ մարդկութեան: Եւ թէպէտ Նեստորի աշակերտակիցը՝ Յովհան Անտիոքացին, սկզբում ընդդիմացաւ ժողովին՝ ուշանալով եւ հակառակուեց Կիւրեղին, բայց այնուհետեւ յարեց ուղղափառութեանը:
Նեստորին գործակցում էր Կանդիտիանոս իշխանը, որը կայսեր կողմից նշանակուել էր ժողովեալներին հոգ տանելու համար: Մինչեւ անգամ նա փակեց ճանապարհները եւ թոյլ չտուեց, որ որեւէ մէկը ժողովի մասին ստոյգ լուր հասցնէր կայսրին, կամ էլ նրան տեղեկացնէր նզովքների մասին, որոնք սուրբ ժողովն արձակեց ընդդէմ Նեստորի: Սակայն սուրբ հայրապետները թագաւորին տեղեկութիւն հասցրին մի միայնակեացի միջոցով: Սա, աղքատ եւ ծեր մուրացիկ ձեւանալով, թուղթը դրեց եղեգի մէջ, բերեց Դաղմատիոս ճգնաւորի մօտ, եւ նա էլ յանձնեց թագաւորին, իսկ յետոյ իրողութիւնը ճշտուեց նաեւ այլ պատգամաբերների միջոցով:
Այնժամ արքունի հրամանով Նեստորն աքսորուեց Յովասիա, որը ներքին Խորասանում է, կամ էլ Լիբիա, որ Աֆրիկայում է, որտեղ նա մեռաւ դաժան մահով: Չարը մէջտեղից վերացաւ, բայց նրա չար խմորը մնաց երկար՝ յատկապէս Ասորեստանի կողմերում, որտեղ նրա յետեւորդները կոչուեցին նաստուրիք կամ նեստորականներ՝ որոշ բաներում նման նրան եւ տարօրինակ վարդապետութեամբ: Ժամանակ անց ծայրայեղ խոտորմամբ առաջ եկան եւտիքեանները, որոնք շփոթեցին Քրիստոսի անշփոթ բնութիւնը, իսկ ուղղափառները, ինչպէս ասում են հայոց ձեռագիր Յայսմաւուրքը, հաստատուեցին Ամենասուրբ Երրորդութեան եւ միասնական Աստուածութեան, Քրիստոսի մարդեղութեան եւ երկու բնութիւնների միաւորութեան ճշմարիտ հաւատի վրայ:
Եփեսոսի սուրբ ժողովը Հաւատոյ նոր հանգանակ չի հաստատել, այլ հաւանութիւն է տուել Կիւրեղ Ալեքանդրացու նզովքներին՝ որպէս հաւատքի սահմանում եւ ուղղափառ դաւանութիւն:
Ժողովն ընդունեց վեց կանոններ՝ բոլորն ուղղուած Նեստորի եւ նրա համախոհների դէմ: Կանոններն արգելել են որեւէ հոգեւորականի հաղորդութիւն ունենալ նրանց հետ կամ քարոզել նեստորական գրուածքներ, այլապէս կանոնները խախտողներին սպառնում էր աստիճանազրկում եւ եկեղեցուց արտաքսում:
Այս ժողովին հրաւիրուած էր նաեւ հայոց սուրբ Սահակ Պարթեւ հայրապետը, որը չկարողանալով մասնակցել ժողովին Պարսից երկիր մեկնելու պատճառով, գրութեամբ յայտնել էր իր միաբանութիւնը ժողովի սուրբ հայրերին: Ժողովի վճիռը եւ առանձին նամակով նրա կանոնները սրբազան հայրերը սուրբ ժողովից յետոյ ուղարկեցին սուրբ Սահակին երանելի Ղեւոնդի եւ նրա միւս աշակերտների ձեռքով, որոնք այդ ժամանակ թարգմանութեան համար գտնւում էին Կոստանդնուպօլսում:
Այն ստանալով՝ Մեծն Սահակը եպիսկոպոսների եւ հայոց վարդապետների ժողովով հաստատեց նոյն ճշմարտութիւնը՝ ըստ ամենայնի անբիծ խոստովանութեամբ արթուն պահելով եւ ամրացնելով իր հօտը ու պարսպելով ամենքին ի մեր Տէր Յիսուս Քրիստոս, Որին փառք յաւիտեանս. ամէն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Եփեսոսի տիեզերական ժողովի եւ երկու հարիւր հայրապետների յիշատակը տօնում է Վարդավառի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը կամ Վարդավառին յաջորդող առաջին շաբաթ օրը՝ օգոստոս ամսին: