Սխալներն իրենց ետևից ծնում են ուրիշ սխալներ: Այսպիսով, 1914 թվականը եհովականների “պայծառատես” խելքում ծագեց մի ուրիշ թվական. 1918ը: Այդ տարում եհովական հերետիկոսների համար տեղի են ունեցել “կարևորագույն” դեպքեր: Իբր թե. 1) Քրիստոսը անտեսանելի կերպով մտել է հոգևոր տաճար. 2) նույնպես անտեսանելի կերպով հարություն է առել 144.000 ընտրյալների մի մասը. 3) սկիզբ է առել կրկնակի դատաստանը Աստծո տան և ազգությունների վրա:
Բրուքլինի Ղեկավար Մարմինը հատուկ հաշվարկներ չի կատարում 1918 թվականին հասնելու համար, քանի որ անսասան է նկատում 1914ի համար կատարածները: Հետևաբար, մենք նույնպես, քանի որ վավերական են 1914ի հերքման համար մեր կողմից ներկայացված բացատրությունները, կանգ չենք առնի այս երկրորդ թվականի վրա: Հարկ էլ չկա, որովհետև մանկական հեքիաթասացությունը պարզ կերևա ինքնըստինքյան:
Միայն մի բան արժանի է ուշադրության. ինչպես նկատեցիք, եհովականների կողմից ուսուցանված այս բոլոր “հռչակավոր” իրադարձությունները տեղի են ունեցել անտեսանելի կերպով: Բացատրությունները, կարծում եմ, ավելորդ են:
1) Հիսուսի անտեսանելի մուտքը հոգևոր տաճար:
Ահա իրենց ուսուցումը. Հիսուսը «եկավ հոգևոր տաճար և սկսեց սրբագործել այն: Սա տեղի ունեցավ 1918 թվականի գարնանը, երբ սկսվեց դատաստանի և իր օծյալ հետևորդների քննության ժամանակաշրջանը» (Sia Dio riconosciuto verace, 189-190): 1918 թվականին գալու իմաստը եհովականները հիմնում են նմանաբանության վրա. ինչպես Հիսուսը մկրտությունից երեք ու կես տարի անց – ըստ եհովականների – գնաց սրբագործելու տաճարը, այնպես էլ երկնքում գահ բարձրանալուց երեք ու կես տարի հետո սկսեց մաքրել հոգևոր տաճարը: Ամբողջն այսքանն է: Միայն:
Ի՞նչ պետք է պատասխանենք: Նախ, ոչնչով հնարավոր չէ ապացուցել, որ Հիսուսը Տաճար գնաց մկրտությունից երեք ու կես տարի հետո: Չորս Ավետարաններն այս հարցի վերաբերյալ միաձայն չեն. եթե Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարանները Տաճարից վաճառականների վտարումը տեղադրում են Քրիստոսի քարոզչության վերջավորությանը (Մատթեոս 21, 12-13; Մարկոս 11, 15-19; Ղուկաս 19, 45-48), Հովհաննեսի Ավետարանը այդ նույն դեպքը պատմում է Քրիստոսի քարոզչության սկզբնավորությանը (Հովհաննես 2, 13-22): Ավետարանիչների պատմության միջև այս տարբերությունն արդեն պարզ ցույց է տալիս, որ Առաքյալների համար ոչ մի կարևորություն չուներ դեպքերի ժամանակագրական հերթականությունը. Առաքյալներին և բոլոր ժամանակների իրական քրիստոնյաներին հետաքրքրում է միմիայն Աստծո Խոսքը, Քրիստոսի փրկարար պատգամը և փրկությունը, որը Նա պարգևեց մեզ Իր Արյան հեղմամբ Խաչի վրա, Հարությամբ, Համբարձմամբ, Աստծո աջ կողմում բազմելով և Ամենասուրբ Երրորդության երրորդ Անձի՝ Սուրբ Հոգու առաքմամբ: Իսկ թե առավոտյան ժամը քանիսին դուրս ելավ Նազարեթի տնից, ժամը քանիսին նախաճաշեց աշակերտների հետ, քանի ժամ տևեց ճամփորդությունը դեպի այսինչ կամ այնինչ տեղը, արդյոք ոտքով գնացին, թե ջորիների վրա հեծած, արդյոք ճանապարհին ջորիներին խոտ տվեցին ուտելու կամ խմելու ջուր, և այլն, սրանք դատարկ ու անիմաստ բաներ են, որոնցով միայն եհովական հերետիկոսները կարող են զբաղվել:
Բայց հետո, Հիսուսը չգնաց Տաճարը սրբագործելու. Տաճարի գավթում վաճառքով զբաղվողներին դուրս վռնդելը չի նշանակում Տաճարը սրբագործել, որովհետև Աստծո Տունն ինքնըստինքյան արդեն սուրբ էր, քանի որ բնակատեղին էր Սրբություն Սրբոցի, երիցս Սրբի: Բավական է ուղիղ մտքով կարդալ Ավետարանները, տեսնելու համար, որ Հիսուսը ուրիշ անգամներ ևս արդեն այցելել էր Տաճար, վաճառականներին վռնդելուց շատ առաջ. այնտեղ գնում էր հրեաների մեծ տոների կապակցությամբ (Տաղավարահարաց, Զատիկ, և այլն), մասնակցում էր աղոթքներին, ուսուցանում էր Տաճարի ներսում (հատկապես Սողոմոնյան սրահում): Իսկ ամենաառաջին անգամ Հիսուսը Տաճար այցելում է տակավին ութ օրեկան հասակում, ենթարկվելով Աստծո Օրենքին և ընդունելով թլփատությունը (Ղուկաս 2, 21-24): Ուրեմն, վաճառականների վտարմանը տալ իմաստներ, որ իրական չեն, նշանակում է քմահաճությամբ և առանց հարգանքի վարվել Աստվածաշնչի սրբազան պատմությունների նկատմամբ:
2) Դատաստանը Աստծո տան և ազգությունների վրա:
Ահա իրենց խոսքերը. «Իրոք, 1918 թվականի գարնանը նա եկավ տաճար որպես Եհովայի պատգամաբերը և սկիզբ տվեց դատաստանին, նախ “Աստծո տան”, ապա այս աշխարհի բոլոր ազգությունների վրա (1Պետ 4, 17; Մտթ 25, 31-32) (Sia Dio riconosciuto verace, 283):
Ահա եհովականների քմահաճության մեկ օրինակ ևս, որը հստակ կերպով հակասում է Աստվածաշնչին: Որպեսզի մերժեն Քրիստոսի աստվածությունը և ստորացնեն Նրան, մեջբերում են Մաղաքիա 3, 1 հատվածը, ուր խոսվում է «պատգամաբերի» մասին, այդ տիտղոսը տալով Հիսուսին, իբր թե Հիսուսը միայն պատգամաբեր էր, մի պաշտոնյա, ուրիշ ոչինչ: Բայց Ավետարանին գոնե մի քիչ ծանոթ յուրաքանչյուր անձ գիտի, որ Հիսուսն Ինքը Մաղաքիայի այդ հատվածը վերագրում է Հովհաննես Մկրտչին. «Ի՞նչ տեսնելու ելաք: Մի մարգարե՞: Այո՛, ասում եմ ձեզ, և ավելի՛ն, քան մարգարե: Նա է, որի մասին գրված է. “Ահա իմ պատգամաբերն առաքում եմ քո առջևից, որպեսզի քո առաջ պատրաստի ճանապարհներդ” » (Մատթեոսի Ավետարան 11, 9-10): Տեսնում եք, այսպիսով, թե եհովական հերետիկոսությունն ինչպես է և՛ս մեկ անգամ հակասում Հիսուսի պատգամին, ինչպես է ևս մեկ անգամ կեղծում Աստվածաշնչի իրական իմաստը:
Իսկ ինչ վերաբերվում է «Աստծո տան» և «ազգությունների վրա» սկիզբ առած դատաստանին, պատասխանելու համար՝ քննենք եհովականների կողմից մեջբերված աստվածաշնչյան հատվածները, տեսնելու համար, թե արդյոք իրենց տված բացատրություններն իրական են, թե ո՛չ: Բայց քննարկումը կկատարենք եհովականներից մի տարբերությամբ. մենք այդ տողերը կներկայացնենք իրենց ամբողջական հատվածների ներսում (ինչպես հիշում եք, այս հարցին արդեն անդրադարձանք, որ եհովականները աստվածաշնչյան տողերը անջատում են տեքստից և այդպիսով հնարավորությունն են ստեղծում այդ տողերին տալու ամբողջովին ա՛յլ իմաստներ, ըստ իրենց քմահաճույքի):
1 Պետրոս 4, 12.16-17. «Սիրելիներ, անակնկալի մի՛ մատնվեք հալածանքների հրդեհի բռնկման պատճառով, որը ձեր մեջ վառվել է ձեզ փորձելու համար, կարծես թե ինչ-որ մի տարօրինակ բան է դա: […] Եթե մեկը տառապում է քրիստոնյա լինելու համար, թող չամաչի, այլ՝ փառավորի Աստծուն այդ անվան համար: Հասել է, իրոք, այն պահը, որում սկսվում է դատաստանը Աստծո տան վրա: Բայց եթե սկսվում է մեզնից, ինչպիսի՞ն է լինելու արդյոք վախճանը նրանց, ովքեր մերժում են հավատալ Աստծո Ավետարանին»:
Պետրոս Առաքյալն իր նամակը գրել է Հռոմից, որը քրիստոնյաների կողմից այլաբանորեն կոչվում էր Բաբելոն, որովհետև հալածում էր քրիստոնյաներին: Խրախուսում է նամակի հասցեատերերին՝ համբերությամբ կրելու նեղությունները, որոնց ենթարկված են քրիստոնյա լինելու պատճառով: Ինչպես հստակ երևում է, այդ խոսքերում ոչ մի մարգարեություն չկա, որը կարող լիներ սկսվել 1918 թվականին, այլ՝ Առաքյալը խոսում է իր ժամանակակիցների նեղությունների մասին: Ասում է. «Իրոք, հասել է այն պահը, որում սկսվում է դատաստանը Աստծո տան վրա». «հասել է», և ո՛չ թե՝ հասնելու է մոտ 2.000 տարի հետո: «Աստծո տուն» արտահայտությունը մատնանշում է այն հասարակությունը, որին իր խոսքն ուղղում է Պետրոսը: Մի քանի տող առաջ, Առաքյալը քրիստոնյաների վերաբերյալ արտահայտվել էր հետևյալ կերպ. «Դուք կենդանի քարերն եք՝ հոգևոր կառույցի շինության համար»: Ուրեմն, «Աստծո տուն» արտահայտությունը հանկարծակի չի հայտնվում: Եթե Աստծո դատաստանը, ասում է Պետրոսը, այսքա՜ն զորեղ է ձեր վրա նեղություններով ու հալածանքներով, որքա՜ն ավելի սաստիկ է լինելու հեթանոսների վրա, որոնք այժմ ձեզ հալածում են: Էականում սա Քրիստոսի միտքն է, մինչ խաչը ուսին գնում էր դեպի Գողգոթա. «Եթե այսպես են վարվում մատղաշ ճյուղի հետ, ի՞նչ է լինելու չոր փայտի հետ» (Ղուկաս 23, 31): Ինչպես նաև ուշադրություն դարձնենք Պետրոս Առաքյալի վերջին խոսքի վրա. «Ինչպիսի՞ն է լինելու արդյոք վախճանը նրանց, ովքեր մերժում են հավատալ Ավետարանին»: Սիրելի ընթերցող, եթե արդեն անդամակցել ես Եհովայի Վկաների հերետիկոսությանը կամ մտադիր ես անդամակցելու նրանց, մի քիչ խորհրդածիր Առաքյալի այս խոսքերի վրա. եթե հավատարիմ քրիստոնյաներս կրում ենք Աստծո զայրույթը մեր մեղքերի փոխարեն, ի՞նչ է լինելու նրանց վախճանը, ովքեր մերժում են ճշմարիտ հավատքը: Սա չեմ ասում քեզ սարսափեցնելու համար, այլ՝ զգուշացնելու, ինչպես նաև քաջալերելու, որ Քրիստոսի ճշմարիտ հավատքով ընդունես հավիտենական փրկությունը, Աստծո այն սերը, որ վերջում ջնջելու է մեր մեղքերի հիշատակը և չորացնելու է մեր աչքերի արցունքները: Ճշմարտությունը և Աստծո սերը, որոնք չկան Եհովայի Վկաների մոտ, այլ՝գտնվում են Քրիստոս Աստծո Սուրբ Եկեղեցու մեջ:
Մատթեոս 25, 31-46. «Արդ, երբ մարդու Որդին կգա իր փառքով և բոլոր հրեշտակներն իր հետ, այնժամ նա կբազմի իր փառքի գահին և նրա առաջ կհավաքվեն երկրի բոլոր ազգերը և նա նրանց միմյանցից կզատի, ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարները այծերից: Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ ձախ կողմում: Այնժամ թագավորը կասի իր աջ կողմում եղողներին. “Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեր համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի, ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, խմելու ջուր տվեցիք ինձ, պանդուխտ էի, ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, հագցրեցիք ինձ, հիվանդ էի, ինձ տեսության եկաք, բանտում էի, այցելեցիք ինձ”: Այնժամ արդարները կպատասխանեն նրան ու կասեն. “Տեր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարավ ու ջուր տվեցինք. ե՞րբ տեսանք քեզ պանդուխտ ու մեր մեջ առանք, կամ՝ մերկ ու հագցրեցինք. ե՞րբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ ու այցի եկանք քեզ”: Թագավորը կպատասխանի ու կասի նրանց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկի համար արեցիք դա, իմ համար արեցիք”: Ապա կասի ձախակողմյաններին. “Անիծյալներ, հեռացե՛ք ինձնից դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու իր հրեշտակների համար. որովհետև քաղցած էի, ուտելիք չտվեցիք ինձ, ծարավ էի, ջուր չտվեցիք ինձ, պանդուխտ էի, ինձ ձեր մոտ չառաք, մերկ էի, չհագցրեցիք ինձ, հիվանդ էի ու բանտարկյալ, այցի չեկաք ինձ”: Այնժամ նրանք նույնպես կպատասխանեն ու կասեն. “Տեր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարավ, կամ պանդուխտ, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտի մեջ, ու չծառայեցինք քեզ”: Իսկ նա կպատասխանի նրանց ու կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ այս փոքրերից մեկի համար դա չարեցիք, իմ համար էլ չարեցիք”: Եվ նրանք կգնան հավիտենական տանջանքների, իսկ արդարները՝ հավիտենական կյանքի»:
Այս տողերում կա՞ արդյոք ինչ-որ մի բան, որ կարող է գեթ նվազագույն չափով հուշել 1918 թվականը և մարդկության մի մասի դատաստանը: Իր խոսքի սկզբում արդեն Հիսուսը ճշտում է, որ այս ամենը կատարվելու է, երբ «մարդու Որդին գալու է իր փառքով և բոլոր հրեշտակներն իր հետ», և ո՛չ թե 1914 կամ 1918 թվականին “անտեսանելիորեն”: «Բոլոր ազգեր» արտահայտությունը մատնանշում է բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում ապրած և ապրող մարդկանց, բարիներին ու չարագործներին: Ինչպես նաև Հիսուսը հաստատում է, որ չարագործները ենթարկվելու են հավիտենական կրակի տանջանքներին, որը ճիշտ կոչվում է դժոխք. եհովական հերետիկոսները այս կետում նույնպես հակառակվում են Աստվածաշնչին, ուսուցանելով, թե դժոխքը գոյություն չունի (ինչպես ներածության մեջ տեսանք, Ռասըլն այդ գաղափարը որդեգրեց գալստական բողոքականներից [ադվենտիստներից], և սիրով համոզվեց, թե դժոխքը գոյություն չունի, որպեսզի կարողանար խաղաղեցնել իր խռովված ու խախտված հոգեկան ներաշխարհը: Բայց իր խիղճը կեղծիքի միջոցով խաղաղեցնելով՝ չկարողացավ խաղաղեցնել իր ընտանեկան կացությունը, որը վերջացավ ամուսնալուծությամբ և Ռասըլ Մեդուզայի արդեն հիշատակածս սիրային արկածներով):
Ապա, ի՞նչ կապ կա Մատթեոսի այս հատվածում ներկայացվող համընդհանուր, տիեզերական դատաստանի և այն նեղությունների միջև, որոնց մասին խոսում է Պետրոս Առաքյալը: Ո՛չ մի:
3) Այժմ տեսնենք, թե ինչ են ուսուցանում «փոքրիկ հոտ» կոչվածի հարության վերաբերյալ. «1918 թվականին, երբ Եհովայի դաշինքի պատգամաբերը եկավ տաճար՝ դատելու համար Աստծո տունը, “Քրիստոսի մարմնի” այն անդամները, որոնք մահով ավարտել էին իրենց կյանքի ընթացքը (= 144.000 ընտրյալների թվին պատկանողների մի մասը), հարություն ստացան որպես Աստծո կողմից իրենց տրված վավերացում, իբրև թագավորական ընտանիքի անդամներ» (Il regno è vicino, 334):
Եհովականներն այստեղ ներկայացնում են իրենց հորինած չորս հարություններից առաջինը: Հարություն առածներն իբր թե նրանք են, ովքեր պատկանում են 144.000 ընտրյալների թվին և մահացել են 1918 թվականից առաջ: Մյուս ընտրյալները, որ մահանում են 1918 թվականից հետո, «ստանում են ակնթարթային հարություն, հոգով ապրելու համար իրենց թագավորի հետ» (Il regno è vicino, 334): 144.000 ընտրյալների հարցին մանրամասն կանդրադառնամ հաջորդ գլխում: Առայժմ բավարարվում եմ միայն հիշեցնելով, որ Աստվածաշնչում ոչ մի խոսք չկա “աստիճանական” հարությունների մասին:
«Գալու է պահը, որում բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, լսելու են նրա ձայնը (=մարդու Որդու) և դուրս են գալու. ովքեր բարիք են գործել՝ կյանքի հարության, իսկ ովքեր չարիք՝ դատապարտության հարության համար» (Հովհաննեսի Ավետարան 5, 28-29):
Հետևաբար, հարությունը մեկ և միակ է բոլորի՝ բարիների ու չարերի համար: Պողոս Առաքյալը, Ֆելիքս նահանգապետի առաջ խոսելիս, հաստատում է, թե ունի «առ Աստված հույսը, որ լինելու է արդարների ու անարդարների մի հարություն» (Գործք Առաքելոց 24, 15): Հայտնության գիրքը նույնպես ճանաչում է միայն մի հարություն (Հովհաննեսի Հայտնություն 20, 11-15), թեև նախ խոսում է մարտիրոսների այլաբանական հարության մասին (Հովհաննեսի Հայտնություն 20, 4-6; հմմտ. 6, 9-11):
Եզրակացնելով ասենք, – ինչպես ակնարկեցինք արդեն հինգերորդ գլխի սկզբում, – որ եհովական հերետիկոսության համար տարեթվերը միշտ ունեցել են վիթխարի նշանակություն. ուստի, դիմակազերծելն ու փաստելը, որ 1914 և 1918 թվականները լիովին զուրկ են ո՛չ միայն աստվածաշնչյան, այլ նաև որևէ իմաստից, նշանակում է կործանել եհովականության բոլոր հիմքերը և ստեղծել շփոթություն ու քաոս, որից դուրս գալ չեն կարող Բրուքլինի Ղեկավար Մարմնի անդամները: Իսկ շարքային եհովականներին կմնա խոնարհաբար ընդունել իրենց սխալը: Սխալվելը մարդկային է և ամեն ոք կարող է սխալվել (և իրականում ամեն ոք հաճախ սխալվում է, թեև յուրաքանչյուրը տարբեր ասպարեզներում): Սեփական սխալը խոնարհաբար ընդունելը ամոթ բան չէ, այլ ճիշտ հակառակը՝ պատիվ է բերում մարդուն: Ինչպես ասում էին հին իմաստունները. «Errare humanum est, perseverare est diabolicum», «Սխալվելը մարդկային է, սխալի մեջ գիտակցաբար մնալն է սատանայական»:
Շարունակելի
Աղբյուր՝https://mashtoz.org/