Հարկ է կանգ առնել քննելու եհովականության այս երկու ուսուցումները, որոնք Աստվածաշնչին լիովին հակառակ լինելով հանդերձ, մեծագույն կարևորություն ունեն հերետիկոսության ուսմունքային և գործնական համակարգում:
ա) 144.000 ընտրյալների կամ իրենց կողմից ասված «փոքրիկ հոտի» վերաբերյալ ուսուցանում են հետևյալը. «Ովքե՞ր և քանինե՞ր են լինելու, որ կարողանալու են մտնել արքայություն: Հայտնության գիրքը սահմանափակում է այդ թիվը 144.000ի, որոնք մասնակից են դառնալու արքայությանը և բնակվելու են Սիոն լեռան վրա (Հայտ 14, 3; 7, 4.8): Այսպիսով տեսնում ենք, որ Աստված երբեք չի որոշել “փոփոխության ենթարկել այս հին աշխարհը և բարիներին տանել երկինք”: Շատ քչերն են մտնելու արքայություն: Միայն մի “փոքրիկ հոտ”, համեմատելով երկրի բնակչությանը (Մատթ 7, 13; Ղուկ 12, 32) » (Sia Dio riconosciuto verace, 120-121; La verità che conduce alla vita eterna, 77ss):
Բայց արդյոք ինչի՞ց մղված՝ Աստված պետք է սահմանափակեր երկնային կյանքին սահմանվածների քանակը: Ի՞նչ պատճառներից մղված՝ Աստված պիտի սահմանափակեր Քրիստոսի կողմից իրականացված փրկագործության արդյունավետությունը: Այժմ կմեջբերենք աստվածաշնչյան մի քանի հատվածներ, ինչպես նաև կտանք եհովականների կողմից մեջբերված հատվածների իրական մեկնաբանությունը, որոնց հիմքի վրա պարզորոշ կերևա, որ եհովականների «այսպիսով տեսնում ենք, որ Աստված երբեք չի որոշել “փոփոխության ենթարկել այս հին աշխարհը և բարիներին տանել երկինք” » արտահայտությունը հակաաստվածաշնչյան է և, ինչը որ ամենասարսափելին ու սրբապիղծն է, հակառակվում է Աստծո հայրական անսահման սիրույն ու փառքին: Կտեսնենք, որ այս ուսմունքը նույնպես արդյունքն է Բրուքլինի Ղեկավար Մարմնի մարդկային (չասելու համար՝ սատանայական) մտահղացումների:
«Աստված կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը» (Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Տիմոթեոսին 2, 4):
«Մեր հույսը դրել ենք կենդանի Աստծո վրա, որը փրկիչն է բոլոր մարդկանց, հատկապես նրանց, ովքեր հավատում են» (Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Տիմոթեոսին 4, 10):
«Աստված այնքան սիրեց աշխարհը (=ամբողջ մարդկությունը), որ տվեց իր միածին Որդին, որպեսզի ով հավատա նրան, չմեռնի, այլ՝ ունենա հավիտենական կյանքը: Աստված իր Որդուն չառաքեց դատելու համար աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը փրկվի նրա միջոցով» (Հովհաննեսի Ավետարան 3, 16-17):
Աստված կամենում է լինել բոլո՛ր մարդկանց փրկիչը, Աստծո ծրագիրը բոլո՛ր մարդկանց փրկությունն է, բոլորի՛ հասնելն է հավիտենական կյանքին, այսինքն՝ այն աստվածային կյանքին, որը Քրիստոսը բերեց մեզ և որը ճիշտ Ինքն է (Հովհաննես 14, 6; հմմտ. 6, 53.57): Իրոք, Քրիստոսը՝ փրկության Միջնորդը, լուսավորում է աշխարհ եկող յուրաքանչյուր մարդու (Հովհաննես 1, 9), «իրո՛ք աշխարհի փրկիչն է» (Հովհաննես 4, 42): Փրկությունը Աստված պարգևում է բոլորին. թողնված է յուրաքանչյուր մարդու անձնական ընտրությանը՝ ընդունել կամ մերժել այդ փրկությունը. այսինքն՝ Աստված Արքայությունից դուրս չի թողնում ոչ ոքի, մարդիկ իրենք են, որ ազատությունն ունեն ներս մտնելու կամ դրսում մնալու: (Եվ եհովական հերետիկոսների ղեկավարները ճիշտ այսպես են վարվում. կամովին մնում են Աստծո Արքայությունից դուրս, և քանի որ սատանայից ոչնչով չեն տարբերվում, աշխատում են դրսում պահել նաև ուրիշների, շարքային խեղճ Վկաներին):
բ) «Մյուս ոչխարներ» կամ «վիթխարի բազմություն» կոչվածների վերաբերյալ եհովականներն ուսուցանում են. «Այդ մարմնի [=144.000ի] ամբողջությունը լրացնելուն բավարար մի փոքրիկ մնացորդ է միայն մնացել երկրի վրա: Հավատացյալ անձերի մի անհաշվելի բազմություն, որն այժմ աշխատում է Եհովայի Վկայի որականիշով, անվանվում է իր “մյուս ոչխարները” կամ “Հոնադաբ”, որովհետև նախապատկերվել էր Հոնադաբի՝ Հեու թագավորի ընկերոջ անձում (Հովհ 10, 16; 4Թագ 10, 15-28; Երեմ 35, 8. 18-19): Այս անձինք երկինք գնալու չեն սպասում: Սրանց խոստացված է հավիտենական կյանք երկրի վրա, երկրին տիրանալու, երկիրը գեղեցկացնելու և բնակեցնելու առանձնաշնորհությամբ, պայմանով, որ որպես Եհովայի Վկաներ՝ հավատարմության ապացույցներ տան Աստծուն, Արմագեդոնի պատերազմից առաջ» (Sia Dio riconosciuto verace, 220-221):
Եհովականներն այս ուսմունքը սկսել են ծամել 1931 թվականից սկսած, բայց միայն 1935 թվականի Մայիսի 31ին, Վաշինգտոնի Համաժողովում էր, որ ընդունվեց որպես եհովական ուսմունք և ծանուցվեց “օծյալ”ներին: Ուրեմն, եհովականների մոտ ճշմարտությունը որոշողը Աստված Ինքը չէ, ո՛չ էլ Աստվածաշունչը, այլ՝ Ղեկավար Մարմնի խաբեբա անդամների քվեներով է որոշվում ամեն բան: Խելքը գլխին մի մարդ ինչպե՞ս կարող է հետևել եհովական հերետիկոսությանը, ես անձամբ չեմ հասկանում, բայց անշուշտ գիտեմ, որ գլխավոր պատճառը ժողովրդի անտեղյակ լինելն է, որով շատ հեշտ է խաբվում: Հուսամ, որ տվածս լուսաբանումներն ու տեղեկությունները կծառայեն եհովականության տարածման առջևն առնելուն, ինչպես նաև՝ արդեն եհովական դարձածներին Եկեղեցու գիրկը վերադարձնելուն:
Ուրեմն, ինչպես երևում է քիչ առաջ մեջբերված եհովական գրությունից, վիթխարի բազմության անդամներն ունեն հետևյալ հատկությունները. չունեն երկինք գնալու հույսը, հավիտենական կյանքը կարող են ունենալ միայն երկրի վրա, եռակի առանձնաշնորհությամբ. տիրանալ, գեղեցկացնել և բնակեցնել Երկիր մոլորակը: Այս ամենը կստանան, եթե հավատարիմ ստրուկները լինեն Բրուքլինի Ղեկավար Մարմնի բանկիրների:
Իրենց հրատարակություններում ներկայացնում են գունագեղ հարյուրավոր պատկերներ, իբր թե այդպիսի դրախտային պայմաններ են վայելելու երկրի վրա հավիտենական կյանք ստացած եհովականները և այդ պատկերներով խաբում են մանկամիտ հոգիներին: Ծիծաղով եմ հիշում, թե ինչպես են ներկայացնում որդեծնության հարցը. Արմագեդոնի պատերազմից հետո, որպես առաջին գործ՝ խեղճ եհովականներն ունենալու են պարտված և սպանված թշնամիների դիակները երկրի երեսից հավաքելն ու թաղելը, որպեսզի համաճարակներ չտարածվեն իրենց մեջ ( – ի՞նչ հավիտենական կյանք է դա, եթե տակավին ենթակա է լինելու հիվանդություններին, կամ ի՞նչ է, Եհովան կամ եհովական “օծյալ”ներն ի զորու չե՞ն վարակների դեմն առնելու – ). ապա սկսելու են զբաղվել հողագործությամբ, շինարարությամբ և այլն: Քանի որ երկրի բնակչությունը բավական նվազած է լինելու, ասում են, եհովականներն ունենալու են որդեծնության հնարավորությունը, այսինքն՝ դեռ որոշ ժամանակով կարողանալու են վայելել սեռային հաճույքը, բայց հետո, երբ եհովականների թիվը հասնելու է երկիրը բնակեցնելու համար հարմար թվին, Եհովան հանկարծակի ամլացնելու է բոլորին (խեղճե՜ր) և դրանից հետո չի լինելու որդեծնությունը ( – քիչ առաջ ասում էին, որ Եհովան ի զորու չէ վարակների դեմն առնելու, այլ՝ իրենք պետք է ստիպված թաղեն թշնամիների դիակները, իսկ հիմա պնդում են, թե ի զորու է բոլորին միասին ու միանգամից ամլացնելու. բավական հակասական պնդումներ են, չե՞ք կարծում – ): Բայց, սիրելիներս, հավիտենական կյանքի այսօրինակ նյութապաշտ (մատերիալիստ) ըմբռնումը ո՛չ միայն առասպելական է, այլ նաև ամբողջովին հակառակ է Հիսուսի ուսուցումներին. «Մոլորվածնե՛ր, ո՛չ Գրքերն եք հասկանում և ո՛չ էլ Աստծո զորությունը, որովհետև հարության ժամանակ ո՛չ կին են առնում և ո՛չ էլ մարդու գնում, այլ լինելու են՝ ինչպես հրեշտակները երկնքում» (Մատթեոսի Ավետարան 22, 23-33; Մարկոսի Ավետարան 12, 18-27; Ղուկասի Ավետարան 20, 27-40):
Այժմ տեսնենք, թե եհովական ուսուցումը, որի համաձայն՝ 144.000 ընտրյալների և երկրի վրա մնացած “մյուս ոչխարների” հավիտենական կյանքի որակը տարբեր է (առաջինները հոգով երկնքում, երկրորդները մարմնով երկրի վրա), ունի՞ արդյոք աստվածաշնչյան հիմքեր: Անմիջապես պատասխանում ենք՝ ո՛չ: Աստվածաշնչում հստակ կերպով ասվում է, որ Աստված բոլոր փրկվածների համար պատրաստել է հավասար վարձատրություն: Փառքի զանազան աստիճանները, որ երբեմն հանդիպում են նաև քրիստոնեական ավանդության մեջ, պարզապես քանակական բնույթ ունեն, երբեք չեն վերաբերվում հատուցման որակին, մինչդեռ եհովականների նշած տարբերությունը ուղղակի որակական է:
Այստեղ քննենք օրինակներից միայն մեկը. քանքարների առակը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի համաձայն, ով ստացել էր հինգ քանքար և շահել էր ուրիշ հինգ քանքար ևս, ստանում է հետևյալ գովասանքն ու վարձատրությունը. «Շատ լավ, բարի ու հավատարիմ ծառա, քանի որ հավատարիմ եղար քչի մեջ, իշխանություն եմ տալիս քեզ շատի վրա. մասնակից եղիր տիրոջդ ուրախությանը» (Մատթեոս 25, 21): Ամբողջովին նույն պատասխանն է ստանում նաև նա, ով ստացել էր երկու քանքար և շահել էր ուրիշ երկու քանքար ևս. «Շատ լավ, բարի ու հավատարիմ ծառա, քանի որ հավատարիմ եղար քչի մեջ, իշխանություն եմ տալիս քեզ շատի վրա. մասնակից եղիր տիրոջդ ուրախությանը» (Մատթեոս 25, 23): Մինչդեռ ով ստացել էր միայն մի քանքար, բայց ծուլությամբ գործի չէր դրել, դատապարտվում է հետևյալ կերպ. «Դատարկապորտ ծառային նետեցեք արտաքին խավարի մեջ. այնտեղ լինելու է լաց և ատամների կրճտում» (Մատթեոս 25, 30): Հավատարիմներն ընդունվում են ներս, անհավատարիմը՝ նետվում է դուրս: Հետևաբար, Աստվածաշնչի համար գոյություն չունեն առաջին կարգի և երկրորդ կարգի վարձատրվածներ, փոքրիկ հոտ և ուրիշ ոչխարներ: Աստծո պարգևած փրկությունը ալյուր կամ շաքար չէ, որպեսզի լինի առաջին որակի կամ երկրորդ որակի:
Ընթերցողին եմ թողնում Հովհաննեսի Ավետարանի 10, 14-16 հատվածի քննությունը. ուշադիր կարդացեք և անձամբ եզրակացրեք, թե արդյոք եհովականների ուսուցումներին նմանվող ինչ-որ մի բան կա՞ այնտեղ: Քրիստոսը՝ միակ Հովիվը, ուղղվելով Իրեն աշակերտածներին, որոնց դեռևս սակավաթիվ լինելու պատճառով անվանում է «փոքրիկ հոտ», վստահեցնում է, որ Իրեն հավատալու են ո՛չ միայն սակավաթիվ մարդիկ Հրեաստանում, այլ՝ անսահմանափակ հոգիներ ամբողջ աշխարհում, այդ օրերում և մինչև աշխարհի վախճանը: Ահա այդ ապագա հավատացյալներին, հատկապես հեթանոսությունից քրիստոնեության դարձի եկող ոչ-հրեաներին է Քրիստոսն անվանում «ուրիշ ոչխարներ», այսպիսով հասկացնելով կուրացած հրեաներին, որ Աստված միայն Իսրայելինը չէ, այլ՝ Արարիչն ու Տերը, Աստվածն է ամբողջ աշխարհի: Ոչ մի ակնարկ չկա 144.000 երկնաբնակ փրկվածների և երկրի վրա հավիտենական կյանք ստացող, դիակներ թաղող, հողագործությամբ զբաղվող, նախ որդեծնող, ապա հանկարծակի ամլացող երկրորդ որակի փրկվածների մասին:
Բայց եթե նույնիսկ փրկվածների ամբողջությունը բաժանված լիներ երկու մասի, – 144.000 հաշվող «փոքրիկ հոտը» և «վիթխարի բազմությունը», – նրանց փառքն ու վարձատրությունը միշտ լինելու էին միևնույնը: Սա հաստատում է Աստվածաշունչը, Հովհաննեսի Հայտնության գիրքը: Վիթխարի բազմության հաղթանակը նկարագրվում է այսպես.
«Որից հետո հայտնվեց մի վիթխարի բազմություն, որը ոչ ոք չի կարող հաշվել, ամեն ազգությունից, ցեղից, ժողովրդից և լեզվից: Բոլորն էլ կանգնած էին (Աստծո) գահի առաջ և Գառան առաջ, հագած անարատ զգեստներ, և արմավենու ճյուղեր էին կրում իրենց ձեռքերում: Եվ մեծաձայն աղաղակում էին. “Փրկությունը պատկանում է գահին բազմած մեր Աստծուն և Գառանը”: Այնժամ բոլոր հրեշտակները, որ կանգնած էին գահի չորսբոլորը, և երեցները և կենդանի չորս էակները երեսներն ի վար խոնարհվեցին գահի առաջ և երկրպագեցին Աստծուն, ասելով. “Ամեն: Գովք, փառք, իմաստություն, երախտիք, պատիվ, զորություն և կարողություն Աստծուն հավիտյանս հավիտենից: Ամեն” » (Հայտնություն 7, 9-12):
Վստահ եմ, որ արդեն նկատեցիք տարբերությունը: Հայտնության գրքի համաձայն, վիթխարի բազմությունը երկնքում է (բոլորն էլ կանգնած էին Աստծո գահի առաջ և Գառան առաջ) և ո՛չ թե երկրի վրա, ինչպես ուսուցանում է եհովական հերետիկոսությունը: Ինչ վերաբերվում է այդ բազմությանը մաս կազմող անձանց, վայելում են Աստծո և Գառան երանացուցիչ տեսությունը, ունեն անարատ զգեստներ, որը պատկերն է երկնային փառքի, իրենց ձեռքերում կրում են արմավենու ճյուղեր, որը պատկերն է իրենց հաղթանակի: Հետևաբար, վիթխարի բազմության համար երկրի վրա երևակայված եհովական դրախտը հակասում է Աստվածաշնչի ուսուցումներին: Արժե շարունակել Հայտնության գրքի այս հատվածի ընթերցումը, տեսնելու համար, թե ինչպիսին է վիթխարի բազմության անդամների վարձատրությունը.
«Եվ նա (երեցներից մեկը) ասաց ինձ. “Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից և իրենց զգեստները լվացին ու սպիտակեցրեցին Գառան արյունով: Այդ պատճառով են նրանք կանգնած Աստծո աթոռի առաջ և օր ու գիշեր պաշտում են նրան իր տաճարում: Եվ նա, որ նստում է աթոռի վրա, բնակվում է նրանց մեջ: Ո՛չ քաղց են զգալու, ո՛չ էլ ծարավելու են, և նրանց չի վնասելու ո՛չ արեգակը, ո՛չ էլ տոթը: Եվ Գառը, որ իր աթոռի մեջտեղում է, պիտի հովվի նրանց ու պիտի առաջնորդի նրանց դեպի կյանքի աղբյուրը կենդանի ջրի, որովհետև Աստված նրանց աչքերից սրբեց ամեն արտասուք” » (Հայտնություն 7, 14-17):
Ինչպես հստակ երևում է, ըստ Հայտնության գրքի՝ բոլոր փրկվածները միևնույն աստիճանի վրա են, շարունակ փառաբանում են Աստծուն և Գառանը, ենթակա չեն ներկա կյանքի կարիքներին (ուտելիք, խմելիք, և այլն), և ոչ մի խոսք չկա երկրին տիրելու, թշնամիների դիակները թաղելու, համաճարակներից ազատվելու, առողջապահության, հողագործության, շինարարության, երկիրը գեղեցկացնելու “առանձնաշնորհությունների” մասին, էլ չեմ խոսում նախ որդեծնելու և ապա հանկարծակի ամլանալու զառանցանքների մասին:
Ուրիշ մի բան ևս, որ կապ ունի այս նյութի հետ. զանազանելու համար 144.000ի երկնային բնակությունը և վիթխարի բազմության երկրային հավիտենական կյանքը, առաջինների բնակավայրը եհովականներն անվանում են «երկնքի Արքայություն», իսկ երկրորդներինը՝ «Աստծո Արքայություն», անամոթաբար հաստատելով, թե իբր Աստվածաշնչից են սովորել այս տարբերությունը: Բայց Աստվածաշնչում այս երկու արտահայտություններն ունեն միևնույն իմաստը, նույնանում են միմյանց որպես հոմանիշներ, ինչպես հստակ երևում է հետևյալ հատվածների համեմատությունից.
ՄԱՏԹԵՈՍ. «Կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չկա. այնուամենայնիվ, երկնքի արքայության մեջ ամենափոքրը նրանից ավելի մեծ է» (11, 11):
ՂՈՒԿԱՍ. «Կանանցից ծնվածների մեջ Հովհաննեսից ավելի մեծը չկա. սակայն Աստծո արքայության մեջ ամենափոքրը նրանից ավելի մեծ է» (7, 28):
ՄԱՏԹԵՈՍ. «Հարուստը դժվարությամբ կարող է մտնել երկնքի արքայություն: Կրկնում եմ ձեզ. ավելի դյուրին է, որ ուղտը ասեղի ծակով անցնի, քան թե հարուստը մտնի երկնքի արքայություն» (19, 23-24):
ՂՈՒԿԱՍ. «Հարստություններ ունեցողների համար քանի՜ցս դժվար է մտնել Աստծո արքայություն: Ավելի հեշտ է ուղտի համար անցնելը ասեղի ծակով, քան հարուստի համար՝մտնելը Աստծո արքայություն» (18, 24-25):
ՄԱՏԹԵՈՍ. «Շատեր պիտի գան արևելքից ու արևմուտքից և պիտի ընթրիքի նստեն Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ երկնքի արքայությունում, […] մինչ արքայության որդիները արտաքսվելու են դեպի արտաքին խավարը» (8, 11-12):
ՂՈՒԿԱՍ. «Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց, երբ կտեսնեք Աբրահամին, Իսահակին ու Հակոբին և բոլոր մարգարեներին Աստծո արքայության մեջ, իսկ ձեզ՝ վտարված դուրս: Գալու են արևելքից ու արևմուտքից, հարավից ու հյուսիսից, և նստելու են ընթրիքի Աստծո արքայության մեջ» (13, 28-29):
Ինչպես շատ պարզ երևում է, այնտեղ, ուր Ղուկասը խոսում է «Աստծո արքայության» մասին, Մատթեոսը գործածում է «երկնքի արքայություն» արտահայտությունը: Աբրահամը, Իսահակն ու Հակոբը, ինչպես նաև մյուս բոլոր նահապետներն ու մարգարեները սահմանված չեն հավիտենական կյանքը երկրի վրա անցկացնելու, ինչպես լրբությամբ պնդում են եհովականները, այլ՝ նրանցն է «երկնքի արքայությունը» (Մատթեոս 8, 11), որն անվանվում է նաև «Աստծո արքայություն» (Ղուկաս 13, 28):
գ) Այժմ անդրադառնանք 144.000 ընտրյալների հարցին, տեսնելու համար, թե աստվածաշնչյան հատվածին տված եհովական մեկնաբանությունն արդյոք ազնի՞վ է, թե՞ սովորականի համաձայն մի խարդախության է վերաբերվում խոսքը: Ահա ներկայացնում եմ Հովհաննեսի Հայտնության գրքի 7, 49 հատվածը, որը խնդրո առարկա տեքստն է, փակագծերում նշելով այն բացատրությունը, որ տալիս են եհովականները: Մեր բացատրությունները կներկայացնենք հետո:
«Ապա լսեցի նրանց թիվը, ովքեր ստացան կնիքի դրոշմը. 144.000 (իրական թիվ) դրոշմվածներ Իսրայելի որդիների յուրաքանչյուր ցեղից (այլաբանական արտահայտություն).
Հուդայի ցեղից 12.000 (այլաբանական թիվ)
Ռուբենի ցեղից 12.000 (այլաբանական թիվ)
Գադի ցեղից 12.000 (այլաբանական թիվ)
Ասերի ցեղից 12.000 (այլաբանական թիվ)
Նեփթաղիմի ցեղից 12.000 (այլաբանական թիվ)
Մանասեի ցեղից 12.000 (այլաբանական թիվ)
Սիմեոնի ցեղից 12.000 (այլաբանական թիվ)
Ղևիի ցեղից 12.000 (այլաբանական թիվ)
Իսաքարի ցեղից 12.000 (այլաբանական թիվ)
Զաբուղոնի ցեղից 12.000 (այլաբանական թիվ)
Հովսեփի ցեղից 12.000 (այլաբանական թիվ)
Բենիամինի ցեղից 12.000 (այլաբանական թիվ)
144.000 (իրական թիվ):
Որից հետո հայտնվեց մի վիթխարի բազմություն, որը ոչ ոք չի կարող հաշվել, ամեն ազգությունից, ցեղից, ժողովրդից և լեզվից: Բոլորն էլ կանգնած էին գահի առաջ և Գառան առաջ […] »:
Ամբողջովին այլաբանական տեքստում, ինչո՞ւ միայն մի թիվ պետք է իրական լինի: Ինչպե՞ս կարող է տասներկու այլաբանական թվերի գումարը լինել իրական թիվ: Կա՛մ ամբողջը պետք է հասկանալ որպես իրական և, հետևաբար, այդ թվում տեսնել 144.000 հրեա («144.000 դրոշմվածներ Իսրայելի որդիների յուրաքանչյուր ցեղից»), կա՛մ էլ ամբողջը պետք է ընդունել որպես այլաբանական: Եհովականների համաձայն, 144.000ը տառացի իմաստով է, մինչդեռ «Իսրայելի որդիների յուրաքանչյուր ցեղից» արտահայտությունը այլաբանական է: Բայց այսպիսով շատ պարզ է, որ եհովականների բացատրության կերպը ամբողջովին քմահաճ է: Այսպես եթե վարվենք, ես էլ կարող եմ հազար ու մի պատմություններ շինել Ռասըլի ու իր հետևորդների գլխին: Բայց անձնական արժանապատվությունս և ազնվությունս ինձ չեն թույլատրում զբաղվել ստոր գործերով, ինչը որ սովորական է եհովական հերետիկոսների Բրուքլինի Ղեկավար Մարմնի անդամների համար:
դ) Բայց մի պահ ենթադրենք, թե եհովականների մեկնաբանությունը ճիշտ է (թեև այդպես չէ) և թե երկինք մեկնելու «վիզա» ստացել են միայն 144.000 անձինք, որոնց անձնագրերն ու բոլոր փաստաթղթերը կանոնավոր էին: Արդյոք ովքե՞ր են լինելու այդ կատարյալները, որ արժանի են լինելու թագավորելու Քրիստոսի հետ: Դրանց շարքում են Առաքյալներն ու Մարիամը: Իսկ Հովսե՞փը, Մարիամի փեսան և Հիսուսի հայրագիրը: Նա՝ ո՛չ: Նրա առջև երկնքի դռները փակ են: Արժանի չէ իր հարսնացուի և Հիսուսի կողքին կանգնելու, պարզապես որովհետև մահացել է Քրիստոսի փրկարար մահից առաջ: Միևնույն պատճառով նաև Նոյը, Աբրահամը, Հակոբը, Մովսեսը, Եսային, բոլոր նահապետներն ու մարգարեները, Հովհաննես Մկրտիչը, եհովականների համաձայն՝ արժանի չեն մաս կազմելու 144.000 ընտրյալների խմբակին:
Ուրեմն, երկինք գնալու համար հարկավոր է մահացած լինել Քրիստոսի մահից հետո: Շատ լավ: Հետևաբար, տրամաբանական պետք է լինի, որ այդ խմբին պատկանեն մարտիրոսները, որոնք իրենց արյունը հեղեցին հավատքի համար, հալածանքների ժամանակ հավատարիմ մնալով Քրիստոսի Ավետարանին: Զարմանալի է, բայց 1975 թվականի Սեպտեմբերի 15ի Դիտարանն իր 575րդ էջում հայտնեց, որ մարտիրոսները նույնպես անարժան են 144.000 ընտրյալների խմբին պատկանելու:
Բայց եթե անարժան են Նահապետներն ու Մարգարեները, եթե իրական հավատարիմ քրիստոնյաներ չեն մարտիրոսները, ուրեմն ո՞վ կարող է մաս կազմել այդ խմբին: Դիտարանն առանց երկար բարակ մտածելու հաստատում է, որ 144.000 ընտրյալների խմբին պատկանում են Ռասըլը, Ռաթըրֆորդը, Նաթան Քնորը, Ղեկավար Մարմնի անդամները և ուրիշ ոմանք, բոլորն էլ Եհովայի Վկա, և ավելին՝ արական սեռի միայն:
Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Եսային, Երեմիան, Հովհաննես Մկրտիչը և Քրիստոսի Մարտիրոսները երկրի վրա հողագործությա՞մբ զբաղվելու, մինչ վերապատվելի Ռասըլ Մեդուզան, խորամանկ աղվես Ռաթըրֆորդը, իրենց հաջորդը՝ “հռչակավոր մարգարե” Նաթանը, որն իր նախորդներին անվանում էր «կեղծ մարգարեներ», այն խեղճուկրակ Ֆրանցը և իրենց նմանօրինակ թափթփուկները՝ երկնքում թագավորելո՞ւ Քրիստոսի հետ:
Նորալուր տխմարություններ: Ուրիշ ոչինչ:
Շարունակելի
Աղբյուր՝https://mashtoz.org/