***
«Պարզ հավատացյա՞լ ես. դու ամենաբախտավորն ես: Ոչ մեկի կյանքը քոնի նման հարուստ չէ, և ոչ մեկին վիճակված չէ հավաքել անդնդի չքնաղ ծաղիկները, որ դու կարող ես հավաքել այս կյանքի ընթացքում: Միայն թե մենակ, առանց հովվի մի քայլիր: Քայլիր եկեղեցու հետ, որովհետև դեռ գառնուկ ես, իսկ շուրջբոլորդ շատ են գայլերը` անթիվ, անհամար: Դու բախտավոր ես, որովհետև Քրիստոս արցունքներով է քեզ փնտրում, և Հայրը սպասում է, որ ապահով տուն վերադառնաս: Սուրբ Հոգու շնորհները Եկեղեցու ծորակներից լիառատորեն քեզ համար են հեղվում: Վերևում հիշված բոլոր մարդիկ քեզ համար են, սիրելի հիվանդ եղբայր, այս աշխարհի անտառներում կորած, խաբված, ցեխերի մեջ տապալված ու ցեխոտված, բայց միշտ ադամանդ եղբայր, դու`ոսկի, դու` անգին, թանկագին եղբայր»:
***
«Ուզում ես վանակա՞ն լինել, սիրի՜ր վանքիդ պատերը, երկար ժամերգությունները, փոշոտ մագաղաթները, լռությունն ու առանձնությունը և սովորիր հաշտ ապրել կիսակատար եղբայրներիդ հետ: Տարիներ հետո այս բոլորը քեզ իրենց խորը գաղտնիքները կհանձնեն, և դու կհասկանաս, որ վանքը մեռնելուց առաջ քո մտած քավարանն է, որտեղ սիրտը, կրակների միջով անցնելով, սովորում է Աստծուն համբուրել: Բայց շուտով վանականն իրազեկ է դառնում, որ իր շուրթերն աղտոտ են, իսկ թևերը` պիղծ, Սիրելիին մոտենալու և Նրան ողջագուրվելու համար: Եվ վանականը մեղքերի հանդեպ իր գիտակցությամբ Սուրբ Նարեկի նման տառապում է և հազար ու մեկ ձևեր փնտրում, որպեսզի մեկ աստիճան ավելի մոտենա Սիրելիին: Վանքը նպատակ չէ, նույնիսկ եթե ամբողջ մի կյանք տրամադրես դրան և այնտեղ թաղվես: Վանքը մեր ճամբորդության վրա դեպի երկինք ուղղված սոսկ կայարան է»:
***
«- Ասա ինձ, դու՞ ես ավելի հարուստ, թե՞ ես։
— Իհարկե դու, հայր սուրբ, համեմատություն անգամ չի կարող լինել։
— Դու էլ ես հարուստ, և դեռ շատ հարուստ պիտի լինես։ Բայց մենք՝ հարուստներս, մեծ խնդիր ունենք։ Գիտե՞ս, թե դա ինչ է. հարստության տեր դառնալ ու երբեք չարտոնել, որ այն անարդարության գործիքի վերածվի։ Հետևաբար ճշմարիտ հարուստն իր հարստությանը երկու անգամ տիրացող անձն է. նախ՝ պետք է, որ ձեռք բերելով նրան տիրանա, իսկ երկրորդ՝ սանձի այն, որպեսզի չարության, ատելության, կռվի, կրքի և անարդարության համար ինքնավար ուժի չվերածվի։ Ծերությունից ձեռքերը դողդողացող մեկի երբևէ տեսե՞լ ես։ Ուզում է ճաշը բերանը տանել, բայց գետնին է թափում՝ աղտոտելով իրեն ու շուրջը։ Հարուստների մեծամասնությունն այդպիսի տկար մարդիկ են՝ հզորի տեսքով. չեն կարողանում վայելել իրենց դիզածները, իրենց գրպանը չի հնազանդվում իրենց խղճի բարության դրդումներին, և գետնին են թափում նախախնամության կողմից իրենց ափսեի մեջ դրված ճոխությունը՝ աղտոտելով իրենց հոգին և թշվառություն տարածելով իրենց շուրջը։ Մեզ՝ մեղավոր ու եսասեր մարդկանց համար ուժի և չարության միջև շատ ստույգ կապ գոյություն ունի։ ՈՒստի հոգևոր կյանքի ոսկե սկզբունքն է՝ հրաժարվելով տիրանալ ամեն ինչի։
— Չկարողացա հասկանալ «հրաժարվելով տիրանալը»։
— Ամեն ինչ պատկանում է Աստծուն, իսկ մեզ՝ ոչինչ։ Լոկ պատրանք է, որ մենք կարծում ենք, թե մեր հավիտենական իրավունքներն ունենք՝ մեր կյանքը, ծնողներին, տաղանդները, անուն, տիտղոս, պատիվ, դրամ, հարստություն, ժամանակ, ապագա, առողջություն։ Երբ այս բոլորը գալիս են որպես նվերներ, մարդը, բնականաբար, իրեն «տեր» է զգում այս բոլորի վրա։ Եվ սատանան նրա հոգում սուտ թելադրանքներ է ներարկում այնպես, որ մարդը կարծում է, թե արժե այս բոլորի համար կռվել, պայքարել, մեռցնել, մեռնել, դավաճանել և ուրանալ ամեն սրբություն։ Այո, ամբողջ մի կյանք տրամադրել սրանց՝ հավաքել, հավաքել ու հավաքել՝ առանց իմանալու, թե ինչի համար և ում համար։ Իսկ երբ մեկը հրաժարվում է իր ունեցածից՝ ներառյալ իր կյանքն ու «տիրոջ» պես վարվելու մոլուցքը, և սկսում է իմաստուն ծառայի երկյուղով «տնտեսել» իրեն հանձնվածները՝ որպես ճշմարիտ Տիրոջ կալվածք, ընդունվում է ավելի ընդարձակ կյանք, որ հավիտենական կյանքն է, որտեղ կորստի ոչ մի ստվեր գոյություն չունի՝ կատարյալ աղքատության մեջ հարստացած»։
Սահակ Պատրիարք