Արդեն ասացինք, որ եհովական հերետիկոսների համար Աստվածաշունչը պարզապես գնացքների չվացուցակի պես մի բան է, թեև վերաբերվում է տարիների ու դարերի: Նրանց ամենակարևոր գրքերից մեկի («Ճշմարտությունը ձեզ կազատի») 11րդ գլուխը ուղղակի կրում է «Ժամանակի հաշիվը» վերնագիրը, հաստատելով, որ ժամանակագրական հաշվարկները եհովական ուսմունքի էական մասն են կազմում:
Ահա այն հիմնական աղյուսակը, որն եհովականներն ասում են, թե իբր քաղել են Աստվածաշնչից.
Ք.ա. 4026 թ. Մարդու արարումը
Ք.ա. 2370 թ. Նոյան ջրհեղեղը
Ք.ա. 1513 թ. Իսրայելի ելքը Եգիպտոսից
Ք.ա. 607 թ. Երուսաղեմի կործանումը
Ք.հ. 29 թ. Հիսուսի մկրտությունը
Ք.հ. 1914 թ. «Վերջին օրերի» սկիզբը
Ք.հ. 1975 թ. Մարդու արարումով սկսված 6.000 տարիների ավարտը
Այս թվականներից մի քանիսին արդեն անդրադարձանք: Քիչ հետո կքննարկենք նաև մյուսները: Բայց նախևառաջ հիշեցնեմ, որ Աստվածաշնչի նպատակների մեջ չի մտնում ճշգրիտ թվականներ հաղորդելը. Սրբազան Հեղինակները լրատվական գործակալությունների աշխատակիցներ չէին: Եկեղեցին միշտ ուսուցանել է, որ Աստվածաշնչի գրքերը վստահությամբ, հավատարմությամբ և առանց սխալների ուսուցանում են ճշմարտությունը, որն Աստված մեր փրկության համար կամեցավ ավանդել Սրբազան Գրությունների միջոցով: Աստված Սուրբ Գրքում խոսում է մեր փրկության համար, և ո՛չ թե՝ որպեսզի ժամանակագրական հաշվարկներով զբաղվենք: Ինչպես գեղեցիկ կերպով ասում է Սուրբ Օգոստինոսը, «մեզ քրիստոնյաներ դարձնելու համար, և ո՛չ թե՝ մաթեմատիկոսներ»: Աստվածաշնչին հարկավոր է մոտենալ՝ փրկության պատգամը ստանալու համար, քարոզիչներ դառնալուց առաջ սեփական վարքը բարենորոգելու, չարիքից՝ նախանձից, ատելությունից, ագահությունից և ուրիշ մոլություններից հեռանալու համար, բարին՝ մարդասիրությունը, խոնարհությունը, հույսը և մյուս բոլոր առաքինությունները գործադրելու համար: Աստվածաշնչին ա՛յլ կերպ մոտեցողը կեղծում է նրա պատգամը:
Բայց այժմ կտեսնենք, որ գործածելով Աստվածաշնչի հաղորդած տվյալները՝ անհնարին է հասնել ստույգ հաշիվների: Այս քննարկումը ցույց կտա, յուրաքանչյուր խելացի մարդու, որ եհովական վերոնշյալ թվականները մտացածին են և ոչնչով չեն համապատասխանում իրականությանը:
ա) Նախաջրհեղեղյան նահապետներից մինչև հետջրհեղեղյանները:
Վերցնենք, օրինակի համար, Ծննդոց գրքի այն երկու հատվածները, որոնք եհովականները շատ են “գործածում”, որոնցում ներկայացվում է ջրհեղեղից առաջ (Ծննդոց 5) և ջրհեղեղից հետո (Ծննդոց 11, 10-32) ապրած նահապետների ծննդաբանությունը:
Աստվածաշնչյան գիտություններին քիչ թե շատ տեղյակ յուրաքանչյուր անձ գիտի, որ Սրբազան Գրությունները մեզ հասել են զանազան ավանդություններով. մազորեթների տեքստը (կամ հրեաներինը), սամարացիների տեքստը, Յոթանասնից կոչվող հունարեն հնագույն թարգմանությունը: Այսպիսով, Ադամից մինչև Նոյի մուտքը տապան անցնում են 1.656 տարիներ ըստ մազորեթական, 1.307 տարիներ ըստ սամարական, 2.242 տարիներ ըստ Յոթանասնից թարգմանության տեքստի: Սրանցից ո՞ր մեկին պետք է հետևել:
Նույն բանը կրկնվում է հետջրհեղեղյան նահապետների պարագային. Սեմից մինչև Աբրահամի կոչումը (Ծնդ 12, 4) անցնում են 367 տարիներ ըստ մազորեթական, 1.017 տարիներ ըստ սամարական, 1.147 տարիներ ըստ Յոթանասնից թարգմանության տեքստի: Կրկին նույն հարցը. ո՞րն է ճշգրիտը:
Այն, ինչը որ ամենից ավելի է ապշեցնում երկու ծննդաբանություններում, նահապետների երկարակեցությունն է, որոնցից ոմանք մոտենում են մի հազարամյակի: Արդ, երկարակեցության նմանօրինակ դեպքերի հանդիպում ենք նաև ոչ-աստվածաշնչյան գրականության մեջ, այսպես կոչված «Բաբելոնի թագավորների ցանկ»ում: Այդ ցանկում ներկայացվում են տասը նախաջրհեղեղյան և նույնպես տասը հետջրհեղեղյան թագավորներ: Մի քանի օրինակ այդ ցանկից. Ալուլիմը թագավորում է Էրիդու քաղաքում 28.000 տարի, Ալագարը՝ 36.000 տարի, իսկ Էմմենլուաննան թագավորում է Բադ Թիբիրա քաղաքում 43.000 տարի, և այլն: Իսկույն հասկանում ենք, որ մեր առջև ունենք արտահայտվելու ձևեր, որոնք հատուկ են այդ դարաշրջանին և իրենց նպատակը ճշգրիտ թվականներ հաղորդելը չէ: Ենոքը ապրում է 365 տարի, այսինքն՝ որքան որ են արևային տարվա օրերը: Կայնանին վերաբերվող բոլոր թվականները ձևացած են 70ով. ծնում է 70 տարեկան հասակում, ապրում է 840 տարի (70 x 12), մահանում է 910 տարեկան հասակում (70 x 13):
Անշուշտ առաջանում է հետևյալ հարցը. ինչո՞ւ է Ծննդոցի սրբազան հեղինակը գործածել գրական այդ կերպը (ժանրը), ինքը նույնպես գիտակից լինելով, որ ներկայացված թվերը ճշգրիտ չեն: Որովհետև պարզապես կամեցել է լրացնել ժամանակային այն դատարկությունը, որ կար Ադամից մինչև Աբրահամը: Ահա այս պատճառով է մի ծննդաբանությունը տեղադրում Ադամի ու Նոյի միջև (Ծննդոց 5), իսկ երկրորդը՝ Նոյի ու Աբրահամի միջև (Ծննդոց 11): Բայց այդ ծննդաբանությունները Սրբազան Հեղինակը չի հորինել, այլ՝ գործածել է իր ձեռքի տակ եղած ժողովրդական ավանդույթները: Այսպիսով, դատարկությունը լցվել է: Ծննդաբանությունների միջոցով, Սրբազան Հեղինակը հայտնում է ամենակարևորը. Ադամին Աստծո կողմից տրված օրհնությունը անցել է Նոյին, ապա՝ Նոյից Աբրահամին: Սրբազան Հեղինակին հետաքրքրում է Աստծո օրհնությունը, Սրբազան Հեղինակը ոչնչով նման չէ եհովականներին, որոնց միակ հետաքրքրությունը իրենց դատարկ ուղեղները տարեթվերով լցնելն է:
բ) Աբրահամից մինչև Եգիպտոսից ելքը:
Այս ժամանակաշրջանի վերաբերյալ, Աստվածաշունչը համաձայն չէ ինքն իր հետ: Ավանդություններից մեկն ասում է, թե հրեաները Եգիպտոսում մնացին 400 տարի: Ավանդություններից մյուսի համաձայն՝ 430 տարի: Երրորդ ավանդության համաձայն, 430 տարիների մեջ մտնում են նահապետների Քանանում և հրեաների Եգիպտոսում պանդխտացած ժամանակամիջոցները: Տեսնենք մեկ առ մեկ:
400 տարիների ավանդությունը. «Իմացիր, որ սերունդդ պանդուխտ է լինելու մի երկրում, որ իրենը չէ (=Եգիպտոս): Ենթարկվելու է ստրկության և շահագործվելու է 400 տարի» (Ծննդոց 15, 13; հմմտ. Գործք Առաքելոց 7, 6):
430 տարիների ավանդությունը (միայն Եգիպտոսում). «Ժամանակը, որի ընթացքում իսրայելացիները մնացին Եգիպտոսում, եղավ 430 տարի» (Ելից 12, 40):
430 տարիների ավանդությունը (նահապետները Քանանում, հրեաները Եգիպտոսում). «Աբրահամին ու իր սերնդին տրվեցին խոստումները: […] Արդ, ես ասում եմ. նախապես Աստծո կողմից հաստատված դաշինքը չի կարող ջնջվել մի օրենքով, որը եկել է 430 տարի հետո, այսպիսով ջնջելով խոստումը» (Պողոս Առաքյալի Նամակը Գաղատացիներին 3, 16-17):
Այս վերջինի համաձայն, ուրեմն, Աստծո կողմից Աբրահամին տրված խոստումից (Ծննդոց 12, 7; 13, 15; և այլն), այսինքն՝ Քանանում իր բնակություն հաստատելու սկզբից մինչև Սինայի ուխտը (Ելից 19-24) անցել է 430 տարի:
Եթե ներշնչված հեղինակներն ուշադրություն չեն դարձրել այս տարբերություններին և Աստվածաշնչի սրբազան էջերում թողել են դրանք այնպես, ինչպես որ են, սա շատ հստակ փաստ է, որ այդ թվականներին չեն տվել այն կարևորությունը, որ դրանց տալիս է եհովական հերետիկոսությունը:
գ) Ելքից մինչև Սողոմոնի Տաճարը:
Այս ժամանակամիջոցի վերաբերյալ նույնպես, Աստվածաշնչում կան միմյանց միջև անհամաձայն երկու ավանդություններ:
Դրանցից առաջինը 480 տարիների ավանդությունն է, որը վկայված է Թագավորների Երրորդ Գրքի 6, 1 հատվածում. «Յահվէի Տաճարի կառուցումը սկսվեց Եգիպտոսից իսրայելացիների ելքից 480 տարի հետո, Իսրայելի վրա Սողոմոնի թագավորության չորրորդ տարին»:
Իսկույն նշենք, որ այս թվականը այլաբանական է, որովհետև ներկայացնում է 12 սերունդ, յուրաքանչյուրը 40 տարի տևողությամբ (40 x 12 = 480):
Երկրորդը «533 + x տարիներ»ի ավանդությունն է: Այս թիվը ստացվում է՝ միմյանց գումարելով այն թվականները, որոնք հնարավոր է գտնել Աստվածաշնչում, Եգիպտոսից ելքից մինչև Սողոմոնի թագավորության չորրորդ տարին: Այսպիսով ստանում ենք 533 տարի, որին հարկավոր է ավելացնել Սավուղի թագավորության տարիները, որոնք ճշտված չեն (Գործք Առաքելոց 13, 21 հատվածի համաձայն՝ 40 տարի), ապա Սամուելի և Հեսուի դատավորության տարիները: Պարզապես տեղեկություն տալու համար նշեմ, որ այստեղ ևս չենք կարող գտնել անսասան վստահություններ, որովհետև օրինակի համար՝ Թագավորների Առաջին Գրքի 4, 18 հատվածում Էլին ղեկավարում է 40 տարի ըստ մազորեթական, 20 տարի ըստ Յոթանասնից թարգմանության տեքստի:
Արդ ներկայացվածները օրինակներ տալու համար էին միայն: Նմանատիպ քննարկումներ կարելի է կատարել նաև Իսրայելի և Հուդայի թագավորների թագավորության տևողության շուրջ, առանց կասկածների եզրակացնելով, որ անհնարին է այսպիսի հաշվարկներով հասնել 1914, 1918, 1975 կամ ա՛յլ եհովական թվականների, որոնցում կատարվել ու կատարվում են շա՜տ հռչակավոր, բայց միշտ անտեսանելի իրադարձություններ:
Ակամա հարցնում եմ ինքս ինձ. շարքային Վկաները դռնե դուռ ընկած, իրենց ղեկավարների մարդկային (չասելու համար՝ սատանայական) ուսուցումները տարածելու փոխարեն ավելի լավ չէի՞ն անի, եթե նստեին տանը և Դիտարանի իրենց ունեցած օրինակներն աղբանոց նետելով՝ մի քիչ ավելի լրջությամբ ընթերցեին Աստվածաշունչը (իրականը): Հպարտ ինքնագոհության զգացումների փոխարեն ավելի լավ չէի՞ն անի, եթե իրենց հոգիներում խնամեին մի քիչ խոնարհություն ու ինքնաքննադատական ոգի, որը վայել է յուրաքանչյուր պատվական ազնիվ մարդու:
***
Ավարտելով սույն աշխատության առաջին մասը, հուսով եմ, որ ընթերցողն իմ հետ հանգեց այն եզրակացությանը, որ Աստվածաշնչի ու մարդկության պատմության վերաբերյալ եհովական ուսուցումները լիովին զուրկ են ճշմարտությունից: Խոստովանելով ասեմ, որ բազում անգամներ ունեցա ձանձրույթի ահավոր զգացումներ և կամենում էի որքան հնարավոր է կարճ կապել: Չխորացրեցի եհովական հերետիկոսների կողմից արյան փոխներարկման արգելման հարցը և մի քանի ուրիշ երկրորդական խնդիրներ, թողնելով յուրաքանչյուր խելացի անձի գնահատմանը: Նաև մտածեցի, որ թերևս յուրաքանչյուր ընթերցող կհարցնի ինքն իրեն. «Այսքան ստախոսություններ բացահայտելուց հետո հիմա՞ր եմ՝ հավատամ եհովական հերետիկոսների խոսքերին: Հիմա՞ր եմ, ընտանիքս, ժողովուրդս, Հայրենիքս, Եկեղեցիս թողած՝ տարածեմ այս խաբեբաների ազդեցությունը»:
Կամենում էի նաև այսքանով ավարտել աշխատությունը, բայց Ամենասուրբ Երրորդության օրհնությամբ ու օգնությամբ, ինչպես նաև որպես միակ նպատակ ունենալով սիրելի հայրենակիցներիս զերծ պահելը եհովական ախտից (վարակվածներին ետ կանչելով, վարակվելուն մոտ գտնվողներին պաշտպանելով), անցնում եմ քննելու աստվածաբանական մի քանի կետեր, որոնցում եհովական հերետիկոսությունը հակասում է Աստվածաշնչին ու Քրիստոնեությանը: Վերջում կներկայացնեմ եհովականությունից Քրիստոնեությանը վերադարձած մի քանի անձանց վկայությունները, որոնք որպես օրինակ կարող են ծառայել արդեն եհովական դարձած կամ դառնալ կամեցող հայորդիների համար, օգնելով հավատարիմ մնալ Քրիստոսի Եկեղեցուն և Ճշմարտությանը:
Շարունակելի
Աղբյուր՝https://mashtoz.org/