Մարիա՛մ, Սո՛րբ Կո՛յս, օրհնեալ Աստուածածի՛ն,
Ուրախացի՛ր, բերկրեա՛, ծնօ՛ղ Սուրբ Միածնին:
Քեզ երանեն զօրք երկնայինք ու երկրայինք,
Փառաւորեն զփոխումն քո յերկրէ յերկին:
(Կանոն վերափոխման Սրբուհւոյ Աստուածածնին)
Կոյս Տիրամօր բոլոր տօները՝ սկսած երկրի վրայ նրա անարատ յղութիւնից մինչեւ վերին երկինք վերափոխուելը, տէրունական կարգով են եւ անբաժան իր Աստուածորդու տնօրինական խորհուրդներից: Չյիշատակելով բոլոր սուրբերի մօրը եւ Դշխուհուն, ամենօրհնեալ Աստուածածնին եւ միշտ Կոյսին՝ անկատար կը լինի սուրբերի վարքն ու վկայաբանութիւնները ներկայացելը: Ուստի նրա Վերափոխման այս տօնին հաւատացեալներին փոքրիշատէ կը մատուցենք նրա հրաշալի վարքը եւ կեանքի ընթացքը, սակայն ոչ այնքան յղութեան, ծննդեան եւ տաճարին ընծայուելու մասին, որոնք գրուած են նրա ծնօղների՝ Յովակիմի եւ Աննայի վարքագրութեան մէջ, եւ ոչ էլ աւետման կամ այցելութեան խորհրդի, կամ Քրիստոսի Ծննդեան, Նրա քառասնօրեայ տաճար գալստեան մասին, որոնք գլխաւորապէս տէրունական են, այլ որքան գիտենք սուրբ աւետարանիչներից, նախ ծաղկաքաղ անելով կը յիշատակենք երկրի վրայ տիեզերքի տիրուհու երկնային կենցաղավարութեան եւ ապա նրա կեանքի ցանկալի աւարտի ու երկինք ելնելու մասին, ինչպէս որ գիտենք Աստուծոյ ընդհանրական Եկեղեցու աւանդութիւնից:
Արդ, ինչպէս յայտնի է սուրբ Աւետարանից, փառաւորեալ սուրբ Կոյս Մարիամ Աստուածածինը Հրէաստանի Նազարէթ քաղաքից էր, Յուդայի ցեղից, Դաւթի տնից եւ ըստ օրէնքի՝ նշանուած էր նոյն ցեղից մի արդար մարդու՝ հիւսն Յովսէփի հետ, որը ծնուել էր Բեթլեհէմում ու բնակւում էր Նազարէթում: Եւ եղաւ, որ նախքան նրանց միմեանց մօտենալը, Աստուած հողեղէն սերովբէի՝ Մարիամի մօտ առաքեց Գաբրիէլ հրեշտակապետին, եւ մաքուր Կոյսը Սուրբ Հոգու հովանաւորութեամբ ու Բարձրեալ Հօր հաճութեամբ յղացաւ Բանն Աստծուն անսերմ յղութեամբ: Եւ անարատ օրիորդն իր մաքուր արգանդում յղացաւ ոչ թէ սոսկ մարդու, այլ մարդացեալ Աստուծոյ: Քանզի Աստուծոյ Որդին մարդու Որդի եղաւ՝ ճշմարիտ մարմին հագնելով սուրբ Կոյսից, եղաւ ամբողջովին նման մեզ, բացի մեղքերից, իսկ կերպարանքով եւ էութեամբ առաւելապէս նման Իր մօրը: Մեր փրկութեան համար ըստ աստուածութեան եղաւ Հօր անմայր ծնունդ յաւիտեաններում եւ ըստ մարդկութեան՝ մօր անհայր ծնունդ ժամանակի մէջ, քանզի ըստ նահապետներին, մանաւանդ Աբրահամին եւ Դաւթին՝ աստուածահայր անուամբ պատուելիներին տուած խոստումի՝ բոլոր ազգերը պիտի օրհնուեն իրենց զաւակով:
Եւ այս բանը՝ հրաշափառագոյն խորհուրդների խորհուրդը, վեր է բոլոր մտքերից եւ խորհուրդներից, անճառելի ու անհասանելի արարածների մտքի տեսութեանը, էլ չեմ ասում, որ բացատրելի չէ պատմողական խօսքերով: Նոյնպէս եւ սուրբ Կոյսի վարքը, որ ընտրուել էր արժանանալու այս անզուգական Աստուածմայրութեան պատուին, անշուշտ պիտի պահուէր անմեկնելի պատմութեան ծածուկ խորքերում եւ Սուրբ Հոգու կողմից չթոյլատրուէր աւետարանիչներին արձանագրել աւելին նրա անձի մասին, այլ մեծ Խորհրդի տնօրինութեան կարգի լրման համար թողնել միայն անհրաժեշտը, քանի որ ինչ էլ որ ասէին, նուաստ կը լինէր նրա մեծութեան առաջ: Այդ պատճառով բաւական համարեցին ցոյց տալ մատով, թէ սա է այն Կոյսը, որի մասին մարգարէն գուշակեց, թէ ահա Կոյսը պիտի յղանայ եւ Որդի ծնի, եւ Նրան պիտի Էմմանուէլ կոչեն, որ թարգմանւում է «Աստուած մեզ հետ է»: Բաւական համարեցին վկայել, թէ նա է Յիսուսի մայրը, նոյն Յիսուս Քրիստոսի, կենդանի Աստուծոյ Որդու: Կոյսին անուանակոչեցին Մարիամ (եբրայերէն՝ Միրեամ կամ Մարեամ), որպէսզի նա զատուի Եւայի բոլոր դուստրերից՝ որպէս միակ լուսապայծառ աստղ, իսկ կուսութեան մէջ նրա մայրութիւնը եւ մայրութեան մէջ կուսութիւնը յայտնաբանեցին որպէս աստուածային տնօրինութեան նշան:
Բայց թէ ինչպիսինն էր այս անարատ մօր եւ կոյսի բարի վարքը, նրանք առաւել շատ հռչակեցին լռութեամբ եւ թողեցին, որ ինքներս իմաստասիրենք առաւելագոյնը Աստծուն մատուցած նրա ծառայութեան արդիւնքների՝ Աստուծոյ Որդուն մայրանալու մասին, որի համար նա ընտրուեց: Միաժամանակ ուսուցանեցին խորհրդածել նաեւ նրա հրեշտակային առաքինութիւնների մասին, որոնք ցուցաբերեց իր Միածնի մարդեղութեան խորհրդի ժամանակ: Նրա խոնարհութիւնը եւ զգաստութիւնը առաւել ճանաչել տուեց աւետարանիչը, քանզի, ինչպէս ասում է, երբ շնորհալից սուրբ Կոյսն առաւ Գաբրիէլեան մեծ աւետիսի ողջոյնը, խռովուեց իր անձի շուրջ գերաստիճան բարձր խօսքերից, բայց իսկոյն ցոյց տուեց իր դշխոյական վեհանձնութիւնը, որովհետեւ ուրիշների պէս բնաւ չերկնչեց երկնաւոր հրեշտակից, այլ մի առ մի պատասխանեց Աստուծոյ ուղարկած պատգամաւորին: Այնժամ փայլարձակեց նրա կուսական մաքրութեան գեղեցիկ մարգարիտը, քանզի պահելով անապական կուսութեան անթառամ ծաղիկը՝ գերագոյն պարկեշտութեամբ սէր յայտարարեց ողջախոհութեան[1] հանդէպ, մինչեւ իսկ յանձն չառաւ լինել Աստուծոյ մայր, եթէ պիտի միշտ կոյս չմնար: Բայց երբ Բարձրեալի կամքին հնազանդութեամբ հասու եղաւ Աստուծոյ Բանի խորհրդին, նրանում տիրապէս հանդէս եկան հանճարը, իմաստութիւնը եւ հոգու եօթնարփեան շնորհների բոլոր ձիրքերը:
Արդ, եթէ այսպիսինն էր Կոյսի յօժարութիւնը, ապա ինչ կարող ենք ասել նրա մասին աստուածմայրութեան խորհրդի կատարումից յետոյ: Երբ Միածինն իջաւ նրա արգանդ, Սուրբ Հոգու շնորհներով լցուածը լցուեց Միածնի փառքով: Կատարուեց առակի այն խօսքը, թէ «Թագաւորի դստեր ողջ փառքն իր ներսում է», նա նոյն երկնաւոր Հօր դուստրն է, նոյն Սուրբ Հոգու հարսը եւ նոյն Աստուծոյ Բանի մայրը: Ուստի մեր հոգեկիր հռետորն իրաւամբ գոչում է. «Ո՛վ Սրբուհի, որքա՜ն մեծ է քո մէջ կատարուած խորհուրդը»: Իսկ մենք ըստ աւետարանական պատմութեան կարգի՝ ձգտենք տեսնել Աստուծոյ հրաշափառ գործերը Կոյսի եւ մօր անձի մէջ, ով ընտրուեց ու եղաւ Աստուծոյ մայր, թէպէտ իր անձը դեռեւս Աստուծոյ աղախին էր կոչում եւ ջանում էր ամէն բանում հնազանդուել Աստուծոյ կամքին:
Աստուածասիրութեան հետ մէկտեղ, որը սուրբ Աստուածամայրն ունէր կատարելապէս, իսկ եւ իսկ մեզ ընծայեց ընկերասիրութեան պտուղը, որն ի յայտ բերեց այնժամ, երբ անյապաղ փութաց գնալ լեռնակողմը՝ ի խնդակցութիւն Եղիսաբէթի, որն իր ազգականն էր եւ որն իր ամլութեան ու ծերութեան մէջ պիտի զաւակ ունենար: Ահա խոնարհութեան ցոյց՝ անհամեմատ ստորինների հանդէպ, քանզի Թագաւորի մայրն իր Աստուածորդով, որ իր արգանդում էր, շտապեց առաջինը այցելել ծառայածին աղախնուն՝ մաքրելու Նրա Կարապետին, որը եւս իր մօր արգանդում էր: Եղիսաբէթը զարհուրեց, քանզի Սուրբ Հոգով ճանաչեց Կոյսի հետ կատարուող գերագոյն խորհուրդը եւ աղաղակեց՝ ասելով. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մօտ գայ»[2]: Երանելի Եղիսաբէթը՝ Մկրտչի մայրը, այս խօսքերով առաջինն էր, որ դաւանեց Մարիամին՝ որպէս Աստուածամայր, ինչպէս որ մանուկ Յովհաննէսը եղաւ Մարիամի Որդու Աստուածութեան առաջին քարոզիչը, երբ որովայնից որովայն երկրպագեց Յիսուս Քրիստոսին: Եւ ի՞նչ է նշանակում Տիրոջ մայր դաւանելը Մարիամին, եթէ ոչ նրան Աստուածածին խոստովանելը: Եւ կամ ի՞նչ է նշանակում Քրիստոսին երկրպագելը մանուկ հասակում, եթէ ոչ Նրան մարդացեալ Աստուած հռչակելը: Նոյնը յայտնաբարբառ գուշակեց նաեւ Զաքարիա քահանան՝ իր մանուկ Յովհաննէսին Բարձրեալի մարգարէ կոչելով, որն էլ եղաւ Աստուածորդու եւ Կոյսի Կարապետը:
Իսկ ի՞նչ է պէտք ասել մօր խօսքի խորհրդական աստուածաբանութեան մասին, երբ նորահրաշ օրհներգութեամբ նա փառաւորեց իր Աստուած Փրկչին, Նրան, Ով իր համար մեծամեծ գործեր արեց եւ մեծարեց նրա խոնարհութիւնը՝ երանելի դարձնելով նրան բոլոր ազգերի մէջ, ինչպէս Աւետարանում յիշատակուած այն կինը, որը ձայն բարձրացրեց ժողովրդի միջից՝ ասելով Յիսուսին. «Երանի՜ այն որովայնին, որ կրեց Քեզ եւ այն ստինքներին, որոնք դիեցրին Քեզ»: Եւ եթէ ըստ Տիրոջ խօսքի՝ երանի է նրանց, ովքեր լսում են Աստուծոյ խօսքը եւ կատարում, ապա Տիրամայրը այդպիսինների գլուխն է, որովհետեւ նրա բոլոր խորհուրդները, խօսքերը եւ գործերը իր ողջ կեանքում ոչ այլ ինչ էին, եթէ ոչ Աստուծոյ խորհուրդների իրագործում՝ Աստուծոյ խօսքի համաձայն:
Աստուածիմաստ նախախնամութիւնը, որ Միածնի Հոգով ամէն բանում առաջնորդւում էր Տիրամօրը, ըստ Աւետարանի արտափայլում է նաեւ այնժամ, երբ երեք ամիս անց նա վերադարձաւ իր տուն, քանզի տիրոջն արժան չէր սպասաւորել ծառայի ծննդեանը եւ ոչ էլ անարատ Կոյսին մերձ լինել Եղիսաբէթի երկունքներին: Բայց սքանչելի արթնութեամբ հանդերձ նրա զգօնամիտ եւ համբերատար լռութիւնը փայլեց այնժամ, երբ իր նշանած Յովսէփին չյայտնեց մեծ խորհրդի մասին, որից անտեղեակ էր արդարը: Նա վարանումների մէջ էր, որովհետեւ օրէցօր յայտնի էր դառնում իր մայրութեան նշանը, որ ունէր կուսութեան մէջ: Մարիամը լռեց այն մասին, ինչն անպատմելի էր, մինչեւ որ Աստուած Ինքը հաւաստիացրեց Յովսէփին անհաւատալի իրողութեան մասին: Անպարտելի հնազանդութիւն էր Օգոստոս կայսեր մարդահամարի պատճառով Յովսէփի հետ Բեթլեհէմ գնալը, իսկ օտարութեան մէջ փառքի Թագաւորին ծնելը եւ անբան անասունների մսուրում դնելը՝ ծայրագոյն խոնարհութիւն, համբերութիւն, աղքատութիւն եւ Միածնի բոլոր չարչարանքներին հաղորդ լինելու նշան: Անբաւ առաքինութիւնների հայելի էր մեծամեծ դէպքերի՝ հրեշտակի աւետիսով հովիւների եւ աստղի առաջնորդութեամբ մոգերի գալստեան ժամանակ, որոնք եկել էին Աստուածորդուն երկրպագելու եւ Կոյս Աստուածամօրը մեծապէս պատուելու: Անյագ փափագմամբ կը ցանկանայի հասնել այնտեղ՝ նրանց ոտքերի մօտ, որ թերեւս փոքր-ինչ ճաշակէի Միածնի եւ Նրա Ծնօղի անմեկնելի վայելչութիւնից ու սրբութիւնից:
Էլ ի՞նչ ասենք դրանից յետոյ տաճարում քառասնօրեայ օրէնքի կատարման մասին, երբ որպէս թէ լրացան անդրանկածին մօր մաքրութեան օրերը, որին անկարօտ էր ամենասուրբ Կոյսը՝ Սուրբ Հոգով սրբութիւնների սրբութեան անարատ ծնօղը, ինքնին լինելով տէրունական տաճար եւ որի միայն ստուերն էր այն տաճարը, ուր գնում էր: Իր ուրախութեան ժամին նա ունէր ծայրագոյն տխրութիւն մինչ այդ ստացած անբուժելի վէրքի համար, քանզի յիշում էր այն սուրը, որ պիտի անցնէր իր անձի միջով՝ ըստ Սիմէօն ծերունու մարգարէութեան: Մաքուր աղաւնին Աստուծոյ Գառանն ընծայում էր Հօրը՝ որպէս պատարագ, ուր ինքը եւս այրուող հոգով ողջակէզ մատուցուեց:
Էլ ինչ ասենք այն մասին, երբ Հերովսէսի երեսից Աստուածորդու հետ Եգիպտոս փախաւ, այլեւ ամենքին ճաշակելի ծածկուած Մանանայի խորհրդի կամ մանուկ Էմմանուէլի մօր սպասաւորութեամբ եւ Յովսէփի՝ որպէս հօր հոգածութեամբ Նազարէթում մեծանալու մասին, քանզի այս ամէնը սուրբ Աւետարանը քարոզում է ազդու լռութեամբ:
Նմանապէս յոյժ խորին է տասներկուամեայ Յիսուսի տաճարում մնալու խորհուրդը եւ խանդաղակաթ մօր անկորուստ Գանձի խռովայոյզ փնտռտուքը, երբ մանկասպան Հերովդէսի յաջորդների չարութեան ահից երեք օր տատամսութեամբ հարցուփորձ էր անում ուղեկիցներին եւ ծանօթներին, մինչեւ որ երեքօրեայ Յարութեան օրինակով Նրան գտաւ տաճարի մէջ ողջ եւ առողջ: Ծնողագութ սիրոյ գանգատով Տիրամայրն այնտեղ համարձակուեց ասել ցանկալի Որդուն. «Որդեա՛կ՛, այս ի՞նչ արեցիր Դու մեզ. ահաւասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտռում»[3], ու լսեց վայելուչ եւ սիրալիր պատասխան. «Ինչո՞ւ էիք ինձ փնտռում, չգիտէի՞ք, թէ Ես Հօրս տանը պէտք է լինեմ»[4]: Եւ այս խորհուրդը ոչ ոք չէր կարող լաւագոյնս ըմբռնել, ինչպէս մայրը, ով գիտէր, թէ Ում է ծնել, թէ Ով է Նրա Հայրը՝ յաւիտենական Աստուած, Ում բնակութեան համար հաստատուած էր տաճարի շինութիւնը, սակայն դեռեւս չէր իմանում Բանի դիտաւորութիւնը. արդեօ՞ք մշտապէս կամենում էր բնակուել տաճարում՝ իբրեւ Իր Հօր տան, թէ՞ ցանկանում էր իջնել Նազարէթ՝ իր մօր տուն: Նա ցնծաց հոգով, երբ Յիսուս մօր եւ Յովսէփի հետ Նազարէթ իջաւ՝ հնազանդուելով նրանց: Այս բանը աւետարանիչը յայտնաբանում է խորհրդաբար, որպէսզի ցոյց տայ, որ Նա Իր պատանեկութեան ողջ շրջանում լռիկ մնաց տանը՝ հնազանդ Տիրամօրը եւ երանելի Յովսէփին, ինչպէս որ մանուկ հասակում:
Թող հաւատացեալներն իրենց սրտերում խելամուտ լինեն, թէ ինչպիսին էր Աստուածամօր կենցաղավարութիւնն Աստուածորդու հետ Նրա երիտասարդութեան ամբողջ շրջանում, այսինքն մինչեւ երեսուն տարեկան հասակը, որում մկրտուեց եւ սկսեց քարոզել: Ո՞ւր են սերովբէները, ո՞ւր են քերովբէները եւ բոլոր անմարմին հրեշտակները, որ երկնքի գերահրաշ եւ աստուածամերձ քաղաքացիներն են: Չկա ոչ մի համեմամութիւն ողջ երկնաւորաց դասի եւ սուրբ Աստուածածնի սրբութեան ու աստուածմերձութեան միջեւ, քանզի Մարիամը Աստուծոյ մայրն է, իսկ նրանք՝ Աստուծոյ եւ Աստուածամօր սպասաւորները: Եւ եթէ ինչպէս Տէրը վկայեց, Մարթայի քոյր Մարիամը ընտրեց լաւագոյն մասը՝ փոքր-ինչ նստելով Նրա ոտքերի մօտ եւ լսելով Նրա խօսքերը, ապա Տիրոջ մայրը՝ Մարիամը, ընտրեց եւ ժառանգեց ամբողջ լաւագոյնը՝ համօրէն բարութեան Աղբիւրը՝ ողջ ժամանակ մայրական մտերմութեամբ լսելով ու խօսակցելով Նրա հետ, կուսական կաթից յետոյ մեծացնելով ու կերակրելով իր ջանքերով՝ Նրա անկարօտ բնութեան կարիքների համար: Հագցրեց, դարմանեց եւ խնամեց՝ տանելով ու բերելով Նրան, Ով անպարագրելի էր, նստեց ու ելաւ Նրա հետ: Եւ որ ամենամեծն է, հրամայեց Նրան ծնօղաբար եւ ընդունեց որդիական պատիւ ու պատկառանք:
Ահա այսքանը եւ աւելին Սուրբ Գիրքը լռութեամբ քարոզում է մեզ. լռում է Յիսուսի մանկութիւնից մինչեւ նրա կատարեալ հասակ առնելու շրջանի եւ Նրա մօր գործերի մասին: Իսկ երբ մօտեցան օրերը, երբ Տէրն Իր անձը պիտի յայտներ աշխարհին, Նա ի՞նչ արեց: Ինչպէս Աւետարանն է պատմում, գալիլեացիների Կանա քաղաքում իբրեւ թէ հրաման առաւ Իր մօրից եւ գործեց Իր առաջին հրաշքը: Հրաման եմ կոչում մայրական մտերմութեամբ ակնարկութիւնը, որին Աստուածորդին նախ դժգոհութիւն ցուցաբերեց իբրեւ թէ խնդրանքը դժուարին լինելու համար՝ մեզ խոնարհութեան օրինակ տալու եւ նման գործեր հեշտութեամբ չյօժարելու համար, որոնցից մեզ փառք ու պատիւ կը ծագեն: Այլ այս ամենում Նա բոլորից վեր դասեց հնազանդութիւնն Իր մօր հանդէպ եւ գործով ոչ միայն պատուեց, այլեւ գովեց Իր մօրը՝ այլոց հանդէպ գթալից սէր ունենալու համար: Մայրը չէր ուզում, որ հարսանիքում նրանք ամաչէին գինու պակասութիւնից, որովհետեւ ինչպէս միշտ, նա շտապում է բարեխօսել իր Միածին Որդուն մեր բոլոր՝ հոգեւոր եւ մարմնաւոր կարիքների համար:
Սակայն դու տե՛ս Իմաստութեան մօր իմաստութիւնը. նա բաւական համարեց ասել՝ գինի չունեն եւ չասաց, թէ խնդրում եմ, հրաշագործի՛ր, կամ տո՛ւր նրանց պահանջը, որովհետեւ գիտէր, որ բաւական էր, որ Որդին իր բերանից լսէր այլոց կարիքների մասին: Անտարակոյս, Որդին հնազանդ էր մօրը, ուստի նա սպասաւորներին ասաց՝ հնազանդուել իր Որդուն, որը նաեւ մեզ է ասում՝ ինչ որ ձեզ ասի, արէ՛ք:
Այնուհետեւ երբ Տէրը Կափառնայում իջաւ, իջաւ նաեւ մայրը, իսկ երբ քարոզելու համար շրջեց ամբողջ Պաղեստինում, առաւել՝ Հրէաստանում, այսինքն Յուդայի երկրում, Երուսաղէմում եւ Գալիլեայում, որտեղից մեծամասամբ Իր աշակերտներն էին, մայրը չէր շրջում Նրա հետ, սակայն ժամանակ առ ժամանակ առաքինի կանանց հետ դեգերում էր Նրանից ոչ շատ հեռու եւ երբեմն-երբեմն այցելում Նրան, որպէսզի յագեցներ իր սրտի ծարաւը Որդու աստուածային Երեսի տեսութեամբ ու Նրա կենարար վարդապետութեան ունկնդրութեամբ: Եւ այս կերպով նա կցորդ էր լինում Աստուածորդու բոլոր տնօրէնութիւններին՝ սկսած Ծնունդից մինչեւ Խաչելութիւնը:
Երեքամեայ քարոզութիւնից յետոյ Յիսուսին վիճակուեց կամաւոր մահ խաչի վրայ, նոյնպէս էլ մօրը՝ կամաւոր խաչակցութիւն իր Միածնին: Լսել ենք, որ մայրը կանգնած էր Յիսուսի խաչի առջեւ, եւ այս իրողութիւնը բովանդակում է ամէն բան: Խաչելութեան ժամին Յիսուսի կողմից սիրելի մայրը անփոփոխ կտակով յանձնուեց սիրելի աշակերտ Յովհաննէսին նորօրինակ մայրութեամբ, իսկ Յիսուսի փոխարէն Մարիամին տրուեց Յովհաննէսը յուրօրինակ որդիութեամբ: Ահա անարիւն մարտիրոսութիւն՝ վիճակուած այսպիսի մօրը Որդու արեան հեղման պահին: Ահա Միածնի անբարբառ վկայութիւն Աստուածածնի հետ խօսելու պահին, երբ ասաց նրան. «Ո՛վ կին, ահա քո որդին»[5], իսկ աշակերտին՝ «Ահա քո մայրը»[6]: Աստուծոյ Որդին մահուչափ եւ խաչելութեան մահով հնազանդ է Հօրը, եւ Աստուծոյ մայրը նոյն չափով հնազանդ է Որդուն՝ խաչակից եւ մահակից լինելով Նրան. Յիսուս խաչի վրայ տարածուեց մարմնով, իսկ Մարիամը խաչի մօտ կանգնած էր մարմնով, բայց խաչեալ հոգով եւ բեւեռուած սրտով: Զոհը զոհի հետ, Ողջակէզը ողջակէզի հետ, քանզի մի էին Որդու եւ մօր զոհաբերութիւնները՝ խաչի վրայ եւ խաչի մօտ: Տիրամայրը, չարչարակից լինելով անպարտ Միածնին, անցնում էր վկայական տանջանքների միջով: Հոգու անպարտելի արիութեամբ կանգնած էր Գողգոթայում, արձանացած էր Որդու առջեւ՝ տիեզերքի առաջ վկայելով գերագոյն ճշմարտութիւնը, թէ սա է Յիսուս Նազովրեցին՝ հրէաների Թագաւորը, խոստացած Մեսիան եւ աշխարհի Փրկիչը, իսկ ես՝ Նրա ծնօղը, ինչպէս որ գիտի Իսրայէլի ողջ տունը, որը միաբան վկայում է իմ մասին՝ ասելով. «Նրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչւում»: Նա իմ Աստուածորդին է, կուսածին մարդացեալ Աստուածը, որ եկել է բոլորի փրկութեան համար, իսկ ես միշտ կոյս Աստուածամայրն եմ, Միածնիս վկայակիցը եւ խաչակիցը, միաժամանակ թէ՛ վշտերի մայրը, եւ թէ՛ փրկութեան: Նա է Ադամին ստեղծողն ու նորոգողը, Նոր Ադամը, իսկ ես՝ Եւայի աննման դուստրը:
Մարիամի միջով անցաւ Սիմոնեան սուրը: Մօր սրտի մէջ մխուեց Որդու գեղարդը սայրասուր բեւեռներով, իսկ հոգին այրւում էր անշէջ հրով: Ընկղմուած դառը վշտերի լայն ու խոր ծովի մէջ՝ տագնապում էր հոգու անտանելի քաղցով եւ ծարաւով, երբ տեսնում էր, որ Միածինը ծարաւ է եւ երբ անմխիթար մահուամբ իրենից վերցւում է իր միակ Մխիթարութիւնը: Նրա համեմատ առոչինչ էր Աբրահամի դառնութիւնը իր որդու զոհաբերման պահին, առոչինչ էր Յակոբի կսկիծը, երբ լսեց Յովսէփի գազաններից յօշոտուելու մասին լուրը եւ տեսաւ արիւնոտ պատմուճանը, առոչինչ էր Ամովսածնի սղոցուելը եւ առոչինչ՝ մարգարէների քարկոծումը: Նա կը տար ամէն բան՝ խաչուել Միածնի աջ կողմում եւ Նրա հետ աւանդել իր հոգին, քանզի Անմահի մահից յետոյ իրեն մնում էր ողջ-ողջ մեռնել, որն անհասկանալի է մարդկային մտքի համար: Միայն կարող ենք ասել, որ եթէ դժուարին է մայր լինելը, ապա որքան առաւել՝ Աստուծոյ մայր լինելը: Ուստի աւետարանիչներն իրաւամբ լռում են Որդու չարչարանքների ժամին Աստուծոյ մօր վշտերի մասին, ինչպէս որ լռում են նրա մխիթարութեան մասին, որ ունէր Միածնի յարութեան համար, որովհետեւ դրանցից իւրաքանչիւրը վեր է բոլոր խօսքերից: Բաւական է որոճել Դաւթեան այն խօսքը, թէ. «Երեկոյեան լացը կը դադարի, իսկ առաւօտեան ուրախութիւն կը լինի»[7] եւ թէ «Սրտիս ցաւերի բազմանալու ժամին Քո մխիթարութիւնը ուրախացնում էր հոգիս»[8]: Այդ մխիթարութիւնն ու ուրախութիւնը, որոնց չափ ու կշիռ չկայ, գիտի միայն Նա, Ով մխիթարում է, եւ իմանում է նա, ով ուրախանում է: Ապա ուրեմն պէտք է լռութեամբ պատուենք այդ ամէնը, մինչեւ որ երկնքում հասնենք Տիրամօր ոտքերի առաջ ու այնտեղ մասնակից լինենք նրա անճառելի եւ անպատում ուրախութեանը, որը ստացաւ անասելի տրտմութեան փոխարէն:
Այժմ մնում է մեջբերում անել «Գործք առաքելոց»-ից, երբ Փրկչի համբարձումից քառասուն օր յետոյ առաքեալները ժողովուել էին Սիօնի Վերնատանը, ուր յետագայում բնակւում էր սուրբ Կոյսը սիրելի աշակերտի հետ, եւ միաբան յարատեւում էին աղօթքների մէջ կանանց, Յիսուսի մօր՝ Մարիամի ու Նրա եղբայրների հետ: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Յիսուսի մօր բնակարանը նորածին այդ Եկեղեցու ժողովարանն էր, հետեւաբար նա նոր Սիօնի Եկեղեցու մայրն էր, եւ նաեւ՝ Յիսուսից յետոյ Յիսուսի մայրը, ինչպէս մարմնի, այնպէս էլ հոգու կերպարանքով Միածնի արտացոլանքն էր եւ համօրէն աշակերտաց դասի մխիթարութիւնը:
Եւ արդարեւ, Սուրբ Հոգին, որ մեր փրկութեան խորհուրդը հաստատելու համար իջաւ եւ հովանի եղաւ Սուրբ Կոյսին, նոյն խորհրդի կատարման համար իջաւ նաեւ այնտեղ, ուր Աստուածածինը նստած էր առաքեալների հետ, ուր հրեղէն լեզուներով բաշխուած բազմաձայն շնորհներն առատանում էին աշակերտների վրայ՝ ամբողջ աշխարհին աշակերտ դարձնելու համար: Շնորհների աղբիւր էր բխում սուրբ Կոյսի անձից: Լռութեամբ քարոզում էր Աստուծոյ Բանին առաւել բարձր, քան տիեզերալուր փողերը: Բոլոր շնորհների, զօրութիւնների եւ հրաշքների սկզբնառիթը, որ կատարւում էին առաքեալների միջոցով, ճանաչւում է ամենօրհնեալ մայրը իր Միածնի հետ:
Մինչ այս վայրը Սուրբ Գրքում Կոյս Տիրամօր մասին պատմուող յիշատակութիւնը հակիրճ էր, եւ այն թոյլ չի տալիս փոքրիշատէ իմանալ անարատ կենցաղավարութեամբ ընթացող նրա մարմնաւոր կեանքի մասին: Ժամն է անդրադառնալ ընդհանարական Եկեղեցու աւանդութեանը՝ նրա ննջման եւ հրաշալի վերափոխման մասին: Ամենից առաջ օրինակ պիտի վերցնեմ Աւետարանից՝ Փրկչի սիրելի աշակերտին տուած խոստումից, երբ ասաց. «Կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ Ես գամ»[9]: Արդ, եթէ Տիրոջ կողմից սիրուած եւ Տիրամօրը որդիացած Յովհաննէսի մասին լսում ենք այսպիսի գերահրաշ խօսքեր, որը լսողները համարեցին նշան, թէ այդ աշակերտը չպիտի մեռնի, իսկ ուրիշներն էլ, երբ Յովհաննէսի մարմինը չգտան գերեզմանում, կարծեցին, թէ Տէրը յարութիւն է տուել նրան ու վերափոխել երկինք, ապա որքան առաւել նոյնն ասելի է Տիրամօր համար, ինչպէս որ ի սկզբանէ մինչ օրս Աստուծոյ Եկեղեցին է ասում:
Զօրագոյն է թւում այս օրինակը, քանզի երբ մտաբերում եմ Տիրոջ խօսքն՝ ուղղուած Յովհաննէսին, թէ՝ «Կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ Ես գամ», թւում է, թէ դա առաւելապէս ասուեց Տիրամօր համար, որին Յովհաննէսը որդիաբար պահապան կարգուեց: Ասես, թէ Տէրն ասաց. «Կամենում եմ, որ Յովհաննէսը, որին յանձնեցի Իմ մօրը, սպասի, մինչեւ որ Ես գամ եւ Իմ ծնօղին երկինք տանեմ: Յակոբոս եղբայրը պիտի նահատակուի աւելի առաջ, իսկ Յովհաննէսը, որն Ինձ համար ցանկանում էր ըմպել մահուան բաժակից, թող ապրի այնքան, մինչեւ որ Ես գամ՝ վերափոխելու Իմ եւ նրա մօրը: Այնուհետեւ թող ելնի աշխարհից քարոզութեամբ եւ խոր ծերութեան նորօրինակ վախճանով ու մարդկանցից ծածուկ ըմպի մահուան բաժակը՝ ընդունելով պսակը, որ պատրաստուած է նրա համար»:
Սա ասում եմ, ոչ թէ իմ անձով, այլ գիտեմ սուրբ վարդապետներից, որոնք յայտնապէս աւանդում են, թէ մեր Տէրն Իր համբարձման օրը խոստացաւ մօրը եւ Կոյսին՝ իր ժամանակին գալ եւ իջնել՝ Իր մօտ տանելու համար: Եւ սա երկբայելի չէ, որովհետեւ շարակնոցը վարդապետ Կիրակոս Երզնկացու միջոցով եւս ձայնում է. «Ճառագայթ Հօր ծոցածին, յորժամ ելեր առ Հայր յերկին, խոստանայիր բանիւ Քոյին, ի կատարումն Աստուաածնին, Քեզ միայնոյ զօրօք Քոյին, գալ ի փոխումն միշտ Կուսին»: Նաեւ սուրբ Ներսէս Շնորհալին է եղանակել Վերափոխման շարականում՝ ասելով. «Երեքօրեայ յարուցեալ՝ համբարձար առ Հայր ի յերկինս. խոստացար Կուսին Տիրուհւոյ՝ ի տիպ համայնիցս՝ գալ վերստին, առնուլ առ Քեզ. յանճառ բնակութիւնսն»: Իսկ աւելի առաջ՝ ըստ նախնիների աւանդութեան, երանելի Զաքարիա կաթողիկոսն այսպէս է գրում Վերափոխման ճառի մէջ. «Երբ քաւչապետը՝ Քրիստոս, եկաւ Ձիթենեաց լեռը եւ պատրաստւում էր համբարձուել Իր Աստուածութեան անճառ փառքի մէջ, կանանցից ամենաերանելին՝ կանգնած փառքի Թագաւորի առջեւ, թախանձելով եւ մորմոքուած սրտով ասաց. “Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, Արարի՛չ իմ եւ Որդի՛ իմ, ի՞նչ պիտի հրամայես ինձ համար, երբ համբարձուես Քո հայրական փառքի մէջ: Ինչո՞ւ ես ինձ լքում եւ թողնում, որ անայցելու եւ անտերունչ շրջեմ այս կեանքում, քանզի ես հանգիստ չունեմ հեթանոսների մէջ, եւ Դու, Տէ՛ր, որ գիտես ծածուկներն ու յայտնիները, քաջ գիտես նաեւ հրեաների չարութիւնը եւ նրանց կատաղի ըմբոստութիւնը: Ուրեմն ես ո՞ւմ ապաւինեմ”: Փրկիչն ասաց նրան. “Մա՛յր Իմ, Իմ անճառ մարդեղութեան տաճա՛ր եւ առագա՛ստ, անհասանելի եւ իմանալի խորա՛ն, Ես արհամարհելով չեմ անտեսի քեզ, այլ յանձնելով Իմ սիրելի աշակերտին՝ կամենում եմ միառժամանակ թողնել քեզ աշխարհում՝ իմ ընտրեալ աշակերտների մէջ, որպէսզի քեզ տեսնեով նրանք սփոփուեն ու մխիթարուեն, իսկ դու էլ տեսնես նրանց հրաշագործութիւնները, որ կատարւում են Իմ անունով՝ ի զարմանս եւ ի հիացումն ողջ տիեզերքի: Դու պիտի տեսնես նաեւ Սուրբ Հոգու անպարտելի զօրութիւնը, որ իջնելու է ձեզ վրայ: Եւ երբ Իմ կամքով լրանան քո կեանքի սահմանուած օրերը, ոչ թէ հրեշտակ կամ հրեշտակապետ եւ ոչ էլ վերին իշխանութիւնների գերագոյն զօրքից մէկին պիտի ուղարկեմ քեզ մօտ, այլ Ես կը գամ պատուով եւ զարդափայլեալ ու հրաշալի փառքով՝ վերափոխելու քեզ հրաշափառ, տենչալի եւ գեղապանծ դրախտի մէջ”»:
Ահա թէ ինչպէս խօսքերը գործ եղան, եւ այս առումով էին խօսում նաեւ հնագոյն հայրերն աւանդութիւն թողնելիս: Նրանցից Նիկոդեմոս անունով մէկը գրում է. «Երբ մօտեցան Կոյս Աստուածամօր ննջման եւ վերափոխման օրերը, առաջին աւետիսը տուող Գաբրիէլ հրեշտակապետը, աւետիս բերեց նաեւ այս՝ վերջին անգամ, թէ՝ ահա քո Միածինը շուտով պիտի գայ՝ քեզ երկինք տանելու»: Եւ այս աւետիսը եղաւ Ձիթենեաց լերան վրայ, ուր յաճախ այցելում էր Տիրամայրը՝ որպէս իր Որդու վերջին հրաժեշտի վայր: Եւ քանի որ դրախտի անուամբ երկինք էր հրաւիրում, ուստի ասում են, թէ Գաբրիէլը երանաւէտ դրախտից անթառամ բրաբիոն բերեց՝ ի խորհուրդ անթառամ կուսութեան եւ մշտամրցանակ յաղթութեան: Այս բանը կենդանի օրինակով վկայում է սարդիացիների Մելիտոն եպիսկոպոսը, որը Յովհաննէս աւետարանչի կարծեցեալ ականատեսն էր եւ ըստ նրանից առած աւանդութեան՝ բրաբիոնը տեսել են նաեւ առաքեալները եւ ինքը՝ սուրբ Կոյսի որդեգիր Յովհաննէսը, բրաբիոնը դրել է սուրբ Կոյսի տապանին: Ըստ «Յայսմաւուրք»-ների՝ այս բանը հաստատում են նաեւ վկայաբանները: Սակայն արժան չէ խօսքերը կապել նիւթականի հետ, այլ բաւ է իմանալ արթուն մտքով՝ իմանալիի եւ նիւթականի գեղեցիկ զուգախառնութեամբ, ինչպէս որ Շնորհալին է գրում Վերափոխման շարականում. «Երեւեալ երբեմն հրեշտակապետին ի լրումն խոստացելոցն, բերեալ բրաբիոն Կուսին՝ նշան յաղթութեան կրից աշխարհի. զուրախութիւն ձայն առ նոյն հնչեալ զաւետիս: Նախկին աւետեաց ընկա՛լ այսօր կատարումն, վերաբերեալ ի ստորնայնոցս յիմանալեացն խորանսն, հուպ անմատոյց լոյս Երրորդութեան փառաց ի փառս փոխելով»: Եւ քանի որ բրաբիոնը յաղթութեան պսակ է, ու Կոյսին բերուած պսակը առաւել շատ իմանալի էր, քան թէ զգալի, այդ պատճառով շարականը յոյժ գեղեցկապէս միահիւսում է այս աւանդութեան պատմութեան խորհուրդը՝ երգելով. «Թագ հիւսեալ երկնային՝ յեռեալ յականց անմարմին, բերեալ պսակ սուրբ Կոյսին՝ յորժամ փոխիւր յաշխարհ վերին»:
Փառաւորեալ Կոյսը լիակատար խնդութեան այս աւետիսը ստանալուց յետոյ եկաւ Սիօնի Վերնատուն, պատուիրեց Յովհաննէսին մատուցել փրկչական պատարագը եւ հաղորդ դարձնել Աստուծոյ եւ իր Որդու Մարմնի եւ Արեան սուրբ խորհրդին: Այն ընդունեց անյագ փափագով եւ Միածնի անանջատ միաւորութեամբ իմացաւ, որ հասել է Նրա գալստեան ժամը՝ տանելու իրեն երկրից դէպի երկինք: Պատուիրեց արթուն կոյսերին եւ կանանց վառել ջահերն ու կանթեղները եւ պատրաստուել մաքուր ու պայծառ զգեստներով յուղարկաւորել իրեն: Միաժամանակ ցանկացաւ տեսնել առաքեալների դասին, որոնք քարոզութեան համար սփռուած էին աշխարհով մէկ, որպէսզի տար նրանց իր մայրական վերջին ողջոյնը: Եւ քանի որ Աստուծոյ համար չկայ անկարելի բան, եւ Նրա մօտ չեն մերժւում Տիրածին Կոյսի բոլոր խնդրանքները, իսկոյն հաւաքուեցին բոլոր առաքեալներն ու աշակերտները, որոնք դեռեւս ողջ էին: Միածինը իջաւ նրանց ներկայութեամբ՝ վերափոխելու Իր մօրը տեսանելի կամ իմանալի կերպով:
Վերոգրեալի համար ոմանք յիշում են Պօղոս առաքեալի գաղատացիներին ուղղուած այն խօսքը, թէ «Այնուհետև, տասնչորս տարի յետոյ, նորից ելայ Երուսաղէմ Բառնաբասի հետ՝ ինձ հետ վերցնելով նաեւ Տիտոսին: Եւ այնտեղ ելայ ինձ պատահած մի յայտնութեան հետեւանքով»[10]: Ժամանակը զուգադիպում է, որովհետեւ սուրբ Կոյսի վերափոխումը եղաւ Փրկչի համբարձումից տասներեք կամ տասնչորս տարի անց, կամ որ նոյնն է՝ Պօղոսի դարձից նոյնքան տարի անց: Այս աւանդութեան առաւել կատարեալ պատմողը ճանաչւում է Պօղոս առաքեալի աշակերտ սուրբ Դիոնեսիոս Արիսպագացին, որը շատերին յայտնի է ոչ միայն Տիմոթէոսին, այլ առաւելապէս՝ Տիտոսին ուղղուած թղթով, որը թէպէտ անծանօթ է այլոց, որովհետեւ այն չկայ Դիոնեսիոսի ընդհանուր գրութիւններում, բայց հին թարգմանութեամբ այն պահուած է մեր հին «Ճառընտիր»-ներում: Դա հաստատում են շարականի խօսքերը՝ գրուած Խորենացու կողմից եւ նոյն Խորենացու խօսքերը՝ շարադրուած Սահակ Արծրունուն ուղղուած թղթում:
Սուրբ Դիոնեսիոսն այդ մասին վկայում է հետեւեալ կերպ:
Թող յայտնի լինի քո եղբայրութեանը, ով վսեմագոյնդ Տիտո՛ս, որ այն ժամանակ, երբ Աստուածամայրը հրաժեշտ էր տալիս եւ յաւէրժապէս պատրաստւում էր ելնել աշխարհից ու աշխարհականներիցս, այսինքն ելնել երկրաւոր Երուսաղէմից եւ մտնել վերին Երուսաղէմի լոյսի խորանները, Բարձունքներից ստացած աստուածային վսեմ կամքի հրամանով սուրբ առաքեալների դասերը իսկոյն հաւաքուեցին բոլոր երկրներից, ուր գտնւում էին ազգերի մէջ՝ Աւետարանի քարոզութեան համար, եւ միահամուռ գումարուեցին ըստ այն խօսքի, որն ասում է. “Ուր որ մարմինն է, այնտեղ կը հաւաքուեն արծիւները “[11]: Այնժամ սուրբ Կոյսը բոլոր առաքեալների եւ հաւատացեալների դասին յանդիման տարածեց իր ամենասուրբ եւ անհպելի ձեռքերը, որոնք միշտ սրբամատոյց ու սրաթռիչ աղօթքներով առ Աստուած էին ուղղւում, լուսափափագ տենչանքով նայեց մեր Աստծուն եւ իր Որդուն, որ ծնուեց իրենից ու մատուցուեց որպէս անուշահոտ խունկ՝ Տիրոջ ձեռքն աւանդելով իր ամենասուրբ Հոգին: Եւ այդպէս, շուրջանակի զարդարուած հրեշտակների դասով՝ որպէս գերարփի փայլակ, վերացաւ վերին Երուսաղէմի փառքի մէջ:
Այնժամ արտասուաթոր հառաչանքներով եւ ողբալից ձայնով, բայց եւ յոյսով ու ուրախութեամբ լցուած սուրբ առաքեալները եւ շրջապատող հաւատացեալները, բարեպաշտաբար յարդարելով աստուածընկալ մարմինը, ննջեցեալների կարգով իրենց աստուածամերձ բազուկների վրայ առան ստուգապէս ամենասուրբ լուսոյ մօրը եւ մարդկային ազգի անապական կեանքի պատճառ եղող գանձին եւ բարձունքներից Փրկչի անձայն հրամանով դրեցին Գեթսեմանի կոչուող վայրում ու երեք օր թաղման վայրում՝ ամենասուրբ գերեզմանի մօտ, լսեցին հրեշտակապետական ձայների հրաշալուր սաղմոսերգութիւնները:
Եւ ի հաստատումն այս իրողութեան՝ կար մէկը, որ ներկայ չէր ի մի հաւաքուած սուրբ առաքեալների մէջ: Նա յետոյ գալով բռնադատեց առաքեալներին՝ ցանկանալով իր աչքով տեսնել անկողոպտելի գանձը՝ սուրբ Կոյսի ամենօրհնեալ մարմինը: Այնժամ, ստիպուած լինելով կատարել եղբօր փափագը, բացեցին գերեզմանը, սակայն այն տեսան թափուր սուրբ մարմնից եւ հասկացան, որ հրեշտակային օրհնութիւնների դադարումից յետոյ սուրբ մարմինը նրանց իսկ՝ հրաբուն զօրքերի ձեռքով փոխադրուել է աշխարհից վեր, մեծարգոյ եւ փառաւոր մի վայր՝ ծածկուած ողջ տեսանելի եւ զգայական աշխարհից, որ գիտի միայն Ինքը՝ Աստուած:
Սա հաւաստի եւ անտարակուսելի աւանդութիւն է, որը Հայաստանեայց Եկեղեցին Թարգմանիչների ժամանակներից գրաւոր ունի: Այդ ամենը հաստատել է նաեւ Մովսէս քերթողահայրը Վերափոխման շարականի առաջին պատկերում: Նրանից յետոյ Ներսէս Շնորհալին նոյնիմաստ բովանդակութեամբ եղանակել է Սուրբ Աստուածածնի Վերափոխման կանոնի երկրորդ եւ երրորդ օրերի շարականներում, եւ Կիրակոս վարդապետը եւս՝ Վերափոխման կանոնի իր «Արեւելք Գերարփի» շարականում: Այս նոյն հիմքի վրայ կառուցուել են այլ աւանդութիւններ, որն առաջ է բերում Խորենացին սուրբ Աստուածածնի պատկերի պատմութեան մէջ, որ գտնւում է սեփական ազգիս մօտ՝ «Հոգւոց Վանք»-ում: Նոյն աւանդութիւնը հաստատապէս կայ նաեւ քրիստոնէական այլ եկեղեցիներում, որը նոյն դէպքերի պէս-պէս նկարագրութիւններով գրի է առնուած իւրաքանչիւր ազգի վարդապետների եւ հայրերի կողմից: Ըստ շարականի եւ վկայաբանի՝ Նիկոդեմոսը Պետրոսի եւ Պօղոսի բերանով ներբողական խօսքեր է հիւսում սուրբ Կոյսի մասին, ըստ որոնց՝ երբ Պետրոսը մեծ հիացմունքով տեսաւ ամենասուրբ Տիրամօր հոգու արփիափայլ գեղեցկութիւնը մարմնից ելնելիս, Փրկիչն ասաց նրան. «Ես մարդուն ստեղծեցի հոգու այսպիսի մաքրութեամբ եւ յետոյ դարձեալ նորոգեցի նրան երկրորդ արարչութեանս ժամանակ»:
Ահա այս է սուրբ Աստուածածնի ննջման, թաղման եւ վերափոխման պարզ, բայց միաժամանակ խորիմաստ պատմութիւնը՝ ըստ Դիոնեսիոսի եւ նրա հետեւորդների ու մեկնիչների: Բայց քանի որ այս նոյն պատմութեան մասին կան հայրերի եւ վարդապետների թողած այլեւայլ աւանդութիւններ, հեղինակների խօսքերով առաջ կը բերենք նրանցից գլխաւորները, որպէսզի տարբեր տեղերից այլ մեկնութիւններ չխառնուեն միմեանց:
ՏԻՐԱՄՕՐ ՊԱՏԿԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ՝ ԸՍՏ ԽՈՐԵՆԱՑՈՒ
Ժամանակին Սահակ Արծրունի իշխանը երանելի Մովսէս Խորենացուն գրել է. «Կարդացինք քո պատմութեան գիրքը, որ գրել էիր Բագրատունեաց իշխանի խնդրանքով եւ, ուսումնասիրելով մեր նախնիների հին պատմութիւնը, գոհութեամբ յոյժ ուրախացանք: Սակայն կամենում ենք քեզնից իմանալ Տիրամօր պատկերի հրաշագործութեան մասին, որ կայ Արծրունեաց երկրի «Հոգւոց Վանք»-ում, թէ որտեղից կամ ում կողմից այն բերուեց այդտեղ, որովհետեւ շատ բաներ այլապէս են պատմւում, եւ մէկը միւսին չի համապատասխանում: Բայց երբ ստանամ սուրբ ձեռքերիդ գիրը, այն պիտի ընդունեմ առաւել հաւաստի, քան Բագրատունեաց գիրը, որ ունեմ ձեռքիս»:
Ի պատասխան՝ Խորենացին գրեց ընդարձակ մի թուղթ սոյն բովանդակութեամբ:
«Տիրամօր պտուական պատկերի մասին աստուածասէր իշխանիդ խնդրանքը կը թողնեմ քո ազգին որպէս անմահ յիշատակ, քանզի զուարթանում եմ Տիրամօր յիշատակով, որը երկրի վրայ ծագեցրեց արդարութեան Արեգակին՝ լինելով արդարութեան Արեգակի ճշմարիտ Արեւելքը, որովհետեւ նրանից է փրկութիւնը, նրանից է կենդանութիւնը, նրանից է նաեւ Քրիստոս ըստ մարմնի, որ օրհնեալ Աստուած է յաւիտեանս. ամէն …:
Եւ ինքը՝ սուրբ Կոյսը, իր սքանչելի սուրբ վարքով գերազանցեց բոլորին, ինչպէս որ Սողոմոնն է ասում. «Շատ դուստրեր հարստութիւն ձեռք բերին, շատերն էլ սխրագործութիւններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց եւ անցար բոլորից»[12], ինչպէս որ Գաբրիէլն աւետարանեց Նազարէթում: Նրա ամբողջ կեանքի տեւողութիւնը վաթսուն տարի էր. տասնհինգ տարեկան էր, երբ ծնեց աշխարհի Փրկչին, ապա ապրեց երեսուներեք տարի՝ մինչեւ Փրկչի խաչելութիւնը եւ տասներկու տարի էլ՝ Փրկչի երկինք համբարձուելուց յետոյ: Ուստի նրա կեանքի տեւողութիւնը սկզբից մինչեւ հրաշալի վերափոխումը վաթսուն տարի է: Յովսէփը քառասունամեայ էր, երբ Կոյսը յանձնուեց նրան եւ Կենարարի երեսունմէկերորդ տարում՝ այսինքն եօթանասունմէկ տարեկան հասակում, ննջեց Նազարէթի իր տանը: Սուրբ Կոյսին սպասաւորում էր Յակոբ Արդարը, որին պատուիրել էր Յովսէփը, որովհետեւ այդ հեզ եւ արդար մարդը ծառայապէս հոգ էր տանում նաեւ Յովսէփի կենդանութեան օրօք, մինչեւ որ Քրիստոսի կողմից Կոյսը յանձնուեց Յովհաննէսին:
Եւ սուրբ Կոյսը բազում չարչարանքներ եւ նեղութիւններ կրեց Կայիափայից ու հալածանքներ՝ հրեաներից, որովհետեւ նրանք թոյլ չէին տալիս, որ նա գերեզման գնայ աղօթելու համար կամ յայտնապէս այցելի Գեթսեմանի պարտեզ կամ էլ Փրկչի տնօրինական այլ վայրեր, եւ միայն գաղտնի էր գնում: Հալածանքների ենթարկելով Յակոբոս Տեառնեղբօրը՝ հրեաները գնացին եւ այրեցին տունը, որտեղ Սրբուհին էր, սակայն հուրը շրջապատեց հրեաներին եւ այրեց նրանցից եօթ հոգու եւ Կայիափա, Աննա ու Ղեւի քահանայապետերին՝ բնաւ չվնասելով տունը: Եւ երկիւղելով՝ այլեւս չէին համարձակւում վնասել սուրբ անձին: Տիրոջ Մկրտութեան օրը հրեաների խաժամուժ հրոսակների ամբոխը գնացել էր Յորդանան՝ բռնելու Տիրամօրն ու Յովհաննէսին, սակայն Աստուծոյ հրեշտակը տեղափոխեց նրանց գետի միւս ափը: Եւ երբ հրեաները եւս կամեցան անցնել, Յորդանան գետը նրանցից քսան մարդու կորստեան մատնեց: Նաեւ Տիրոջ Համբարձման օրը Ձիթենեաց լերան վրայ հրեաները քարերով յախուռն յարձակուեցին Սրբուհու վրայ, սակայն իրենցից յիսուն մարդ քարկոծուելով սպանուեց: Բայց Տիրամօր բազում հալածանքների մասին գրելով՝ ճառս ընթերցելու համար ձանձրալի կը թուայ, ուստի այնուհետեւ կþանդրադառնամ նրա սուրբ պատկերին:
Երբ Սրբուհին հրաւիրուեց փոխուելու իր Որդու մօտ, աւետարանիչն առաջ բերեց կիպարիսէ փայտ, որից կենսաբեր Խաչն էր եւ իր անձկալի սրտով, մեծ բաղձանքով ու թախանձանքով կերպաձեւեց Տիրամօր պատկերը, որպէսզի այն նշխար մնայ մեր կեանքի համար: Քանզի մեր Փրկչի համբարձուելուց յետոյ աշակերտները նրանով էին մխիթարւում եւ, տեսնելով սուրբ Կոյսին, որպէս թէ տեսնում էին նրա Որդուն: Բազմաթիւ անգամ նաեւ Պետրոսն ու Պօղոսն էին գնում Երուսաղէմ՝ սուրբ վայրերն այցելելու եւ Իսկուհուն տեսակցելու համար:
Արդ, աշակերտները միաբան համախմբուեցին՝ յուղարկաւորելու իրենց Աստուածամօրը, ըստ Տիրոջ այն խօսքի, թէ «Ուր որ մարմինն է, այնտեղ կը ժողովուեն արծիւները»[13]: Նրանք թէպէտ ցրուեցին խաչելութեան ժամին, սակայն Յարութեան ժամին ժողովուեցին, քանզի Տէրն ասել էր. «Քանդեցէ՛ք այս տաճարը, եւ Ես երեք օրում կը շինեմ այն»[14]: Եւ այս մասին մարգարէն ասում է. «Տէրը շինում է Երուսաղէմը եւ ժողովում Իսրայէլի ցրուածներին»[15]: Այնուհետեւ Յովհաննէսը միւս առաքեալների հետ խորհուրդ արեց խնդրել իրենց Տիրամօրը, որ նա փայտեղէն իրը դնի իր աստուածակերպ պատկերին, օրհնի այն եւ խնդրի Տիրոջը, որ երկրին բարիքներ տայ իր վերափոխման ժամանակ, որովհետեւ բորոտութեան ախտը մոլեգնում էր երկրի վրայ, իսկ Երուսաղէմում՝ առաւել եւս: Պօղոսը եւ Յովհաննէսը միաբան խմբով գնացին՝ աղաչելու Տիրամօրը: Պօղոսն ասաց ամենօրհնեալ սուրբ Կոյսին. «Աստուծոյ Բանի անարատ առագա՛ստ, աղաչում եմ քեզ, ընդունի՛ր Յովհաննէսի նկարած այս փայտեղէն պատկերը սուրբ ձեռքերիդ մէջ, օրհնի՛ր այն եւ տո՛ւր որ այն նշան լինի աշխարհի կեանքի համար: Աղաչի՛ր քո Որդուն եւ մեր Աստծուն, որ այս պատկերի միջոցով վերանայ բորոտութիւնը մարդկանց որդիներից, որոնք ապաւինում են քո բարեխօսութեանը»: Ամենօրհնեալ սուրբ Կոյսը պատասխանեց եւ ասաց նրանց. «Ինչո՞ւ էք Տիրոջ աղախնուս ստիպում իմ անունով անել այն, որն արժան չէ: Դուք էք մեր Արարիչ Քրիստոսի աշակերտները, եւ Նա ձեզ է շնորհել իշխանութիւն՝ հալածելու դեւերը, բժշկելու ախտերն ու հիւանդութիւնները, ոտնակոխ անելու աներեւոյթ գազանին եւ վերացնելու կռապաշտութիւնը աշխարհից: Ուստի ինչ որ կամենում էք, աղաչեցէ՛ք ձեր Տիրոջը եւ Աստծուն, եւ կը տրուի ձեզ, որովհետեւ եթէ երկրի վրայ երկինքը փակելու իշխանութիւն էք ստացել եւ իշխաններ էք կարգուել տիեզերքի ոլորտներում, Տէրը ձեզ Իր բարեկամներ է կոչել եւ հրաշալի նշանները ձեզ համար են լինում, ապա ուր որ հասնեն ձեր ոտքերը, ձեզ համար անհնար ոչինչ չի լինի»:
Պօղոսն ասաց. «Սուրբ Կո՛յս եւ Աստուծոյ մա՛յր, մենք աշխարհի Արարչի անպիտան ծառաներն ենք, Նրա, Ով հաճեցաւ մարմին առնել քեզնից: Քո Որդու եւ մեր Աստուծոյ կողմից մենք արժանացել ենք առաքելական այս շնորհներին, որ ունենք: Դու մեր Տիրամայրն ես, իսկ մենք՝ աշխարհի հրովարտակները, դու Երրորդութեան հարսն ես, իսկ մենք՝ փողեր, որ հնչեցնում ենք անճառ Ծննդեան մասին, որ եղաւ Քեզնից: Աղաչում ենք քեզ, տո՛ւր մեզ այս պատկերը՝ որպէս նշան, ինչպէս որ Միածին Որդիդ տուեց Իր մահուան փայտը՝ որպէս աշխարհի անմահութեան գործիք, կեանքի գանձ եւ դեւերի հալածիչ: Եւ այժմ շնորհի՛ր, որ սա լինի բժիշկ խոցուածների եւ նշխար հաւատացեալների համար, որպէսզի ովքեր փափագում են տեսնել քեզ, տեսնեն սրանով, եւ կատարուեն իրենց խնդրանքները»:
Այնժամ ամենօրհնեալ Սրբուհին նկարուած պատկերն առաւ իր սուրբ ձեռքերի մէջ, իր աստուածընկալ ձեռքերը տարածեց դէպի երկինք եւ ասաց. «Ամենակալ Տէր Աստուա՛ծ, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, բարերար եւ բազումողորմ, որ աշխարհի փրկութեան համար առաքեցիր Քո Միածին Որդուն՝ մարմին առնելու Քո անարժան աղախնուց, Ով Իր մարմնով կատարեց Օրէնքի եւ մարգարէների գրածները եւ դարձեալ համբարձուեց Քեզ մօտ՝ Քո հայրենի փառքի մէջ: Այժմ աղաչում եմ Քեզ եւ խնդրում Քեզնից, Տէ՛ր, այս նկարուած փայտեղէն պատկերի միջոցով վերացրո՛ւ բորոտութեան ախտը մարդկանց միջից՝ տալով Քո զօրութիւնը նրան իմ աղաչանքներով եւ խնդրանքներով: Դու, որ վերացրիր առաջին մարդու յանցանքը Քո Միածին Որդու եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի միջոցով, Ով Իր մարմնով կատարեց առաքող Հօրդ կամքը, կատարիր եւ այժմ այս ընտրեալ այրերի խնդրանքը, որոնք Քո խօսքով ուղարկուեցին աշխարհի փրկութեան համար աւետարանելու Սուրբ Երրորդութեանդ, որպէսզի լինեն Քո երկրպագուները ու Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու փառաբանիչները յաւիտեանս. ամէն»: Եւ երբ առաքեալներն ասացին՝ ամէն, իսկոյն լուսեղէն կամար իջաւ Սրբուհու վրայ, եւ խաչանման ամպեղէն լոյս կաթեց սուրբ պատկերի վրայ: Սրբուհին սուրբ պատկերը դրեց իր երեսին եւ թրջեց այն յորդառատ արտասուքներով, որոնք նա հեղեց Տիրոջ առաջ: Ապա Պետրոս ու Պօղոս առաքեալները վերցրին սուրբ պատկերը Սրբուհու ձեռքից, եւ բոլորը երկրպագեցին:
Իսկ երբ անարատ Կոյսը Տիրոջ ձեռքն աւանդեց իր սուրբ հոգին, խռովուեց հրեաների ամբոխը եւ, յարձակուելով առաքեալների վրայ, կամեցան յափշտակել Կոյսի մարմինը, սակայն բոլորը կուրացան: Նրանցից մէկը, որի անունը Սոփոնիա էր, բռնեց դագաղից, որը առաքեալները տանում էին Գեթսեմանի կոչուող հանգստեան սուրբ վայրը, բայց Սոփոնիայի ձեռքերը արմունկներից պոկուելով կախուած մնացին մահճից: Նա լալիս էր եւ աղաչում՝ մինչեւ գերեզման վա՜յ տալով իր անձին: Պետրոսն ասաց. «Ո՛վ մոլորուած հրեաներ, մինչեւ ե՞րբ պիտի մնաք մոլորութեան մէջ եւ յամառէք: Ինչո՞ւ չէք զղջում ձեր սրտերում եւ մնում էք անհնազանդ, ինչպէս ձեր հայրը՝ սատանան»: Եւ մինչ հրեաները կոծում էին, Պօղոսն ասաց. «Դարձէ՛ք դէպի Տէրը, խոստովանէք սուրբ Կոյս Աստուածածնին, եւ նա կը գթայ ձեզ»: Ողջ ամբոխն աղաղակեց՝ ասելով. «Խոստովանում ենք Քրիստոսին՝ Հայր Աստուծոյ Որդուն, որ անճառապէս մարմին առաւ սուրբ Կոյսից, Ում մենք խաչեցինք անգիտութեամբ՝ Աստծուն հակառակ կարծելով, միայն թէ Նա գթայ մեզ»: Այնժամ Պետրոսը վերցրեց նրա ձեռքերը, բերեց մօտեցրեց հատուած ձեռքերին, եւ դրանք միանալով՝ նախկինի պէս կցուեցին միմեանց: Խաւարեալները լուսաւորուեցին, հրեաներն ու հեթանոսները մեծ-մեծ բամութիւններով մկրտուեցին, բորոտները, որ կային քաղաքում, գնացին առաքեալների մօտ, օծուեցին իւղով, տեառնագրուեցին սուրբ պատկերով եւ իսկոյն բժշկուեցին իրենց ախտերից: Տիրուհու ննջման լուրն առնելով՝ գալիս էին բոլոր ախտաժէտները եւ անմիջապէս առողջանում: Եւ այդպէս սուրբ պատկերի համբաւը ծագող լոյսի պէս տարածուեց ողջ Հրէաստանում:
Արդ, Բարդուղիմէոս առաքեալը, որը տասներկու առաքեալներից մէկն էր, նրանց հետ չէր, երբ բոլորը խմբուած էին Կոյսի մօտ, քանի որ այդպէս էր Տիրոջ կամքը, եւ նա Թովմասի հետ գտնւում էր Հնդկաստանում: Եւ երբ յետոյ եկաւ առաքեալների մօտ, ստիպեց նրանց ցոյց տալ աստուածային գանձը՝ ամենօրհնեալ Կոյսի մարմինը: Այնժամ յօժարելով կատարել իրենց եղբօր փափագը՝ բացեցին սուրբ գերեզմանը եւ այն գտան թափուր աստուածակիր մարմնից: Եւ հիացմամբ իմացան, որ երեք օր անց, երբ դադարել էին հրեշտակների օրհնութիւններն ու սաղմոսերգութիւնները, սուրբ մարմինը փոխադրուել էր նոյն հրեղէն դասերի միջոցով: Բարդուղիմէոսը մեծապէս սգաց, որովհետեւ չհասցրեց արժանանալ սուրբ Կոյսի տեսութեանը եւ լսել նրա վերջին օրհնութիւնները, ինչպէս այլ առաքեալները եւ Տիրոջ աշակերտները, եւ ոչ էլ գերեզմանի մէջ գտաւ, որից աւելի ու աւելի տրտմեց: Այս տեսնելով՝ երանելի առաքեալները, կամենալով մխիթարել իրենց եղբօրը, փայտի վրայ նկարուած Տիրամօր զօրաւոր պատկերը տուեցին նրան: Վերցնելով Բարդուղիմէոսը յոյժ ուրախացաւ եւ նայում էր՝ կենդանի համարելով նրան: Ապա Սուրբ Հոգու հրամանով շտապեց գալ Հայաստան, որովհետեւ Հայոց Արտազ գաւառում Սանատրուկ արքան սպանել էր Թադէոս առաքեալին:
Եւ նա Հայաստան գալիս գնաց մոգերի ու պարսիկների երկիրը: Հասնելով նրանց թագաւորութեան քաղաքը, որն այժմ իրենց լեզուով Խորասան է կոչւում, կրակարանի մէջ հրեղէն լոյսի սիւն կանգնեցրեց, ապա սուրբ պատկերը պահեց ընդդէմ արեգակի, որին այդտեղ պաշտում էին կրակի հետ, եւ փակեց նրա ճառագայթների հոսքը ու վեց ժամ խաւարեցրեց: Սակայն չհաւատացին բացի այն ութ մոգերից, որոնք երկրպագեցին Փրկչին եւ գալով մկրտուեցին առաքեալի կողմից, որը նրանց դուրս բերեց ամբարիշտների միջից: Ապա եկան Անձաւացեաց աշխարհ, ուր լսեցին մի քարի մասին, որի մօտ բազում դեւեր էին բնակւում, որոնք խաբում էին տեղի բնակիչներին, նրանց ախտալից բժժանքներ տալիս ախտաւոր եւ պիղծ գործեր անելու համար, կռաձայն դարբինների արհաւիրքներ էին գործում ահաւոր հրաշքներով, որոնց վարժուելով՝ այդ երկրի մարդիկ դեգերում էին քուրայի շուրջը՝ չաստուածներից պատրող ախտերի թարախածոր փաթանքներ վերցնելով, ինչպէս որ Կիպրիանոսի փաթանքներն էին Յուստիանէ կոյսին պատրելու համար: Եւ այդ վայրը Դարբինների քար էին կոչում:
Հասնելով այդտեղ՝ Աստուծոյ սուրբ առաքեալը հալածեց չարի գործակից դարբիններին եւ փշրեց կուռքերը, որոնք Անահիտի անունով էին: Այս բանից դեւերի բազմութիւնը հաւաքուեց հիւսիսային կողմում գտնուող բարձր լերան վրայ՝ անթիւ բազմութեամբ քարեր նետելով եւ սաստիկ ձայներ, ճիչեր ու գոչիւններ արձակելով: Իսկ սուրբ առաքեալը օրհնեց մի փոքր խաչ, այն կանգնեցրեց լերան վրայի քարին, եւ ահա բոլոր դեւերը չքուեցին: Հետագայում սուրբ Գրիգոր հայրապետը, մինչեւ իր այս աշխարհից ելնելը, այդ առաքելական խաչը շրջեցնում էր իր հետ, իսկ ժամանակ անց այն դրուեց Հայոց Տրդատ արքայի գերեզմանին:
Եւ այն տեղը, ուր դեւերն էին, գտնւում էր ժայռերի լեռնամէջ վայրում, Տիգրիս կոչուող մեծ գետի ափին՝ Կանգուար եւ Ագռաւների քար կոչուող ամուր բերդերի մօտ, ուր ամրոցի լեռներից գարնանը շատ աղբիւրներ են հոսում՝ անցնելով Տիրուհու տաճարի հիմքի մօտով եւ խառնուելով ու միաւորուելով մեծ Տիգրիս գետին: Այնտեղ սուրբ առաքեալն իր իսկ ձեռքով դրեց Սրբուհու տաճարի հիմքերը, կառուցեց փոքր եկեղեցի, այն անուանեց սուրբ Աստուածածին եւ նրա մէջ դրեց Տիրուհու պատկերը: Այն յանձնեց սուրբ կանանց, որոնց գլուխ կարգեց Յուսիկի քրոջը եւ Որմզդատի ու Մաքովտրի քրոջը՝ միւս կանանց դնելով նրանց ձեռքի տակ: Վանքում շինեց խցեր եւ հաւատացեալներին հրամայեց տեսուչներ լինել: Իր աշակերտներից քահանաներ կարգեց եւ այդ տեղը Տիրամօր եւ սուրբ Կոյսի անուամբ կոչեց «Հոգւոց Վանք», որովհետեւ Աստուած սուրբ Կոյսի միջոցով բազում հրաշքներ գործեց: Իսկ ինքը՝ սուրբ առաքեալը, ելաւ աւետարանելու Հայոց աշխարհում եւ նահատակուեց Ուրբանոս քաղաքում՝ առաքեալի անուամբ Բարմ կոչուող վայրում:
Իսկ Յուսիկի քոյրը՝ Մարիամը, անցաւ մեծ գետի միւս ափը, փոքր ժայռի ստորոտին շինեց իր խուցը եւ առանձնանալով այնտեղ՝ վախճանուեց: Այդ նոյն տեղում տեսուչներ կարգեց քոյր Աննային, Մարթային ու Որմզդատի եւ Մաքովտրի քրոջը: Աննան իր խուցը շինեց ձորի միւս կողմում, որ Դարբնաքար էին կոչում, տեղի տեսչութիւնը յանձնեց Մարթային եւ առանձնանալով այնտեղ՝ վախճանուեց:
Եւ Աստուած բազում հրաշքներ ու սքանչելիքներ էր գործում սուրբ կանանց ձեռքով: Յետագայում սուրբ Գրիգորը, գալով այդտեղ, հիմնեց վանքեր, շինեց եկեղեցիներ, բայց Սրբուհու տաճարը չքանդեց, որովհետեւ այն առաքեալի ձեռքի գործ էր: Այն թողեց ի փառս եւ ի պատիւ Ամենասուրբ Երրորդութեան, կայ մինչ օրս, ուր շատ բժշկութիւններ են լինում եւ ոչ քիչ ուրախութիւն, քանզի այն լուսաւորում է բոլոր ախտաւորներին, որոնք հաւատով եւ յոյսով գալիս են իր մօտ եւ բարեխօս ունեն Միածին Բանի ծնօղի բարեխօսութիւնը նրանից ծնուած իր Տիրոջ եւ բոլորի Աստուծոյ առաջ, լցւում են պարգեւներով եւ Սուրբ Հոգու ողորմութեամբ՝ փառաւորելով Ամենասուրբ Երրորդութեանը այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Խորենացու այս աւանդութեան նման ճառ գտնւում է մեր ճառընտիրների մէջ, եւ քաղուածքներով նոյնիմաստ պատմութիւն կայ հին Տօնապատճառում[16], միայն թէ աւելացուած է Յակոբ Սրճեցու նկարագրութիւնը Կոյսի վերափոխման ժամանակ հրեշտակների եւ արդարների դասերի հետ Միածնի իջման մասին: Ըստ Դիոնեսիոսի Տիտոսին եւ Տիմոթէոսին ուղղուած թղթի՝ Կոյսի մարմինը պատանքել է սուրբ կոյս Յովհաննէսը: Եւ վերջում աւելացրել է նաեւ այս ազգային աւանդութիւնը. «Այնժամ Թովմասը երգեց. “Փառաւորեալ եւ օրհնեալ միշտ սուրբ Կոյս Աստուածածին Մարիամ, մայր Քրիստոսի, մատուցի՛ր մեր աղաչանքները քո Որդուն եւ մեր Աստծուն”»:
Ասում են, թէ նրա յարութիւնը կիրակի օրն է եղել: Աւետիսն առել է չորեքշաբթի օրը, հինգշաբթի օրը ծնել է Տիրոջը, այդ օրը ծնուել է նաեւ ինքը՝ իր ծնօղից՝ Աննայից եւ վախճանուել եւս նոյն օրը ու երեք օր անց՝ կիրակի օրը, յարութիւն առել:
ՔԱՐՈԶ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԿՈՅՍԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ ԸՍՏ ՍՈՂՈՄՕՆԻ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ԹԷ «ՇԱՏ ԴՈՒՍՏՐԵՐ ՀԱՐՍՏՈՒԹիՒՆ ձԵՌՔ ԲԵՐԵՑԻՆ, ՇԱՏԵՐՆ ԷԼ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՐԵՑԻՆ, ԲԱՅՑ ԴՈՒ ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՐ ՆՐԱՆՑ ԵՒ ԱՆՑԱՐ ԲՈԼՈՐԻՑ» (ԱՌԱԿ. ԼԱ 29)
Արարիչն Աստուած ստեղծեց մեծամեծ եւ փոքր լուսատուները՝ արեգակը, լուսինը, աստղերը եւ լոյսի ճրագները՝ խաւարը փարատելու, աչքերը լուսաւորելու եւ սրտերն ուրախացնելու համար: Եւ այս օրինակով երբ տօնում ենք սուրբերի յիշատակը, պայծառանում են մեր մտքերը ու ցնծում են զգայարանները, եւ ինչպէս Սողոմօնն է ասում. «Սուրբերի յիշատակութեամբ ուրախանում են ժողովուրդները»[17]: Եւ որքան արեգակը գերագոյն է, քան այլ լուսատուները, այնքան բարձր է Աստուածածին Կոյսի յիշատակը, քան բոլոր արդարներինը, որովհետեւ երբ տօնում ենք Տիրամօր յիշատակը, ցնծում է երկինքը, ուրախանում է երկիրը, տօնակից են լինում երկնային զօրքերը, տարածւում են Սուրբ Հոգու պարգեւները, Ամենասուրբ Կոյսը բարեխօսում է մեզ համար, ջնջւում են մեղքերի կտակներն ու փարատւում են մեր հոգիների եւ մարմինների բոլոր ցաւերը: Ուստի ժողովուել ենք այստեղ երանելի եւ ամենագովելի Սրբուհու վերերկրային ու պատուական կեանքի վերափոխման առիթով: Նրա մասին ճառելիս նա ոչ անհասանելի է մնում, ոչ մերժում է մեր խօսքերը եւ ոչ էլ հեռացնում է մեզ, այլ ըստ իր մարդասէր կամքի եւ անարգամեծար բնութեան՝ ընդունում է մեզ, պատուասիրում է եւ ուրախանում, ինչպէս մայրն իր թօթօվախօս մանկան համար, կամ ինչպէս վարդապետն իր անկատար աշակերտների համար: Նա, որ գերագոյն է ամէն փառքից, իր համար փառք չի հայցում, այլ տօնողներիս օգուտն ու փրկութիւնն է կամենում իրեն փառաւորելու համար:
Արդ, սրբուհի Մարիամը Յովակիմի եւ Աննայի դուստրն էր: Հայրը՝ Յովակիմը, թագաւորական ցեղից էր՝ Դաւթի ազգից, իսկ մայրը՝ Ղեւիի քահանայական ցեղից, Բեթլեհէմի Մատթան քահանայի դուստրը: Բայց ինչպէս Առակաց գիրքն է գրում, ինքը՝ սուրբ Կոյսը, մեծացաւ սքանչելի վարքով եւ սրբութեամբ ու գերազանց գտնուեց, քան բոլոր սուրբերը, ուստի լցուած երանութեամբ եւ օրհնաբանուած հրեղէնների լեզուով՝ նա բարեխօսում է ողջ աշխարհի համար: Լինելով մաքուր, քան լոյսը, անխառն, ինչպէս օդը եւ անշաղախ՝ արուսեակի նմանութեամբ՝ եղաւ անսկիզբ Բանի սկիզբը եւ անժամանակ Բանի ժամանակը՝ ըստ մարմնի:
Եւ ովքեր բոլոր եկեղեցիներում հաւատով կատարում են նրա վերափոխման յիշատակը, որ կատարւում է օգոստոսի տասնհինգին, անմահական փառքի պարգեւներ են ստանում: Քանզի ինքը՝ ամենասուրբ Կոյսը, աւետման զաւակ եղաւ ամուլ ծնօղներից՝ Աննայից եւ Յովակիմից: Երբ նա երեք տարեկան եղաւ, ծնօղները նրան տարան եւ ընծայեցին Աստուծոյ տաճարին: Մարմնով ծառայում էր տաճարին, մանում էր բեհէզ եւ ծիրանի, իսկ հոգով անդադար առաջադիմում պարկեշտութեան վարքով: Երբ տասնչորս տարեկան դարձաւ, քահանաները նրան յանձնեցին Յովսէփ Արդարին, որպէսզի նա անարատ պահի նրա կուսութիւնը եւ իր ժամանակին ամուսնանայ օրէնքով, ինչպէս որ Եսային է ասում այս մարդու եւ անարատ Կոյսի մասին. «Եւ նամակը պիտի տան մի գրագէտ մարդու ձեռքը»[18], քանզի Յովսէփը ամուսնացած է եղել եւ զաւակներ է ունեցել, բայց նա ասաց. «Չեմ կարող ընթերցել, որովհետեւ կնքուած է»[19]: Ասաց անխախտելի կուսութեան համար, քանզի կնքուած նամակ էր, եւ ընդունարան եղաւ Աստուծոյ անճառելի Բանի համար:
Եւ առնելով նրան՝ գնաց Նազարէթի իր տունը ու պահեց նրան իր զաւակների հետ: Երբ սրբուհին յանձնուեց Յովսէփին, տասնչորս տարեկան էր: Նրա տանը երեք ամիս մնալուց յետոյ Գաբրիէլ հրեշտակապետն աւետիս տուեց Կոյսին, եւ նա յղացաւ Բանն Աստծուն: Տասնհինգ տարեկան հասակում ծնեց աշխարհի Փրկչին, երեսուներեք տարի անց եղաւ Փրկչի խաչելութիւնը եւ Նրա երկինք համարձուելուց յետոյ ապրեց տասներկու տարի, այսինքն նրա կեանքի տարիները մինչեւ վերափոխումը եղան վաթսուն տարի: Սակայն հրեշտակատես Կոյսի երեսի հրաշափառ գեղեցկութիւնից յայտնի էր դառնում նրա անթառամ կուսութիւնը: Ունէր բարետեսիլ եւ մեծ աչքեր, միջահասակ էր, խարտեաշ եւ վայելչատես, բազուկները եւ մատները՝ երկարաւուն: Լի էր Սուրբ Հոգու շնորհներով, եւ անարատ ու անապական կաթ էր բխում նրա սուրբ եւ անապական ստինքներից՝ արբեցնելու ամենքի Արարչին:
Յովսէփը քառասունմէկ տարեկան էր, երբ Կոյսը յանձնուեց նրան: Կենարարի երեսունմէկերորդ տարում՝ եօթանասուներկու տարեկան հասակում նա ննջեց Նազարէթի իր տանը, որից յետոյ Յովսէփի յանձնարարութեամբ Կոյսին սպասաւորում էր Յակոբոս Արդարը: Նա, այդ հեզ եւ արդար մարդը, Յովսէփի հետ ծառայապէս հոգ էր տանում նաեւ Կոյսին այնքան ժամանակ, մինչեւ որ Քրիստոսի կողմից նա յանձնուեց Յովհաննէսին, ինչպէս որ Եսային ասաց. «Եւ նոյն գիրը պիտի տան մի մարդու ձեռքը, որը տառեր չի ճանաչում»[20], որը գուշակեց Զեբեդեոսի որդի Յովհաննէսը, քանզի Տէրը խաչի վրայից Աստուածածնին յանձնեց Յովհաննէսին: Այդժամ անարատ սրբուհին քառասունութ տարեկան էր, Քրիստոսի համբարձումից յետոյ մնաց Յովհաննէսի մօտ տասներկու տարի, եւ ինչպէս ասացինք, նրա ողջ կեանքի տեւողութիւնը վաթսուն տարի եղաւ:
Յարութիւնից յետոյ Տէրը երեւաց Իր աշակերտներին, քառասուն օր շրջեց նրանց հետ, ապա աշակերտների հետ եկաւ Ձիթենեաց լեռը: Եւ երբ կամենում էր համբարձուել, Աստուածածին մայրը կանգնեց իր Միածնի առջեւ եւ ասաց. «Ով Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, Արարի՛չ իմ եւ Որդի՛ իմ: Ահաւասիկ Դու գնում ես դէպի Քո հայրենի փառքը՝ առանց այցելութեան եւ տարակուսած թողնելով ինձ այս կեանքում: Դու ճանաչում ես հրեաների ապերախտութիւնը: Եթէ նրանք Բարերարիդ հատուցեցին չարութեամբ, ապա ինչ կþանեն ինձ հետ»: Եւ Տէրն ասաց նրան. «Խաղաղութի՛ւն քեզ, իմ քաղցր մա՛յր, քեզ չեմ թողնի, Իմ սրբութեան խորա՛ն եւ տապանա՛կ: Համբերի՛ր մի փոքր ժամանակ Իմ ընտրեալ աշակերտների հետ, որպէսզի քեզ տեսնելով՝ նրանք մխիթարուեն: Երբ գայ մարմնիցդ ելնելու ժամանակը, ոչ թէ հրեշտակ, կամ հրեշտակապետ կամ էլ սերովբէներից մէկին կþուղարկեմ, այլ Ինքս կը գամ եւ հրաշալի փառքով ու պատուով կը տանեմ քեզ դէպի Վերին Երուսաղէմի իմանալի կեանքը»:
Սուրբ Կոյսը բնակւում էր Երուսաղէմում՝ իր ծնօղների տանը, իսկ Յովհաննէսը սպասաւորում էր նրան ու միաժամանակ քարոզում Կենաց Խօսքը: Ինքը՝ սուրբ Կոյսը, բազում չարչարանքներ եւ հալածանքներ կրեց Կայիափայի ու հրեաների կողմից: Նրանք թոյլ չէին տալիս իրեն յայտնապէս այցելել գերեզման եւ տնօրինական վայրեր ու աղօթել, բայց նա դա ծածկապէս էր անում: Իսկ երբ սպանեցին Յովհաննէսի եղբայր Յակոբոսին, գնացին ու այրեցինն այն տունը, որտեղ Սրբուհին էր, սակայն հուրն այրեց հրեաներից եօթ հոգու: Այս բանից հրեաներն ահաբեկուեցին եւ այլեւս չհամարձակուեցին մօտենալ սուրբ անձին: Տիրոջ մկրտութեան տօնի օրը եւս հրեաների խուժամուժ ամբոխը ցանկացաւ բռնել սուրբ Կոյսին եւ Յովհաննէսին, բայց Աստուծոյ հրեշտակը անցկացրեց նրանց գետի միւս կողմը, եւ երբ հրեաները կամեցան եւս անցնել, նրանցից քսանը խեղդուեցին Յորդանանում: Իսկ Տիրոջ համբարձման տօնին Ձիթենեաց լերան վրայ քարերով յարձակուեցին Սրբուհու վրայ, սակայն քարկոծեցին միմեանց, եւ քարավիժելով սպանուեց յիսուն մարդ: Եղան նաեւ շատ այլ հրաշքներ, որոնք այժմ երկար չեմ պատմի:
Փրկչի համբարձուելուց տասներկու տարի անց, մի օր, երբ Աստուածածին Կոյսն աղօթում էր իր սենեակում, երեւաց Գաբրիէլ հրեշտակապետը, նա, ով իրեն յղութեան աւետիս էր տուել եւ ասել. «Ուրա՛խ եղիր, բերկրեա՛լ, Տէրը քեզ հետ է»: Որպէս աշխարհին յաղթելու նշան՝ նա իրեն տուեց արմաւենու ոստերից հիւսուած մի պսակ, կանչեց Ձիթենեաց լեռ, ուր միշտ սուրբ Կոյսն աղօթում էր եւ հեռացաւ: Կոյսը գնաց, ծնրադրեց այն տեղում, որտեղից Փրկիչը երկինք վերացաւ, եւ ահա լերան վրայի բոլոր տնկիները խոնարհուելով երկրպագեցին իրեն: Հրեշտակը դարձեալ երեւաց նրան ու ասաց. «Ուրա՛խ եղիր, բերկրեա՛լդ, քանզի քո Միածին Որդին քեզ Իր մօտ է կանչում: Ահա լրացաւ օտարութեան մէջ քո պանդխտութեան ժամանակը, եւ այժմ ե՛կ եւ մտի՛ր քո սեփական հայրենի ժառանգութեան մէջ: Այլեւս մի՛ մնայ մահուան գաւառում, որովհետեւ դու անմահ կեանքի արժանացար: Կանգնեցրիր յաղթութեան նշանը եւ հրեաներից բազում չարչարանքների կրեցիր: Արդ, վերջ գտան չարչարանքները, աւարտուեցին նեղութիւնները, անցան տրտմութիւնները, եւ ժամանեց ուրախութիւնը: Պատրաստուած է հանգիստը, կազմուած՝ լոյսի խորանը, յարդարուած՝ փառքի աթոռը: Արդ, ե՛կ եւ հանգստացի՛ր քո բազում չարչարանքներից ու վայելի՛ր իմ տեսած այն փառքը, որ կար նախքան աշխարհի ստեղծումը»: Այս ասելով՝ հրեշտակը տուեց պսակն ու երկինք վերացաւ:
Եւ այս պսակը, որ նման էր արմաւենեաց ոստերի, հինգ բան էր խորհրդանշում: Նախ՝ հաւատ էր ընծայում Կոյսի աշխարհից վերափոխուելու մասին: Երկրորդ՝ խորհրդանշում է Աստուծոյ Դրախտը եւ դարձեալ այնտեղ՝ երկնաւոր Դրախտ գնալը: Երրորդ՝ որպէսզի առաքեալներն այն տեսնեն ու նրա առաջ օրհնութիւն վերառաքեն: Չորրորդ՝ այն աշխարհի եւ բոլոր չարիքների դէմ յաղթութեան խորհրդանիշն է: Հինգերորդ՝ որպէսզի արմաւենիների ոստերով հրաշքներ լինեն:
Եւ այդպէս, երբ ելաւ լեռը, բոլոր բոյսերն ու տնկիները խոնարհուելով երկրպագեցին նրան, իսկ տուն վերադառնալիս մեծապէս դղրդացին բոլոր այդ վայրերը, եւ բազում ջահեր իրենք իրենց վառուեցին: Եւ Մարիամն աղօթեց առ Աստուած՝ ասելով. «Ո՛վ ամենքի Տէ՛ր եւ բոլորի Արարի՛չ, Դու Ինքդ խոստացար գալ ինձ մօտ եւ աւանդել իմ հոգին»: Ձայն լսուեց երկնքից, որն ասաց. «Չեմ թողնի քեզ»: Ապա պատուիրեց կանչել իր բոլոր ազգակիցներին եւ դրացիներին ու ասաց. «Վառէ՛ք բոլոր ջահերն ու կանթեղները եւ երեք օր ինձ հետ եղէք»: Եւ նրանց շատ բաներ պատմեց Աստուծոյ մեծամեծ գործերի մասին՝ ասելով. «Երկու հրեշտակներ են մօտենում մարդու հոգուն, մէկը չարութեան, միւսն՝ արդարութեան, որն այսպէս են մեկնում վարդապետները: Երբ հասնում է մարդու վախճանի ահեղ եւ սարսափելի օրը, մօտենում է հրեշտակը, որպէսզի պահանջի տագնապող հոգուն: Նրա հետ մօտենում են նաեւ չար դեւերը: Եթէ մարդը սուրբ է լինում հոգով, մարմնով եւ զգայարաններով, բարի հրեշտկակն ուրախանում է եւ որպէս սիրելի բարեկամի՝ սիրով ողջագուրում է նրան, իսկ չար դեւերը տրտմում են ու հեռանում: Այնժամ հրեշտակը քաղցրութեամբ աւանդում է հոգին եւ իր յետեւից տանում երկնային ուղիով: Ընդառաջ են գալիս օդային չար ոգիները, որ թերեւս մեղքեր գտնեն նրա մէջ եւ երբ չեն գտնում, սուրբ հրեշտակը սաստում է նրանց, ու նրանք պատկառանքով յետ են ընկրկում: Հրեշտակը նրան առնելով վեր է տանում՝ բոլոր լուսատուներից, եթերից եւ հաստատութիւնից էլ վեր ու երկրպագել տալիս Աստուածութեան Աթոռի առջեւ, ապա տանում, դասակարգում է կատարեալ արդարների կայաններում, որոնց համար Պօղոս առաքեալն ասում է կատարելութեան հասած արդար հոգիներ[21]: Եւ լի անմահութեան յոյսով՝ նրանք կան ու մնում են մինչեւ Դատաստանի օրը եւ սպասում իւրաքանչիւր գործի համար հատուցման ժամին, ինչպէս որ Դաւիթ մարգարէն է ասում. «Արդարները պիտի սպասեն, մինչեւ որ հատուցման արժանացնես»[22]: Իսկ միջակ արդարների հոգիները, որոնք սակաւ-ինչ յանցանքներ ունեն, երկնքում վեր չի բարձրացնում, այլ դասաւորում է իր նման հոգիների կայաններում՝ութերորդ կամարի մօտ: Նրանք Դատաստանի օրը ակնկալում են Աստուծոյ ողորմութիւնը: Այս երկու կայանները արդարների կայաններն են. մէկն ամբողջովին արդարների կայանն է, որ երկնքում է, իսկ միւսը՝ միջակ արդարների կայանը, որ երկնքի ներքոյ է: Եթէ հոգին շաղախուած է լինում մեղքերով, ապա սուրբ հրեշտակը տրտմում եւ գարշում է նրա պղծութիւնից, իսկ մեղսասէր դեւերը ցնծում եւ ուրախանում են հոգու անմաքրութեան համար: Սակայն սուրբ հրեշտակը թէպէտ ակամայ կամքով, բայց Տիրոջ հրամանով աւանդում է նրա հոգին եւ սոսկալի դէմք է ցոյց տալիս նրան, ինչպէս թագաւորի կողմից ուղարկուած դահիճը՝ չարագործներին տանջելու համար: Այդ պատճառով է հրեշտակը չար կոչւում, ինչպէս որ գրուած է. «Չար հրեշտակի ձեռքով տանջանքներ ուղարկեց նրանց վրայ»[23]: Ոչ թէ հրեշտակը չար է իր բնութեամբ, եւ ոչ թէ դեւն է աւանդում մարդու հոգին, քանի որ իշխանութիւն չունի, այլ բարի հրեշտակը չար է կոչւում չարաչար տանջանքների համար: Եւ երբ չար հոգուն արձակում է չար մարմնից եւ առնելով նրան վեր տանում, օդում նրան գունդ առ գունդ ընդառաջ են գալիս չար ոգիները, ուրախանում են, ծափ են տալիս կորստեան մատնուող հոգու համար եւ կամենում են յափշտակել նրան սուրբ հրեշտակի ձեռքից: Առաջ են բերում նրա բոլոր չար գործերը, իրաւացիօրէն պնդում, թէ նա մերն է, որովհետեւ յետեւել է մեր կամքին: Այս պատճառով է Յովհաննէս Աւետարանիչն աղօթում՝ ասելով. «Քեզ մօտ գալիս թող հուրն ընկրկի, հնոցը մարի, չարի հրեշտակներն ամաչեն»: Քանզի ցոյց են տալիս տանջանքի տեսարաններ, հուր են բորբոքում, սառնամանիք ցոյց տալիս, որպէսզի մեղաւոր հոգին իմանայ, որ դա պիտի պատահի իրեն Դատաստանի օրը: Փոքր-ինչ թոյլ տալուց յետոյ սուրբ հրեշտակը սաստում է նրանց, եւ նրանք յետ են ընկրկում: Եւ արժան չի համարում մեղաւոր հոգուն վեր հանել ու երկրպագել տալ Աստուածութեան Աթոռի առաջ, այլ տանում եւ դասում է այլ չարագործ հոգիների հետ, որոնք կան օդում՝ ողբուկոծի մէջ եւ սպասում են յաւիտենական տանջանքներին: Եւ թէպէտ այժմ չեն ստացել իրենց չար գործերի հատուցումը, սակայն անսխալ ակնկալում են տանջանքները ու միշտ տրտմութեամբ չարչարւում, իսկ արդարներն ուրախանում եւ հանգստանում են փառքի պսակների յոյսով ու իրենց գործերով:
Այս եւ նման շատ բաներ պատմեց Աստուածածին Կոյսը սուրբ կոյսերին: Եւ երբ սուրբ կոյսերն ու երանելի կանայք կուսութեան Մօրից լսեցին այս ամէնը, արտասուեցին ողորմաձայն եւ ասացին. «Ո՛վ լուսոյ մա՛յր եւ սրբութեան առագա՛ստ: Մեր Տիրոջ եւ քո Միածնի փոխարէն ահա քեզ ունենք որպէս մեր տրտմութեան սփոփիչ եւ տկարութեան զօրացուցիչ: Եւ արդ, ի՞նչ պիտի լինենք, որ մեծ վշտերի մէջ ենք»: Պատասխանեց Ամենասրբուհին եւ ասաց. «Լսեցէ՛ք, Քրիստոսի սուրբ հարսնե՛ր, թէպէտ իմ Միածնի երկինք վերանալուց յետոյ չէի կամենում մնալ այստեղ, բայց Նա ինձ պատուիրեց մնալ երկրի վրայ, որքան որ կը սահմանի իր կամքը: Այդպէս էլ դուք մնացէք երկրի վրայ մինչեւ ձեր կանչուելը: Արիութեամբ մշակէք հողը, որ ունի ձեր բնութիւնը եւ եղէք մշակներ՝առանց ամօթի, որպէսզի Տիրոջից ստանաք ձեր չարչարանքների վաստակը: Պատուէ՛ք ողջախոհութիւնը, սիրեցէ՛ք սրբութիւնը, ամրացէ՛ք պահեցողութեամբ, յաճախ աղօթէ՛ք, անշէջ պահէք կուսութեան լապտերը, որպէսզի Քրիստոս Փեսայի հետ առագաստ մտնէք»:
Մինչ խօսում էր, ահա եկաւ Կոյսի հոգեւոր որդին՝ կոյս Յովհաննէսը, ողջոյն տուեց իր ծնօղին եւ երկրպագեց, ու քանի որ լի էին տրտմութեամբ, հարցրեց պատճառը: Իսկ ամենասրբուհին զուարթ երեսով եւ բերկրեալ սրտով ամէն բան՝ ըստ կարգի պատմեց նրան, հրեշտակի երեւալը եւ իրեն վերին Արքայութիւն հրաւիրելը: Եւ երբ Յովհաննէսը լսեց, արտասուքներ հեղելով՝ հառաչեց եւ ողբաց՝ հոգեւոր մօրից որբանալու համար: Եւ ահա յանկարծ որոտ ու թնդիւն եղաւ: Սրբազան առաքեալների դասը միաբան ժողովեցին Աստուածամօր տան մէջ, որ ծածկուել էր ամպերով՝ ըստ այն խօսքի, թէ «Ուր որ մարմինն է, այնտեղ էլ կը հաւաքուեն արծիւները»[24]: Այնտեղ Աստուած նրանց յայտնեց ամենասրբուհի Աստուածածնի ննջման մասին, իսկ նրանք, արտասուքներ հեղելով, ասացին. «Ո՛վ Տիրամայր եւ Աստուածածին Կո՛յս, քո Միածին Որդու երկինք վերանալուց յետոյ դու էիր մխիթարում մեզ տրտմութեան մէջ եւ քեզնով էինք զօրանում բազում չարչարանքներից: Եւ արդ, ո՞վ պիտի մխիթարի մեզ մեր վշտերի մէջ, ո՞վ պիտի սփոփի մեր նեղութիւնները, որոնք բոլոր կողմերից շրջապատում են մեզ»: Սրբուհին պատասխանեց՝ ասելով. «Իմ Որդու քարոզչաց վսեմագոյն դա՛ս, որ ընտրուեցիք նախքան աշխարհի լինելը: Իմ ուրախութիւնը մի՛ լցրէք ողբով եւ մարդկօրէն մի՛ մտածէք: Դուք ունէ՛ք Մխիթարիչ, Որով մխիթարում էք բոլոր վշտացեալներին, ունէ՛ք Զօրացուցիչ, Որով վերցնում էք աշխարհի տկարութիւնը: Արդ, մի՛ վհատուէք ձեր վշտերի մէջ, մի՛ երկնչէք մարմինը չարչարողներից, մի՛ սոսկացէք ապականացու մահից: Դուք, ինչպէս սովորեցիք Տիրոջից, հոգ տարէք բոլորի փրկութեան համար եւ ինձ էլ աղօթքներով ուղարկէք Նրա մօտ, Ում փափագում եմ, որպէսզի խաղաղութեամբ անցնեմ խաւար իշխանութիւնների միջով եւ ժամանեմ երկնաւոր նաւահանգիստը: Ձեր կեանքի բոլոր օրերին թող Տէրը ձեզ հետ լինի այս պանդխտավայրում»: Եւ երբ սրբուհին լռեց, Յովհաննէս աւետարանիչը վերցրեց կիպարիսէ մի փայտ, որից էր նաեւ կենսաբեր խաչը ու որի վրայ կերպարանել էր [Տիրամօր] փայտեղէն պատկերը: Բոլոր աշակերտներն այն բերեցին Սրբուհու մօտ եւ ասացին. «Աղաչում ենք քեզ, լուսոյ մա՛յր եւ բարձրեալ Բանի տաճա՛ր, քանի որ պատրաստւում ես վերափոխուել քո Միածին Որդու մօտ, ընդունի՛ր այս պատկերը, որ նկարուած է Յովհաննէսի կողմից, դի՛ր այն աստուածատիպ պատկերիդ հանդէպ եւ օրհնի՛ր այն հոգեւոր օրհնութեամբ: Թող այն լինի աշխարհի փրկութեան առիթ, ինչպէս որ քո Միածին Որդին տուեց Իր չարչարանքների խաչափայտը՝ որպէս աշխարհի փրկութեան նշան, որպէսզի տեսնելով այն՝ տեսնենք քեզ եւ մխիթարուենք: Նաեւ թող սրանով առողջութիւն գտնենք պէս-պէս վտանգներից եւ բորոտութեան ախտից, որն այժմ սաստիկ տարածուած է երկրում, մանաւանդ Երուսաղէմում»: Եւ սուրբ Կոյսն ասաց. «Ինչո՞ւ էք ստիպում Տիրոջ աղախնուս իմ անուամբ անել բաներ, որոնք արժան չեն: Դուք Քրիստոսի ընտրեալ աշակերտներն էք, խնդրեցէ՛ք Նրան, եւ կը տրուի ձեզ»: Բայց երբ աշակերտները շատ թախանձեցին, այնժամ պատկերն առաւ իր սուրբ ձեռքերի մէջ, տարածեց Աստուածաբարձ իր բազուկները, աղօթեց եւ օրհնեց այն: Եւ ահա լուսեղէն կամար իջաւ Սրբուհու վրայ, եւ խաչանման լոյս կաթեց սուրբ պատկերի վրայ: Սրբուհին պատկերը դրեց իր սուրբ երեսի վրայ եւ թրջեց այն յորդառատ արտասուքներով, որ հեղեց Տիրոջ առջեւ: Ապա Պետրոսն առաւ պատկերը Աստուածածնի ձեռքից, եւ բոլորը մեծ երկիւղով երկրպագեցին Կոյս Աստուածածնին ու նրա սուրբ պատկերին:
Այնուհետեւ սուրբ Կոյսն առանձնացաւ իր սենեակում, հանեց իր հին հանդերձները եւ հագաւ նոր, սպիտակ հանդերձներ՝ ի նշան նորոգ կեանքի ու պայծառ լոյսի, որում պիտի փոխուէր: Հին հանդերձները տուեց աղքատ կոյսերի, որոնք նրա մօտակայքում էին եւ ընկողմանեց մաքուր անկողնում, իսկ սուրբ առաքեալները մինչեւ առաւօտ արթնութեամբ նստել էին նրա մահճի շուրջը եւ ժողովրդի օգտի ու խրատի համար գովեստի ներբողներ էին ասում Աստուածամօր փոխման մասին: Եւ կէսգիշերուայ մէջ սաստիկ շարժում եղաւ, որոտ եւ փայլատակում: Լոյսի ճառագայթ ծագեց, եւ անուշահոտութիւն բուրեց, որից շատերը թմրեցին: Եւ ահա տէրերի Տէրը եւ սերովբէների Թագաւորը անմարմին զօրքերի բազում հրեշտակներով խոնարհուեց բարձունքներից՝ աւանդելու Իր ամենասուրբ Ծնօղի լուսապայծառ հոգին: Ընտրեալների դասը մեծ երկիւղով հրացմունքի մէջ էր եւ խնդութեամբ փառաւորում էր իրենց Տիրոջը, որ մարմնի մէջ տեսութեան արժանացան: Լուսադէմին սուրբ Կոյսը, որպէս անոյշ խունկ, աւանդեց իր սրբասնեալ հոգին իր Միածնի ձեռքը՝ ասելով. «Քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին», որը Տէրն ընդունեց մեծ պատուով եւ յանձնեց Միքայէլ հրեշտակապետին: Առաքեալները տեսան ամենասուրբ Կոյսի հոգին, որ լուսափայլում էր առաւել, քան արեգակը եւ ունէր մարդու՝ ոչ արուի եւ ոչ էգի կերպարանք: Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մարդկանցից այն ո՞ւմ հոգին է այդպէս լուսափայլում, ինչպէս Քո ծնօղինը»: Տէրն ասաց. «Ո՛վ Պետրոս, բոլոր մարդկանց հոգիներն ի սկզբանէ այդպէս սպիտակ եւ լուսափայլ էին, բայց շաղախուելով մեղքերի հետ՝ նրանք սեւանում են եւ տգեղանում»: Այս ասելով՝ Տէրն անմարմին զօրքերի բազմութեամբ երկինք վերացաւ, իսկ առաքեալները մաքուր կտաւներով պատեցին աստուածընկալ սուրբ մարմինը, վերցրին իրենց սուրբ բազուկների վրայ եւ հաւատացեալների ու սուրբ կոյսերի ողջ բազմութեամբ, ջահերով, լապտերներով եւ խունկերի անուշահոտ բուրմամբ տարան Տիրոջ կողմից նախասացեալ վայրը՝ Գեթսեմանի ձորը, նրա հետ նաեւ՝ արմաւենու ոստերից հիւսուած պսակը: Խաչակիր լոյս կար՝ իջած նրա աստուածակիր մարմնի վրայ, մինչեւ հանգստեան վայր տանելը եւ մինչեւ գերեզմանից նրա վերափոխուելը: Պարակից լինելով առաքեալներին՝ անմարմին հրեշտակների դասերը հոգեւոր պաշտամունքի երգեր էին երգում, իսկ տիրասպան հրեաները կատաղած ամբոխ էին արձակում սուրբ առաքեալների վրայ, սակայն աստուածասաստ բարկութեամբ նրանք բոլորը կուրացան եւ ընկան: Քահանաներից մէկը, որի անունը Սոփոնիա էր, բռնեց դագաղից՝ կամենալով ցած գցել Աստուածային գանձը: Եւ Աստուծոյ արժանի պատուհաս հասաւ նրան. նրա երկու թեւերը կտրուեցին արմունկներից եւ կախուեցին դագաղից: Գետնին ընկած դառնապէս լաց էր լինում եւ ողբում, աղաղակում էր առաքեալներին եւ ասում. «Ողորմէ՛ք ինձ, Քրիստոսի աշակերտնե՛ր, որ արժանապէս պատուհասուեցի արդար Դատաւոր Աստծուց»: Նոյնն էին խնդրում նաեւ բոլոր հրեաները: Պետրոսն ասաց. «Ով անհաւատ հրեանե՛ր, որ անզեղջ էք ձեր սրտերում, այժմ դարձէ՛ք եւ ապաշխարէ՛ք, եւ բարերարն Աստուած կը գթայ ձեզ»: Ողջ բազմութիւնն ու ամբոխն աղաղակեց. «Խոստովանում ենք Աստուածածին սուրբ Կոյսին եւ նրանից Ծնուածին որպէս երկնքի եւ երկրի ճշմարիտ Աստուծոյ, միայն թէ Նա գթայ մեզ եւ ների մեր նախկին յանցանքները»:
Եւ Պետրոսը, վերցնելով նրա արմունկները, բերեց մօտեցրեց օդում կախուած ձեռքերին, եւ դրանք միանալով կցուեցին իրար՝ ինչպէս նախկինում էին: Ապա վերցրեց արմաւենու ոստերից, մօտեցրեց կուրացած անձանց աչքերին, եւ բոլորը լուսաւորուեցին: Այդ օրը մկրտուեց մեծ բազմութիւն հրեայ եւ հեթանոս ժողովուրդներից՝ լուսաւորուելով ճշմարիտ լոյսով: Իսկ առաքեալները տարան աստուածընկալ մարմինը, դրեցին գերեզմանում եւ պահեցին երեք օր, ինչպէս որ նրանց պատուիրել էր Տէրը: Այդ օրերին գիշեր թէ ցերեկ լսելի էր հրեշտակների ձայնը, որը դադարեց երեք օր յետոյ: Սուրբ Բարդուղիմէոս առաքեալն իր այլ աշակերտների հետ չէր հասցրել ներկայ լինել Տիրամօր վերափոխմանը, որովհետեւ դա էր Տիրոջ կամքը, ինչպէս որ Թովմասն աշակերտների հետ չէր, երբ Տէրը ներս մտաւ փակ դռների միջով, եւ յետոյ խոստովանեց Նրան Տէր եւ Աստուած: Այդպէս էլ Բարդուղիմէոսն ուշացաւ, որպէսզի նրա միջոցով աշխարհին յայտնի լինի Ամենասրբուհու վերափոխումը: Յոյժ տրտմած էր՝ ուշ ժամանելու համար եւ աղաչում էր աշակերտակիցներին՝ ցոյց տալ իրեն աստուածային գանձը: Եւ բացելով գերեզմանը՝ գտան միայն աստուածային մարմնի պատանքը: Հիացան մեծ զարմանքով, փառաւորեցին Աստծուն եւ հասկացան, որ անմարմին զօրքերի օրհնաբանութեան դադարից յետոյ նրանց իսկ կողմից վերափոխուել է դէպի անմարմին զօրքերի իմանալի խորանները: Այնժամ Թովմաս առաքեալը երգեց. «Փառաւորեալ եւ օրհնեալ միշտ սուրբ Կոյս Աստուածածին Մարիա՛մ, մա՛յր Քրիստոսի, մատուցի՛ր մեր աղաչանքները քո Որդուն եւ մեր Աստծուն»: Եւ մենք՝ հայկազեան տոհմի ազգս, այսօր տօնում ենք ոչ թէ նրա ննջման, այլ յարութեան եւ իր Միածին Որդու մօտ վերափոխման տօնը, քանզի այսօր վերափոխուեց միշտ կենդանի Աստուածածինը, որը ճաշակեց անմահութեան բաժակը եւ մեզ համար միշտ բարեխօսում է իր Միածին Որդուն:
Ապա առաւել սուգ պատեց Բարդուղիմէոսին, որովհետեւ չարժանացաւ տեսնելու նաեւ նրա մարմինը, իսկ աշխարհի մխիթարիչները մխիթարեցին իրենց եղբօրը. նրան տուեցին աստուածային գանձը՝ Աստուածամօր պատկերը: Եւ նա առնելով լցուեց այնպիսի ուրախութեամբ, որ ասես թէ նոյն իրեն՝ Սրբուհուն է տեսնում: Այն իր հետ տարաւ Պարսից եւ Հայոց երկրները ու նրանով բազում հրաշքներ գործեց, ինչպէս որ գրուած է իր պատմութեան մէջ, իսկ առաքեալները, մի քանի օր նստելով Երուսաղէմում, ողջոյն տուեցին միմեանց, եւ իւրաքանչիւրը գնաց իրեն վիճակուած երկիրը:
Սակայն այստեղ երեք հարցումներ կան:
* Նախ՝ սոսկ մարմի՞նը վերափոխուեց անմարմինների կողմից, թէ՞ միաւորուեց գերմաքուր հոգուն եւ յարութիւն առաւ մեռելներից: Արդ, եթէ մէկն ասի, թէ միայն մարմինը վերափոխուեց՝ առանց հոգու, ապա կþասենք, որ սա անհնար է վեց պատճառով, որովհետեւ նախ՝ անպատշաճ է, որ հրեշտակները երկրից դէպի երկինք դիակիր լինեն՝ տանելով սոսկ մարմինն առանց հոգու: Երկրորդ՝ ո՛չ պատիւ եւ ո՛չ էլ օգուտ է ամենօրհնեալ Կոյսին՝ անզգայ եւ անկենդան վերափոխուել դէպի անմահ կեանք: Երրորդ՝ այդպիսի բան չի եղել ո՛չ նախկինների եւ ո՛չ վերջինների մօտ, քանզի թէպէտ Եղիան եւ Ենոքը չեն ընդունել ընդհանուր յարութիւնը, սակայն նրանք կենդանի են զգայութեամբ եւ իմացութեամբ, թէպէտ յետոյ պիտի վճարեն բնութեան պարտքերը եւ նորոգուեն: Եւ եթէ նրանք կենդանի են, ինչպէս է նա [սուրբ Կոյսը] մեռեալ: Չորրորդ՝ այն աշխարհը ողջերի վայր է եւ մեռած մարմին չի ընդունում, ինչպէս որ մարգարէն է ասում. «Հաւատում եմ, որ կը տեսնեմ Տիրոջ բարութիւնը ողջերի երկրում»[25]: Հինգերորդ՝ եթէ անկենդան մարմինն էր վերափոխուել, ինչո՞ւ էր պատանքը մնացել գերեզմանում, քանզի վայելուչ չէ դին վերցնել ու տանել՝ առանց պատանքի: Վեցերորդ՝ պատանքի յայտնապէս մնալը ցոյց էր տալիս մարմնով յարութիւն առնելը, ինչպէս մեր Տիրոջ եւ փրկչի դէպքում, որովհետեւ առաքեալների համար պատանքի թողնելը գերեզմանում յարութեան հաստատուն նշան եղաւ, ինչպէս որ Աւետարանն է ասում՝ տեսան պատանքը եւ վարշամակը՝ առանձին ծալուած[26], եւ հաւատացին, որ Նա յարութիւն է առել մեռելներից: Այդպէս էլ մենք ընդհանուր յարութեան օրը ոչ թէ պատանքներով պիտի յարութիւն առնենք, այլ նորահրաշ մարմնով եւ լուսափայլ կերպարանքով: Ապա ուրեմն պատանքի թողնելը յաւիտենապէս կենդանի մօր յարութեան հաստատուն նշանն է, որը յարութիւն առաւ երեք օր յետոյ, ինչպէս իր Միածինը եւ յաւիտեան անմահ մնաց: Իսկ եթէ մէկն ասի, թէ Աստուծոյ նախասահմանութեամբ նախքան համընդհանուր յարութիւնը ոչ ոք չի առնում այն կերպարանքը եւ չի ժառանգում փառքի պատիւը, ապա ասենք, որ նոյն հրամանով է սահմանուած, որ կոյսը չի կարող ծնել եւ անարատ պահել բնութեան կնիքը, սակայն բնութեան օրէնքը լուծարուեց միայն նրա համար, որովհետեւ միայն նա յղացաւ առանց սերմի եւ ծնեց անախտ կուսութեամբ: Այդպէս էլ նախքան համընդհանուր յարութիւնը միայն նա յարութիւն առաւ եւ ժառանգեց անպատում փառքը: Եւ դարձեալ՝ օրինադիրը բռնադատուած չէ օրէնքների սահմանի ներքոյ:
* Երկրորդ հարցումն է, թէ ինչո՞ւ սուրբ եկեղեցիներում Վերափոխման տօնը ոմանք նշում են մէկ օր, ոմանք՝ երեք օր, ոմանք էլ՝ ինը օր: Ասենք, որ բոլոր օրերն էլ խորհուրդ ունեն: Ովքեր մէկ օր՝ օգոստոս ամսուայ տասնհինգին են տօնում, տօնախմբում են ամենասուրբ Կոյսի ննջումը: Ովքեր երեք օր են նշում, նրա յարութիւնն են տօնում, քանզի երեք օր յետոյ, երբ դադարեց հրեշտակների ձայնը, առաքեալներն իմացան ամենօրհնեալ Կոյսի յարութեան մասին: Իսկ ովքեր ինը օր են տօնում, հետեւեալ խորհուրդն ունի. Միածին Որդին երկինք համբարձուելուց յետոյ իւրաքանչիւր օր մնաց ամէն մի հրեշտակաց դասում, որի համար ուրախութեամբ տօնախմբում էին մինչեւ տասներորդ օրը: Այդ օրը Նա անցաւ բոլոր Իշխանութիւններից ու Պետութիւններից էլ վեր, մտաւ վարագոյրի ներքին կողմը, նստեց Հօր աջ կողմում ու տասներորդ օրը մխիթարիչ Սուրբ Հոգուն առաքեց առաքեալների դասի մօտ: Այս սովորել ենք մեր սուրբ Գրիգոր Լուսաւորչից եւ աւանդութեամբ հաստատուած է մեզ մօտ: Նոյնպէս էլ երբ Միածնի մայրը երկրից վերափոխուեց դէպի եօթնաստեղեան լուսեղէն խորանը, իւրաքանչիւր դասից՝ հրեշտակների ստորին դասից մինչեւ վերին Աթոռների դասը, նրան ընդառաջ գալով՝ մեծ ուրախութեամբ տօնակատարութիւն էին անում: Տարբեր դասեր զանազան օրհնութեամբ բարեբանութիւն եւ օրհնութիւններ էին մատուցում եւ պատւում նրան որպէս Աստուծոյ Բանի ծնօղ եւ մայր: Ապա վեր անցնելով ու գերազանցելով հրեշտակների ինը դասերին՝ տասներորդ օրը մտաւ վարագոյրի ներքին կողմը եւ նստեց իր Միածին Որդու աջ կողմում: Եւ ինչպէս որ բոլոր դասակարգութիւներն արժանապէս օրհնութիւններ էին մատուցում, նոյնպէս էլ, որ ամէն բանից վեր է ու առաւել, բարձրագոյն եւ արժանապէս, Հայրը՝ Հոգով հանդերձ, ի վերուստ բարբառեց՝ ասելով. «”Շատ դուստրեր հարստութիւն ձեռք բերին, շատերն էլ սխրագործութիւններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց եւ անցար բոլորից: Քո մէջ կանացի կեղծ բարեհաճութիւն չկայ եւ ոչ էլ սին գեղեցկութիւն”[27]: Արդ, ե՛կ եւ հանգստացի՛ր գերարփի, անպատում եւ լուսաճեմ խորաններում: Վայելի՛ր քո Միածին Որդուն փառքի մէջ, որն ի սկզբանէ պատրաստուած է քեզ համար»: Այսքանը իննօրեայ տօնի մասին:
* Երրորդ հարցումն առ այն, թէ ինչո՞ւ մեր ազգը՝ ըստ նախնեաց կանոնի, միշտ եւ հանապազ Սրբուհու վերափոխումը տօնում է կիրակի օրը, կþասենք հինգ պատճառով:
Նախ՝ որովհետեւ յարութեան օրը կիրակի էր: Նա աւետիսն առաւ չորեքշաբթի օրը, հինգշաբթի օրը ծնեց Տիրոջը, նոյն հինգշաբթի օրն էլ Կոյսն է ծնուել իր մօրից՝ Աննայից, ինչպէս նաեւ՝ ննջել, իսկ կիրակի օրը՝ յարութիւն առել, քանզի ասում են, թէ կարգաւորուած մահն այն է, երբ ծննդեան օրն է լինում: Եւ մենք այս առումով յարութիւնը, եւ ոչ թէ մահը, տօնում ենք կիրակի օրը:
Երկրորդ պատճառ՝ ասում են, թէ երեսուն օր առաջ ժամանակ խնդրեց աղօթքներով եւ երեսուներորդ օրը կիրակի օր պատահեց:
Երրորդ պատճառ՝ կիրակի թարգմանւում է տէրունի, եւ օրուայ տօնը երեք պատիւ ունի. առաջինը՝ Փրկչի գալուստն է երկիր, երկրորդը՝ Աստուածածին Կոյսի ննջումն է, երբ իր ամենասուրբ հոգին աւանդեց իր Միածնի ձեռքը եւ երրորդը՝ ծնօղի յարութիւնը եւ վերափոխումն է առ ծնեալ Միածին Որդին: Եւ այսպէս՝ տօնը տէրունական է, որի համար կիրակի օրն ենք տօնում:
Չորրորդ պատճառ՝ կիրակի օրը տօնում ենք Քրիստոսի յարութիւնը, եւ կիրակի օրը տօնում ենք նաեւ Կոյս Աստուածամօր յարութիւնը: Այսինքն մօրը Որդու հետ պատւում ենք կիրակի օրը եւ ոչ թէ ընդհանուր միւս սուրբերի հետ, այլ օրերին, քանզի է մի է խոստովանութեան դաւանումը: Ով մօրն Աստուածածին է դաւանում, խոստովանում է, որ նրանից Ծնուածը ճշմարիտ Աստուած է, եւ ով Միածին Որդուն Աստուած է խոստովանում, ճշմարտապէս նաեւ մօրը Աստուածածին է խոստովանում:
Հինգերորդ՝ ինչպէս մեր Տիրոջ յարութիւնը, մեր յարութիւնը եւս պէտք է լինի կիրակի օրը: Եւ մեր յոյսի ապաստանը սուրբ Կոյսն է, որի համար կիրակի օրն ենք տօնում, որպէսզի այն Կիրակի օրը ողորմութիւն գտնենք նրանից, ով նստած է իր Միածնի աջ կողմում:
Այսօր՝ Ամենասուրբ Աստուածածնի Վերափոխման յիշատակի օրը, նրա բարեխօսութեամբ մեր մէջ անմեկնելի եւ անփոփոխելի են մնում նրա շնորհները: Թէպէտ մեր Քրիստոս Աստուած համբարձուեց աշակերտների առջեւ, սակայն ինչպէս որ ասաց. «Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում»[28], ստուգապէս Նա մեզ հետ է բոլոր օրերին աներեւութապէս, որպէսզի աշխարհը կարողանայ տանել: Այդպէս էլ Նրա մայրը, երկինք վերափոխուելով, մեզ հետ է Տիրոջ տուած պարգեւներով: Ուստի ուղղափառ հաւատով, բարի գործերով, Աստուծոյ եւ մարդկանց հանդէպ սրտի սրբութեամբ ու անմոլար ուղղութեամբ գնանք Տիրոջ յետեւից՝ բարեխօս ունենալով կանանցից օրհնեալին՝ Ամենասուրբ Աստուածածնին, որպէսզի աշխարհին տայ խաղաղութիւն, քրիստոնեաներին՝ միաբանութիւն, եկեղեցականներին՝ բարեկարգութիւն եւ զգուշութիւն, աշխարհականներին՝ երկիւղ եւ հնազանդութիւն, անմեղներին՝ պահպանութիւն եւ փրկութիւն, մեղաւորներին՝ դարձ եւ ապաշխարութիւն, հարուստներին՝ աղքատների հանդէպ քաղցրութիւն եւ ողորմութիւն, նեղեալներին եւ տնանկներին՝ համբերութիւն եւ ազատութիւն, գերիներին՝ ազատութիւն եւ խաղաղութիւն, օդին՝ բարեխառնութիւն, անդաստաններին՝ պտղաբերութիւն, ննջեցեալներին՝ հանգիստ եւ ողորմութիւն ու պսակների արժանացում, մեր երախտաւորներին՝ բազմապատիկ հատուցում:
Ուստի այսօր սրտի հառաչանքներով եւ արտասուագոչ պաղատանքներով աղերսենք միասին՝ ասելով. «Ով Աստուածածին Կո՛յս, ով Աստուածակիր որովա՛յն, ով Աստուածընկալ խորա՛ն, ով Աստուածաբնակ տաճա՛ր, ով Աստուածատունկ ծո՛ց, ով Աստուածահանգիստ գի՛րկ, ով Աստուածադիաց ստի՛նք, ով Աստուծաշօշափ մատնե՛ր, ով Աստուածապաճոյճ ձե՛ռք, ո՛վ Աստուածակիր բազո՛ւկ, ով Աստուածամերձ բերա՛ն, ով Աստուածահամբոյր շրթո՛ւնք, ով Աստուածահայեաց աչք, ով Աստուածալուր ո՛ւնկն, ով Աստուածախօս լեզո՛ւ, Տիրոջ մա՛յր եւ մեր Փրկչի եւ Աստուծոյ ծնօ՛ղ, քո անբիծ եւ անարատ սրբութեամբ, մայրական աղերսով ու սիրալիր գթութեամբ բարեխօսի՛ր քո սիրելի Որդուն տկար եւ սխալական անդամներիս համար, որ Իր անբիծ եւ անարատ արեան գինը եւ քեզ Աստուածածին սուրբ Կոյս եւ Քրիստոսի մայր խոստովանողներս ենք, որպէսզի Նա քաղցր աչքով նայի մեզ, իսկ մենք ապրենք անբասիր կեանքով, ուղղափառ հաւատով, անշարժ յոյսով եւ քո սիրելի Որդու եւ մեր Տիրոջ հանդէպ սիրով: Թող Նա մեր մահուան ժամին բարի հրեշտակին ուղարկի մեզ մօտ, որպէսզի քաղցրութեամբ աւանդենք մեր հոգիները եւ հասնենք լուսոյ օթեւաններին արդարների կայաններում, եւ թող մեր յարութեան մեծ օրը անաչառ Դատաւորի սոսկալի բեմի առաջ ներողամտութեամբ չյիշի մեր բազում եւ անթիւ յանցանքները, որպէսզի քո անդառնալի բարեխօսութեամբ արժանի լինենք տեսնել քեզ Քրիստոս Փեսայի աջ կողմում՝ բազմած իմաստուն կոյսերի մէջ: Եւ զմայլուած քո տեսութեամբ ու ուրախ սրտով՝ ամենակալ Հօր եւ ամենասուրբ Հոգու հետ փառք ու պատիւ տանք քո Միածին Որդուն յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Ո՛վ գերապատուեալդ երկնաւորներից եւ երկրաւորներից, Աստուածընկալ հա՛րս, Աստուածաբնակ տաճա՛ր, նախահօր փրկի՛չ, նախամօր ազատի՛չ, մարգարէների նախաձայնութիւն, մարգարէութիւնների եւ օրէնքի լրում, երկնքում Բնակուողի բնակարա՛ն, Հայրական Բանի ծնօ՛ղ, եղականների Արարչի աթո՛ռ, անհարսնացեալ հա՛րս, երկնային առագա՛ստ, կոյսերի զա՛րդ, ամուսնացեալների ողջախոհութի՛ւն, գլորուածներին կանգնեցնո՛ղ, մեղաւորների յո՛յս, նեղեալների ապաւէ՛ն, արտասուքների փարատի՛չ, տրտմեալների ուրախութի՛ւն, վշտացեալների մխիթարութի՛ւն, Եկեղեցու պարծա՛նք, հաւատացեալների առ Աստուած ուղղուած աղե՛րս: Այս ամենով վերապատուելի ես, որովհետեւ այսօր եկեղեցիները տօնում են, քահանաներն օրհնում են, քահանայապետերը գովերգում են, սարկաւագները սպասաւորում են, կրօնաւորները փառաւորում են, կոյսերը մեծարում են, հաւատացեալ ժողովուրդը բարեբանում է, այրերը բարեհամբաւում են, կանայք ծնրադրում են, ծերերը խոստովանում են, երիտասարդները երկրպագում են եւ առհասարակ ամենքը փառաւորում են քեզ, որ կարօտ չես փառքի ու պատուի: Խնդրի՛ր մեր Տիրոջից թողութիւն եւ հաշտութիւն բոլորի համար, նաեւ մեծ խաղաղութեամբ ամուր եւ հաստատուն մնալ այս կեանքում, որպէսզի դասակից լինենք երկնայիններին այն կեանքում: Այսօր հրեղէնների հետ վերապատւում ենք քո Վերափոխման յիշատակի օրը, որպէսզի քո՝ որպէս մայրն իր Որդուն ուղղուած անդառնալի խնդրանքների բարեխօսութեամբ արժանի լինենք տեսնել քեզ՝ փառաւորուած անզուգական փառքի մէջ եւ քո բարեխօսութեամբ տրուած պարգեւներով անլռելի բարեբանութեամբ օրհնել, գովել եւ փառաւորել Պարգեւատուին այժմ եւ միշտ եւ յաւիտեանս. ամէն:
Անարատ տաճար եւ առագաստ լուսոյ,
Մայր անհարսնացեալ, Աստուածածին միշտ կոյս,
Զքեզ նախատեսացն գուշակեալ ցուցին
Ծառ կենաց ի մէջ աստուածատունկ Դրախտին:
Զքոյդ Աբրահամու ի խորանին լուեալ
Աւետեաց ծնունդ ի ծնիցելոյ Բանէն:
Զքեզ Մովսէս անկէզ ի մորենին անկիզելի տեսեալ
Եւ սափոր ոսկի՝ մանանայիւ լցեալ:
Գեղմն Գեդէոն քաղցրի ցօղով հեղեալ,
Եւ աղբիւր կնքեալ Սողոմոնի տեսեալ:
Զքեզ Եսայիաս կոյս յղացեալ ծանոյց,
Տումար անքննին եւ ամպ թեթեւագին:
Զքեզ դուռն փակեալ՝ Եզեկիէլ եցոյց,
Լեառն վիմածին զքեզ Դանիէլ ետես:
Քեզ Գաբրիէլի ի կատարումն եկեալ,
Աւետեաց ձայնիւ զուրախութիւն գոչէր:
Դու զանտանելին յորովայնի տարար
Եւ ծնար մարմնով զառ ի Հօրէ Ծնեալն:
Դուռն արեւելեան Ադին Դրախտին բացող
Եւ արեգականն արդարութեան ծագող:
Զքեզ այսօր Որդին Քո Միածին եկեալ,
Փոխադրեալ դասեաց ի յերկնային խորանսն:
Հրացեալ տեսին իմանալեացն դասքն
Մարմին հողեղէն վերասլացեալ յերկինս:
Քեզ առ պատիւ ընթանային յառաջ՝
Գունդք սերոբէից թեւասքողեալ գոլով:
Զքեւ քառակերպիցն հոյլքն ակումբ առեալ,
Սպասաւորէին հրեշտակական երամք:
Դու ի յերկնաճեմ յաստուածակերտ խորանսն
Զանազան փառօք պայծառացեալ մտեր:
Զքեզ առաքելոցն գովէին գումարք,
Եւ դասք կուսանացն՝ հրճուողական ձայնիւ:
Քեզ այսօր տօնեն եկեղեցւոյ մանկունք
Եւ խոստովանին. «Աստուածածին միշտ Կոյս,
Լո՛ւր պաղատանաց յուսացելոցս ի քեզ
Եւ լե՛ր բարեխօս առ Միածին Որդիդ:
Ծո՛ւնր առ ի խոնարհ ընդ հաշտութեան մերոյ
Կրկնեա՛, մա՛յր կենաց, կամեցողին բարեաց:
Աղբիւրս արտասուաց ընդ փրկութեան մերոյ
Բղխեա՛ յորդառատ, մարդասիրին ծնօղ,
Սուրբ զեկեղեցի անշարժ պահել յաւէժ,
Եւ զհաւատացեալս անփորձ մնալ ի սմա:
Եւ ի գալստեան մեծի ծագման լուսոյդ
Մտցուք յառագաստ ընդ իմաստուն կուսանսն՝
Արժանաւորիլ ընդ անմարմնոցն դասուցն,
Փառս վերահնչել Երրորդութեանն միշտ»:
[1] Ողջախոհութիւն – պարկեշտութիւն, մաքրութիւն, սրբութիւն, կուսութիւն:
[2] Ղուկ. Ա 42-43:
[3] Ղուկ. Բ 48:
[4] Ղուկ. Բ 49:
[5] Յովհ. ԺԹ 26:
[6] Յովհ. ԺԹ 27:
[7] Սաղմ. ԻԹ 6:
[8] Սաղմ. ՂԳ 19:
[9] Յովհ. ԻԱ 22:
[10] Գաղ. Բ 1-2:
[11] Մատթ. ԻԴ 28:
[12] Առակ. ԼԱ 29:
[13] Ղուկ. ԺԷ 37:
[14] Յովհ. Բ 19:
[15] Սաղմ. ՃԽԶ 2:
[16] Տօնապատճառ – Մատեանի անուն, ուր կան մեկնողական ճառեր տօնական եւ պահոց օրերի վերաբերեալ:
[17] Առակ. ԻԹ 2:
[18] Ես. ԻԹ 11:
[19] Ես. ԻԹ 11:
[20] Ես. ԻԹ 12:
[21] Եբր. ԺԲ 23:
[22] Սաղմ. ՃԽԱ 8:
[23] Սաղմ. ՀԷ 49:
[24] Ղուկ. ԺԷ 37:
[25] Սաղմ. ԻԶ 13:
[26] Տե՛ս Յովհ. Ի 7:
[27] Առակ ԼԱ 29-30:
[28] Մատթ. ԻԸ 20:
Աղբյուր՝https://shavigh.am/