Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1:26-27), շնորհեց նրան միտք, սիրտ, մարմին, հոգի, խիղճ, ինչպես նաև հավատքի մղում: Մարդկանց կյանքում տեսնում ենք երկու տեսակի հավատք.
- Տեսական հավատք: Այս հավատքը Աստծու գոյության մտավոր և փիլիսոփայական համոզմունք է, որ չունի որևէ ազդեցություն մարդու առօրյա կյանքի վրա:
- Գործնական հավատք: Այս հավատքը իր նշանները ցույց է տալիս գործնական կյանքում, երբ մարդը հավատում է, որ Աստված ամենուրեք և ամենատես է: Ուստի աշխատում է, որ իր մտածումները, զգացմունքները, խոսքերը և գործերը աստվածահաճո լինեն՝ համապատասխանեն աստվածային պատվիրաններին:
Քրիստոնեական հավատքի զորացման համար կան տարբեր միջոցներ.
Աղոթք: Աղոթելը՝ լինի անհատական՝ առավոտյան մեր ննջասենյակում, դպրոց կամ աշխատավայր գնալու ընթացքում, դասաժամի կամ աշխատանքի սկսելուց առաջ, տուն վերադարձի ընթացքում, կամ հավաքական՝ եկեղեցում ժամերգությունների և Սուրբ Պատարագի ժամանակ, զորացնում է մեր հավատը, որովհետև.
- Աղոթքը սոսկ երկրային պահ կամ որոշ բառեր ու նախադասություններ ասելը չէ, այլ երկնային ու երկրային հոգևոր պահ, որի մեջ հողեղեն և մեղավոր մարդը որդիաբար ու ծառայաբար, սրտաբուխ խոսում է իր Աստծու, Տիրոջ և Փրկչի հետ:
- Աղոթքը աստվածային ներկայության մեջ լինելու զգացում է: Աստված տեսնում է մեզ, լսում է մեր աղոթքները «Ամբարիշտներից հեռու է Աստված և լսում է արդարների աղոթքը» (Առ. 15:29) և զգում է մեր ցավերը:
- Աղոթքը սրտի գործ է, որը սիրտը բացում է Աստծու առաջ, որպեսզի Նա մտնի ու մաքրի այն՝ «Սուրբ սի՛րտ հաստատիր իմ մեջ, ո՜վ Աստված …» (Սղմ. 50:12):
Աստվածաշունչ: Աստվածաշնչի ընթերցանությունը զորացնում է մեր հավատքը, որովհետև դրա գրքերի մեջ կտեսնենք.
- Ամենակարող Աստծուն, որ ոչնչից ստեղծեց երկինքն ու երկիրը (Ծննդ. 1:1):
- Պարգևող Աստծուն, որ մարդուն պարգևեց մեծ պատիվ, երբ նրան ստեղծեց Իր պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1:26-27):
- Համբերատար Աստծուն, որ մեղքի մեջ ընկղմած մարդուն տվեց օրենքներ և պատվիրաններ (Ելք. 20), (Բ Օրին. 5):
- Սիրող Աստծուն, որ նույնիսկ Իր Միածին Որդուն տվեց մարդկանց մեղքերի քավության համար (Հովհ. 3:16):
- Արդար Աստծուն, որ Դատաստանի օրը բոլորին պիտի դատի իրենց գործած մեղքերի համար:
- Հավատքի մարդկանց, որոնց միջոցով Աստված մեծամեծ հրաշքներ կատարեց՝ երկնքից մանանա իջեցրեց (Ելք 16:35), բաժանեց Կարմիր ծովի ջուրը (Ելք 14:21), պատռեց ոտքի տակի երկիրը (Թվեր 16:31), ժայռից ջուր բխեցրեց (Ելք 17:6) և այլն: Այս բոլորից հետո մենք մեզ հարց պիտի տանք՝ ո՞ւր է մեր հավատքը վերոհիշյալ մարդկանց ուժեղ հավատքի դիմաց:
Հայսմավուրք: Հասմավուրքի ընթերցանությունը զորացնում է մեր հավատքը, որովհետև դրա մեջ պիտի տեսնենք սրբացած անձերի հոգևոր վեհությունը, Աստծու հանդեպ նրանց հավատքի զորությունն ու սիրո ջերմությունը, դժվարությունների և նեղությունների դիմաց նրանց համբերությունը, հալածանքների և չարչարաքների դիմաց նրանց կամքի զորությունը: Այս սրբակենցաղ անձերի հավատքի դիմաց մեր հավատքը խոտի պես մակերեսային, եղեգի պես տկար և ավազի պես անհաստատ է:
Խոստովանություն: Խոստովանությունը զորացնում է մեր հավատքը, որովհետև դրա միջոցով Աստված ներում է մեր մեղքերը, դառնում ենք մտքով խաղաղ և հոգեպես հանգիստ, աշխատում ենք կառչել Տիրոջ պատվիրաններից, որպեսզի չգործենք նույն մեղքերը: Սրբացած անձերը հասան սրբության մակարդակին բազմաթիվ միջոցներով, որոնցից մեկը խոստովանութունն էր: Նրանք ամիսը մեկ անգամ խոստովանոմ էին իրենց մեղքերը, ոմանք նույնիսկ գրի առան դրանք, ինչպես սուրբ Գրիգոր Նարեկացին գրեց «Մատյան ողբերգությանը», և սուրբ Օգոստինոսը՝ «Խոստովանությունը» (Confession):
Խոկում: Խոկումը զորացնում է մեր հավատքը, որովհետև երբ մի պահ նայենք մեր շուրջը՝ երկնքին՝ իր բոցավառ արևով, գեղեցիկ լուսինով, լուսավոր աստղերով, թեթև ամպերով, և երկրին՝ իր հաստատուն լեռներով, հոսուն ջրերով, բազմաթիվ բույսերով ու անասուններով, պիտի հասնենք այն եզրակացության, որ այս հրաշալի ստեղծագործության հետևում կանգնած է մի ստեղծիչ՝ Աստված, Որի հանդեպ մեր հավատքը պետք է լինի ուժեղ և հաստատուն:
Ինքնաքննություն: Ինքնաքննությունը զորացնում է հավատքը, որովհետև դրա միջոցով մենք ենթարկում ենք մեր ապրած նախորդ տարիների հավատքը արդար քննության, իմանում ենք դրա տկարության գլխավոր պատճառները և ծրագրավորելով՝ աշխատում ենք մեր հավատքի հզորացման համար:
Պահեցողություն: Պահեցողությունը զորացնում է մեր հավատքը, որովհետև Աստվածաշունչը ցույց է տալիս, որ աղոթքի կողքին պահեցողություն կատարելը հրաշքների դուռ է բացում: Եսթեր թագուհին և հրեա ժողովուրդը աղոթեցին ու պահեցողություն կատարեցին, և Աստված նրանց ազատեց Համանի թակարդից (Եսթեր 7:10): Դանիել մարգարեն և նրա երեք բարեկամները պահեցողություն կատարեցին (Դան. 2:12), նրանցից յուրաքանչյուրը դեմքով ավելի գեղեցկացավ ու մարմնով ավելի ուժեղացավ (Դան. 2:15): Նինվեացիները պահեցողություն կատարեցին (Հով. 3:5-7), և Աստված ողորմեց նրանց (Հով. 3:10):
Ծառայություն: Ծառայությունն իր ամեն ձևով՝ սովածին կերակրելով, սգավորին մխիթարելով, բանտարկյալին այցելելով, որբին զորացնելով, զորացնում է մեր հավատքը, որովհետև.
- Նախ՝ տեսնում ենք, որ մեզանից ավելի դժվար պայմաններում ապրող մարդիկ կան, ուստի շնորհակալություն ենք հայտնում Աստծուն մեր ունեցածի համար՝ լինի առողջություն, գործ, զավակներ, ուսում, բարեկեցիկ կյանք թե այլ բան:
- Ապա իմանում ենք, որ Աստված զանազան միջոցներով կարող է մարդկանց ծառայել: Ուստի եթե թերանանք մեր ծառայության մեջ կամ գոռոզությամբ կատարենք այն, Աստված կարող է մեզանից ավելի գթասիրտ մարդկանց ծառայության հրավիրել որպես սպասավորներ, և մենք այն ժամանակ ամոթով կմնանք:
- Ի վերջո հավատում ենք, որ մեր կատարած ծառայությունը ապարդյուն չէ, ունի վարձատրություն Աստծու կողմից, որովհետև մեր Տերը և Աստվածը՝ Հիսուս Քրիստոս, խոսեց Երկնքի արքայության և դրա ժառանգելու պայմանների մասին, որոնցից մեկն է բարի գործեր կատարելը՝ ծառայելը. «Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք» (Մատթ. 25:34-36):
Ուխտագնացություն: Ուխտագնացությունը զորացնում է հավատքը, որովհետև վանքերը սոսկ զբոսավայրեր չեն, այլ սրբավայրեր, որոնց մեջ սրբերը օրնիբուն, տքնաջան աշխատեցին, հեծեծալով ու ծնկաչոք աղոթեցին, բուռն պայքարեցին մեղքի դեմ և պարտության մատնեցին Սատանային: Սրբերի քրտինքը, արյունը, քայլերը և աղոթքները շաղախված են վանքերի հետ: Ուստի ուխտագնացությամբ վերանորոգվում և կրկին աշխուժանում է մարդու հավատքն առ Աստված:
Եկեղեցի: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի գնալը և ժամերգություններին, Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցելը զորացնում է հավատքը, որովհետև.
- Ժամերգությունների մեջ տեսնում ենք Սուրբ Հոգու ներշնչումով գրված գրքերի՝ Աստվածաշունչ Մատյանի սաղմոսները, ավետարանական հատվածները, ուղղափառ աստվածաբանության դավանանքը, Աստվածամոր սրբակեցությունն ու խորհրդանիշները, սուրբ հայրերի հոգեթափանց, օրհնաբանական, գոհաբանական, շնորհակալական և աղաչական աղոթքները:
- Սուրբ Պատարագի ընթացքում վերհիշում ենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի հանգրվանները՝ մարմնացումը, խաչելությունը, մահը, թաղումը, հարությունը: Նաև տեսնում ենք աստվածաշնչական քահանայի սրբազան զգեստը և մյուռոնված սպասքները, զգում ենք շարականների զորության ազդեցությունը, և կարդում ենք հոգեպարար աղոթքները:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր