Երբ մահանում է մարդը, ապա շատ կարևոր է, որ նրա հարազատները հարկ եղածի հետ միասին չմոռանան նաև ամենակարևորը: Իսկ ո՞րն է այդ կարևորը, ի՞նչ պետք է անեն նրանք՝ օգնելու համար մահացածին: Ըստ եկեղեցու ուղղափառ և բազմադարյան վարդապետության՝ անհրաժեշտ օգնությունը մահացածի համար, դա նրա համար աղոթելն է: Եվ տարվա մեջ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ անգամ, հինգ տաղավար տոների հաջորդ օրը՝ մեռելոցին, հիշեցնում է յուրաքանչյուրին, որ որքան կարևոր է աղոթել նրանց համար, ովքեր այլևս մեր կողքին չեն, այլ հեռացել են այլ աշխարհ: Մեռելոցի օրերին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան արարողություն: Նախքան Պատարագի սկսվելը ննջեցյալների անունները փոխանցում են պատարագիչ քահանային: Հոգեհանգստյան արարողության ժամանակ քահանան բարձրաձայն ընթերցում է ննջեցյալների անունները և աղոթում նրանց հոգիների հանգստության և խաղաղության համար: Խնդրում է Աստծուն ներել ննջեցյալների կամա և ակամա գործած մեղքերը ու նրանց հոգևոր երանություն շնորհել: Արարողության ընթացքում ընթերցվում է Հովհաննու Ավետարանի 12-րդ գլխի 24-րդ համարը. «Ճշմարիտ, ճշմարիտ են ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքն կմնա, իսկ եթե մեռնի բազում արդյունք կտա»:
Աստվածաշնչում՝ Մակաբայեցիների գրքում էլ նշվում է մեռյալների համար աղոթքի անհրաժեշտությունը (Բ Մակաբայեցիներ 12:43-46):
Մահացածի համար աղոթքն անհրաժեշտ է հենց իրեն աղոթողի համար, քանի որ երբ հեռանում է հարազատ մեկը, ապա առաջ է գալիս բնական կորուստի զգացմունք, որից անձը խորը տառապանք է ապրում: Հարազատը, ով մահացել է, շարունակում է ապրել, բայց այլ աշխարհում: Ննջեցյալի համար աղոթքի շնորհիվ չի խզվում կապը մահացածի հետ, այլ զգալի է դառնում նրա ներկայությունը և այն, որ նա չի հեռացել իր հարազատներից ու նրանց միջև եղած կենդանի կապը պահպանվել է:
Աշխարհից հեռացած մարդը զրկվում է այն ամենից, ինչ իրեն տվել էր աշխարհը, մնում է միայն իր անմահ հոգին: Այն, ինչ որ նա ձեռք էր բերել երկրի վրա, մնում է այնտեղ: Իսկ հոգին գնում է այլ աշխարհ, ուր դատվելու է Աստծո կողմից ողորմությամբ և արդարությամբ: Մահացածն Աստծո առջև պատասխան է տալու իր բոլոր արարքների համար, իսկ երկրի վրա մնացած իր հարազատները, աղոթելով, խնդրում են Աստծո անչափելի ողորմությունն իրենց ննջեցյալի համար:
Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի հերոս սրբահայր Զոսիման (նրա նախատիպը եղել է Սբ. Տիխոն Զադոնսկին) մահացածների համար աղոթքի մասին ասել է. «Ամեն օր և երբ կարող ես, ամրապնդիր քեզ համար հետևյալ աղոթքը. «Տեր Աստված, ողորմիր այսօր Քո առջև գտնվողներին»: Քանի որ ամեն ժամ և ամեն վայրկյան հազարավոր մարդիկ են հեռանում այս աշխարհից, և նրանց հոգիները
կանգնում են Աստծո առջև: Շատերն այս երկրից հեռանում են բոլորի աչքից հեռու, մեն-մենակ, տխրության և տառապանքի մեջ՝ առանց որևէ մեկի ցավակցության… Եվ ահա հնարավոր է, որ աշխարհի մեկ ուրիշ ծայրից քո աղոթքը հնչի այդ մարդու հոգու հանգստության համար, թեև ոչ դու ես իրեն ճանաչել և ոչ էլ ինքը քեզ: Որքան հուզիչ է այդ հոգու համար, ով Աստծո առջև կանգնած է վախի մեջ, զգալ, որ այդ պահին իր համար մեկն աղոթում է, որ երկրի վրա մնացել է մեկը, ով սիրում է իրեն: Եվ Աստված կողորմի երկուսիդ էլ, եթե դու ցավ ես ապրել նրա համար և աղոթել ես, ապա որչափ առավել Աստված, Ով ամենաողորմածն է, կների նրան հանուն քեզ»:
Հավատավորները ի տարբերություն անհավատների մահվան մեջ տեսնում են հարություն, հոգու անմահություն և հավիտենական կյանք:
Յուրաքանչյուրիս պարտքն է մեռելոց օրերին ոչ միայն գերեզման գնալ, այլ առաջին հերթին եկեղեցում նրանց համար հոգեհանգիստ պատվիրելը:
Բոլոր ննջեցյալները կարոտ են քահանայական աղոթքին և պաշտամունքին: Բացի աղոթելուց ննջեցյալների համար նաև նրանց հիշատակի համար ողորմություն ենք անում. «Քանզի ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 2:13):
Քրիստոնեական կրոնը հարգելով ննջեցյալներին՝ աղոթում է նրանց համար՝ իմանալով, որ նրանց հոգիները կենդանի են և Վերջին Դատաստանի օրը, երբ գերեզմաններից հարություն առնեն կատարյալ մարմիններով, ստանալու են պարգևներ կամ պատիժներ հավիտենության մեջ՝ ըստ իրենց ապրած կյանքի ու հավատքի:
Կարինե Սուգիկյան